Մանկագրություն, Մարիետա Սահակյան

Կակաչը

Ես ալ կարմիր կակաչն եմ,

Միակ ծաղիկ սևաչն եմ,

Թարթիչներիս փնջիկում

Բզեզներն են միշտ ննջում:

Բզեզիկ

Աʹյ բզեզիկ, դզդզիʹկ,

Ի˜նչ փայլուն է քո թևիկ,

Նստեմ մեջքիդ` կտանե՞ս,

Ծառի ծայրին հասցնես:

* * *

Որ այնտեղից միասին

Ծառի ճյուղից ճյուղ թռչենք,

Ուրախ-ուրախ խաղ անենք,

Հենց որ հոգնենք, ցած իջնենք:

Զատիկ

Փոքրիկ, կարմիր, կլորիկ,

Թևերին` սև պուտ-պուտիկ,

Հենց որ դնես քո ձեռքին,

Չի անելու նա տիտիկ:

Ճկույթիկից` մատնեմատ,

Մատնեմատից` միջնամատ,

Միջնամատից` ցուցամատ,

Հետո` հզոր բթամատ:

Հաշվելու է մատներդ,

Բացելու է թևերը,

Առանց քեզ բան ասելու

Թռչելու է նա հեռու:

Բարևʹ տերև

Բարևʹ, բարևʹ,

Աշնան տերև,

Իջիʹր ներքև

Խաղանք մեկտեղ:

Կանաչ տերև,

Դեղին տերև,

Կարմիր տերև

Նախշուն տերև:

Ծառի ճյուղից

Իջեք ներքև,

Որ թռչկոտենք,

Պարենք մեկտեղ:

Ծառերի տակ

Շուրջպար բռնենք,

Աշնան քնքուշ

Երգը երգենք:

Գարուն

Դիմացը ձոր է,

Շուրջ բոլորն` անտառ,

Իսկ ծառի ծայրին`

Մի փոքրիկ սոխակ:

Սոխակը երգով,

Արևագալով

Գարուն է հյուսում

Լույսի շողերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով