IBBY Հայաստան, Լիլիթ Կարապետյան, Մրցույթներ

Փաթիլներ երաշտից հետո

Գիշերային մթության մեջ վեր խոյացած հնգանկյուն աշտարակների գագաթին ծածանվում են խոցված վարազի պատկերով դրոշակները: Մռայլ միջնաբերդում, շրջապատված լրտեսների լուրերով, գուշակների մարգարեություններով, պատմագիրների ստերով, նստած է արքան: Նա, երկար պարեգոտ հագած, ապառաժ աստիճաններով բարձրացավ վեր, նստեց արծաթազօծ գահին, արնակալած աչքերով փնտրեց երիտասարդ կնոջը, ով չէր կարողանում նրան որդի պարգևել:

Արքան ձանձրույթի նախանշաններ է արձակում, թեև ոտքերի մոտ թռչկոտում են իր երկու աղջիկները, քաշքշում են ծաղրածուի հագուստից, որպեսզի կրկնի գնդիկներով հնարքը: Ծաղրածուն գնդակի վրայից ցուցադրական ընկնում է ցած՝ ժպիտ կորզելու արքայի շուրթերից, սակայն միապետի կնճռապատ դեմքը մռայլվում է, ներս են բերում շղթայակիր դատապարտյալներին, որպեսզի նա վճռի՝ ինչ պատիժ սահմանել պալատական խնձորները գողացող տղամարդկանց համար: Երկու մեղսագործները բերանքսիվայր ընկնում են արքայի ոտքերի առջև, որպեսզի խնայի իրենց: Դահիճը նշում է հանցագործության դրդապատճառները՝ նրանք հանցանքը կատարել են կարիքից դրդված, որովհետև սովյալ երեխաներն ամեն օր շշնջում էին «հայրի՛կ, խնձոր եմ ուզում ուտել», իսկ նրանց կանայք պահանջում էին ասելով՝ «Բոլոր երեխաները կյանքում գեթ մեկ անգամ պետք է արքայական խնձորներ ճաշակեն»: Մեղսագործները պարսպի մեջ անցք են բացել, և զարտուղի ճանապարհով մտել այգի:

-Այդ ճեղքով կարող են լրտեսներ մտնել ամրոց,- գոռաց պալատականներից մեկը,- պետք է խստագույն պատիժ սահմանալ նրանց համար:

-Քո որոշումը , արքա,- շշնջաց ծաղրածուն՝ տեսնելով ինչպես է մռայլ միապետը գլուխն առել ձեռքերի մեջ  և մոլագարի նման մի կողմից մյուսն է քայլում: Բարկացած արքան մի կողմ հրեց միմոսին, ահեղադողդ ձայնով նախատինքներ թափեց հավաքվածների վրա: Վճիռն արտասանելուց առաջ նա հայացքն ուղղեց կամարաձև պատուհանին և փակեց աչքերը՝ նա է, նա եկավ, ասաց արքան:

 Սյունասրահը ողողվեց լույսով: Լույսը մոտենում էր արքայական գահին: Ահաբեկված պալատական կանայք սև քողով ծածկեցին դեմքը, որպեսզի ճառագող լույսը չկուրացնի իրենց: Տղամարդիկ շրջապատեցին արքային, մերկ նիզակներն ուղղելով լույսի ուղղությամբ:  «Լուսավոր մարդը»,- շշնջաց շիկահեր արքայադուստրը և թաքնվեց գահավորակի ետևում:

Լուսավորյալ տղամարդը դիմեց արքային՝ ես եկել եմ ու գիտեմ այլևս չեմ կարող իմ կամքով հեռանալ, ուրեմն լսի՛ր ինձ  ու գթա՛ մարդկանց կամ թույլ տուր ինձ կրել գողացված խնձորների պատիժը:

Մոլեգնած արքան գավազանն  այնքան ուժգին խփեց գետնին, որ թվաց քարից կայծեր դուրս թռան: Միապետը հրամայեց փոսը նետել լուսավորյալ տղամարդուն, որպեսզի այլևս ոչ ոք չհանդգնի փորձ անել ազդել արքայական որոշումների վրա: Տասներեք տարի նրան բանտարկեց զնդանում առանց հաց ու ջրի, հանցագործներին ուղարկեց տաժանակիր աշխատանքի և արգելեց  ցմահ խնձոր ուտել, ինչպես նաև գայթակղությունից զերծ մնալու համար  չքայլել խնձորի այգիների մոտով:

-Մեծահոգի է արքան, — արցունքոտված աչքերով գոչեց ծաղրածուն: Պալատականները  մի քանի անգամ, բարձրաձայն կրկնեցին միմոսի խոսքերը:

Հոգնած ծաղրածուն վերադարձավ տուն գրկեց իր գաճաճ կնոջը ու միասին ընկան եղրևանու ծաղիկներով զարդարված ամուսնական մահճի վրա: Միմոսը սովորույթի համաձայն փորձեց ծիծաղեցնել կողակցին, սակայն գաճաճ կինը միայն ծամածռեց դեմքը, չհաջողվեց ժխիտ պարգևել ամուսնուն, նա արդեն տեղյակ էր միապետի ծանր դատավճռի մասին: Բարկացած կինը փոքրիկ բռունցքները խփում էր ամուսնու կրծքին և հարցնում, թե ինչպես է նա կարողանում ծառայել նման թագավորի, սակայն ծաղրածուն պատասխանում է՝ արքան մեկն է, վճիռը՝ անքննելի:

            Ամեն շաբաթ ծաղրածուն ալրաղացից մի պարկ ալյուր էր գցում ուսը և հազիվհազ բերում տուն, որպեսզի կինն իրենց համար լավաշ թխի, տանը կրկին տարածվի թոնրում թխվող հացի բույրը: Կինը իր կարճլիկ հասակով կռանում էր թոնրի մեջ՝ ստուգելու եփել է թե ոչ: Թվում էր՝ ահա կընկնի փոսը, սակայն նրա ջլապինդ ու ոսկրոտ ձեռքերը դուրս էին հանում նոր թխած լավաշը: Ծաղրածուն կրկեսից վերադառնալիս թարմ լավաշն ու տաք ապուրը գտնում էր սենյակի մի անկյունում. Նա նոր ներկայացման էր պատրաստվում, որտեղ կարևոր դերակատարում ուներ վարազների հետ խաղը, որը անշուշտ ծիծաղ կպարգևեր արքային և պալատականներին:

             Ձյան առաջին գալստյան հետ հրապարակը լցվել էր հոծ բազմությամբ ՝ ունկնդրելու արքայի խոսքը: Նրա խոսքից էր կախված հաջորդ տարվա հարկերի ու տուրքերի բարձրացումը, զորակոչման ու սերմնացանի օրը: Երկնքում պարող փաթիլները ծածկում էին  երկիրը ճերմակով , վեցաթև  փաթիլը  նստեց երեխաներից մեկի թարթիչին: Նա տրորեց աչքերը և փաթիլը հալվեց ձեռքերի ջերմությունից: Երեխաները ձնեմարդ էին պատրաստում, սակայն դեռ չէին որոշել թե որ մարագից են գողանալու քիթ-գազարը:

Առատ ձյուն էր տեղում: Արքայի ոտքերը խրվել էին ձյան մեջ և նա ծանր քայլերով մոտենում էր փայտե բեմահարթակին: Բարձրանալով վեր՝ մի ձեռքով նշան արեց, որ բոլորը լռեն, սակայն հավաքվածներից մեկը գոռաց՝ մենք չենք ուզում քեզ լսել, հեռացի՛ր, արքա: Հավաքվածների մի մասը՝ հետևելով վրդովված տղամարդու օրինակին ձնագնդիկներով սկսեց խփել արքային ու արքայի քիթն արյունահոսեց: Բարկացած միապետը պալատական կախարդին հրամայեց հաշվեհարդար տեսնել. կախարդը բարձրացրեց գավազանը անհասկանալի բառեր ասաց, ու խռովարարները վարազ դարձան: Մեծ իրարանցում սկսվեց, վարազները ոտնատակ էին տալիս  արքայական զորագնդի զինվորներին, իսկ ամենախիզախն առաջ անցնելով բոլորից, հարձակվեց արքայի վրա: Թիվ մեկ տղամարդու մահը կանխագուշակած զորականները ետ քաշվեցին, և միայն փոքրամարմին ծաղրածուն հանեց դաշույնը ու հարձակվեց վարազի վրա: Պայքարը երկար չտևեց, քաջասիրտ ծաղրածուն պատռեց վարազի կուրծքը, բայց ինքն էլ ընկավ «մարտի դաշտում»:

            Արքան ամոթահար էր. նա դարձավ ծաղրածուի ձեռքով փրկված արքա, որպեսզի ոչ ոք չնկատի թե ով է իր փրկիչը,  թիկնոցը գցեց ծաղրածուի անկենդան մարմնի վրա: Արքան հրամայեց մատյաններում գրել, որ իր կյանքը փրկել է հեռավոր երկրից ժամանած մի զորական ու համեստաբար խնդրել է հիշել միայն իր անվան առաջին տառը՝ Ծ:  Ծաղրածուի մարմինը տարան կրկես և հայտարարեցին, որ կրկեսի վարազը փորձի ժամանակ անպատեհ պահի հարվածել է ծաղրածուին: Լուրը հասավ գաճաճ կնոջը, նա ոտաբոբոբիկ ձյան վրայով վազեց կրկես, գտավ ամուսնու մարմինը՝ արքայական թիկնոցով ծածկված: Մի կողմ նետեց արքայական թիկնոցը, ծնկի իջավ և ողբաց սիրելի ամուսնու մահը: Մահացած ծաղրածուն պալատական հանդերձանքով էր: Հավաքվածները համոզված էին, որ ոչ մի սխալմունք չի կարող լինել, քանի որ մատենագիրներն արդեն գրել են ճշմարտությունը, սակայն գաճաճ կինը տանը գտել էր իրեղեն ապացույցը՝ ծաղրածուի՝ գետում լվացած ու չհագած հագուստը, որն իր ամուսինը կրում էր կրկեսային փորձերի ժամանակ:

Երկրում լուր տարածվեց՝ արքան հիվանդացել է խոզուկ հիվանդությամբ ու նոր ծաղրածու է փնտրում: Ոչ մի հեքիմ չի կարողանում բուժել նրան, գուցե նոր ծաղրածուի պարգևած ժպիտը բժշկի արքային: Թագավորական ծաղրածուի հավակնորդներին արքան չէր հրամայում պտտեցնել կամ հնարքներ անել գնդակով: Նա միայն մի հարց էր տալիս՝ ի˚նչ կանեիր դու, եթե վարազը հարձակվեր քեզ վրա: Միմոսի բոլոր թեկնածուները գրեթե նույն պատասխանն էին տալիս՝ կփախչեի արքա:

Ծանր հիվանդությամբ տառապող արքայի դեմքն օր օրի խեղվում էր: Նա  քաշվեց իր քնարանը և այլևս ոչ մեկին չէր ցանկանում տեսնել, բացի իր քրոջից և հեքիմներից: Երկրի տերը հրամայեց չհիշել լուսավորյալ տղամարդուն, ծաղրածուին ու գաճաճ կնոջը, հակառակ դեպքում  կբանտարկեր Մոռացության բերդում: 

Սակայն նույնիսկ արքաներն ի զորու չեն փոխել պատմության ընթացքը, քանի դեռ ապրում են հերոսները:

            Ամուսնու մահից հետո գաճաճ կինը թարմ թխած լավաշի կտորներ էր բերում լուսավորյալ տղամարդուն: Նա այնքան փոքրամարմին էր, որ թաքնվում էր ստվերում, անցնում էր անձրևի կաթիլների արանքով ու աննկատ սողոսկում փոսը՝  ասեղնագործ գոգնոցի գրպանից հանելով լավաշի կտորները: Տղամարդը ազդրակապով էր, կիսաքուն ընկել էր գետնին ու կինը ժամանակ ուներ զննելու նրա մարմինը ՝ համոզվելու՝ իր առջև երկրի ամենագեղեցիկ ու լուսավորյալ տղամարդն է: Նրա մարմինը ծածկված էր մտրակի հասցրած վերքերով, սակայն լույսը ճառագում էր նախկին ուժգնությամբ: Տղամարդը բացեց աչքերը ու թույլ ժպտաց՝ գիշերը երազ էր տեսել, որ  իր արքան ծանր հիվանդ է, ու կանչում է իրեն՝ բժշկելու հիվանդությունը: Երբ դուրս գա փոսից դպրոցներ, հացատներ, հիվանդանոցներ կկառուցի, տաճարական գիտելիքը կփոխանցի մյուսներին, սովյալները խնձոր կունենան, տկարները կապաքինվեն: Կինը լսում էր լուսավորյալ տղամարդուն և զմայլվում նրանով, ուզում էր հարցնել իրեն գեղեցիկ համարո˚ւմ է ինչպես ծաղրածուն, սակայն վերապրում էր գաճաճ լինելու տխրությունը: Փորձում էր համոզել տղամարդուն իր հետ փախչել Սառցե իշխանների մոտ, հավաքել խռովարարներին և արշավել արքայական դղյակի վրա, սակայն լուսավորյալ տղամարդը հրաժարվում էր. նա սպասում էր իր արքայի հրամանին, նրա պարտքն էր մնալ երկրում, թեկուզ երկրի փոսում:  

Կինը վաճառեց հանգուցյալ ծաղրածուի հագուստներն ու կրկեսային պարագաները, որպեսզի կարողանա իրագործել իր վաղեմի ցանկությունը: Նա մի փոքրիկ կառք գնեց, կառապան վարձեց, որ մոտենան միջնաբերդի պարսպի մուտքին և պահապան նետաձիգներին հայտնեն՝ Սառցե երկրից ժամանած ազնվատոհմիկ տիկնոջ այցելության մասին, որը ցանկանում է տեսակցել արքային:

            Նրա առջև դուռը դանդաղորեն էր բացվում և միայն մեկ տարի հինգ ամիս տասնութ օր հետո հայտնվեց պալատական պարտեզում և հերթ կանգնեց արքային տեսնել ցանկացող պալատականների խմբի վերջում: Սև քողով կինը կրկնեց տարածված լուրը՝ արքան հիվանդ է, անկողնուց հազիվհազ է վեր կենում, չի ցանկանում տեսնել որևէ մեկին, բացի իր քրոջից և հեքիմներից:

            Անհաշիվ կիրակիներ գաճաճ կինը արշալույսին բարձր գոչում էր «արքա՜» և արքան անկողնում վեր էր թռչում: Նետաձիգները վերևից տեղատարափ անձրևի նման նետեր էին արձակում միապետին անհանգստացնող կնոջ ուղղությամբ ու նա թաքնվում էր եղևնիների սաղարթում՝ անհետանալով տեսադաշտից: Արդեն ձմեռ էր և կինը սկսել էր հազալ, նա համոզում էր պարտիզպանին հակառակ դռնով մտնել պալատ ու ճշտել՝ արքան ողջ է թե˚ ոչ: Երկար ժամանակ անցավ ու եկավ պատասխանը՝ արքան ողջ է ու պառկած անկողնում: Նա չի ցանկանում պատմության մեջ մնալ որպես մարմնով այլանդակ, հոգով վախկոտ, մտքով ընչաքաղց  արքա: Նա պատրաստ է ընդունել գաճաճ կնոջը և լսել նրա խնդրանքը: Տարիներ անցան մինչ կինն իր փոքրիկ ոտքերով բարձրացավ պալատական աստիճաններով վեր և հոգնատանջ կանգնեց արքայի առջև , ամբողջ մարմնով ձգվեց վեր և պահանջեց մահացած ամուսնու արյան գինը՝ ազատ արձակել լուսավորյալ տղամարդուն: Արքայի մարմնով դող անցավ, բարկությունից կորցրեց իրեն: Հրամայեց դահճին շքամուտքից դուրս նետել նրան: Դահիճը մի ձեռքով գրկեց գաճաճ կնոջը ու  նա չէր հասցրել ճիչ արձակել, աստիճաններով գլորվեց ցած ՝գլուխը խփելով քարին: Կնոջ շուրջը խռնված պալատականները լսում էին նրա ծանր ու մարող շնչառությունը, զարմանում էին, թե ինչպես է նրան հաջողվել տեսակցել արքային, մի˚թե բոլոր պալատականներին նույն ճակատագիրն է սպասվում:

            Գաճաճ կնոջ մահից հետո երաշտ սկսվեց երկրում, պալատական այգին չորացավ: Երկիրը վերածվեց անապատի, պարբերաբար հրդեհներ բռնկվեցին: Վարազները մեղսակիրների բացած անցքով մտնում էին պալատական պարտեզ ու սնվում ծառերի արմատներով: Հուսահատ արքան երկրպագում էր երկնքին, որ անձրև տեղա, քանի որ երկրի հողը տառապում էր  ջրի պակասից:

            Մի անգամ արքայի քույրը վիրապի մոտով անցնելիս, նկատում է անմար լույսը և հայտնում արքային, որ լուսավորյալ տղամարդը ողջ է, նախկինի նման նրա մարմինը լույս է ճառագում, և խնդրում է ազատ արձակել նրան: Արքան ականջալուր է լինում քրոջը, ազատում է տղամարդուն կապանքներից ու լուսավորյալ տղամարդը բժշկում է միապետին ծանր հիվանդությունից:

            Միայն տարիներ անց, գաճաճ կնոջ մահվան տասներորդ տարելիցի օրը, աղաղակներ են լսվում: Պալատականները գլխակորույս վազում են հրապարակ: Ծերացած արքան ձեռնափայտի օգնությամբ ամրոցի աստիճաններով հևիհև իջնում է ցած, դանդաղ քայլերով շարժվում դեպի հրապարակ: Երկնքից ձյան փաթիլների նման խնձորներ են ընկնում ցած, հարվածի ուժից փշրվում գետնին: Ծեր առաջնորդը ծնկի է գալիս հրապարակում, ձեռքերը բարձրացնում է վեր ու շնորհակալության խոսքեր ասում, որ երկինքը օրհնում է իր երկիրը: Յուրաքանչյուրը վերցնում է խնձորի իր բաժինը. խնձորն այնքան թթու էր, որ արցունք է քամում արքայի աչքերից: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով