ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Պոետի հոգին

Թե կա աշխարհում այնպիսի մի բան,

Որ ինձ հետ է միշտ՝ թվացյալ կողքիս,

Դա  հոգուս ստվերն է՝ աշխարհում թափառ,       

Դա իմ հոգի՜ն է, պոետի հոգի՜ն…

Թե կա աշխարհում հորինված պատրանք,

Որ այցելում է ինձ մթնշաղին,              

Դա իմ երազն է երկնքից եկած,

Դա իմ հոգի՜ն է, հոգի՜ն պոետի…

* * *

Ահա ննջեց խենթ քաղաքը

Եվ երկնքում գիշերային

Կրկին ծնվեց հին հեքիաթը,

Որ եկել է դարերից։

Գիշերային այդ հեքիաթում ,

Ողջը ծնված է լույսից,

Եվ՛ շողում է, և՛ փայլում է,

Սեր է տալիս վերևից։

Այդ աստղային երկնքի հետ,

Երբ հանդիպես դու նորից՝

Պատմի՛ր նրան դու իմ մասին,

Չէ՞ որ փնտրում է նա ինձ։

Պատմիր նրան, որ ես դեռ կամ,

Ապրում եմ խենթ քաղաքում,

Եվ հիշում եմ աստղերը իմ,

Որ ապրում են հեքիաթում։

Ասա նրան, որ երբ հանկարծ

Ես հոգնում եմ աշխարհից

Վեր եմ նայում ու հասկանում

Որ այնտե՜ղ է տունը իմ…

ԱՐԵՎՏԵՆՉ

Մի աշխարհ է ապրում այնտեղ`

Քո բովանդակ աչքերում,

Փայլատակող լույսի շողեր՝

Քո արևտենչ հայացքում:

Կա  մի գաղտնի հրապուրանք՝

Մաքրամաքուր նայվածքով.

Արևի՜ն ես դու երազում,

Ի՛մ արևտե՜նչ, ի՛մ լուսավոր:

ԱՇՆԱՆ ՍԵՐԵՆԱԴ

Ամեն տեղ գույներ են՝ պայծա՜ռ լուսավոր,
Խշշոց է ամեն տեղ, տերևների երգ…
Աշունն է եկել, քաղաքը գրկել՝
Կարոտած մի հին բարեկամի պես։


Դարձել է գունեղ քաղաքը տխուր,
Մայթերն ամաչկոտ լցվել են սիրով,
Ես էլ միգուցե այս նույն տոնի մեջ
Իմ բարեկամին գրկեմ սրտամոտ։

Միգուցե  դուք էլ աշնան երգիս տակ
Գաք ինձ մոտ, ինչպես աշունը՝ քաղաք,
Ու ինչպես քամուց քշված տերևներ,
Գանք մեր աշնան մոտ ու իրար գրկենք…

ՄԱՐԴԻ՛Կ, ԴԱԴԱՐԵՔ…

Դու՛ք, որ թաղվել եք ստի, կեղտի մեջ,
Դու՛ք, որ գոչում եք, թե՝ անկեղծ լինենք,
Բայց ինքներդ եք թաղված մեղքի մեջ,
Կանչում եմ ես ձեզ ամեն մի կողմից,
Ուզում եմ թողնեք ձեր գործերը պիղծ
Ու մի պահ լսեք խոսքը իմ սրտի. –

Ես ձեզ եմ կանչում, դադարե՛ք, մարդի՛կ։

Դու՛ք, որ գոչում եք ու աղաղակում,
Սպանում եք իրար ու հանգիստ նստում,
Դու՛ք, որ ծարավ եք մարդկային արյան,
Աղաչում եմ ձեզ, դադարե՛ք հիմա…
Դադարե՛ք այդքան չարամիտ լինել,
Դադարե՛ք լինել այդքան նյութապաշտ,

Դու՛ք, որ խաղում եք ընկեր իսկական՝
Հերիք չէ՞ լինեք այդքան դավաճան…


Քանի՞ դիմակ կա դեռ ձեզ մոտ պահված,
Դադարե՛ք մարդիկ, խնդրում եմ հիմա.

Խեղդվում եք սևից, որի մեջ կորած՝

Խավարի հետ եք կյանքը նույնացրել,
Եվ չեք էլ տեսնում, որ ձեռքըս պարզել՝
Աղաղակում եմ ձեզ հիմա արդեն,

Մարդի՜կ, լսեցե՛ք խոսքը իմ սրտի, –

Դադարե՛ք մի պահ, մտածե՜ք, մարդի՜կ….

ԱՆՃԱՆԱՉԸ

Ասա, որ ես խենթուխելառ

Մի պոետ եմ անճանաչ,

Իսկ դու կորած իմ տողերում

Քեզ ես փնտրում անդադար:

Դու հերոսն ես իմ այն գրքի,

Որ դեռ չեմ էլ սկսել,

Հետո երկա՜ր քեզ կփնտրես

Էջերիս ու երգիս մեջ:

Դիանա Այվազյան

Ստեփանավանի ավագ դպրոց, 11-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով