Մանկագրություն, Օլգա Դարյան

Խատուտիկ

Ճերմա՜կ, թեթև փետրագնդիկ,
Նու՜րբ, նրբաթև իմ խատուտիկ,
Ափսոս, որ դու չդիմացար՝
Մինչ ծաղկաման իմ չհասար․
Մեծանայի՜ր, մեծանայի՜ր,
Օդապարիկ մի դառնայիր՝
Ինձ տանեիր ողջ աշխարհով,
Թռցնեիր քամու խաղով․․․
Ճերմա՜կ-ճերմակ կլոր գնդիկ,
Շատ եմ սիրում թևդ նրբիկ,
Շատ եմ սիրում անունը քո,
Թեթևապար սլացքը քո։
Բայց ուզում եմ ինձ հետ մնաս՝
Քամու հևքին չմիանաս,
Որ լինես շոյանքը մատիս,
Ափիս, այտիս ու հրճվանքիս․․․


                 -/-/-

ԵՐԻՑՈՒԿ

Շատ լայն բացած իր աչիկով
Ու ճեփ-ճերմակ թարթիչներով,
Ու մեղրագույն, դեղին բիբով՝
Նայում է նա մեծ արևին,
Նայում է նա մեծ աշխարհին
Ու կամացուկ, շատ կամացուկ,
Երիցուկի երգը երգում․
-Անձրև եկավ՝ արտասվեցի,
Քամու խաղից թերթըս կորցրի,
Բայց արևն՝ իր շողշղանքով,
Ինձ հիշեցրեց տոնը ծաղկի․․․
Առավոտից շաղըս ուզեմ,
Զեփյուռներից նազըս ուզեմ,
Որ իմ շուրջը փռված ծովից՝
Դաշտ եկողներն պսակ հյուսեն։


                  -/-/-


ԱՆՇԱՐԺ ՀՐԹԻՌԸ

Նոր լվացքի մեքենա էինք գնել․
Իմ եղբայրը՝ խիստ զարմացած, ասավ, թե․
-Սա հրթի՞ռ է, թե՞ լվացքի մեքենա,
Պարտադի՞ր է, որ այն շորեր լվանա․․․
Թողեք, մտնեմ ես այս կլոր անցքից ներս՝
Հռնդյունով հասնեմ մինչև տիեզե՛րք։

Այդ ժամանակ խիստ ասացի ես նրան․
-Քո մեծ քույրն եմ, պիտի լսես անպայման․
Էդ հրթիռը սրածայր է միշտ լինում,
Քառակուսի հրթիռ երբեք չի լինում։
Չե՞ս տեսնում, որ սա լվացքի համար է,
Տիեզերքն էլ շատ մեծերի համար է․․․
Անշարժ սարքով, ա՛յ իմ փոքրիկ հիմարիկ,
Չի՛ հաջողվի, որ սլանաս դու երկինք։

                     
                          -/-/-


ԿԱՐՈՒՍԵԼԻ ՁԻՆ

-Կարուսել, կարուսել,
Իմ ձիուն ո՞վ է տեսել․․․
Երեկ նա ինձ պտտում էր,
Սմբակներով զիլ դոփում էր։
Այսօր ու՞ր է նա կորել,
Թե՞ ընկել է, կոտրվե՜լ։
Կենդանացե՞լ է գուցե
Ու դեմի սարը փախել՝
Խրխնջացել, խրխնջացել,
Ինձ այդպես էլ չի՜ գտել․․․


              -/-/-


ՄՈՐԵԽԸ

Ծղոտին նստած՝
Սղոց-ոտքերն է նա արագ շարժում։
Դուք գլխի ընկա՞ք,
Թե որ միջատն է հյուսն ձևանում։
Նա երգիչ էլ է
Իրեն ձևացնում դաշտում լայնարձակ՝
Ճռճռացնու՜մ է
Ու կարծում է, թե երգով հիացանք․․․
Ես համոզված եմ,
Որ դաշտի երգչին դուք ճանաչեցիք՝
Թռթռացնում է
Ինքն իր անունը․
-Մո-րե՜խ, մորե-խի՜կ․․․


        -/-/-

ԾՈՎԱԳՆԱՑԸ

-Անձրև՛, հերի՛ք խելոք կաթաս,
Կուզեմ մի լավ առատանաս
Ու լվանաս ձեռ ու ոտս,
Որ գետ դառնա լայն փողոցս,
Ձեռքիս փայտը նավակ դառնա,
Բայց չսուզվի՝ ջրին մնա,
Ես էլ՝ այսօր ծով ունենամ,
Մյուս ծովերով գամ ու գնամ․․․

Ինչու՞ դու ինձ չլսեցիր,
Հետզհետե կտրվեցիր․
Ջրափոսն էլ՝ դատարկ մնաց,
Քար նետեցի, չչլմփա՛ց․․․
Իմ խնդրանքը չմոռանաս,
Անձրև՛, վաղը թափով կգաս,
Որ լվանաս ձեռ ու ոտս,
Որ սլանան նավն ու ծո՛վս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով