Էդվարդ Միլիտոնյան

Այբբենարան

Ա

Ա-ն առաջին տառն է մեր,

Առաջնորդ է անվեհեր,

Եվ տանում է տառերին

Այն Արարատ սարն ի վեր։

Նաև այծ է, քաջ ների,

Պահապանն է լեռների,

Աստվածային զանգաձայն,

Գանձն է հայի հին արյան։

Բ

Բարի մանուկ,

Ճամփադ բանուկ,

Վերում՝ արև,

Վարում՝ բարև։

Բակում են, տես,

Սպասում քեզ,

Սպասում են

Բերք ու պարտեզ։

Ծառ ջրեցիր՝

Բար ստացիր,

Բարի մանուկ,

Կյանքդ բանուկ։

Գ

Մրցում են ասես տառերն իրար հետ՝

Ով է ավելի կարևոր ու պետ,

Եվ այդ սուր վեճին չէր մասնակցում Գ-ն,

Լռելուց հետո խոսեց հանդուգն.

Չգիտեմ անլուրջ, թե լուրջ եք դատում,

Ամեն մեկն իրեն կարծում է գիտուն,

Բայց առանց իրար ի՞նչ այբբենարան,

Մենք միասին ենք ոգու հենարան։

Նայեք երկնքի գոտին ծիածան,

Ամեն մի գույնը պարզ, ալեծածան,

Սակայն կամուրջ են դարձել միմյանց հետ,

Ամուր կապելու դաշտ, անտառ ու գետ։

Այդպես մենք ենք միշտ իրար հյուսվում,

Ուր էլ որ լինենք՝ հարավ-հյուսիսում։

Հայն իր լեզվով է ուրույն, գերազանց,

Այդպես ոգում է երգը երազած։

Դ

Երկու Դ ու, մի ում,

Դե կարդացեք՝ դդում,

Միակ բառն է իրոք,

Երկու Դ իրար կողք։

Եվ դպրոց նա գնաց,

Բայց դդում էլ մնաց,

Դարձավ ետ նա կրկին

Սիրելի իր այգին։

Ամեն մեկն իր դերն ունի,

Սա էր գյուտը դդումի։

Ե

Օ, երանի Ե տառին,

Երազում է ողջ տարին,

Երևանի երկնքում,

Երերում է ու երգում։

Երկրներ է երազում,

Եզերքներ է թևածում։

Եղեգիսի ափ եկան՝

Եղնիկներ ու մի երամ։

Երեխա է երևի,

Խելքին եկածը կանի…

Ախ, երանի Ե տառին,

Երջանիկ է ողջ տարին։

Զ

Մեր երկիրն է Հայաստան,

Զանգեզուր ու Հրազդան։

Հազարամյա պատմություն,

Հայոց լեզու՝ զարմանք բան։

Առանց զ-ի զորք չկա,

Առանց զ-ի զանգ չկա,

Հավաքում է ու կանչում

Դեպի զորեղ ապագա։

Է

Ամենակարճ բառը Է-ն է,

Արարչական էություն է,

Ամեն էակ շատ է հպարտ,

Թե անվան մեջ Է կա անպարտ։

Եվ այս տառը միշտ գրելիս

Ինչ-որ շող է իջնում սրտիս,

Էջմիածնի աղոթքներից

Էներգիա է հաղորդվում ինձ։

Ը

Ընկույզն ունի

Ընկերներ,

Նրանք էլ են

Ընկույզներ։

Ծառի վրա

Աճեցին,

Ըղձանքն այն էր՝

Հասնեին։

Հիմա կլոր

Ու հասուն,

Տեսնես ո՞ւմ են

Սպասում։

Թ

Որտեղ էլ լինի, թռիչք է ու թև,

Եթերի նման կապտաթույր, թեթև,

Թրթիռ ու թովչանք, թերթ ու թեմական,

Թռչուն է խոսող թ-ն հեքիաթական։

Եվ մեր հերոսին՝ թլոլ Դավիթին,

Նվիրել է նա այն Թուր Կեծակին,

Որով հաղթել է թշնամյաց անթիվ,

Թրծել պատմություն և թագ ու պատիվ։

Ահա թե ով է մեր թ-ն միաբան,

Թագավոր է ու պարթև թվաբան,

Եվ թե թռչնագիր՝ մատյաններում ծեր,

Նրանով թանկ է օթևանը մեր։

Ժ

Ժամն է արդեն,

Վեր կաց, Ժիրայր,

Երկար քնես,

Կդառնաս ժայռ։

Ճիշտ հաշվարկիր

Ժամանակը,

Ժամացույց է

Նաև կյանքը։

Ի

Չինաստանում կա մի ազգ

Տառանունով Ի,

Ինչքան գիտեմ բովանդակ

Ազգերն ունեն Ի։

Առանց Ի-ի ի՞նչ իմաստ,

Ձայնավոր է խիստ,

Շեշտով ասած ի՛ է սաստ,

Իրավաբան ճիշտ։

Մեր Սևանա հին կղզի

Եվ եկեղեցի,

Փառք քեզ, Մարիամ տիրուհի,

Կերտող գեղեցիկ։

Եվ ի պատիվ Ի տառի

Ասենք իրապես,

Առանց նրա մեր գիրը

Չէր հնչի այսպես։

Լ

Տառեր կան, որոնք

Լողվոր են լավ,

Նրանց լիդերը

Լ-ն է, հարկավ։

Լողում, հասնում է

Մինչև Լիբանան,

Գիտի՝ այնտեղ էլ

Լիքը հայեր կան։

Նաև լույսի հետ

Թռավ Լուսավան,

Լորի թևեր է

Հագել անպայման։

Այսպիսի Լ է,

Լուրջ ու լիասիրտ,

Ձգտում է լինել

Լրիվ ճշմարիտ։

Խ

Խոսելուց առաջ միշտ խորհում է մարդ,

Որ խոսքը հնչի արժանահավատ,

Իմաստ ունենա, ինչպես խոր խրատ,

Խորհուրդ ունենա և լինի հաստատ։

Այդպիսին էր մեր մեծ Խորենացին,

Հայոց պատմության պատմիչն առաջին,

Այ թե ինչու ենք տառերը սերտում,

Որ կարդանք մեծաց խոսքը իմաստուն։

Ծ

Ճամփա ընկավ մի մեծ Ծ,

Շատ քիչ բան էր ուզածը՝

Հանդիպել մի այլ ծ-ի,

Թեկուզ տեսքով առյուծի։

Դեմը ելավ փոքրիկ ծ,

Ու միացան երկու ծ,

Ծիծաղեցին բարձրաձայն,

Վերում ծագեց ծիածան,

Կապեց իրար Ծոփք, Ծղիկ,

Ժպտացին ծիլ ու ծաղիկ,

Անգամ երգեց մի ծղրիդ,

Ծլվլացին երեք ծիտ։

Մեծատառ ու փոքրատառ

Երկու ծ-եր շատ կայտառ,

Ճամփա ընկան իրար հետ,

Ծիծաղելու են հավետ։

Կ

Կար-չկար մի կ,

Տառ էր փոքրիկը,

Երբ նա մեծացավ,

Մեծատառ դարձավ։

Մենք զգում ենք շատ

Նրա կարիքը

Եվ հարգում նրա

Ուրույն կարծիքը։

Նա փոքրիկ լինի

Ու թե մեծատառ,

Մեր կողքին է միշտ

Կյանքով ու կայտառ։

(շարունակելի)

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով