Արտակ Վարդանյան, Մանկագրություն

Պստիկ, սիրուն իմ Սոսեն

  Ո՞Ւմ անունն է ամենալավը

— Իմ անունը անուշահոտ

Ճերմակ ծաղիկն է գարնան,-

Մի օր ասաց խաղի ժամին

Հասմիկն աշխույժ ու կայտառ:

— Իմն էլ խաչն է մեր սուրբ նշան,-

Խաչիկն ասաց սևաչյա,-

Որ շողում է լույս կատարին

Եկեղեցու գմբեթի:

— Իմ անունն էլ,- ասաց Սոսեն,-

Սոսի ծառն է սրբազան

Եվ քաջ Սոսե մայրիկի

Անունն է  վեհ ու պայծառ:

 

Սոսեն ու սոսին

Սոսեն՝ փոքրիկ մի աղջիկ,

Սոսին՝ մի ծառ վիթխարի.

Սոսին ունի անհամար

Կլոր, կանաչ գնդիկներ,

Իսկ, ա՛յ, Սոսեն մեր պստիկ

Չունի անգամ մի հատիկ,

Դրա համար տզտզում,

Սոսու գնդիկ է ուզում:

Բայց ի՞նչ անի մայրիկը,

Ինչպե՞ս ծառը նա ելնի.

— Գիտե՞ս, սիրո՛ւն իմ աղջիկ,

Գնդիկներով ծեր սոսին

Շա՛տ շքեղ է երևում,

Եվ ով նայում է նրան,

Իմանում է նա իսկույն,

Թե որքան է գեղեցիկ

Ծառի անունը կրող

Սոսե աղջիկը փոքրիկ:

Հենց սա լսեց մեր Սոսեն,

Իսկույն իր լացը կտրեց

Եվ մայրիկի հետ սիրով

Մանկապարտեզ շտապեց։

Երկու «Ս»

Սոսեն շատ էր սրտնեղում,

Որ Վարդուհի և Վարդան

Ապերիկն ու քույրիկը

«Վ» տառ ունեն երկուսով,

Իսկ ինքը՝ «Ս», մեն-մենակ:

Անցան օրեր, և մի օր

Քեռին իր գործի տեղից

Բերեց սևուկ մազերով,

Փայլուն-փայլուն աչքերով,

Ցախավելի պես ցցված՝

Երկար պոչով մի շնիկ:

Իսկույն անուն դրեցին՝

Շանը Սևո կոչեցին:

Ուրախացավ մեր Սոսեն,

«Ջիջիլ գցեց» Վարդուհուն,

Ապա՝ Վարդան ապերին՝

Ինչպես դուք եք երկու «Վ»,

Մենք էլ դարձանք երկու «Ս»:

«Շունն ու կատուն»

Ըստ Թումանյան պապիկի՝

Շունն ու կատուն հիշաչար

Հենց իրար են հանդիպում,

Կատաղում են, գազազում,

Հին պատմությունն են հիշում:

Սակայն եկեք ու տեսեք,

Որ զրույցն այս հանրահայտ

Աղավնաձոր մեր գյուղում

Բացառություն է կազմում.

Մեր թուխ շնիկը Սևո

Եվ չալ կատուն Չիկիտա

Մանկությունից իրար հետ

Մեծացել են մեր բակում:

Ուտում են մի ամանում,

Քնում են նույն «անկողնում»,

Անգամ հաճախ իրար հետ

Կատակում են, գզվռտվում…

Դե արի ու հավատա

Հին զրույցին պապիկի:

Փիսիկ

(ժողովրդական խաղերգ[1])

Փիսի՛կ-փիսիկ,

Կաթիկ կտամ,

Մածուն կտամ,

Մկնիկ կտամ,

Ձկնիկ կտամ,

Գաթա, հալվա

Ես քեզ կտամ,

Բայց թե հանկարծ

Ջրի գնամ

Ու գամ տեսնեմ…

Կաթի սերն ես

Դու գողացել,

Էսպե՛ս, էսպե՛ս

Պատիժ կտամ…

«Բժշկություն

Մի օր Նարեն՝ Կատվին գրկած

Սոսեի մոտ եկավ հուզված.

— Բժշկուհի՛, երեկվանից

Մեր փիսիկը ոսկեմազիկ

Ոչ ուտում է, ոչ  խմում է,

Հենց մի գլուխ մլավում է:

— Առանձնապես չկա՛ ոչինչ,-

Ասաց Սոսեն «բժշկուհի»,-

Առավոտյան՝ մկնոմիցին,

Ճաշից հետո՝ պոչոցիկլին,

Քնելիս էլ՝ երեք կաթիլ

Քիչ տաքացրած  կաթոֆիլին՝

Երեք-չորս օր նրան կտաս,

Եվ քո փիսոն կառողջանա:

«Թվաբանություն»

— Քեռի՛, ասե՞մ ինչու է

2 թիվը մեծ 1-ից:

— Ասա՛, խելոք իմ աղջիկ:

— Որովհետև 2-ը

Կլորիկ ու գեր է շատ,

Իսկ, ա՛յ, խեղճ 1-ը որքա՜ն

Նիհարիկ է, բարալիկ…

Մեր փիսոն

Մեր փոքրիկ փիսիկը,

Որ ճեփ-ճերմակ ու փափուկ է

Բամբակի նման,

Որ գունավոր ականջներ ունի

Եվ գունավոր պոչ,

Իսկ մեջքին՝ վերջակետի նման

Երկու դեղին պուտիկ,

Մեր տուն է եկել

Մի օր մթնշաղին՝

Մթից ու մի պոչատ, գորշ կատվից

Սաստիկ վախեցած:

Ապրում է նա հիմա մեր բակում,

Ուտում ծաղկավոր ափսեի մեջ

Եվ քնում իր արկղիկ-տնակում փռված

Փափուկ շորերի վրա:

Նա էլ չի վախենում

Ուրիշ կատուներից,

Ոչ էլ հարևանի շնից,

Անվախ մռլտում է նրանց վրա՝

Հենց տեսնում է շեմին,

Իսկ երբ մութն ընկնում է,

Անկոչ մկներին է հալածում

Բակի ու այգու անկյուններում…


[1] Խաղում են ամենափոքրիկների հետ. երեխայի թաթիկը պահում են ափի մեջ՝ շոյելով երգում: Ապա, խաղերգի վերջին տողերի հետ, բռունցքով թեթևակի խփում են թաթիկին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով