Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Շտապ օգնություն

-Երիցուկները նորից հիվանդացել են,- շնչակտուր ներս ընկավ Րինա մարդուկը, դարակից գտավ Ակա տատիկի ծաղկային-դեղատոմսերի տետրակը, կարդաց հարբուխի դեմ բոլոր հնարավոր բաղադրատոմսերը և ուսապարկը լցրեց մի քանի սրվակ, որ անհրաժեշտ էին Երիցուկներին՝ առաջին օգնության համար:

-Արագացրո´ւ, Կա´, քամին ուր որ է կսկսվի, եթե չհասնենք շուտ, Երիցուկների հարբուխը կտարածվի ու կհասնի Զանգակածաղկի դաշտ, իսկ այնտեղ նորածին զույգերն են:

-Ես հոգնել եմ,- ոտքերը ցուցադրաբար խաչեց Կա-ն ու հարմար դիրքավորվեց բազմոցին,- Չեմ հասկանում, ինչո՞ւ միշտ մենք պիտի փրկենք Երիցուկներին: Թող քիչ պարեն ոտաբոբիկ ու չթավալվեն գետի ափերին: Հետո, ո՞ւմ են հետաքրքիր  Երիցուկները, բացի մեր հովտի փոքրիկ մարդուկներից:  Նայիր շուրջդ,  անգամ կողքի հովտում դադարել են Երիցուկներ աճեցնել: Իզուր էլ չմեկնեցի քեռու մոտ, Կակտուսների հովիտ: Այնտեղ այսքան չարչարանք չէր լինի, հանգիստ կվայելեի օշարակս ու ռոք կլսեի: Գնա´, փրկիր նազուկ Երիցուկներին, միևնույն է, հաջորդ շաբաթ նորից մի թեթև անձրևից փռշտալու են ու անմիջապես ոտուձեռք ընկած ահազանգեն:

 Րինան համբուրեց եղբորը.

 -Մեր փոխարեն ոչ ոք չի բուժի Երիցուկներին: Մենք ենք հովտի բժիշկները սերնդեսերունդ, իսկ դու նորածին Զանգակների կնքահայրն ես, բացի այդ:  Կակտուսների հովտում էլ հիմա արևային տաղտուկի էպիդեմիա է, իսկ դա շատ ավելի վտանգավոր է, քան երիցուկային հարբուխը: Չուշանա´ս,- ու դուրս վազեց:

 Կա-ն բարձրացրեց երաժշտությունը, ականջակալները դրեց ականջին:

 Երիցուկները փռշտում էին հերթով, հետո միասին՝ ավելի ու ավելի բարձր, մի քանիսը սկսեցին հազալ: Րինան ուսապարկից դատարկեց սրվակները, արևածաղկի բաժակի մեջ խառնեց յուրաքանչյուրից քիչ-քիչ, ինչպես տատիկի բաղադրատոմսն էր պահանջում, ապա բաժակի մեջ թրջեց նուրբ սարդոստայնե թաշկինակն ու մոտեցավ Երիցուկներին: Թաշկինակը բացեց, պահեց երկու ձեռքով ծայրերից և ծածանեց  այնպես, որ ամեն Երիցուկի վրա մի քանի կաթիլ թուրմ կաթեց:  Հետո հատ-հատ ստուգեց բոլոր ցողունները, մի քանիսին բուժիչ յուղ քսեց: Ծաղիկները գլխիկները բարձրացրին ուրախացած ու փորձեցին երգել Երիցուկների հիմնը:

-Չէ´, չէ´, դեռ վաղ է,- սաստեց Րինան,- ես կերգեմ առայժմ, տատիկի դեղատոմսը երգով կայունացնել է պետք:

 Դաշտի ծայրի Երիցուկը, որ իր ծաղկային  ես-ի հանդեպ առանձանահատուկ ուշադրություն էր սիրում, քիթը կծկեց, աչքերը փակեց ու մեկ անգամ էլ զոռով փռշտաց: Րինան վազեց նրա մոտ: Համոզվեց, որ ամեն ինչ կարգին է, նստեց  Երիցուկի կողքին ու երգեց.

Ծաղկեք կանաչ դաշտեր,

Թիթեռնիկներ թևեք…

 Երկրորդ քառատողին Կա-ն վրա հասավ ու քրոջ ականջին շշնջաց.

 -Քամին մոտենում է, վազենք Զանգակածաղկի դաշտ:

 Քույր ու եղբայր ձեռք ձեռքի վազեցին:

 Դաշտի եզրագծով խրված կարճլիկ փայտե ձողերի վրայով ձգեցին, ամրացրին մեծ հյուսկեն ցանցը, որ տատիկից էին ժառանգել: Քամին  այլևս չէր կարող վնասել նորածին զույգերին:

Նստեցին խոտերին: Կա-ն ականջակալներից մեկը տվեց քրոջը, մյուսը դրեց իր ականջին, միացրեց իրենց սիրած ռոք երգն ու միասին երգեցին:    

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով