Գոհար Գալստյան, Մանկագրություն

Չիկի Արագավազը և նորոգված ժամանակը

Թիկն ու Թակը անբաժան եղբայրներ էին։ Թիկը եղբորից մեծ էր ու կարճահասակ, Թակը երկար էր ու ձիգ։ Նրանք ապրում էին ժամացույցի երեսին՝ կենտրոնում միավորված։ Այո, նրանք ժամացույցի երկու սլաքներն էին, բայց նրանցից բացի ժամացույցի վրա էր ապրում նաև Չիկի արագավազը։ Նա մի քիչ ավելի երկար էր Թակից, շատուշատ բարակ քան Թիկը, և անվերջորեն շտապում էր։ Ողջույնի և հրաժեշտների արանքում Չիկի արագավազի շարժը միշտ տեսանելի էր, իսկ ահա Թակի ու մանավանդ Թիկի շարժը՝ ոչ այնքան։ Նրանք հեռանում ու հավաքվում էին, գալիս ու գնում, այնինչ տեղաշարժի շրջագիծը չէր փոխվում, չէր փոխվում թվատախտակը, և անգամ թվերն էին միշտ ու անշարժ իրենց տեղերում։
Օրվա մեջ առնվազն 24 անգամ Թիկը, Թակը և Չիկի արագավազը իրար գլխի էին գալիս, թվում էր՝ հիմա-հիմա մի բան կորոշեն իրար մեջ և կփոխեն ինչ-որ կարևոր բան, բայց ամեն անգամ նրանք ընդամենը ողջունում էին իրարու, չնայած որ՝ Չիկի արագավազը միայն մի ակնթարթ էր հապաղում, և գլխապատառ շարունակելով իր անվերջական ուղին՝ միանգամից էլ հեռանում էր եղբայրներից։ Իսկ երբ նա հեռանում էր, պատահում էր, որ եղբայրները մի քիչ նեղսրտում էին նրա պահվածքից, երբեմն թկթկում էին իրար մեջ, թե՝ «ա՜յ քեզ շնորհք, դարձյալ առաջ անցավ», և այսպես շարունակ։
Թիկի և Թակի միտքը մեկն էր՝ չէ՞ որ իրենք են կարևորը, ժամը որոշվում է իրենց միջոցով։ Ո՜վ է այդ Չիկի արագավազն, ի վերջո։ Այնինչ, Չիկին չէր մտածել, չէր էլ հասցնի մտածել նման բան, ասենք՝ Թիկի կամ նրա եղբայր Թակի մասին. արդյոք ո՞վ է կարևորը, կամ՝ ի՞նչ դեր ունի նրանցից ամեն մեկն առանձին։
Ու երբ մի անգամ Չիկի արագավազը մոտենում էր թվատախհակի 1-ի և 2-ի արանքում իրար գլուխ-գլխի եկած եղբայրներին, հստակ լսեց նրանց քամահրանքը։
— Ահա, գալիս է։ Այնքան կարևոր տեսք է ընդունել՝ ասես ինքն է ժամի սլաքը և ոչ թե ես,- թկկացրեց Թիկը։
— Չե՞ս կարծում, որ մտքիս դնեմ՝ ես էլ կարող եմ այդ Չիկիի նման արագ շարժվել, և րոպեները կանցնեն՝ ինչպես վայրկյաններ,- շարունակեց Թակը։
Չիկի արագավազը հատում էր արդեն 1-ի և 2-ի սահմանագիծը, երբ եղբայրներն իրենց ուժգին լարելով ժամացույցի մեջ խափանեցին ինչ-որ բան։ Նրանց զայրույթից՝ շիկացած առանցքը խախտվել էր, իսկ ժամացույցը՝ տարակուսած, կանգնել էր ժամանակի մեջ ու  արդեն ետ էր մնում հիմնավորապես…
Թիկի, Թակի և հատկապես Չիկի արագավազի լռությունն անսովոր էր։ Ժամագործն իր անելիքը գիտեր, բայց դրա համար ժամանակ էր պետք, և հարկավոր էր, որ ինչ-որ մեկը դիմի նրան և մոտը տանի խափանված ժամացույցը, ինչը ճի՛շտ և ճի՛շտ այդպես էլ եղավ։
Ժամագործը, որ փորձված վարպետ էր, անմիջապես գլխի ընկավ խափանման պատճառը։ Նա նախ բացեց մեխանիզմը, առանցքից հեռացրեց Թակին, Չիկի արագավազին, առանցքը կարգավորեց, մեխանիզմը լարեց ու նայեց ժամացույցին։ Թիկը կարկամած միայնակ կանգնած էր տեղում, քիչ անց նա պրկումից կարմրեց։ Ժամագործը ժպտաց, տեսավ, որ ըմբոստ ժամսլաքը հասկացել է իր սխալը։ Ուրիշ հարց, որ՝ եթե ժամագործը շատ համբերատար լիներ, մեկ ժամ հետո կտեսներ նրա անցումը մի թվից մյուսին, բայց, միևնույն է, ժամացույցը չէր գրանցի րոպեները, որոնք՝ վայրկյանները հաշվելով, առաջ էր բերում Չիկի արագավազը։
Ժամագործն արդեն կռահել էր նաև Չիկի արագավազի վիրավորանքը։ Երբ նա նորից էր բացել մեխանիզմը և առանցքից հանել էր Թիկին, Թակը մե՛ն-մենակ հայտնվել էր ժամատախտակի վրա։ Նա ևս եղբորից ոչ պակաս տարակուսեց, երբ՝ չիմանալով որտեղից սկսի՝ առանց Չիկի արագավազի օգնության այնուամենայնիվ հանդարտ մի  մենապտույտ կատարեց ու հասկացավ, որ ինքը՝ թեև րոպեները հաշվում է, բայց դարձյալ ժամը ցույց տալ անկարող է առանց Թիկի, և անսկիզբ է՝ առանց Չիկի արագավազի։
Ժամագործի երրորդ փորձի հերոսը Չիկի արագավազն էր։ Երբ նա առանցքից հանել էր Թակին և ձեռքը մեկնել էր իրեն՝ Չիկի արագավազի սիրտը զարկում էր վայրկյանից էլ արագ։ Նա մի պահ վստահ էր, որ ինքը կհաղթահարի փորձությունն ու մենմենակ կազդարարի ժամը. չէ՞ որ տեղյակ է ամեն մի վայրկյանից, աչքի առաջ են անցնում րոպեներն ու ժամերը։
Եվ ահա, երբ ժամագործը նորից լարեց մեխանիզմը, Չիկին սրընթաց ճամփա ընկավ՝ պտույտ պտույտի ետևից անցավ ժամատախտակով, շրջան գծեց՝ հաշվելով վայրկյանները։ Դարձյալ կես ակնթարթ, և նրան թվում էր արդեն, որ բանսարկու եղբայրների դավադրությունը թակարդ է դարձել հենց նրանց համար, որ ահա, եկել է իր աստեղային վայրկյանը, ոչ՝ վայրկյանները, որոնք մեկը մյուսի հետևից հոսում ու անցնում են անհաշիվ… Եվ ահա այստե՛ղ էր, որ Չիկի արագավազի սիրտը հանկարծ տագնապեց. իսկ անիմաստ չէ՞ իր վազքը՝ այդպես էլ ժամանակը չազդարարող։ Չիկի արագավազը՝ թեև, ինչպես միշտ, սովորություն չուներ մտածելու՝ չէր հասցնում պարզապես, այս անգամ իր արագաչափ սրտով զգաց, որ իր գոյությունն անիմաստ է առանց եղբայր սլաքների։
Ժամագործը, որ շատ բան էր տեսել կյանքում և գիտեր, թե ինչ է ժամանակը, տեսել էր ու գիտեր, թե ինչպես են կյանքում ժամերը հաճախ կռիվ տալիս րոպեների հետ և թե՝ ի՛նչ է վայրկյանը նրանից կառչած մեկի համար, տեսավ ու հասկացավ իր ձեռքում պահած ժամացույցի խափանման բուն պատճառը։
Հիմա արդեն երեք սլաքներն էլ փորձվել էին, մեխանիզմի առանցքը կարգավորված էր, մնում էր վերջնականապես գործարկել ժամացույցը՝ երեք սլաքները միաժամանակ տեղադրելուց հետո, ինչն էլ խաղաղությամբ արեց ժամագործը։
Թիկն ու Թակն այս անգամ համարյա ողջագուրվեցին Չիկի արագավազի հետ՝ երբ նա անհանգիստ սրտով գալիս էր ընդառաջ։ Ու թեև նրանք միշտ էլ վարժ գիտեին իրենց անելիքը, հիմա երեքն էլ հասկացել էին նաև այդ անելիքի իմաստը, ավելին՝ նրանք նույնիսկ մեկը մյուսի գոյության խորհուրդն ու կարևորությունն էին հասկացել, փորձով էին ճանաչել իրենց սեփական կարողության սահմաններն ու միասին լինելու անհրաժեշտությունը, և թվում էր՝ երբեք էլ չի եղել այնպես, որ նրանք անմիաբան լինեն կամ հակասեն մեկը մյուսին։  
Երեկոյան կողմ՝ մինչև ժամագործի տաղավարի փակվելը նրան այցելել էր ժամացույցի տերը։ Ժամացույցը հիմա պատրաստ էր՝ իր նախկին տեղը գրավելու նույն տան մեջ, որտեղ ինչ-որ պատճառով մի օր խափանվել էր ժամանակը։ Ժամագործը խորհրդավոր ժպիտով ժամացույցը հանձնել էր տիրոջը, իսկ ժամացույցի անհոգ տերը՝ մտքով իսկ չանցկացնելով, որ նորոգվել է գուցե իր երջանկությա՜ն ժամանակը՝ անտեղյակ օրվա անցուդարձից, աշխատանքի համար վճարել էր ժամագործին, և արդեն նորոգված ժամացույցը ձեռքին՝ անսովոր եռանդով շտապում էր տուն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով