ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Թամար

Հեռվում երևում էին Վարդենիսի լեռները՝ մխրճված կապույտ երկնքի մեջ։ Պարզ ու մաքուր երկնքում շողում էր անսպառ արևը, իսկ բնությունն ագահորեն կլանում էր նրա ջերմությունը։ Դեռ առավոտ էր, և ամեն ինչ արդեն այնքան գեղեցիկ էր, որ անհավատալի ու հեքիաթային էր թվում։ Աստիճանաբար տարածվում էր թռչունների դայլայլը, գետի խշշոցը, ձիերի խրխինջը, բզեզների բզզոցը, շների հաչոցն ու անգամ կռավող թռչունների ձայնը գեղեցկացնում էին գյուղի առավոտյան համերգը։ Հիասքանչ էր գյուղը, որտեղ մարդիկ այնքան պարզ են, որքան այդ օրվա երկինքն էր։ Արահետներով իրար միացած տները փոքր էին և հին։ Կանաչ արահետների վրա ցող էր նստած, իսկ երեկվա անձրևից մնացած ջուրը լցվել էր ձիու սմբակներից առաջացած փոսերի մեջ։ Երևի մինչև կեսօր ջուրը կգոլորշանար,  և երեխաները կթռվռային այդ փոսորակների մեջ։ Գնալով աղմկոտ էր դառնում գյուղը, իհարկե, առանց խախտելու սահմանված հանգստությունը։ Գնալով նոր ձայներ էին հասնում, որոնց արդեն մարդկային ձայներ կային խառնված։ Երեխաները խաղում էրն գետի ափին, մտնում ջուրը, թրջվում ու թրջում ընկերներին։ Դեռահաս տղաները ինքնաշեն կարթերի օգնությամբ ձուկ էին որսում, իսկ աղջիկները, խումբ-խումբ կանգնած, գողունի հետևում էին կիսամերկ տղաներին և հիանում նրանցով։ Տղաներն անգիր գիտեին, թե նրանցից ով ում է սիրում, բայց աղջիկները երբեք չէին խոստովանի դա, դեռ մի բան էլ կպնդեին, որ տղաներն են իրենց հետևից վազում։ Բայց, իրոք, որքա՜ն գեղեցիկ, բարձրահասակ և հաղթանդամ էին տասնվեց-տասնյոթ տարեկան այդ տղաները, որոնց աչքերում վառվում էր ըմբոստ մի կրակը։

   Գյուղում մյուս տներից ոչնչով չտարբերվող տանը ապրում էր բոլորից տարբերվող Թամարը՝ իր երեխաների և թոռների հետ։ Թամարը յոթանասունութ տարեկան էր։ Կնճիռներն անպակաս էին դեմքից, ինչպես դժվարությունները՝ մեր կյանքից։ Կլոր, փոքր ու երկնագույն աչքերն էին միայն, որ դեռ ջահել էին և շողում էին խամրած դեմքի վրա։ Գլխին միշտ շալ էր կապած։ Դեռևս քառասուն տարի առաջ քնած ժամանակ Տիրոջ մոտ էր գնացել, որտեղ էլ ստացել էր իր շնորհը՝  չափելը։ Կնստեր, կշոշափեր ձեռքերն ու մատները, կշարժեր թևի վրայով․ Թի՜զ էր չափում։
Կեսօր էր․․․
-Տա՛տ,-վազելով ներս մտավ Թամարի թոռնուհին,- ամուսինս ինձ քաղաք է ուզում տանել, հայրը գումար է տվել։
Թամարն այդ միջոցին հնդկաձավար էր մաքրում։
-Նայի՛ր,- ասաց նա,- հարյուր տարեկան[1]  եմ  հանել միջից, ես հարյուր տարի կապրեմ։-Է՜,տատի՛կ, դրա ժամանա՞կն է, ախր ես նոր եմ ամուսնացել, ինձ խորհուրդ է պետք։
-Իմացի՛ր ուրեմն, երբ տղամարդու գրպանում փող կա, ծովը ծնկից է, ու նա իրեն աշխարհի թագավոր է կարծում։
-Ուզում ես ասել, որ…
-Որ ամեն պարագայում պետք է զգույշ լինել։ Համբերի՛ր, հիմա թիզ կչափեմ,- ասաց Թամարը և շոյելով թևը՝ սկսեց թիզ չափել,- հանգիստ գնա,ամեն ինչ լավ կլինի։ Ես դեռ ճաշ պիտի եփեմ։
Գյուղում երևի չկար մեկն, ում համար Թամարը թիզ չափած չլիներ։
Մեկ-երկու ժամ անց ճաշը պատրաստ էր։ Նստեցին, կերան ու փառք տվեցին Աստծուն։

                 

***

      Հիասքանչ այն առավոտից ութ ամիս էր անցել։ Թամարի ավագ որդին՝ Գրիգորը, մահամերձ էր։-Գլխուղեղի քաղցկեղ,- երեք-չորս ամիս առաջ ախտոշել էր բժիշկը,- մեր օրերում դժվար է բուժել այդ հիվանդությունը, ավելի ճիշտ երկրի այս պայմաններում՝ գրեթե անբուժելի․․․
Թամարը եկեղեցի էր գնացել ՝որդու համար աղոթելու։ Իր այդ ծեր հասակով ծնկի եկավ և սկսեց մրմնջալ․ «Տե՛ր Հիսուս Քրիստոս, շատերը չեն հավատում Քեզ և Քեզ միայն իրենց նեղ օրվան են հիշում, ու Դու օգնում ես Քեզ չհավատացողներին։ Բայց ես, որ հավատում եմ Քեզ, որ տեսել ու հանդիպել եմ Քեզ, այս բախտի՞ն արժանացա։ Ես հավատում եմ Քո զորությանն ու գիտեմ, որ կօգնես որդուս փրկվել մահվան ճիրաններից։ Ես, իհարկե, գիտեմ, որ բոլորիս վերջն էլ դա է, բայց իմ տղան իր ձեռքով ինձ պիտի հողին հանձնի, ոչ թե ես՝ նրան։ Երբե՛ք, երբե՛ք ծնողը չպետք է տեսնի զավակի մահը։ Եթե պետք է, կյանքս առ, բայց փրկիր որդուս։ Ես ամեն ինչի համաձայն եմ հանուն որդուս։ Ի՞նչ մեղք եմ գործել, ում եմ վատություն արել, որ ինձ այսպես ես կամենում պատժել։ Բայց ասա, ասա՛․«Թամա՛ր, Աստված է բոլորիս տերը և նա է որոշում մեր ճակատագիրը, և դու շատ փոքր ես Աստծո գործերը քննելու համար»։ Է՜հ Թամար անիծվես դու, որ էսքան ապրել ես ու դեռ ապրում ես։ Տե՛ր Հիսուս Քրիստոս, նորից եմ խնդրում՝ որդուս փրկիր․․․Ախր միայն մայրը կհասկանա իմ ցավը, միայն մոր սիրտը կզգա այն, ինչ ես եմ զգում․․․Դե գնա՛ Թամար, հարյուր սուրբ տեղ մոմ վառի, որ Աստված բալիդ առողջություն տա։ Թող ես վերջինը լինեմ, ով սենց ցավ է տեսնում։ Ո՞վ ես դու Թամար, ի՞նչ անզոր ես, որ չես կարող փրկել որդուդ։ Ի՞նչ ես անում հանուն նրա՝ մո՜մ վառում․․․ Ուրիշ ոչինչ, ոչինչ․․․ բայց ի՞նչ կարող եմ անել․ դռնեդուռ ընկնել ու փո՞ղ մուրալ, թե՞ վաճառել ինձ կամ տունս, որ ինձնից էլ էժան է․․․Որքա՜ն անզոր եմ ինձ զգում․․․Տե՛ր Հիսուս Քրիստոս, այժմ ծնկի եմ եկել քո առջև և վերջին անգամ պաղատում եմ՝ փրկիր որդուս»,-Թամարը լալիս էր։
-Վե՛ր կաց տատիկ, հերիք է աղոթես,պետք է գյուղ մեկնենք։
Թոռան օգնությամբ վեր կացավ և բռնելով նրա թևից՝ դուրս եկավ եկեղեցուց։ Ծռված, փոքրացած էր Թամարը և հազիվ թոռան կես բոյին լիներ։ «Տանջվի՛ր որբ Թամար»,- ողբում էր նա։

 1991 թվականի ապրիլն էր։ Լիարժեք գարուն էր, ու տաքանում էր եղանակը։ Կանաչը քիչ-քիչ ծածկում էր երկիրը. շուտով ծառերը սպիտակ ծաղիկներ կհագնեին։ Գարու՜ն էր՝ կյանքի ու հավերժության, զարթոնքի ու զարգացման, անմահության ու ծաղկունքի, ջահելության ու ծնունդի, կանաչելու ու վեհանալու, նոր կյանքի ու կյանքի սկիզբն ազդարարող գեղեցկության խորհրդանիշը։ Որքա՜ն այդպիսի  գարուններ է ապրել Թամարը, երբ դեռ փոքր էր, երբ դեռատի աղջնակ էր, երբ նոր էր ծնել իր զավակներին, երբ նոր էր սովորել ցավից տնքալ, երբ նոր էր ամուսնացրել երեխաներին, երբ նոր էր զգում թոռան քաղցրությունն ու այդպիսի շատ-շատ գարուններ, որոնց թիվը յոթանասունն անցնում էր։ Քանի՜ գարուններ է տեսել, որոնց գեղեցկության դեմ այս գարունն ուղղակի․․․ գարուն է։ Բայց աշուն էր նրա հոգում, նրա հոգում թախիծ էր ու տերևաթափ․․․Արցունքն անձրևի պես հորդում էր։ Նա տանջվում էր այն բոլոր ցավերից, որ խոցում էին սիրտը՝ դարբնի ձեռքով նոր կեռած սրի նման։ Թամարը տանջվում էր՝ չդադարելով ժպտալ․․․ Այդ դառը ժպիտն ավելի տխուր տեսք էր տալիս նրան։
Ամեն օր Աստծու տուն էր գնում, աղոթում ու որդու համար փրկություն աղերսում։
Հաճախ նրան հյուր էր գալիս քույրը՝ Լաուրան կարճ կտրած մազերով, նիհար և խելացի մի տարեց։
-Աստված բարի է իմ հանդեպ ,- ասում էր նա,- խելքս չի խլում ինձնից։
-Ա՜խ Լաուր, Աստված բոլորի հանդեպ է բարի, միայն չհասկացա, թե ինչու իմ հետ էսպես է վարվում։
-Մարդ չպետք է հույսը կորցնի։ Դու ուժեղ ես ու պետք է դիմանաս։ Իսկ ինչո՞ւ թիզ չես չափում, ամբողջ գյուղի համար թիզ ես չափում, իսկ քո համար չէ՞։
-Թի՞զ, չէ՜․․․հարկավոր չէ ,ավելի լավ է իմ Աստծուց օգնություն խնդրեմ։
«Վախենում է,- մտածեց Լաուրան,- երևի  վախենում է վատ բան գուշակել, դրա համար էլ չի չափում։ Երևի էդպես ավելի ճիշտ է։
Բացի խելքը չթռցրած պառավ լինելուց Լաուրան նաև ուսուցչուհի էր։
-Հիշու՞մ ես որդուս ծնվելը,- երկար լռությունից հետո հանկարծ ասաց Թամարը։
-Թամա՜ր․․․
Թամարը սկսեց լալ։ Աղի արցունքները հոսում էին կնճռապատ դեմիք վրայով, գլորվում մինչև ծնոտը ու կաթում ծնկի վրա։
Վրա հասավ գիշերը՝ մութ՝ կույրի և պայծառ՝ տեսնողի համար։ Որքա՜ն առեղծվածային և որքան գաղտնիքներով լի է գիշերը, երբ արթնանում են բոլոր ցավերն ու տանջանքները, երբ հիշում ենք ամեն մի հոգս, ամեն ցավ, որ ունենք և խաթարվում է մեր քունը, իսկ քիչ հետո մարմինը հաղթում է մտքին, և մենք, մոռանալով ամեն բան, քուն ենք մտնում։ Գիշեր էր։ Այն սովորական գիշերներից, որ ապրում ենք երկրագնդի ամեն մի պտույտի հետ, և որը իրականում այնքան էլ սովորական չէ․ այնքան հիանալի հանգիստ էր տիրում, որ քնել էր նույնիսկ ինքը՝ գիշերը։ Եթե խոսենք գյուղի մասին, ապա այնտեղ ոչ մի վառ ճրագ չկար՝ չնայած, որ ոչ բոլորն էին քնած։ Բայց և այնպես, գյուղը հանգիստ ու խաղաղ էր, գյուղը վայելում էր գիշերը։ Անքունների մեջ էր նաև Թամարը։ Երևի մտքում էլի աղոթք էր անում։ Պայման էր կապել Աստծու հետ, որ իր կյանքը փոխարինի որդու կյանքով։ Ճերմակ ու արձակ մազերը փռել էր բարձին։ Թեք պառկած, աչքերը փակ ու արմունկը բարձին հենած՝մտածում էր, անդադար մտածում։
Լույսը բացվեց։ Պետք է Երևան մեկնեին՝ Գրիգորին տեսնելու։ Նստած մեքենայում և գլուխը հենած պատուհանին՝ Թամարը մտածում էր․ «Որքան հզոր ես մարդկության առջև ու որքան անզոր բնության մեջ դու՝ փո՛ղ։ Եթե լինեիր ձեռքումս էլ ո՞րն էր ցավս։ Որդուս արտասահման կուղարկեի ու կբուժվեր։ Վա՛յ քեզ ու քո ստեղծողին։ Ի՞նչ ես դու, որ կարող ես երջանկացնել ու դժբախտացնել, կարող ես մարդու բախտը, ապագան, ապրելն ու մեռնելը որոշել, բարձրացնել ու ցածրացնել մարդկանց։ Դու ես մարդկության թագավորը, դո՛ւ ես, քանզի մարդիկ քեզնից են վախենում և քեզ երկրպագում։ Դո՛ւ ես դարձել մարդ  արարածի մարմինն ու բնավորությունը, սիրտն ու հոգին, խելքն ու, որ ամենակարևորն է,  խիճը։ Մի անմկան ճիճուի պես կպնում ես մարդկային  խղճին  ու սկսում դրա հաշվին մեծանալ։ Որքան շատ ես դու, այնքան քիչ է խիղճը։
Փո՛ղն է բոլորի կուռքը, սիրելին, քանզի դա գրված է բոլորի սրտի մեջ։ Որքան շատ ունես փող, այնքան սիրված ես կյանքում։ Է՜հ․․․ բայց երբ իմ տարիքին հասնեք, կհասկանաք, որ կյանքում ամենաբարձրը Աստված է ՝բոլորիս ու բոլոր գումարների տերը։
-Տա՛տ,լա՞վ ես ։
-Հա՛,-լսվեց Թամարի տխուր, թաց ու դողդոջուն ձայնը։
-Հասան,- ասաց Գրիգորի որդին՝ Թամարի միակ տղա թոռը,- ես ընկերոջս պետք է հանդիպեմ,- շարունակեց նա։
-Գնա,- ասաց Թամարը։
Մենուան՝ Թամարի թոռը, դուրս եկավ մեքենայից, թեքվեց դեպի աջ և քիչ անց անհետացավ բազմահարկ շենքերի մեջ։ Մոտ կես ժամ անց Մենուան իր ընկերոջ մոտ էր։
-Մենուա, սիրելի ընկե՛րս, որքա՜ն էի կարոտել քեզ, մոտ երկու ամիս է՝ քեզ չէի տեսել։
-Գո՜ռ․․․ես ևս կարոտել էի քեզ ու այն օրերը, որ անցկացրել ենք միասին։
Ընկերներերը գրկախառնվեցին։
-Տեսնում եմ ՝ անհամբեր սպսում ես։
-Հա՜։Բերե՞լ ես ։Մո՞տդ է։
-Հա՛,հա՛, իհարկե բերել եմ, վերցրո՛ւ,- ասաց Գոռն ու Մենուային փոքրիկ սպիտակ փոշով լիքը փաթեթ տվեց։
-Ա՜խ, ինչքան շնորհակալ եմ։ Երեք շաբաթ է վերջացել էր։
-Ցածր խոսիր խելա՛ռ,- ծիծաղելով ասաց Գոռը,- կարող է լսեն։ Իսկ  ե՞րբ ես փոխհատուցելու ,-ժպտալով շարունակեց նա։
Մենուան ևս ժպտաց։
-Այսօր գիշերը,-ասաց նա,-այսօր գիշեր կգամ քո տուն։
-Լա՛վ։ Չմառանաս բերել․․․
-Անպայման,- ասաց Մենուան՝չթողնելով, որ Գոռը ավարտի խոսքը։
-Ըըմ․․․ լավ։
-Զբոսնե՞նք։
-Ըհը․․․
-Քայլենք հիվանդանոցի կողմը։
Մենուան ու Գոռը լավ ընկերներ էին։ Ծանոթացել էին երկու տարի առաջ՝ ինստիտուտում։ Հիմա Մենուան գյուղ էր եկել և նրանք ուշ-ուշ էին հանդիպում։ Նրանց զրույցները միշտ լի էին գաղտնաբառերով ու անհասկանալի։
Այդ ժամանակ Թամարը որդու կողքին նստած խոսում էր նրա հետ։
-Մա՛,գյուղում ի՞նչ  նորություն կա,- հարցնում էր Գրիգորը՝ ջանալով մորը շեղել իր հիվանդությունից։
-Պա՜պ, ինչպե՞ս ես ,- այդ պահին ներս մտավ Մենուան։
-Ողջ եմ,- ասաց հիվանդը։
-Ո՜ղջ։ Նայի՛ր տղաս քեզ հայելու մեջ ու տես, թե ինչ գունատ ես, աչքերդ՝ փոս ընկած։
-Մամ, կարևորը հոգիս է, իսկ հոգիս առողջ է, շա՛տ առողջ։
Հանկարծ ներս մտավ բժիշկ Ենգոյանը՝ Գրիգորին բուժող բժիշկը և ասաց․
-Տիկին Թամա՛ր, Գրիգո՛ր, շնրհավորում եմ ձեզ։ Մեր մշտական հովանավոր, գերմանահայ բարերար Մարգարյանը պատրաստ է իր վրա վերցնել Ձեր բուժման ամբողջ ծախսը և ուզում է, որ Դուք ձեր բուժումը ստանաք Գերմանիայում։ Նա արդեն ութերորդ հիվանդին է աջակցում։ Թամարը նայեց վեր ու ասաց.
-Շնորհակալ եմ, ես հավատում էի․․․ Աստված թող տասնապատկի այդ բարերարի հարստությունը, որ նա կարողանա շատերին օգնել։ Նա հաստատ բարձր է Աստծու աչքին։
-Գրիգո՛ր,- ասաց Ենգոյանը,-Դուք վաղն առավոտյան եք մեկնելու։
-Լավ,- ասաց Գրիգորը։
 Քիչ անց, երբ Թամարն արդեն գրկել էր որդուն ու բարի ճանապարհ մաղթել, Մենուան ասաց․                                                                                              
-Տա՛տ, մեքենան քեզ է սպասում։
-Իսկ դու չե՞ս գալիս, Մենուա։
-Չէ, ես գործեր ունեմ։
-Լավ: Հիշի՛ր, Աստված տեսնում է բոլորին ու նրանց «գործերը» ու հատուցում։ Ասա՛,թող ինձ մինչ գյուղ տանելը եկեղեցի իջեցնեն։
-Լա՛վ, տատ։
Թամարը պինդ գրկեց որդուն ու ասաց․
-Աստված քեզ պահապան, տղա՛ս։
Թամարին եկեղեցի տարան։ Մոմ վառեց ու սկսեց իր շնորհակալությունը հայտնել Աստծուն։

 Գարնան  երկրորդ ամիսը վերջանում էր․․․ Անցել էր մեկ ամիս։ Երեկո էր․․․ Թամարը նստած լուրի էր սպասում. Այդ օրը որդուն վիրաահատելու էին։ Սպասումն ահավոր էր՝ հուզված ու անհանգիստ։
-Ես երբեք նման վիրահատություն չեմ արել, բայց կասեմ, որ դա շատ բարդ վիրահատություն է,-ասել էր բժիշկ Ենգոյանը։
Թամարը այս խոսքերը չէր մոռացել։ Վիրահատությունը դժվար էր լինելու, ուստի դեռ ոչինչ վերջացած չէր, և մինչև չլսեր, որ ամեն ինչ կարգին է, չէր հանգստանա։
Սիրտը երբեք այդքան արագ չէր բաբախել, շնչառությունն այդքան անկանոն չէր եղել դեռ, երբևէ ժամանակն այդքան դանդաղ չէր անցել, երբեք չէր զգացել այն, ինչ հիմա էր զգում․․․Լարվածությունից գլուխը ցավում էր։ Այդ մի քանի ժամն ավելի ավելի ծերացրին Թամարին, քան այն յոթանասունութ տարիները, որ ապրել էր։ «Չէ՛,Աստված չի խախտի մեր պայմանը»,-անդադար մտածում էր նա։
-Տա՜տ,- վազելով ներս մտավ թոռնուհին,- հայրիկը բուժվել է, մեկ շաբաթից այստեղ կլինի։
Թամարն ուրախ էր․․․ Ուրեմն Բարեգութ Աստված խղճաց իրեն․․․ Թամարը երջանիկ էր, ինչպես երջանիկ է լինում նոր մայրացած կինը․․․
Քիչ անց գնաց քնելու։ Մեկ ժամ անց նա քնած էր։ Տիրոջ մոտ էր գնացել։ Ատծու և նրա պայմանը կատարված էր։

Արթուր Բաղդասարյան
Գեղարքունիք, Վարդենիսի Հ․Համբարձումյանի անվան
ավագ դպրոց, 11-րդ դասարան


[1] տարեկան*֊ցորենի անպիտան հատիկ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով