Ատամնաբույժ Հրաչը
Ամռան տանջող տապից քրտնած
Հրաչիկը տատենց գնաց:
Բայց գյուղ հասավ և նույն օրը
Մեղքը եկավ ծեր աքլորը:
Լուսադեմին կտուցը բաց
Երբ ծղրտաց իր «ծուղրուղուն»,
Հրաչիկը շուտ վեր թռավ
Եվ շտապեց աքլորաբուն:
-Ո՞վ իմանա՝ շատ հիվանդ է,
Որ լալիս է այսպես ցավոտ,
Փչացել է մեծ ատամը
Լուսադեմին, այս առավոտ:
Հարկավոր է արագ բուժել,
Մի ճար անել խեղճի վերքին,
Ախր այսպես շատ է լալիս,
Ձայնում, կանչում է ամենքին:
Ասաց, մտավ արհեստանոց,
Գտավ պապի հին աքցանը,
Խարտոց գտավ պոչը կոտրած
Ու մոտեցավ հավատանը:
Եվ աքլորին սեղմեց գետնին,
Բացեց նրա կտուցը կեռ,
Հետո նրան դիմեց փութով.
-Ո՞րն է ցավող ատամը Ձեր:
Ապա քաշեց հին աքցանը,
Փորձեց գտնել ատամը փուտ,
Խարտոցն առավ, ընկավ վրան
Եվ թպրտաց խեղճն անօգուտ:
Մի կերպ հասավ տատն օգնության.
-Ի՞նչ ես անում, այ տնաշեն,
Ո՞վ է տեսել, որ աքլորի
Կտուցն էսպես անխիղճ տաշեն:
-Դու չգիտես,- ասաց տղան,-
Աքլորն ուներ ատամնացավ,
Տես, բուժեցի նրան, տատիկ
Եվ հիվանդը առողջացավ:
Էլ չի կանչի լուսաբացին,
Լաց չի լինի ծեգը ծեգին,
Ես Հրաչն եմ ատամբաբույժ,
Այսպես կօգնեմ ամեն մեկին:
***
Հրաչիկը զատիկ տեսավ.
-Վա՜յ, արևից այրվել է, տես ,
Մայրիկ, մեջքին քսուք քսենք,
Մի թող գնա մանկապարտեզ:
-Չէ, այ խենթուկ,- մայրիկն ասաց,-
Դա զատիկի շորն է նախշուն,
Հագել, ելել զբոսանքի,
Մայրիկի հետ դառնում է տուն:
***
Հրաչ պապը հեքիաթ պատմեց,
Հրաչիկը քնեց մուշ-մուշ,
Եվ երազում մութնուլուսին
Նա սլացավ դեպի լուսին:
Լուսինը՝ մեծ, ինքը՝ մենակ,
Պապի պաչիկն էլ չի օգնում,
Հրաչիկը լուսնի փայլից
Շատ է հոգնում, շատ է հոգնում:
Արթնանում է պռոշը կախ,
Պապի ձեռքն է զգում ուսին,
-Պապիկ, ճիշտ չէ քո հեքիաթը,
Երկու Հրաչ ու մի լուսի՞ն:
****
Աքլորիկը ծեր է արդեն,
Էլ չի հիշում ճիշտ ժամը նա,
Ծիկրակում է լուսադեմին՝
Ժամացույցից ժամն իմանա:
Թե ամպ եղավ, օրը՝ թխպած,
Նա կուշացնի զիլ «ծուղրուղուն»,
Չի մտածի, որ Հրաչը
Գնալու է տատիկի տուն:
Աքլորիկը ծեր է թեև,
Բայց ի՞նչ անենք, մեղք է, ոչինչ,
Հրաչիկը մայրիկ ունի,
Ունի խելոք համակարգիչ:
Չի ուշանա, շուտ կարթնացնեն,
Աքաղաղի հույսին չէ նա,
Ծեր աքլորին չի նախատում,
Որ չտխրի, չվշտանա:
***
Արի, Բալիկ, քայլենք մի քիչ,
Մի քիչ գնանք ճամփով քարոտ
Եվ կտեսնենք կապույտ-կապույտ
Լիճը՝ բացված անմար կարոտ:
Եվ կտեսնենք որորներին,
Որ երկինքն են շոյում թևով,
Եվ ծփում են զով ջրերը
Ամռան շոգից փրկող ու զով:
Գիտե՞ս, իջել նա երկնքից
Եվ փռվել է սարերի մեջ,
Ամեն ծիծաղ իր մեջ առնում
Եվ մաքրում է ջրերն անվերջ:
Եվ աշխարհին զով է տալիս,
Աշխարհը միշտ մաքրում փութով,
Լիճը փրկող ձեռք է, որդիս,
Երգ է անուշ ու հոգեթով:
***
-Պապիկ,- ասաց Հրաչը,-
Տես, ջրերը Սևանի
Իմ աչքերից գույն առել
Ու ծփում են գեղանի:
-Չէ թոռնիկս, լիճը, տես,
Երկնի կապույտ է առել
Եվ սարերի մեջ փռված
Կապույտ հեքիաթ է դառել:
-Պապիկ,- ասաց Հրաչը,-
Ճայը եկել անամոթ
Տատից լեղակ գողացել
Ու թռել է լճի մոտ:
Ու տվել է ջրերին
Կապույտ գույնը լեղակի:
Տեսնես մեղք չե՞ն ձկները
Եվ գորտերը ցեղակից:
***
-Ի՞նչ մեծ սար է,-հարցրի պապիս,-
Որ նայում է ինձ ամեն օր,
Ուր գնում եմ, գալիս է նա,
Ամեն օր հին, ամեն օր նոր:
Ու ժպտում է ճիշտ քեզ նման,
Իր լռությամբ հսկում է ինձ,
Վատ բան անել թույլ չի տալիս,
Պահպանում է միշտ վտանգից:
Պապս նայեց հոնքի տակից,
Ժպտաց, քորեց գլուխը ծեր:
-Քո ասածը Մեծ Մասիսն է,
Ինձ պես ծերուկ, քեզ պես՝ ջահել:
Նա հսկում է ամեն հայի
Պահում բոլոր նրանց ճամփան,
Ովքեր տանից դուրս են եկել,
Բայց անպայման ետ կդառնան:
Մի վշտացնի նրան երբեք,
Քեզ լավ պահիր, եղիր բարի,
Եվ ամեն օր քո թիկունքին
Կզգաս ուժը Մասիս սարի:
***
Մայրիկն ասաց.
-Շատ մի տզզա,
Կաթը խմիր, գնա, քնիր:
Հայրիկն ասաց.
-Էլ չաղմկես,
Մուլտիկ նայիր, գնա, քնիր:
Տատիկն ասաց.
-Քեզ շիլա տամ,
Համով շիլան կեր ու քնիր:
Հորաքույրս թուշս պաչեց.
-Քեզ խնձոր տամ,
Կեր ու քնիր:
Իսկ պապիկս աչքով արեց
Ու ինձ առավ իր թևի տակ,
Թուշս պաչեց անուշ-անուշ,
Դեմքս շոյեց ձեռքով իր տաք:
-Արի ես քեզ հեքիաթ պատմեմ
Արջի մասին կամ լուսնյակի,
Պատմեմ ագահ գայլի մասին,
Կամ էլ վախկոտ նապաստակի:
Պատմեց պապս հեքիաթ-հեքիաթ,
Պատմեց բաներ բազում, բազում,
…Իսկ հեքիաթի մյուս կեսը
Տեսա անուշ իմ երազում:
***
Պապիկս ասաց այդ առավոտ.
Արի գնանք զբոսանքի,
Տեսնենք՝ ինչ կա լույս աշխարհում,
Որ կեսօրին քնենք հանգիստ:
Եվ քայլեցինք մենք ձեռք-ձեռքի
Տեսանք գարուն, ծառեր ծաղկած,
Տեսանք՝ ինչպես արևի տակ
Հուրհրում են խոտերը թաց:
Հետո հասանք ջրափոսին
Ու նայեցինք խորքը նրա.
Ամպ ու արև առել իր մեջ,
Ծիծաղում էր՝ լույսը վրան:
-Պապիկ, — ասի,- արի տեսնենք
Ջրափոսը խո՞րն է, թե՞ չէ,
Տես արևը նրա խորքում
Եվ ամպերը նրա մեջ են:
Արի բռնենք գոնե մի ամպ,
Նստենք վրան ու սավառնենք,
Ջրափոսից մի քիչ արև
Կամ վետվետուն մի ամպ առնենք:
Եվ երկուսով մտանք ջուրը
Ու թրջեցինք կոշիկ ու ոտ,
Բայց ամպ բռնել չհաջողվեց
Գարնանային այդ առավոտ:
Պապս ասաց. «Շատ թրջվեցինք,
Շարքից ելան կոշիկ ու ոտ,
Հիմա արի շուտ տուն դառնանք,
Գնանք, հասնենք տատիկի մոտ»:
Եվ զայրացավ տատիկը խիստ.
-Մեծ ու փոքր մի քելքի՞ են:
-Դու չգիտե՞ս,- ժպտաց պապը,-
Որ պապ ու թոռ մի խելքի են:
«Ճանապարհորդ» աղվեսը
-Հեքիաթ պատմիր, պապիկ,- ասի:
-Թոռս քնի, իսկ ես պատմեմ,-
Ասաց պապիկն ու պառկեցինք
Հին բազմոցին կեսօրվա դեմ:
-Կար, թե չկար՝ մի շեկ աղվես՝
Մազը փափուկ, պոչը՝ երկար,
Թափառում էր ճարը կտրած,
Որ հավ գտներ կամ էլ ճագար:-
Ասաց պապիկն ու հենց կեսից
Աչքը փակեց, քնեց մուշ-մուշ:
-Պապիկ,- նրան արթնացրեցի,-
Բա աղվե՞սը սիրուն, քնքուշ…
-Հա~, աղվե՞սը,- պատասխանեց,-
Ծեր աղվեսը մտավ անտառ,
Մեծ ու հասուն սունկեր գտավ,
Տեսավ հասած ընկույզի ծառ,-
Պապիկն ասաց, էլի քնեց,
Ես արթնացրի նրան փութով.
-Պապիկ, ախր աղվեսիկը
Չի կշտանում խոտ ու սնկով:
-Ա~խ, ասղվե՞սը,- տնքաց դժգոհ,-
Դեռ գնում է ժեռ քարափով,-
Ասաց, փակեց իր աչքերը,
Խռմփացրեց բարձր ու թափով:
-Պապիկ, ախր ծեր աղվեսը
Դեռ քաղցած է հեքիաթի մեջ:
-Ի՞նչ… աղվե՞սը,- աչքը բացեց,-
Դեռ քայլու՞մ է սոված ու խեղճ:
Հետո ասաց, թե.«Աղվեսը
Դեռ չի անցել կեսը ճամփի,
Արի քնենք գոնե մի քիչ,
Մինչև գնա ու տեղ հասնի»:
Ծեր գլուխը դրեց բարձին,
Էլի քնեց պապիկս Պերճ,
Իսկ աղվեսը սոված-ծարավ
Դեռ քայլում է հեքիաթի մեջ:
***
-Ե՞րբ մեծանա Հրաչիկը,
Որ պապիկին մի քիչ օգնի,
Նեցուկ դառնա նրա համար,
Երբ ապրելուց պապը հոգնի:-
Ասաց պապը, նայեց թոռին,
Գրկեց նրան սեղմեց սրտին,
Իսկ թոռնիկը հանքը կիտեց
Ու թնկթնկաց ցավով կրկին:
-Մեծանալը շա՜տ դժվար է,
Մեծանալը հեշտ չէ, պապիկ,
Որքա՜ն պիտի լաց լինի մարդ,
Որքա՜ն պիտի ուտի կաթիկ:
Հեշտացնում ես դու ամեն բան.
Ցավողը քո փորիկը չէ,
Կհասկանաս լացս գուցե,
Երբ ցավերը քեզ էլ տանջեն:
Հեշտացնում ես դու ամեն ինչ.
Քեզ հո զոռով չե՞ն լողացնում,
Ձեռք ու ոտքդ պինդ կապկպած
Հո չե՞ն դնում օրորոցում:
Երբ քաղցած ես, քեզ չեն խաբում
Օրորելով կամ գրկելով,
Մեծանալը շա՜տ դժվար է
Ու չի լինում քո երգելով:
-Ասաց, դարձյալ լացեց ցավով
Ու խլվլաց պապի գրկում,
Հրաչիկը՝ դեռ անլեզու,
Հրաչիկը՝ դեռ կաթնախում:
-Մի թնկթնկա, որդիս,- ասաց,-
Դառն է կյանքը ադամորդու:
Տառապանքդ կհեշտացնի
Տառապանքը Մարդու Որդու:
***
Համեղ ճաշ է եփել տատը.
Ո՞վ ճաշակի. պապն ու թոռը,
Տաքացրել է սարի կաթը.
Ո՞վ բաժակի. Պապն ու թոռը:
Տատը բալ է բերել այգուց,
Ո՞վ լիանա. պապն ու թոռը,
Պաղպաղակի անուշ բույրով
Ո՞վ հիանա. պապն ու թոռը:
Այսպես “ծանր բեռ են կրում”
Ու տանջվում են ամբողջ օրը,
Տան հոգսն ուսին՝ «լուծ են քաշում»
«Աշխատասեր» պապն ու թոռը:
-Բա չգիտե՞ք,- տատն է ասում,-
Կոտըրվել է մեր աթոռը:
Ո՞վ նորոգի,- հարց է տալիս,-
Գուցե դա է՞լ պապն ու թոռը:
-Պապն ու թոռը, պապն ու թոռը,
Ամբողջ օրը հո չե՞նք բանի,
Գործը՝ թեթև, ինքը՝ ջահել,
Թող այդ մեկն էլ հայրիկն անի:
***
Պապիկ, տեսնես արևն ինչու
Ինձ հետ այսօր էլ չի խոսում,
Երբ ուզում եմ նրան բռնել,
Թաքնվում է ջրափոսում:
Զարմանում եմ, պապիկ, ախր
Ամպն ինչու՞ է նրան պահում,
Չի թողնում, որ ինձ հետ խաղա:
Ամպի տակից ո՞նց է սահում:
Դու ասում ես՝ երկնքում է,
Ես տեսնում եմ ջրափոսում:
Ես ուզում եմ նրան բռնել,
Նա ջրի մեջ՝ լուռ ու հոսուն:
Զարմանք բան է, ախր, պապիկ,
Արևն ինչու՞ թաց է այդպես,
Ջրափոսից ո՞նց է փախչում,
Երկինք ելնում թռչնակի պես:
***
Պապիկըս ինձ կարոտում է,
Լաց է լինում հոնգուր-հոնգուր:
Ձայն չի հանում, չի թնկթնկում,
Արտասվում է անձայն ու լուռ:
Ի՞նչ անեմ, որ չկարոտի,
Լաց չլինի պապիկս խեղճ,
Բեր նկարս թողնեմ գոնե
Հեռախոսի ալբոմի մեջ:
Հենց կարոտի՝ բացի, նայի,
Ուրախանա գոնե մի քիչ,
Մինչև որ գամ, նրան տեսնեմ,
Չկշտանամ պապիս գրկից:
Հետո դառնամ, նրան ժպտամ,
Ասեմ. «Պապիկ, հո աղջիկ չե՞ս,
Աղջիկներն են լացկան լինում,
Դա ի՞նչ է, որ դու չգիտես»:
Ասեմ.«Պապիկ, հո տզզան չե՞ս,
Որ լալիս ես ամեն բանից,
Դու քեզ համար կարդա, գրիր,
Մինչև ետ գամ Երևանից»:
***
Երբ գարունը բացվի նորեն
Եվ աշխարհը կանաչի,
Հրաչիկը դուրս գա տանից,
Ծառ ու ծաղիկ ճանաչի:
Տեսնի ծաղկած խնձորենին
Ծաղիկներով գեղանի,
Եվ զմայլվի հար ծփացող
Ալիքներով Սևանի:
Եվ բալենուն նայի ծաղկած՝
Հարսի նման սպիտակ,
Ծաղկաթերթը քամուն տված,
Փռած հողին՝ ծառի տակ:
Որ զարմանա վառ արևով
Փոքրիկ տղաս՝ կանաչ ուռ
Եվ ծառ դառնա դալարագեղ
Իր սոսափով քաղցրալուր: