Անուշ Վարդանյան, Մանկագրություն

Թագավորական հեքիաթ Մուխիկի մասին


Իհարկե ես կարող էի վերնագրել նաև այսպես.
ՀԵՔԻԱԹ ՄՈՒԽԻԿ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Բայց հեքիաթն այնքան ծանրակշիռ, փայլփլուն` ոսկե ու արծաթ թերթերով զարդարուն և իրադարձություններով հարուստ էր, որ կոչվեց.
ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ
Հիմա էլ պատմեմ Մուխիկ Թագավորի մասին:
Մանուշակագույն, հսկա սարը փռված էր անծայրածիր ավազուտների մեջ: Հսկա սարը փոխում էր իր գույները օրվա տարբեր ժամերին: Լուսաբացին սարը դառնում էր ոսկեգույն, արևի շողերի ճաճանչները լուսավորում են Արատա սարի պղնձե կողերը:
Երբ մոտենում ես սարին` բացվում է մի մութ խոռոչի անցքը:
Եվ խորանալով ժայռի մեջ` հայտնվում ենք Մուխիկ թագավորի մեծ քաղաքում: Ժրաջան բնակիչներն աշխատում են օրն ի բուն, իսկ երեկոյան վերադառնում են տուն և փառաբանում երկնքի Աստվածներին, իսկ երկրի վրա` իրենց Մուխիկ թագավորին:
Մուխիկ թագավորն ապրում էր իր ձեռքերով պատրաստած կարմիր կղմինդրով առանձնատանը:
Տան դիմաց փռված էր դրախտային այգին: Օրվա մեծ մասը թագավորը, իր կնոջ և զավակների հետ, աշխատում էր այգում:
Փափուկ, պլաստիկե խողովակները տարածվում են` 1000 մետր շառավղով: Կենարար ջուրը հոսում էր յուրաքանչյուր ծառի և թփի մոտ: Այգու մեջ աճող ծառերը գարնանը ծածկվում են բազմագույն նուրբ ծաղիկներով: Այգում միշտ կարելի է համեղ մրգեր ճաշակել: Առաջինը հասունանում է կարմրաթուշ վաղահաս կեռասը:
Մուգ կարմիր և վառ դեղին կեռասի տնկիները Մուխիկ արքային նվեր էր բերել Արմենիա աշխարհի դեսպանը:
Հա, մոռացա պատմել, որ Արքան մասնակցում էր միջազգային բոլոր վեհաժողովներին:
Թագավորական գազանանոցում վարժեցնում էին արծիվների:
Արքան թամբում էր հզոր թևերով արծվին, և ծաղիկների հրաշագեղ փնջերով թռչում էր համաժողովի:
Եվ բոլոր-բոլոր արքայադուստրերը սպասում էին Մուխիկ թագավորի բազմագույն ծաղկեփնջերին:
Մուխիկ թագավորը կարմիր և դեղին կեռասները խաչասերելով ստացել էր կեռասի նոր տեսակ` մի երեսը կարմիր, մյուսը` դեղին: Կեռասները խոշոր էին և հյութեղ: Հետո հասունանում է մարգախնձորը` կանաչ, փոքրիկ և շատ օգտակար:
Այգու հպարտությունը «հայկական միրգ» անունով (ֆրուկտուս Արմենիկուս) ծիրանն է:
Առատ բերքի ժամանակ փոքրիկ թագավորության բոլոր բնակիչները զբաղված էին ծիրանի խավոտ պտուղները հավաքելով, արկղերով հեռավոր աշխարհներ ուղարկելով:
Այնուհետև եփվում էր ծիրանի մուրաբան, ջեմը, իսկ ոսկեգույն չրերի շարանները շողշողում էին արևի ճառագայթներից:
Մուխիկ թագավորի ուրախությանը չափ ու սահման չկար, երբ հասունանում էին տանձաձև խոշոր թզերը և մուգ կապույտ մանր ու շատ քաղցր թզերը:
Հետո գալիս էր դեղձի և մեծ-մեծ ու կարմրաթուշ խնձորների ժամանակը:
Իսկ երբ հասունանում էին բազմատեսակ խաղողները… էլ սև, անկորիզ մուսկատը, սեղանի դեղինը, կնոջ մատիկը…
Բայց թագավորի հպատակները տարեց-տարի ավելացնում էին խարջի խաղողի այգիները, որովհետև այդ խաղողից էին քաշում լավագույն գինին ու օղին:
Ձեզ ասեմ, որ Մուխիկ թագավորը նախաճաշին, ճաշին և ընթրիքին մանկան արցունքի պես մաքուր մեկ գավաթ օղի էր ըմպում:
Մի օր, Մուխիկ թագավորին այցելեց տարաշխարհիկ երկրի դեսպանը: Նա պատմեց, որ իր երկրի արքայի թանկարժեք օդանավի վրա հարձակվել են և վնասել, և
խնդրում էին վաճառել հզոր Արծիվ-օդանավ, և որ պատրաստ են անասելի մեծ գումար վճարել: Մուխիկ թագավորը գոհունակ ժպտաց.
-Ժամանակակից ավիացիան ինչքան էլ լավ նավիգացիա ունենա, չի հասնի մեր արծիվների սլացք թռիչքին և սրատես աչքերին: Սակայն արծիվներին վաճառել չենք կարող: Չէ որ նրանք հատուկ կարգավիճակ ունեն մեր երկրում: Նրանք ծառայում են Արատա երկրի փոխադրամիջոցների դեպարտամենտում:
Եվ որպեսզի չնեղացնի դեսպանին, արծվի փետուրներից պատրաստած գլխարկ նվիրեց: Դե, մեր Մուխիկը շատ դյուրազգաց և բարեհամբույր էր:
Իսկ հիմա պատմեմ ամենագլխավորի մասին: Այնպես պատահեց, որ առատ բերք ու բազմատեսակ նոր հացահատիկ, միրգ ու բանջարեղեն ստեղծելու մոլուցքով տարված աշխարհի գիտնականները ոչնչացրին բուն ենդեմիկ բոլոր բույսերի սերմերը:
Աշխարհի մեծամեծները մեծ հավաքներ կազմակերպեցին, որպեսզի գտնեն փրկության ճանապարհը: Ախր պոմիդորը դարձել էր կարտոֆիլի պես պինդ, կարտոֆիլի համը դարձել էր տաշեղի նման: Իսկ բոլոր հատապտուղները, որոնք շողշողում էին վառ գույներով ու ախորժելի դարձել էին … անհամ: Այո, ահա խոշոր, կարմիր ելակը, հերիք է կծես, որ ուտելու ցանկությունը վերանում է իսպառ:
Համաժողովին, ոտքի կանգնեց ամենաերիտասարդ և ճարպիկ երիտասարդ գիտնականը.
-Ես գիտեմ, որն է փրկության ուղին: Մենք պետք է խնդրենք, աղաչենք Մուխիկ թագավորին, որ մեզ բերի բոլոր բույսերի ծառերի սերմեր ու տնկիներ: Նրա երկրում պահպանվել է ավանդական գյուղատնտեսությունը և բոլոր մրգերն ու բանջարեղենն ունեն իրենց բնորոշ համերը:
Բոլորը որոտընդոստ ծափահարություններով ողջունեցին առաջարկը: Գրկեցին երիտասարդ գիտնականին և սկսեցին վեր-վեր թռցնել` բացականչելով.
-Մենք փրկված ենք:
Իհարկե, Մուխիկ թագավորը դրական արձագանքեց:
Հզոր արծիվներից մի դասակ թամբեցին եղեգնյա կողովներով, որոնց մեջ դաս-դասված էին հացահատիկների տեսակները: Մրգատու ծառերի փոքրիկ, բայց առողջ տնկիները, բանջարեղենի սածիլները: Եվ, իհարկե, բազում հանձնարարականներ, թե ինչպես աճեցնել այդ ամենը:
Ահա թե ինչպես փոքրիկ թագավորության ժրաջան բնակիչները փրկեցին ամբողջ երկիր մոլորակի ֆլորա-բնությունը` չորացումից, վերասերվելուց, աղճատվելուց:
Եվ ամենուր վերըընձյուղվեց նոր ցորենի ու գարու արտերը: Բազմատեսակ այգիները սկսեցին ջրել երկար խողովակաշարերի միջոցով: Իսկ հիդրոպոնիկան հրաշքներ էր գործում բանջարանոցներում: Կարմիր պոմիդորը, մանուշակագույն սմբուկը, կանաչ վարունգն ու պղպեղն աճում էին ջերմոցներում:
Եվ մարդիկ սկսեցին փառաբանել երկնքի աստվածներին լավ բերք ու բարիքի համար, իսկ երկրի վրա` մեր սիրելի, բարի, աչքերի խորամանկ փայլով, ուրախ ժպիտով Մուխիկ թագավորին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով