Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Ճպուռն ու Լուսատտիկը

Ճպուռը վայելում էր արևոտ օրը. թևիկները կոկիկ հավաքել էր կողքերին և ողջ երկայնքով ձգվել բացատի ամենափարթամ տերևի մակերեսին: Լուսատտիկը արևաշողիկ էր դասավորում գրպաններում:

-Երբեք քեզ չեմ հանդիպել, նորե՞կ ես,- զարմացավ Ճպուռը, աչքերը ճպճպացրեց: (Վերջերս Ճպուռի տարեդարձն էր, և բացատի բոլոր ազնվազարմ բզեզները ներկա էին իրենց գերդաստաններով, այս փոքրիկ բզեզին չէր մտաբերում):

-Ողջո´ւյն,- Լուսատտիկն ափերի մեջ առավ արևաշողիկը:

Ճպուռն ապշեց փոքրիկ կանաչ բզեզի համարձակությունից. եկել, իր հետճաշյա անդորրն է խանգարում՝ քիչ է, դեռ իրեն նկատելուց հետո էլ նույն խաղաղությամբ, անշտապ  գրպաններն արևաշողիկ է լցնում:

-Երևի շա՜տ կարևոր գործ է, — հեգնեց:

-Չգիտեմ կարևորության շատն ու քիչը, բայց պիտի անեմ,- Լուսատտիկը գլուխը կախ՝ տերևից զգուշորեն հավաքեց հերթական արևաշողիկն ու սահեցրեց գրպաններից մեկը: (Հագին կանաչ հանդերձ էր, որի վրա հարյուրից ավելի մանր գրպանիկներ կային):

-«Պիտի»-ն ո՞րն է, այն էլ մեր օրերում, «Բզեզների թագավորությունը» կարդա՞ցել ես,- հոնքերը մի քիչ հավաքեց, ձայնին հնարավորինս խռպոտ երանգ տվեց (այդպես ավելի ազդեցիկ էր):

 Ճպուռը վերջերս էր ավարտել իր նոր գիրքը, որը շռնդալից հաջողություն ունեցավ անվանի բզեզազգիների շրջանում, անգամ արժանացավ «Տարվա բզեզ» մրացանակին: Գիրքը յուրահատուկ ձեռնարկ էր բոլոր թևավոր բզեզների համար՝ մերօրյա աշխարհում գոյատևելու ուղղորդումներով և թևավոր մտքերով:

-Ճիշտն ասած, չեմ հասցնում գիրք կարդալ, — մեղավոր ժպտաց Լուսատտիկը, — առավոտից կանաչ տերևներին եմ ողջունում և խնդրում ինձ համար արևաշողիկ պահել, կեսօրից  հետո  էլ շրջում եմ բացատում ու տերևների պահած արևաշողերը տեղավորում եմ գրպաններումս, որ  մինչև լուսաբաց բաժանեմ:

-Ո՞ւմ են պետք արևաշողիկներդ՝ գիշերով, ցերեկն արև կա, հերի՞ք չէ:

-Մոլորված անցորդներ ինչքա՜ն ասես: Ա´յ, երեկ երկու Մրջյունի ճանապարհը լուսավորեցի՝ զրույցով էին տարվել և մոռացել տուն հասնելու մասին: Իսկ մութը չի սպասում, որ զրույցն ավարտես՝ իր ժամին գալիս է: Մի քանի օր առաջ  էլ փոքրիկ Թիթեռնիկին օգնեցի հասնել մորաքրոջը. մթությունից վախենում է, իսկ մորաքույրը բացատի մյուս կողմում, Սպիտակ հովտաշուշանի վրա է ապրում: 

 Չգիտեմ որքանով է կարևոր արևաշողիկ բաժանելը, բայց ես օգնեցի ընկերներիս: Թիթեռնիկը այլևս չի վախենում մթությունից, որովհետև միշտ կգտնվի մի լուսատու շողիկ, Մրջյուններն էլ ժամանակին հասան մրջնաբույն: Այսօր էլ արևաշողիկները ինչ որ մեկին պետք կգան հաստատ:

 Հը՜մ՝ Ճպուռն աչքերը ճպճպացրեց (մի քիչ նյարդայնացավ թերևս․ «Խելացի մտքեր ունի այս անհայտ բզեզը»,- այնուամենայնիվ խոստովանեց ինքն իրեն): Պառկած տեղից ելավ, թևիկները տարածեց: Թափանցիկ, մետաքսի պես նրբագեղ թևիկները ծիածանի բոլոր գույներով փայլեցին:

 Զարամանալի էր. Ճպուռի հրաշագեղ տեսքը «չկուրացրեց» Լուսատտիկին: Նա շարունակում էր հերթով շնորհակալություն հայտնել տերևներին ու գրպանիկներում տեղավորել արևաշողիկները:

-Հը՜մ, — ասաց Ճպուռը ( այս անգամ բարձրաձայն),- Թիթեռնիկն ու Մրջյունները քո ընկերներն են,  կուզե՞ս ես էլ քեզ ընկեր կոչեմ:

 Լուսատտիկը ժպտաց.

-«Բացատում ապրող բոլոր բզեզները իմ ու քո ընկերներ են, այդպես չէ՞»: Թեև «Բզեզների թագավորությունը» չեմ կարդացել, բայց Մայիսյան բզեզը շաբաթ երեկոյան բացատի բնակիչների համար գրքից հատվածներ էր ընթերցում, ես էլ ականջի պոչով լսում էի:

  Ճպուռն ամաչեց, Լուսատտիկի մեջբերումն իր գրքից էր: Թևիկները թափահարեց, բարձրացավ ոտնաթաթերին, որ ավելի բարձրահասակ երևա, հետո հռետորի կեցվածք ընդունեց և բառերը հատ-հատ շեշտելով՝ արտաբերեց.

— Հաջորդ գրքում անպայման արևաշողիկների օգտակարությանը կանդրադառնամ, չէ՞ որ ընկերներ ենք:

Գլուխը մի թեթև խոնարհեց՝ ի նշան հրաժեշտի, թևիկները արագ-արագ թափաարեց ու թռավ գնաց:

— Ցտեսությո՜ւն, — անհետացող Ճպուռի հետևից ձեռքով արեց Լուսատտիկը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով