ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Բանաստեղծություններ

***

136 կմ ժամ արագությամբ

Սլանում է օրս,

Նա պատմեց ինձ

Որ սիրտդ էլի կույր է,

Ու որ հոգուդ լափամանը

Փոշոտվել է իմ բացակայությունից,

Հա, ես սրտահատ եմ,

Մի քիչ էլ կարծրախտ ունեմ,

Ու գիտե՞ս արդյոք՝

Իմ կարծրախտը միայն քեզ է,

Որ չի մոռանում:

Նամակդ տեսա.

Ծիծաղում եմ.

Փաստորեն դու կգաս

Երբ աստղերը վիժեն, հա՞…

***

Մանդարինոտ հայացքդ

Գրկում է ինձ,

Ստիպում ՝ հանգեմ քեզ,

Գուցե դու անուղղակի խնդիր ես,

Կամ ձնից ճզմված երազ,

Որ ինձ բանտարկում է քո մեջ,

Մեկ մանդարինով,

Մեկ երազահամով…

***

Առաջին պատահած տողերումս կթաղեմ քեզ,

Արդեն ուշ է,

Օրերս արյունոտվել են քո բացակայությունից,

Անցյալս վնգստում է պատուհանիս տակ,

Իսկ փողոցի մերկ լուսամփոփի լույսը

Կաթում է սրտիս մեջ…

***

Արդարությունը

Կախեցի մեխից.

Հանկարծ ճչաց.

Ցավ զգաց երևի:

Մեխը մտել էր

Սրտագրպանը…

Հետո ոտավորվեց,

Սրտագրպանը

Լցրեց մեկ կիլոգրամ

Գիշեր,

Ու անհետացավ լուսինը՝

Իր մտքերով կրծոտելու…

***

Իմ սերը փախել է ձեր տուն

Եկել թառել է բարձիդ,

Տխուր նայում է հոգով

Ու սրտիդ դուռն է ճանկռում ։

Իմ կորած միուրիշական,

Բարձդ ինձ ուղարկիր գոնե,

Գգվեմ նրա բույրից հիմա,

Բարձդ գրկեմ ու օրորվեմ:

***

Դու փչեցիր իմ

Սրտի պատերին,

Սիրահարվեցի…

Ու սիրաբիսեպտոլ է

Հարկավոր միայն

Առաջացրած հազդ

Բուժելու համար…

Միշա Մանուկյան
Շիրակի մարզ, Սարալանջի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով