Նանե

Աղջիկն ու ծաղիկը

Ծաղիկը շատ վախկոտ էր ու դրա համար  պատճառներ իրոք ուներ: Նա աչքերը բացել էր ճանապարհից ոչ այնքան հեռու. Կողքին ոչ քար կար, ոչ մացառ ու թուփ, որ թաքնվեր նրանց ստվերում: Քամին, ասես, միշտ բոլորին թողած, հենց իր ճեփ-ճերմակ ու նուրբ թերթիկներն էր քաշքշում, իսկ ճանապարհով անցնողները հաճախ էին ճամփից դուրս գալիս ու սարսափելի մեծ կոշիկների կոշտ կրունկներով ոտքի տակ տալով ամեն ինչ, հենց կողքով անցնում: Այն օրը, դրանցից մեկը, քիչ էր մնում նրա վրա իջներ:
Իհարկե, նրա կյանքում գեղեցիկ բաներ էլ կային. Այնքան էլ հեռու չէր քչքչան փոքրիկ առվակը, որ արագ ինչ-որ հետաքրքիր պատմություն էր պատմում հեռուների մասին ու նորից վազում առաջ: Նա միշտ շտապում էր, բայց իր պաղ ջրերը չէր մոռանում թողնել բոլոր-բոլորի՝ խոտերի ու ծառերի արմատների մոտ: Քիչ հեռու մի ուռենի կար՝ երկայն ու բարալիկ ճյուղքերով, որոնք քամուց ծածանվում էին, ծփում ալիքների պես: Մի փոքր այն կողմ էլ ծիրանենին էր, որի վրա կաչաղակը իր բույնն էր հյուսել: Բայց վախկոտ ծաղիկը ոչնչով չէր ուրախանում, նրան չէր ուրախացնում նույնիսկ այն, որ իրեն համարում էր այդ տարածքի ամենագեղեցիկ ծաղիկը: Հենց դա էլ կարող էր ուշադրություն գրավել:
Ծաղիկը տխրում էր և առավոտյան, և կեսօրին, և երեկոյան, և նույնիսկ գիշերը նա հանգիստ չէր կարողանում քնել:
Այդ օրն էլ իր անապահով վիճակը թախծոտ մտքերի մեջ էր գցել նրան: Ծաղիկը մտքում աղոթք մրմնջաց, նայեց երկնքին ու հենց այդ պահին տեսավ, թե ինչպես ճանապարհով անցնող մի փոքրիկ աղջիկ` շեղվելով ճամփից, թռչկոտելով մոտեցավ իրեն. «Ինչ գեղեցիկ է, ինչ գեղեցիկն է այս ծաղիկը»,- բարձր կանչելով: Ծաղիկը փակեց աչքերն ու շունչը պահած դողում էր վախից: Չհասցրեց նույնիսկ աղոթք ասել, երբ ձեռքերն իրեն կտրեցին հողից ու բարձրացրին վեր: Նա դողում էր աղջկա ձեռքերի մեջ ու սարսափով մտածում, որ վերջը եկել է՝ ի՞նչ պետք է անի անջուր ու անհող: Եվ անգամ վախից ուշաթափվեց…
Երբ ուշքի եկավ, ջրով լի մի գեղեցիկ տարայի մեջ էր. Շուրջն ամեն բան օտար էր, բայց շատ գեղեցիկ ու հետաքրքիր: Ճիշտ է, չկային առուն, հարևան ծառերն ու կաչաղակը, բայց այս փակ սենյակի պատուհանի տակ էլ ծառեր կային, թռչուններ, իսկ սենյակի ներսում գույնզգույն խաղալիքներ ու փուչիկներ և այն փոքրիկ աղջիկը, որ երգելով մոտեցավ ծաղկին ու շոյեց, ապա ժպիտը դեմքին սկսեց զրուցել նրա հետ․ Նա գիտեր, որ ծաղիկը հասկանում է իրեն: Եվ դա իրոք այդպես էր: Սենյակում նաև ապահով էր և այդ գիշեր ծաղիկն առաջին անգամ քնեց խաղաղ ու անվրդով քնով:  Առավոտն էլ գեղեցիկ ու լուսավոր էր բացվել. Աղջիկը թռչկոտելով մոտեցավ ծաղկին, ժպտաց ու իր երազն սկսեց պատմել: Ծաղիկը լսում էր նրան ու մտածում, որ իր կյանքի իմաստը աղջկա հետ այս հանդիպումն էր հաստատ:

Նանե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով