ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Քեզ

Եվ այն վարկածից, որ սերում ես դու հողից,

Ես հող դառնալ եմ ուզում,

Եվ այն կասկածից, որ հառնել ես կրակից,

Ես այրվել եմ ուզում։

Եվ ըստ այն Գրքի, որ գործն ես դու էն հզոր ձեռքի,

Ես խաչվել եմ ուզում։

Եվ այն փաստից, որ հայտնի է մեզ Դարվինի գրքից,

Ես վայրենանալ եմ ուզում։

Եվ մի՞թե քեզ սիրելու համար

Կարևոր է, թե որտեղից եկար։

Եվ մի՞թե քեզ շոյելու համար,

Կարևոր է, թե ինչպես մարդ դարձար։

Անվերնագիր

Ես հոգնել եմ մի տեսակ
Ձեր միատեսակ
Խոսքերից աննյութ,
Խոհերից անստույգ,
Ստոր ու անգութ
Վարմունքից …

Ես հոգնել եմ արդեն,
Որ պահում եք քեն։
Ստում եք իրար,
Քծնում անդադար,
Հետևից խոսում
Կամ չէ՜ , հաչում։

Ես հոգնել եմ վաղուց
Ձեր դատարկ սիրուց,
Սին բարեկամներ
Իրար ձևանալուց։
Իրար քսմսվում,
Ընկեր ձևանում,
Բայց հաջորդ պահին
Անեծք է լեզվին …

Հոգնել եմ ապրել,
Այսքան ցավ զգալ,
Այսքան բեռ տանել
Եզան պես լծվել …
Հոգնել եմ գուցե,
Բայց մե՛կ է` հոգիս
Էլի սիրել կուզե …

Կներեք դուք ինձ

Իմ այս պոետիկ թուլության համար
Ու իմ թախծալի երգերի համար,
Կներեք դուք ինձ։

Իմ այս մեռելի հոժարության համար
Ու այն չասված բառերի համար,
Կներեք դուք ինձ։

Իմ այս սրտակեզ ելույթի համար
Ու չհամընկնող հանգերի համար,
Կներեք դուք ինձ։

Սրտամեռ սիրո պատմություններով
Ու անխինդ հոգուս հազա՜ր դարդերով
Ձեզ հետ կիսվելու ու հոգնեցնելու համար,
Կներեք դուք ինձ։

Կյանքի վշտերը ուսելու համար
Ու առանց շահի սիրելու համար,
Կներեք դուք ինձ…

Դավիթ Շահբազյան

Շիրակի մարզ, Թավշուտի միջն․ դպրոց

12-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով