Ժուկով-ժամանակով ապրում էր մի շատախոս հավիկ: Նա անվերջ կչկչում էր, այս ու այն կողմ վազում, երկար-բարակ զրուցում հարևանների հետ, շատախոսում, երեկոյան հոգնած թառում, և առավոտ ամեն ինչ սկսվում էր նորից: Հավիկն ուներ երեք փոքրիկ ճուտիկ: Խեղճ ճուտիկներ, ամեն առավոտ արթնանում էին անոթի, իսկ մայրը տանը չէր: Ինչ արած, ինքնուրույն հագնվում էին, կուլ էին տալիս ինչ պատահեր ու սկսում խաղալ:
Հայր աքլորն էլ դեռ արևը չծագած բնից դուրս էր թռչում, գնում նստում կտուրներին ու բարձր ձայնով ծուղրուղու կանչում՝ արթնացնելով ամբողջ գյուղը:
Այդ կարևոր գործն ավարտելուց հետո, նա գնում էր կողքի գյուղերը, այնտեղ էլ մարդիկ իր ազդանշանին էին սպասում, և մեծ պատասխանատվությամբ կատարում էր իր գործը:
Հավիկն ու աքլորը չորս հարևան ունեին՝ խոզը, էշը, կովն ու շունը: Անկեղծ ասած, բոլորին հոգնեցրել էր հավիկն իր շատախոսությամբ և ծուլությամբ և երբ մի օր նա առավոտյան այցի գնաց խոզին, մայր խոզի համբերությունը սպառվեց: Խոզն ուշ էր արթնանում։ Երբ հավիկը դուռը թակեց, մայր խոզուկը դեռ անկողնում մուշ-մուշ քնած էր:
-Ո՞վ է առավոտ ծեգին դուռս կոտրում,- դժգոհ ձայն տվեց մայր խոզը:
— Ես եմ, խոզ քույրիկ,- ուրախ կչկչալով ասաց հավիկը,- եկել եմ մի քիչ զրուցենք, դուռը բաց ներս գամ:
-Ճաշը դեռ պատրաստ չէ, ես էլ անկողնում եմ,- մրթմրթաց խոզը,- այդպես ուժգին մի թակիր, բոլորը դեռ քնած են, գնա՛, հավ քույրիկ, լույսը դեռ չի բացվել:
Հավիկը մի պահ շփոթվեց, բայց արագ ուշքի եկավ, ուղղեց իր փետուրները, շուրջը նայեց և որոշեց այցելել իշուկին:
Իշուկների ընտանիքը շուտ էր արթնանում, այդ պատճառով տան դուռն արդեն բաց էր, բակը ավլած, սենյակներն էլ հավաքած: Մայր իշուկն էլ օջախի մոտ ճաշ էր եփում: Հավիկն առավ անուշաբույր ճաշի հոտն ու ուրախացավ՝ երազելով համեղ հյուրասիրության մասին: Ներս մտավ, առանց հրավերի սպասելու վազեց, թառեց օջախի մոտ դրված աթոռին:
-Ա՜խ, ինչ անուշ է բուրում,- ոգևորված ասած հավիկն ու կտուցը մոտեցրեց կաթսային:
Իշուկը, որ շատ էր բարկացած հավիկի պահվածքից՝ կափարիչով ծածկեց կաթսան և խիստ ասաց.
— Դեռ պատրաստ չէ, հեռու մնա, հավ քույրիկ, փետուրներդ կթափվեն ճաշի մեջ:
Հավիկը՝ տխուր նայելով համեղ ապուրով կաթսային, իջավ աթոռից: Մի քիչ կանգնած մնաց՝ հույս ունենալով, որ մայր իշուկը կառաջարկի նրան սպասել ճաշին, սակայն իշուկը հասկանալով հավիկի մտադրությունը՝ նրան դեպի դուռն ուղեցկեց.
-Շա՜տ երկար կսպասես իմ ապուրին հավ քույրիկ, տուն գնա, ճուտիկներիդ կերակրիր, աղմկում են: Բացի այդ էլ, ամուսինս ուր որ է կգա դաշտից, պիտի միասին նախաճաշենք, զրուցելու ժամանակ չունեմ:
Շատախոս հավիկը դուրս եկավ իշուկի տանից և քայլերն ուղղեց կովի մոտ:
-Լավ, -մտածեց շատախոս ու անբան հավիկը,- գնամ կով քույրիկի մոտ, նա ինձ ավելի ջերմ կընդունի:
Կով մայրիկն էլ արթնացել էր արևածագին, գնացել էր արոտ, կերել իր բաժին խոտը, մաքրել էր տունը, կերակրել իր հորթուկին ու հիմա խոտի դեզին հենված՝ հանգստանում էր: Դռան ճեղքից տեսավ, որ մոտենում է շատախոս հավիկը, նրան կանգնեցրեց հենց դռների մոտ:
-Ա՜խ, այս շատախոս հավ քույրիկը, պրծում չկա այս անբանից,- մտածեց կովիկն ու արագ թաքցրեց խոտը:
— Բարի լույս, կով քույրիկ,-ուրախ կչկչալով ասաց հավիկը:
-Բարի կեսօր,- ասաց կով քույրիկը՝ ցանկանալով շեշտել, որ առավոտն անցել է, ու հիմա արդեն կեսօր է:
-Ի՞նչ կա, կով քույրիկ, դաշտից շու՞տ ես եկել,- թիկն տալով, ծուլորեն հարցրեց հավիկը:
— Եկել եմ, բայց ուր որ է պիտի գնամ,- շարունակելով թաքցնել խոտը ասաց կով քույրիկը:
-Ես էլ եկա քեզ հետ զրուցելու,- անվստահորեն ասաց հավիկը:
— Ժամանակ չունեմ,- վրա բերեց կով քույրիկն ու արագ ներս տանելով խոտի վերջին շյուղերը կողպեց գոմի դուռը:
Հավիկը մնաց փակ դռան առջև կանգնած, շփոթված նայեց շուրջն ու գլխիկոր եկավ շան մոտ:
Շունը տիրոջ հետ ամբողջ գիշեր հանդերում էր եղել: Հավի անմիտ կչկչոցը արթնացրեց նրան: Հոգնած ու բարկացած շունը կատաղած դուրս թռավ բնից ու հարձակվեց հավիկի վրա:
-Ա՜խ դու անբան, ինքդ ոչինչ չես անում, աշխատողներին էլ թույլ չես տալիս հանգստանալ,- հաչում էր շունը:
Հավիկը շփոթված ու սարսափած թառեց ծառի ճյուղին ու սկսեց լաց լինել: Շունը տեսնելով, որ անիմաստ է այդ անբանի հետ վիճելը, թողեց նրան ու վերադարձավ իր բունը:
Տեսնելով, որ շունն իրեն մոռացավ ու գնաց տուն, հավն իջավ ճյուղից:
-Ի՜նչ վատ օր էր- մտածեց հիասթափված հավիկը, թափ տվեց փետուրները, ուղղեց կատարն ու գնաց:
Այդ օրը հայր աքլորը սովորականից շուտ էր վերադարձել և ի՜նչ տեսնի ՝Ճուտիկները սոված ու գզգզված այս ու այն կողմ են վազում, տունը տակնուվրա է արված, ուտելու ոչինչ չկա, մայր հավիկն էլ տանը չէ: Հենց այդ պահին դուռը բացվեց, և ներս մտավ հավիկը: Սարսափելի վեճ սկսվեց, այս ու այն կողմ փետուրներ էին, հավաբնով մեկ սարսափելի աղմուկ էր տարածվել: Այդպես երկար կշարունակվեր, եթե ներս չգար տան տերը: Հավաբնի դուռը բացեց և ի՜նչ տեսնի՝ հայր աքլորը ամբողջովին պոկոտել է մայր հավիկի փետուրները: Այդ տեսարանը գյուղացուն շատ զվարճացրեց.
— Քեզ տեղն է, անբան,- մտածեց գյուղացին, բայց սաստելով աքլորին՝ դուրս գնաց: Հավիկը ստիպված էր տանը մնալ, մինչև փետուրները նորից կաճեին, նա առաջվա պես չէր գնում այս ու այն կողմ, չէր շատախոսում անվերջ: Շատախոս հավիկը իսկական դաս ստացավ աքլորից ու մյուս կենդանիներից, բայց փոխվե՞ց նա, թե՝ ոչ, այդ օրվանից հետո, ոչ ոք չգիտի:
Յուրա Իվանյան
Արմավիրի N 8 հիմնական դպրոց