Uncategorized

Բանաստեղծություններ

ԱՐԵՎ ՈՒ ԱՆՁՐԵՎ

Ամպը գոռաց` դղի՛րդ-դղիրդ,

Երգը կտրեց մի ծեր ծղրիդ,

Անձրև կաթեց չոր շենքերին,

Վերև պարզած մեր դեմքերին:

Երգը պահած տաք թևի տակ

Մեր ծղրիդը ծլկեց արագ,

Նույնիսկ արևն իր տուն գնաց,

Լոկ անձրևը դրսում մնաց:

Դրսում մնաց ու երգում է,

Փողոց ու տուն իր ձեռքում են,

Իսկ ես կանգնած գետառ մայթին

Երգ եմ լսում կաթիլ-կաթիլ:

Երգ եմ լսում` դեմքիս ժպիտ,

Եվ չգիտեն մարդ ու ծղրիդ,

Որ արևը իմ հոգու մեջ

Ծիածան է կապել մի պերճ:

ԲԱՌԵՐԸ

Այնքան ցուրտ է այս ձմեռ,

Որ բերանիդ գոլորշին

Շրթունքիցդ կառչում է,

Հենց դուրս եկավ` սառչում է:

Ինչո՞ւ միայն գոլորշին`

Բառերն էլ են սարսռում,

Կախվում մոտիկ կտուրից,

Սառցաշիթեր են դառնում:

Բայց փոխվում է ամեն ձև,

Գարուն կգա, տաք անձրև,

Սառույցները կհալվեն,

Կաթիլ-կաթիլ բառերը

Սառցե գրկից կհառնեն,

Կապանքներից ազատված`

Արևի շող կշնչեն,

Օդում ուրախ կհնչեն:

Հիմա ուշիմ եղիր դու`

Ձմռանն այնպես չխոսես,

Որ գարնանը հալվելուց

Բառերն այնպես վատ հնչեն,

Որ դու զղջաս, ամաչես:

ԳՆԴԱԿԸ

Գնդակն ընկավ մի խոր փոս,

Ինչպե՞ս հանենք, շա՜տ ափսոս.

Վազվզում ենք դես ու դեն,

Հուսահատվել ենք արդեն:

Քաջիկն ասաց. «Սպասե՛ք,

Էլ դես ու դեն մի՛ վազեք,

Շարվեք արագ, ջուր բրեք,

Փոսը լցնենք մինչև վերջ,

Գնդակն ինքը լող կտա,

Արագ-արագ դուրս կգա»:

ԵՐԳ

Ես ու ծիտը զարմացած

Նստել էինք դեմ-դիմաց,

Ծիտը երգեց ծի՛վ հա ծի՛վ,

Ամպից իջավ մի արծիվ:

Ծիտը թռավ, հեռու գնաց,

Երգը մնաց իմ դիմաց,

Խենթ արծիվը ճանկեց երգը,

Ես բռնեցի երգի ձեռքը:

Երգը տարավ կախեց ամպից,

Ու ճոճ դարձավ այդ երգը ինձ,

Հա՜մ ճոճվում եմ, հա՜մ երգում,

Կարծես լինեմ համերգում:

Թե ուզում եք գալ ինձ մոտ,

Գտեք մի ծիտ` երգի ծով,

Թող ձեզ համար երգ ասի,

Երգը վերև կհասնի:

ՀԱՇՎԵԼՈՒԿ

Այծիկն ասաց՝ հիմար կկու,

ՄԵԿ հաշվում եմ, մեկ մկկում,

Դու հաշվո՞ւմ ես, խելքի պուտուկ,

Թե ինձ նման խելոք չես դու:

Ես հաշվում եմ մինչև ԵՐԿՈՒ՝

Պարծենալով ասաց կկուն,

Տե՛ս, հաշվում եմ՝ կու-կո՜ւ, կու-կո՜ւ.

Չենք հասկանա մենք մեկմեկու:

Բզեզն ասաց՝ ինձ կներեք,

Թե երեքնուկ ծաղիկ բերեք,

Ես կհաշվեմ մինչև ԵՐԵՔ,

Թե չբերեք, բզեզ կերեք:

Իշուկն ասաց՝ ունեմ ՉՈՐՍ ոտք,

Կեսը՝ հեռու, իսկ կեսը՝ մոտ,

Դրանք բեռից միշտ մաշվում են,

Իմ փոխարեն ճիշտ հաշվում են:

Կատուն ասաց՝ ՀԻՆԳ մատ ունեմ

Իմ առջևի ամեն թաթին,

Ես մատներով լավ հաշվում եմ՝

Նստած բարձր ցանկապատին:

ՎԵՑ ոտք ունեմ՝ ասաց մեղուն,

Ճանապարհից ես չեմ շեղվում,

Երկու ոտքով նեկտար բերում,

Մնացածով մեղր եմ մերում:

Զատիկն ասաց՝ հաշվել գիտեմ,

Չկարծեք թե միամիտ եմ,

Ես զատիկ եմ՝ կարմիր տուտիկ,

Ինձ վրա կա ՅՈԹ սև պուտիկ:

Սարդ եմ՝ նստած իմ ոստայնում,

ՈՒԹ ոտքերով թել եմ մանում,

Սրան-նրան կծիկ անում,

Ոչ մեկին կյանք չեմ խոստանում:

Թիթեռն եմ ես խաս-խատուտիկ,

Զույգ թևերիս ինը պուտիկ՝

Լույսի նման ԻՆԸ հատիկ,

Որ հաշվում եմ մատիկ-մատիկ:

Մեկ էլ հանկարծ՝ տոտիկ-տոտիկ,

ՀԱԶԱՐՈՏՆՈՒԿ եկավ մոտիկ…

Բոլորը լուռ մտածեցին.

Ինչքա՜ն պիտի դեռ մեծանան,

Որ ոտքերն այս արարածի,

Հաշվել, համրել կարողանան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով