ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Ի՞նչ են պատմում աստղերը

Նարեկն ի ծնե սրտի արատ ունի, ու նրա միակ մխիթարանքը իրենից երեք տարի փոքր քույրն է։

Ես Անին եմ՝ Նարեկի քույրը, ով շատ է սիրում եղբորը, խնամում է նրան ու ցանկանում է արթնացնել Նարեկի վաղուց մեռած հույսը։ Երբ Նարեկը քնում է, ես ժամերով նստում եմ նրա անկողնու մոտ ու նայում պատուհանից դուրս՝ աստղերից խնդրելով եղբորս համար առողջություն։ Մի անգամ Նարեկը հետաքրքրությամբ հարցրեց.

-Անի՜, ինչու՞ ես անընդհատ երկնքին նայում։

-Ուզում եմ հասկանալ, թե ինչ են պատմում աստղերը։

-Ոչինչ էլ չեն պատմում, նրանք գերում են մարդկանց իրենց գեղեցկությամբ։

-Աստղերը…Դու սխալվում ես։ Աստղերը պատմում են իմ ու քո կենսագրությունը, մեր ապագան։

-Ապագա՞։ Դու հավատում ես, որ ես ապագա՞ ունեմ։

-Նարե՜կ, դու կորցնում ես հույսդ, բայց իզուր։ Հավատա՜, կյանքում ոչինչ չկա, որ լուծում չունենա, մարդն ամենակարող է։

-Ես ամենակարո՞ղ եմ։ Դու չես հասկանում, Անի՜, ես ի ծնե հիվանդ եմ։ Ե՛ս էլ, դու՛ էլ կորցրել ենք  մեր ամբողջ կյանքը. ես՝ սպասելով, դու՝ անիմաստ ժամանակ ծախսելով անկողնուս մոտ:

-Նարե՜կ, դու իմ եղբայրն ես։ Ամենաթանկը, որ ունեմ ես, փորձի՜ր հասկանալ, հա՞։

-Ես չեմ ուզում, որ դու անիմաստ ժամանակ ծախսես։

-Դու հիմա քնիր ու միայն լավի մասին մտածիր, դու հաղթելու ես։

Նարեկը քնեց։

Այդ օրը վաղ առավոտյան Նարեկին այցելելու էր եկել նրա ընկերը՝ Արամը։ Հենց դռան մոտ նա հարցրեց ինձ եղբորս մասին։ Ես ժպտացի և ուղեկցեցի նրան Նարեկի մոտ։

-Ո՞նց է, հանգիստ քնու՞մ է,- դեռ պառկած Նարեկին տեսնելով հարցրեց Արամը։

-Քնում է, բայց չի ուզում պայքարել։ Ասում է, որ իր ճակատագիրը դա է ու ոչինչ փոխել հնարավոր չէ, որ ինքը անհույս է։

-Չես հավատացնու՞մ, որ կբուժվի։

-Արա՜մ, ես ոչինչ չեմ կարողանում փոխել։ Ոչ մի կերպ չի համաձայնվում հիվանդանոց գնալ։ Ուզում է ապրել, բայց չի ուզում պայքարել։

-Լավ, ես կփորձեմ ինչ-որ բան անել։                                                                                                                                                                           

Նարեկը արթնացել էր, և տեսնելով Արամին՝ մի պահ ժպտաց, ինձ խնդրեց հյութ բերել։ Երբ սենյակից դուրս եկա, Արամի ձայնը լսեցի.

-Բա ե՞րբ ենք գնում հիվանդանոց։

-Ի՞նչ հիվանդանոց։

-Դեհ, վիրահատության։

-Երբեք, Արա՜մ, ինչը ճակատագրորեն տրված է ինձ, դա էլ լինելու է։ Կուզեմ ապրել, որ քրոջս մենակ չթողնեմ, բայց, եթե պետք է մեռնեմ՝ կմեռնեմ։

-Մի պահ քրոջդ մասին մտածիր։

-Ուղղակի արի էս թեման փակենք, խնդրում եմ։

-Դու բուժվելու ես, ուղղակի արի պայքարենք, պայքարենք երեքով՝ ես, դու,Անին…

-Անին շատ ա ժամանակ ծախսում, չեմ ուզում դասերը բաց թողնի, շատ էր պայքարում անվճար ընդունվելու համար։

-Դե, հենց նրա մասին էլ մտածելով՝ արի գնանք հիվանդանոց, թեկուզ հենց հիմա։

Երբ հյութը ձեռքիս սենյակ մտա՝ Արամն ասաց.

-Անի՜, մենք որոշեցինք. գնում ենք հիվանդանոց։

-Բայց ե՞րբ ,- զարմացա ես և միաժամանակ ուրախացա։

-Հենց հիմա։

-Ես էլ եմ գալիս։

-Ես Նարեկի հետ եմ լինելու, և երբ որոշվի ամեն բան՝ կզանգեմ, ուշադիր կլինես։

Ես դեռ ուզում էի համառել, երբ Նարեկը նայեց ինձ ու խնդրեց.

-Չէ, դու դասերիդ եղիր։

-Խոստանում եմ՝ ամեն ինչ լավ կլինի,- պնդեց Արամը…

Տղաները գնացին։ Ես դեռ անորոշ սպասում էի և արդեն ինքս էի ուզում զանգել Արամին, երբ զանգ ստացա նրանից ու տեղեկացա, որ Նարեկին պատրաստում են վիրահատման։ Արագ հասա հիվանդանոց։ Տեսնելով Արամին՝ անհանգիստ հարցրի.

-Ի՞նչ են ասում… Ամեն ինչ լավ կլինի, չէ՞։

-Վստահու՞մ ես։

Այդ պահին հիվանդասենյակից դուրս բերեցին Նարեկին՝ տանելու վիրահատարան։

-Անի՜, ամեն ինչ լավա լինելու։ Չլացես հանկարծ։

Նարեկն այնքան վստահ ասաց, որ ես ժպտացի ու եղբորս դեմքին նույնպես ժպիտ նշմարեցի…

-Հիշի՜ր, աստղերը լավն են պատմել քո մասին։

-Անի՞, էլի աստղերի հետ կապի մեջ ես մտնու՞մ,- ինչպես միշտ՝ կատակեց Նարեկը։

Բոլորս ծիծաղեցինք, իսկ ես ավելացրի.

-Նարե՜կ, դու սովորիր աստղերին վստահել, նրանք երբեք չեն խաբում։

-Վստահում եմ։ Հիմա կթողնե՞ս գնամ։  Ու միշտ հիշիր՝ ես մենակ քեզ համար եմ էս քայլին գնում։ Ուզում եմ ապրել, որ դու էլ ապրես։

Գրկեցի եղբորս։ Արամն էլ մոտեցավ մեզ՝ հաջողություն մաղթելու համար։

-Գնա՜, պայքարիր։ Մենք քեզ սպասում ենք։ Հիշի՜ր, դու պարտավոր ես վերադառնալ։

-Ձեզ աշխարհի չափ եմ սիրում ու պատասխանատու եմ ձեզ համար։

-Նարե՜կ, հիշում ես, չէ՞, եթե համաձայնվել ենք ապրել, ապա համաձայնվել ենք նաև պայքարել։

Նարեկը ժպտաց ու վերցնելով իմ կողքին հավերժ լինելու պատասխանատվությունը՝ գնաց պայքարելու ու հաղթելու։

Հիշե՜ք, ամեն ինչ լավ ավարտ կարող է ունենալ, եթե դուք ձեր կողքին ունեք հարազատներ, որոնց կարող եք վստահել…

***

 Զեփյուռը հանդարտ խփվում քարերին

Ու ձայն էր հանում.

Նա էլ էր տխուր…

Ժպտում էր նրան շնիկը քնած,

Որին երազ էր թվում զեփյուռը,

Կամ թե երազն էր նույնքան գեղեցիկ,

Որքան ժպտում էր քնած կենդանին…

Ու ծառերն էին անգամ երջանիկ,

Որ պար էին գալիս նրանք քամու տակ։

Միայն թե ինքը՝ հենց քամին էր,

Որ տխուր էր կարծես։

Ու թվում էր, թե

Ինչ-որ բան նրան հանգիստ չի տալիս…

Ու, թե ինչն էր դա՝ ոչ ոք չիմացավ.

Ո՜չ շունը քնած, ո՜չ ծառերն անհոգ, ո՜չ քարը,

Որի ականջին կարծես հենց ինքը՝ քամին,

Պատճառն էր ասում…

***

Ու դու ապրում ես՝

Չնկատելով աշխարհում ոչինչ,

Չհասկանալով աշխարհում ոչինչ,

Չսովորելով աշխարհից ոչինչ,

Չգիտակցելով աշխարհի համը,

Ու չշնչելով աշխարհի բույրը.

Բայց դու ապրում ես…

Ապրում՝ ասելով, որ դու զգում ես

Ու վայելում ես ամեն ինչ կյանքում։

Չհասկանալով, որ դու

Կորցնում ես ամենաթանկը,

Որ կարող էիր դու տալ աշխարհին,

Որը հենց քեզ է ծնել ու սնել։

Աշխարհին պետք էր ուշադրություն,

Ու հե՛նց քեզանից…

ՓՆՏՐՏՈՒՔ

Երկնքի բազում աստղերի մեջ

Դու քոնն ես փնտրում,

Մարդկային անդուլ ամբոխի մեջ

Դու քեզ ես փնտրում։

Հաստափոր գրքի ամեն մի էջում

Փնտրում ես մի տող,

Որը կօգնի քեզ գտնել ինքդ քեզ…

Ի՞նչ՝ կորցրե՞լ ես քեզ…

Մրգերի հսկա զամբյուղի միջից

Փնտրում ես մեկը՝

Որը կթվա տհաճ բոլորին,

Բայց իրականում ամենաքաղցրը

Հենց դա կլինի…

… Դու քեզ ես փնտրում,

Բայց մրգի տեսքով…

Ի՞նչ՝ կորցրե՞լ ես քեզ…

Հատուկ իրերում փնտրել հասարակ,

Չոր վայրում փնտրել խոնավ մի տարածք,

Տիեզերքում՝ նոր փողոց ու խանութ…

Փնտրել ամեն տեղ տարբերվող մի բան…

Դու քեզ ես փնտրում…

Ի՞նչ է՝ կորցրե՞լ ես…

Հասմիկ Բարսեղյան

Եղվարդի թիվ1 ավագ դպրոց, 11-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով