IBBY Հայաստան, Գոհար Գալստյան, Մրցույթներ

Ծղրիդն ու խորհրդավոր գեղեցկուհին

              Ճռաթևիկը տեղավորվել էր մանկական խաղահրապարակի թփերում։ Առաջին տարին էր, որ ծնողների վստահությունը շահելով՝ ընտանիքից անջատ, մենահամերգ էր տալիս ամռան գիշերներին։ Երեկոյից երեկո Ճռաթևիկը երգում էր, սկզբում՝ կարճ ու անհամարձակ, ծղրիդի համառոտ մի երգ…

              Առաջին օրերին նա նույնիսկ երգն ընդհատելով հաճախ շուրջն էր նայում, և երբ համոզվում էր, որ իր երգն իսկապես ներդաշնակվում է ջերմ երեկոյի տրամադրության հետ,  ավելի էր քաջալերվում։

               Երեկոյից երեկո Ճռաթևիկը վարպետանում էր իր երգի մեջ։ Նրա երգն արդեն ավելի բարեհունչ էր, թևերն ավելի վարժ, իսկ ձայնը գնալով նորանոր նրբերանգներ էր ստանում։

              Բոլորովին պատահական՝ Ճռաթևիկը մի օր նկատեց, որ իր երգը սկսելուն պես, դիմացի տան լուսամուտի մեջ մի սիրունիկ գլուխ հայտնվեց և նայում էր ուղիղ իր կողմը։ Ճռաթևիկը չէր կարող սխալվել, բայց, միևնույն է, համոզվել էր պետք՝ արդյո՞ք պատճառը հենց իր երգն էր։

             Ստուգելու համար՝ նա երգը մի պահ ընդհատեց։ Սիրունիկ գլուխն իր ոսկեմազ գանգուրներով հակվեց առաջ և զարմացած աջուձախ նայեց։ Ճռաթևիկը նորից սկսեց երգել ու տեսավ, թե ո՜նց ուրախացավ փոքրիկ աղջիկը և մնաց պատուհանի առջև իր երգը լսելու…

             Ի՛նչ խոսք, սա ոգևորեց Ճռաթևիկին, և նա այսուհետ դարձավ ավելի վստահ և է՛լ ավելի գեղեցիկ երգեց։ Ճիշտ է, Ոսմեկամզիկն այնքան էլ երկար չէր մնում պատուհանի շրջանակում, բայց Ճռաթևիկը համոզված էր, որ հաջորդ երեկո ինքը դարձյալ կտեսնի նրան, և դա նրան ոգևորում էր։

              Միանգամից պարզ չէր՝ Ճռաթևիկի ոգևորությունը ունկնդիր ունենալու հաճույքի՞ց էր, թե՞ նա պարզապես ուրախ էր աղջկա գոյության և հատկապես նրա ժպիտի համար, որն անտեսանելի կապերով կապվել էր իր հետ։ Իսկ գուցե երկուսը միասին. չէ՞ որ դրանք լրացնում էին մեկը մյուսին։

              Շրջապատի համար Ճռաթևիկը գնալով նույնանում էր իր երգի հետ, բայց չգիտեր անգամ, որ, իր մշտական ունկնդրից բացի, իրեն ամեն երեկո հաճույքով են սպասում նաև մոտակա տներում ու շենքերում ապրող մարդիկ՝ նույնիսկ նրանք, ովքեր դեռ չեն գիտակցել, թե սիրում են այդ երգը, բայց ակամա ներքին մի խաղաղություն են զգում՝ հենց որ ծղրիդը երգում է։

               Իսկ Ոսկեմազիկին՝ ամեն անգամ, երբ լուսամուտի առջևից ներս էր տանում մայրիկը, և քիչ հետո լուսամուտի ետևում սենյակի լույսը մարում էր՝ Ճռաթևիկը կարոտում էր, ու նրա՝ արդեն քաղցրաթով կարոտի երգն ավելի գրավիչ էր դառնում՝ հյուսվելով ջերմ գիշերվա մեջ մարդկանց այցելող անուշ երազներին։

                Ցերեկները մեր երգիչը թռչում-բարձրանում էր հնամենի կաղնու ճյուղերին, որի խոշոր տերևների ստվերում, ժամանակների սկզբից ի վեր, հաստատված էր իր մեծ ընտանիքը։

             — Այս կաղնին մեր ծղրիդ պապի, պապի, պապի կաղնին է, մեր բնօրրանը,- այդպես էր նրան առաջին անգամ ներկայացրել Ճուռ հայրիկը, և հետո Ճռաթևիկը հաճախ էր լսել այդ մասին հայրիկի ու մայրիկի ճռճռոցներում, ու միշտ էլ հպարտությամբ էր վերաբերվել այդ խոսքերին։

               Այդ հիմա էր, որ Ճռաթևիկի համար մանկական խաղահրապարակի թփուտն ավելի ու ավելի հարազատ էր դառնում, իսկ կաղնին՝ ավելի ու ավելի ձանձրալի։

               Փոքրության օրերին՝ ամեն անգամ աջուձախ ցատկոտելուց, օդը չափչփելուց հետո, երբ Ճռաթևիկը հայրիկի հետ վերադարձել էր այգու խորքում բարձր աճած կաղնու ճյուղերին, որտեղ առատ էր սնունդը և լույսը՝ մեղմ, նա իրեն ավելի ապահով ու ուրախ էր զգացել։

               Այն օրը, երբ նա առաջին անգամ իր ոսկեմազ հանդիսատեսին տեսել ու նրա գոյությամբ ոգևորվել էր՝ լուսամուտից նրա մայրիկի մոտենալը մի քիչ վախեցրել էր Ճռաթևիկին, և նա իսկույն ձայնը կտրել էր։ Բայց հետո Ճռաթևիկը հասկացել էր, որ իր ծնողների պես՝ դա էլ երևի Ոսկեմազիկի մայրիկն է, իսկ լուսամուտն էլ՝ անշուշտ այն քարե կաղնին է, որտեղ նրանց պապի, պապի, պապի բնակավայրն է եղել, ու հիմա էլ՝ նրանց տունը։ Չէ՞ որ իր ծնողներն էլ ապրում են այն ծեր կաղնու ճյուղերին, որտեղ օրորել են իրեն, ու հիմա էլ օրորում են արդեն իր փոքրիկ, նորածին քույրիկին ու եղբորը՝ Ճռանեին ու Ճուռիկին։

             — Իսկ արդյո՞ք ցերեկներն ապահով կլինի իր թաքստոցում՝ եթե ինքը մնա խաղահրապարակի թփուտներում,- այս մտքերով էր այդ գիշեր տարվել Ճռաթևիկը, երբ իսկույն էլ քնով անցավ։ Առաջին անգամն էր, որ նա գիշերային համերգի ավարտին չէր վերադարձել կաղնու ճյուղերին, և, կասկածից դուրս էր, որ Ճռաթևիկի ծնողները հիմա անհանգստացած էին ու չէին կարող քուն մտնել՝ քանի դեռ իրենց որդին չէր վերադարձել…

             Այնինչ՝ մանկական խաղահրապարակում լույսը վաղուց էր բացվել, իսկ մեր Ճռաթևիկը դեռ փոքրիկ թփուտներում ննջում էր։

Արթնացավ տարօրինակ մի ձայնից, որ ճռճռոցի էր նման, բայց իր ճռռոց-երգը չէր։ Միանգամից չհասկացավ՝ որտեղ է։ Կարծեց, թե ինքը կաղնու ճյուղերում է, հայացքով փնտրեց ծնողներին։

               Համառ ճռճռոցը, որ սղոցում էր Ճռաթևիկի ականջները, արդեն կանոնավոր կրկնվում էր։ Ճռաթևիկը վեր ցատկեց՝ տեսնելու, թե ով է այդքան անհաջող երգում։     Իսկ գուցե իրե՞ն են կրկնօրինակում՝ ծաղրելու պես։ Եվ հենց այդ պահին էր, որ Ճռաթևիկը տեսավ Ոսկեմազիկին՝ խաղահրապարակի երկաթե ճոճանակի վրա աջուձախ ճոճվելիս։

               — Ա՜յ քեզ բան,- զարմացավ Ճռաթևիկը։- Սա փաստորեն հենց իմ ոսկեմազիկ ունկնդիրն է։ Ցերեկները փորձում է կրկնել իմ երգը, բայց այսքա՜ն անհաջո՞ղ,- մտածեց նա ու մի տեսակ ընկճվեց։

              Իսկ աղջնակը անհոգ ճոճվում էր երկաթե ճոճանակին և ճոճքի հաճույքից ժպտում էր՝ ճիշտ այնպես, ինչպես Ճռաթևիկի երգը լսելիս։ Ճոճանակի մետաղե ճաղերի անդուր ճռճռոցը նրա համար խլացել էր քաղաքի ցերեկային աղմկոտ անցուդարձի մեջ, իսկ Ճռաթևիկի համար այն գնալով անտանելի էր դառնում։

               Ոսկեմազիկը այնպես երջանիկ էր, երբ քիչ հետո խաղահրապարակում հայտնվեց մայրիկը։ Նա մոտեցավ ճոճանակին, բայց աղջիկը չդադարեց ճոճվել ու մայրիկն էլ նրան ուրախությամբ ժպտաց…

               Ճռաթևիկն արդեն գլուխը կորցրել էր։ Այդ պահին մայրիկն ավելի էր մոտեցել ճոճանակին և նոր թափ էր հաղորդում Ոսկեմազիկի ճոճքին։

             — Ախր ո՜նց կարելի է այդպես անհաջող երգել, հետն էլ՝ ուրախանալ։ Թե ե՜րբ պիտի աղջիկն իր սղոցող ձայնը կտրի։

               Ճռաթևիկի վիրավորանքը միանգամից կրկնակի հիասթափություն էր, ինչպես որ կրկնակի էր եղել հիացմունքը։ Նա այլևս չէր կարող լավ ունկնդիր համարել մեկին, ով այդքան անճաշակ ճռճռում էր, և արդեն ոչինչ էլ չարժեր նրա կողմից իր երգի հանդեպ հիացմունքը, որ նույն ժպիտն էր, այս անգամ էլ՝ հիմար ճռռոցի հանդեպ։

                Երբ բոլորովին անտանելի էր դարձել ճոճանակի ճռճռոցը, Ճռաթևիկն արդեն որոշում էր կայացրել։ Նա օրը ցերեկով, հենց պայծառ արևի շողերի տակ՝ անտեսելով բոլոր վտանգները, արհամարհելով բոլոր ճնճղուկներին, դուրս էր եկել թփերի իր թաքստոցից ու ցատկոտելով գնում էր դեպի կաղնին։

               — Որդի՜ս, ինչ ուրախ ենք, որ ողջ ես,- կաղնու բնի ներքևում նրան դիմավորել էին մայրիկն ու Ճուռ հայրիկը։

               Ճռաթևիկը հոգնած ժպիտով նայել էր կաղնու թփերին և ասել էր, որ ինքն էլ ուրախ է տուն վերադառնալու համար։ Վերևում հրաժարվել էր մայրիկի առաջարկած թարմ տերևները ճաշակելուց։ Ամաչել էր մի քիչ, որ օրը ցերեկով անհանգստություն է պատճառել ծնողներին, և արդեն քուն մտած իր քույր-եղբայր ծղրիդների կողքին՝ պառկել էր քնելու։

              Երբ անքնությունից թուլացած մայրիկն ու հայրիկն էլ արդեն ննջել էին, Ճռաթևիկը դեռ արթուն էր։ Չէ՞ որ նա արդեն մի քիչ քնել էր խաղահրապարակի թփերում, իսկ հիմա մտածելու այնքան բան ուներ, որ քունը փախել էր։

             Իհարկե, խաղահրապարակի թփերում մշտապես ապրելու իր գաղափարը հիմա նա ձախողված էր համարում, թեև պատահական ստացվեց այդ օրվա իր այնտեղ մնալը։ Չէ՜, մտածեց Ճռաթևիկը, այստեղ ապահովության պակասի խնդիրը չէ։ Նա հասկանում էր, որ մի ուրիշ անուն ունի իր մտափոխվելու պատճառը և չէր ուզում խոստովանել հիասթափության մասին։ Երկար մտածեց այդպես՝ մտքում համեմատելով իր երգն ու ճոճանակի ճռճռոցը, որն իր կարծիքով Ոսկեմազիկի վատ կրկնօրինակումն էր իր երգի։ Հիշեց խաղահրապարակի ցերեկային անցուդարձն ու զգաց, որ այն իր համար օտարից էլ օտար է, անգամ իր թփուտը, որն այնքա՜ն փոխվել էր ցերեկով։

              Երբ վերջապես աչքը կպավ՝ արդեն ուշ երեկո էր։

              Երազում տեսավ Ոսկեմազիկին։ Նրա ժպիտը տեսավ, հետո՝ սպասումը լուսամուտի շրջանակի մեջ՝ իրեն փնտրող հայացքով։ Ա՜խ, ինչ լավիկն էր Ոսկեմազիկը։ Տեսավ՝ իբր ինքը փորձում է երգել, բայց ճռռացնում է ճոճանակի ձողերից էլ ավելի անդուր ճռռոցով, և աղջիկն՝ ականջները բռնած, հեռանում է մայրիկի հետ լուսամուտի առջևից։ Ճռաթևիկը լաց եղավ երազում և արթնացավ միայն թեթև հպումից իր մայրիկի։

                Նա անհանգստացած մոտեցել էր՝ տեսնելու, թե ինչո՞ւ մի ամբողջ երեկո ու արդեն նաև ողջ գիշեր՝ այդքա՜ն երկար քնեց իր որդին։ Մի՞թե նա միտք էլ չունի՝ գնա երգելու։

                Ճռաթևիկը դժվար անցկացրեց ցերեկը։

               Այդքան երկար քնելուց հետո, նա ձևացրեց, թե ընտանիքի հետ շարունակելու է արդեն ցերեկը ննջել։ Մի երկու պատառ տերև կրծմրծեց հանուն մայրիկի և մտքում որոշածն իրագործելու վճռականությամբ՝ հենց ցերեկով, երբ ընտանիքը քուն էր մտել, ճամփա ընկավ դեպի մանկական խաղահրապարակ։

                 Ճանապարհի վտանգները խիզախորեն շրջանցելով, վարպետորեն քողարկվելով ճամփեզրի մանր խոտերի ու խատուտիկի ստվերում, նա հազիվ հաղթահարեց մանկական ավազուտի անապատը, ուր քիչ մնաց կաչաղակի բաժին դառնար։

                Եվ երբ, ի վերջո, հասավ իր թփուտին՝ տեսավ, որ ինչ-որ մեկը՝ բարալիկ մի ծղրիդ, ննջում է հենց իր թաքստոցի տերևներում։

                Ճռաթևիկն իրեն հազիվ զսպեց, որ չարթնացնի նրան, բայց երբ բարկությունը հաղթահարեց՝ տեսավ, թե որքա՜ն լավն է թավշամազիկ այդ գեղեցկուհին, ու հասկացավ, որ նա իրեն իսկի էլ չի խանգարում։

              Այդպես՝ տարված իր ցեղակից գեղեցկուհու հմայքներով, Ճռաթևիկը չնկատեց, թե ո՛նց խաղահրապարակի մետաղե ճոճանակին մոտեցավ մի տղա և նստելով՝ սկսեց ճոճվել։

                Հենց առաջին ճռռոցից, պարզ է՝ Ճռաթևիկը վեր թռավ։ Նայեց ճոճանակի կողմը՝ վստահ, որ տեսնելու է Ոսկեմազիկին, բայց որքա՜ն մեծ եղավ նրա զարմնքը, որ ճոճվողը Ոսկեմազիկը չէր։

             — Ա՜յ քեզ բան,- մտքով անցավ,- հիմա էլ սա՞ է փորձում ինձ ծաղրել.- բայց հենց նույն պահին տղան ձանձրացավ ճոճվելուց և ցատկեց ներքև։

                Դատարկ ճոճանակն իր ընթացքի մեջ դեռ մի երկու անգամ էլ ետուառաջ արեց ճռռոցով, և հենց այդտեղ էր, որ մեր Ճռաթևիկը կռահեց մի նոր բան, որն իր հետ կատարվածի իրական պատճառն էր։

             — Ուրեմն, սա ընդամենը անշունչ ձողերի ձայնն է, ուրեմն ո՛չ մեկն էլ ինձ չի ծաղրել։

               Ա՜խ, որքան ուրախ էր Ճռաթևիկն այդ պահին։

               Մի կողմից՝ հույսը, որ Ոսկեմազիկն իրեն սպասել է՝ ինչպես որ տեսել էր երազում, մյուս կողմից՝ զմայլանքը՝ իրեն դեռ անծանոթ ծղրիդ գեղեցկուհու հանդեպ, Ճռաթևիկին այնքան ոգևորեցին, որ նա՝ դեռ երեկոն չեկած, սկսեց երգել։

                Անծանոթուհին երգի հնչյուններից արթնացել՝ զարմանքով նայում էր Ճռաթևիկին, և կասկածից վեր էր, որ հմայվել էր նրա անուշ երգով։

                Երբ մեղմ երեկոն իջել էր աշխարհի ու մանկական հրապարակի թփերի վրա, Ճռաթևիկն ու Ճուռինեն, այդպես էր մեր նոր գեղեցկուհու անունը, արդեն լավ ընկերներ էին դարձել։ Ճուռինեն հմայված՝ աչքերն էր ճպճպացրել, երբ Ճռաթևիկը պատմել էր երկու անգամ օրը ցերեկով խաղահրապարակից մինչև հնամենի կաղնին ընկած տարածությունը մեն-մենակ կտրել-անցնելու իր քաջագործության մասին։

                 Ճիշտ է, նա մի քիչ խանդով էր լսել Ոսկեմազիկի պատմությունը, բայց կռահել էր Ճռաթևիկի անհանգստության բուն պատճառը։ Ախր ի՛նքն էլ գիտեր, թե ի՜նչ հաճույք է, երբ զգում ես, որ լավ ես երգում և ունկնդրի հայացքի մեջ համոզվում ես, որ իրո՛ք այդպես է։ Իսկ ծաղրանքը, օ՜, դա կարող է սպանել ուզածդ երգչին։ Չէ՞ որ նա ինքն էլ հրաշալի երգչուհի էր, որի մասին Ճռաթևիկը դեռ նոր պիտի իմանար…

                 Այդ երեկո, երբ շոգն արդեն մեղմացել էր թեթև քամու զովությամբ, թփերին նայող լուսամուտի շրջանակում լույսը նորից վառվեց ու երևաց Ոսկեմազիկը։ Նրա սպասումն այնքա՜ն ակնհայտ էր այդ պահին, որ Ճռաթևիկը միանգամից սկսեց երգել։

               Ճուռինեն՝ նախ ինքն էր հիացած Ճռաթևիկի երգով և բոլորովին էլ չնեղվեց, երբ տեսավ Ոսկեմազիկի ուրախությունը։ Այնքա՜ն բնական էր հիացմունքի ամենաբարձր պահին զուգերգի մեջ մտնել Ճռաթևիկի հետ, որ մեր գեղեցկուհի ծղրիդը ի՛նքն էլ չհասկացավ, թե երբ սկսեց երգել։ Ա՜խ, ինչ հաճույք է, երբ երկու իսկական երգիչ ձայնակցում են իրար՝ միշտ հավելելով մեկը մյուսի ձայնի թովչանքը, իրենց երգի ելևէջներով կատարելապես լրացնելով մեկը մյուսին…

                 Ճռաթևիկը հիմա այնքա՜ն երջանիկ էր ու այնպես էր տարվել իր ընկերուհու գեղեցիկ երգեցողությամբ, որ չէր էլ նկատում, թե իրենց նոր երգի հանդեպ որքան էր մեծացել Ոսկեմազիկի հետաքրքրությունը։ Ճուռինեն իր հերթին երջանիկ էր, որ բախտն իրենց այդպես լայն ժպիտով էր ժպտում՝ հիմա արդեն հասկանալով, որ լուսամուտի մեջ մայրիկի ու արդեն նաև հայրիկի հետ զմայլանքով իրենց ունկնդրող Ոսկեմազիկի երջանիկ ժպիտը հե՛նց այն քաջալերող հրաշքն է, որով կյանքի հիասքանչ լինելը իրենց երկուսի համար էլ հաստատվում էր այդ երեկո։

                Դե, իհարկե, Ոսկեմազիկի ժպիտն այդ ամառ դեռ երկար ուղեկցեց նորահայտ զույգին։ Ճռաթևիկն իր հարսնացուին շուտով տարավ մեծ կաղնու մոտ, բնական է՝ գիշերվա ամենաապահով ժամին, և նա շատ դուր եկավ Ճռաթևիկի հայրիկին ու մայրիկին։

              — Ես հպարտ եմ քեզանով, տղա՛ս,- այդպես ողջունեց Ճուռ հայրիկը, երբ աշնան կեսերին Ճռաթևիկը հայտնեց մեծ կաղնու վրա ձմեռելու իրենց մտադրության մասին։

               Ճռաթևիկի մայրիկը ևս շատ երջանիկ էր, քանի որ իր Ճռանեն ու Ճուռիկը վաղուց մեծացել էին, և ժամանակն էր եկել իր՝ տատիկ դառնալու։

              Դե, իսկ երգեցիկ նորապսակները՝ կաղնու կեղևի տակ, ձմռան օրերին նոր ծրագիր պիտի պատրաստեին՝ հաջորդ ամռանը աշխարհով մեկ համերգային շրջագայություն կատարելու հաստատ մտադրությամբ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով