Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Մայրիկիս

Տարօրինակ երազ տեսա.

Իբր մայրիկս ջահել

Ճերմակել էր, կուչ էր եկել

ՈՒ այնքա՜ն էր ծերացել:

Սարսափահար ես վեր թռա

ՈՒ վազեցի մորս մոտ,

Խոհանոցում նրան գտա՝

Գործ անելիս, ալյուրոտ:

Գործը թողեց, առաջ եկավ

ՈՒ ինձ նայեց ժպիտով:

Մոտ վազեցի, ինձ գիրկն առավ,

Կրծքին կպա կարոտով:

Թաթիկներով ամուր գրկել՝

Նայում էի մորս ես.

«Նույն մայրիկն է, չէ, չի՛փոխվել,

Նույնն է՝ ջահել, ժպտերես…»

Համբուրում էր, շոյում անվերջ

Իր անհանգիստ խենթուկին,

Երջանիկ էի անսահման

Իմ սիրելի մոր կողքին:

Թեթևացած շունչ քաշեցի՝

Վատ երազս մոռացած,

ՈՒ քնեցի մորս գրկում

Մուշ-մուշ մինչև լուսաբաց:

Աշնանային

Մի դեղին,մի կարմիր տերև

Երազկոտ նայեցին վերև,

Ձեռք ձեռքի ճյուղից հրվեցին`

Քմահաճ քամուն տրվեցին:

Մի դեղին,մի կարմիր տերև

Բարձրացան վերև՜, վերև՜,

Բարձրացան, անցան սարերից,

Փնթփնթան ծերուկ ամպերից,

Կայծակի պոչից բռնեցին

Ու հասան համարյա լուսին:

Հիացան փայլով աստղերի,

Ջերմացան լույսով արևի,

Երկնքից ներկեր ստացան,

Որ գծեն գունեղ ծիածան:

Ու տեսան ամպերից ներքև`

Հավաքված տերև առ տերև,

Շենքերով մոտիկ-մոտիկ

Մի աշխարհ` գունագեղ, գողտրիկ…

Կարոտով նայեցին ներքև

Մի դեղին, մի կարմիր տերև

Ձեռք ձեռքի ամպից հրվեցին,

Քմահաճ քամուն տրվեցին…

Ունկնդիր անձրևի ձայնին

Կողք կողքի` նստարանին,

Միասին երազում են դեռ`

Մի դեղին,մի կարմիր տերև:

Ազատամարտիկների հիշատակին

Տխրություն կա ու թախիծ

Իմ տատիկի աչքերում՝

Սպասում է շատ տարիներ

Զինվոր դարձած իր որդուն:

Հաճախ լռում է,կանգնում՝

Աչքը հեռու ճամփեքին

ՈՒ սպասում է հավատով,

Որ տուն կգա իր որդին:

Երկար կանգնում է այդպես,

Լուռ աղոթք է մրմնջում

Ու այտերով գունատված

Արցունքներն են մեղմ հոսում:

Արցունքն է թաքուն սրբում,

Որ ոչ-ոք չնկատի,

Վիշտը հպարտ է տանում,

Չէ՞ որ մայր է զինվորի:

Գիտի՝ հերոս է որդին,

Ընկել է ռազմի դաշտում,

Ինքն է որդուն խրատել,

«Հողն արյունով են պահում,

Սուրբ է հողը Հայրենի,

Սուրբ ու թանկ է ամենից,

Հերոսները չեն մեռնում,

Հսկում են մեզ վերևից…»

Հերոսները չեն մեռնում

Ապրում են մեր աչքերում,

Ամեն ընկած քաջի տեղ

Մի արծիվ է մեծանում:

Գրկում եմ պինդ,համբուրում

Իմ սիրելի տատիկին.

ՈՒզում եմ վիշտ չունենա,

Արցունք չգա աչքերին:

***

Պարծենկոտը նեղը ընկավ,

կանչեց Շաղիկ տատիկին։

Տատին ճաշը մի կողմ թողեց,

ասաց.

— Ապա՛, իմ անգին,

Պատմի´ր, հիմա ի՞նչ ես արել,

աքլորի՞ն ես գորտ դարձրել,

թե՞ ուղտերի քարավանը

անապատով անցկացրել…

— Չէ, տատի ջան,

ի՜նչ ուղտ, ի՜նչ բան.

մեր հարևան Սամիկին

ասել եմ, թե ես Աստղից եմ

ու կարդում եմ լուսնագիր։

— Այ տղա ջան, աստղը դեռ լա՜վ,

լուսնագիր ե՞րբ հասցրիր։

— Տատի արդեն ասել եմ, վե´րջ,

եթե կարո՞ղ ես` օգնիր։

Սամի քեռին ժամանակին

Լուսնից նամակ է գտել,

Սամը բերել, տվել է ինձ,

ուզում է, որ թարգմանեմ։

 — Վա՜յ, պարծենկոտ իմ քաջ Նազար,

Սամոն հախիցդ է եկել։

Լուսնի վրա թանաք չկա,

նամակը ո՞վ է գրել։

***

Առյուծ կարծեց մկնիկն իրեն,

Սկսեց ծաղրել փոքրին, մեծին,

Մեկին բշտեց, մեկին կծեց,

Հավան չեղավ մեկի պանրին…

Էն մեկելը էլ չսպասեց.

Պոչը քաշեց, դարձավ, գնաց,

Ինքնահավան մեր մկնիկը

Առյուծի դեմ մենակ մնաց:

       Նկար

Թոռնիկը մի օր դիմեց պապիկին.

— Պապի՛, ի՞նչ կասես իմ նոր նկարին:

Պապը ուշադիր նայեց, քիչ լռեց,

Թոռան գլուխը շոյեց ու խոսեց.

—   Ձեռքդ շատ վարժ է, բալիկս, ապրե՛ս,

Բայց պարտադիր չի, որ զենք նկարես:

Զենքը չարիք է, մի մեծ արհավիրք,

Ոչնչացնում է ամեն մի բարիք:

Զենքը դարձնում է մարդուն նենգ ու չար,

Ուժ է շատ հզոր, բայց կործանարար:

Մեկով ավելի չարի կարիք կա՞,

Առանց այդ էլ զենք ինչքան ասես կա… …

Թոռնիկը պապին չպատասխանեց,

Գլուխը կախած՝ ուշադիր լսեց,

Վերցրեց նկարը, ներկերը վերցրեց,

Թղթի վրայով վրձինը սահեց,

Զենքը կողքերից լցվե՜ց, երկարե՜ց,

Կանաչ տերևով ճյուղ առ ճյուղ  բացվեց…

Րոպեներ անցած վրձնի զորությամբ

Զենքը մի ծաղկած, սիրո՜ւն ծառ դարձավ:

Պապը գոհ ժպտաց, բեղը ոլորեց,

Թոռանը գրկեց ու պինդ համբուրեց:

Խիղճս ու ես

Երկու անհաշտ քույրերի պես

Միշտ վիճում ենք խիղճս ու ես,

Նա իրենն է առաջ տանում,

Իմն եմ պնդում նաև ես:

Խիղճս պատեհ կամ անպատեհ

Հենց զարթնում է իր քնից,

Ինձ տանջում է, ցավեցնում է,

Բռնում է պինդ կոկորդից:

Բռնում է ու բաց չի թողնում,

Մինչև որ լավ մտածեմ,

Ներում խնդրեմ ու հերթական

Պարտությունս գիտակցեմ:

Այդժամ միայն իրենից գոհ՝

Հանդիսությամբ հաղթական,

Ինձ շնորհում է իր ներումը

ՈՒ ձեռք մեկնում հաշտության:

Հետո հոգնած ու վաստակած,

Հանգստությամբ իր ուրույն,

Քուն է մտնում,բայց հո գիտեմ`

Աչքը վրաս է պահում:

Վա՜յ,թե հանկարծ տեսնի, լսի

Մի սխալ քայլ կամ հայացք՝

Իսկույն քնից ոտի կելնի՝

Իր հանգիստը մոռացած:

Երկու անհաշտ քույրերի պես

Միշտ վիճում ենք խիղճս ու ես,

Նա իրենն է անվերջ պնդում,

Որ ճիշտ ապրեմ կյանքում ես:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով