Թոռնիկը խնդրեց, որ տատիկն իր համար հեքիաթ պատմի: Տատիկը չմերժեց.
-Ուրեմն` այսպես: Հեքիա՞թ: Ինչպե՞ս է սկսվում հեքիաթը… Լինո՜ւմ է, չի՛ լինում…
-Լինո՛ւմ է, չի՜ լինում…, — հուշեց և շարունակեց թոռնիկը:
-Լինում է, չի՛ լինում, — կրկնեց տատիկը…
-Մի արքայադուստր, — ավելացրեց թոռնիկը։
-Հա՜, ուրեմն արքայադուստր: Եվ ապրում է պալատում: Պալատը գեղեցիկ է՝ զարդարված վարդերով…
-Ո՛չ, ո՛չ: Ոչ թե վարդերով, այլ ձյան սպիտակ շերտով: Ձմեռ էր: Հասկանո՞ւմ ես, տատի ջան: Այդ ձմեռը եկել ու չէր գնում: Նա շատ էր սիրում արքայադուստր աղջկան…
-Դե, եթե դու պետք է հեքիաթը պատմես՝ պատմի՛ր, — բողոքեց տատիկը:
-Չէ՛, ի՞նչ ես ասում, ես միայն օգնում եմ քեզ: Երեկ գիշեր ես գնացել էի այդ հեքիաթի արքայադստեր մոտ: Նա ինձ հետ ձնագնդիկ էր խաղում և պատմում իր մասին:
-Լա՛վ, հասկանալի է, իհարկե, դո՛ւ պետք է պատմես, — խնդրեց տատիկը:
-Գիտե՞ս, տատիկ, նա շատ կամակոր աղջիկ է: Մի անգամ նա կանչում է ծառաներին և հրամայում`
-Ես ցանկանում եմ ձյան փաթիլ դառնալ:
-Բայց դու կհալվես ջերմությունից, — ասում են ծառաները:
-Միևնույնն է, փաթիլը շատ գեղեցիկ է, և, ես ցանկանում եմ նրա նման գեղեցիկ լինել,- պահանջում է արքայադուստրը:
Կանչում են պալատի կախարդին, և նա կախարդում է անչափ գեղեցիկ, բայց կամակոր արքայադստերը: Նա դառնում է փաթիլ: Փաթիլ՝ փոքրիկ, նուրբ, գեղեցիկ… ու սառցե, որը կարող է հալվել տաք ձեռքի հպումից:
-Ը՜…ը՜… հը՜…ը՝…- հանկարծ, թոռնիկը սկսեց լաց լինել: Բայց արագ սրբեց արցունքներն ու շարունակեց.
-Թագավորն ու թագուհին վախեցած, որ կկորցնեն իրենց աղջկան, հրամայում են, որ իրենց երկրում միայն ձմեռ լինի, և գարուն չգա, և՛ ամառ չլինի, և՛ ծաղիկները չծաղկեն…
-Սպասի՛ր, սպասի՛ր,- ընդհատեց տատիկը,- բայց այդպես չի լինում: Փաթիլը կհալվի, ջուր կդառնա, բնության մեջ ոչինչ չի՛ կորչում, այլ՝ փոխակերպվում են:
-Չէ՛, տատիկ, դու ոչինչ չես հասկանում: Փաթիլն աղջիկ է և պիտի աղջի՛կ դառնա: Կախարդը պետք է կախարդի, բայց նա շատ չար է և պահանջում է, որ իր համար բերեն աշխարհի ամենաթանկ ադամանդը, որը կարողանում է ցույց տալ աշխարհի գաղտնիքները, և միայն այդ ժամանակ նա, այսինքն կախարդը, փաթիլը նորից աղջիկ կդարձնի: Լսի՛ր, տատիկ: Թագավորը հրամայում է, որ բոլոր արքայազները գան և փորձեն օգնել արքայադստերը: Բայց նրանք վախենում են: Չէ՞ որ կարող է չվերադառնան այն երկրից, որտեղ գտնվում է ադամանդը: Մի օր մի գեղեցիկ երիտասարդ է հյուր գալիս այդ երկիր և շատ է զարմանում, որ ամռան շոգին ձյուն-ձմեռ է: Ցրտից սառած մարդիկ պատմում են պատահածը:
-Լա՛վ,- ասում է տղան,- ես կբերեմ այդ քարը, բայց թագավորը պետք է իր աղջկան ինձ կնության տա: Իսկ տղան շատ աղքատ էր:
-Համաձա՛յն եմ, համաձա՛յն եմ, — ատամներն իրար զարկելով բղավում է թագավորը:
Տղան հեռանում է պալատից, բայց տխուր: Նա չգիտեր՝ որտե՞ղ փնտրել այդ հրաշք քարը: Գիշերը, երբ պառկած նայում էր երկնքին, հանկարծ հայտնվում է չար կախարդն ու ասում.
-Ցանկանում եմ օգնել քեզ, որովհետև ինձ անասելի պետք է այդ ադամանդը: Իհարկե, ես էլ կարող էի գնալ, բայց ինձ չեն տա, ես չար եմ, իսկ դու բարի ես ու անկեղծ: Կգնաս հեռու, օվկիանոսում գտնվող անմարդաբնակ կղզի և այնտեղ կգտնես հրաշք ադամանդը: … Ըհը՜ …ը՜ …ը՜…, — կեղծ լաց է լինում չար կախարդը,- այդ ադամանդը կուլ է տվել, մե՜ծ, շա՜տ մեծ կոկորդիլոսը: Չվախենաս, նա կռվել չգիտի, միայն ուտել գիտի, և ուտում է բարի տղաներին:
Երբ կախարդն անհետացավ, տղան ընկավ մտքերի մեջ.
-Ինչպե՞ս գտնեմ կղզին, ինչպե՞ս հաղթեմ կոկորդիլոսին: Չէ՛, դեռ պիտի գտնեմ, հետո մտածեմ հաղթելու մասին:
-Տատի՛կ, որ տղան հեծանիվով գնա կհասնի՞,- հարցրեց թոռնիկը:
-Չգիտե՛մ: Եթե սիրում է՝ կհասնի:
Տղան նստեց իր հեծանիվն ու գնաց: Ճանապարհին, երբ հասել էր անծայր դաշտի, մի մե՜ծ լույս երևաց: Երիտասարդը, ճիշտ է, մի փոքր ընկրկեց, բայց չվախեցավ, կանգնեց ու նայեց լույսին: Լույսը, երբ մարեց, տղան տեսավ մեծ, շա՜տ մեծ թռչող ափսե, որից դուրս եկավ կանաչ գույնի, մեծ քթով, երկար, ուժեղ ձեռքերով, մի այլմոլորակային և տղային ասաց.
-Նստի՛ր, ես քեզ կտանեմ այն կղզին, որի վրա քնած է կոկորդիլոսը:
Տղան նստեց։ Դեռ աչքերը չէր թարթել, արդեն հասել էին կղզի: Այդ ափսեի մեջ այնքա՜ն գեղեցիկ կոճակներ կային, որ քիչ էր մնում մոռանար ադամանդի մասին: Այլմոլորակայինն ասաց.
-Ինձ շատ է հարկավոր այդ ադամանդը: Եթե այն ընկնի կախարդի ձեռքը, ամբողջ տիեզերքը կլցվի չարով, և մենք չենք կարողանա ապրել: Չեք կարողանա ապրել նաև դուք` մարդիկդ:
-Բայց, եթե ադամանդը քեզ տամ, կախարդը չի դարձնի աղջկան` աղջիկ:
-Այս ադամանդը քո կախարդից ուժեղ է, հզոր, այդ կախարդը խաբում է: Իսկ հիմա, կարող ես շարունակել քո ճանապարհը հեծանիվով:
Երիտասարդը գնաց: Ճանապարհին նրա դիմաց դուրս եկավ օձը և ֆշշացնելով հարցրեց.
-Խելացի տղա ես երևում, իսկ դու համակարգչային խաղեր խաղալ գիտե՞ս:
-Գիտե՛մ: Իսկ ո՞վ չգիտի: Հիմա ամենափոքր երեխային էլ հարցնես` գիտի:
-Լա՛վ: Եթե գիտես, արի՛ խաղանք: Մեզանից ով հաղթի` նա կշարունակի ճանապարհը:
Եվ օձը թփերի տակից դուրս բերեց մի մե՜ծ համակարգիչ և միացրեց ամենադժվար խաղը:
-Տատի՛, տատի՛, այն, որ հերոսը տարբեր աշխարհներ է անցնում ու գտնում բանալին: Այդ խորամանկ ու իմաստուն օձը գիտեր, որ համակարգչային խաղերը կլանում են անգամ ամենաուժեղ կամքի տեր մարդկանց: Նրանք տարվում են խաղով և մոռանում ամեն բան: Օձը մտածում էր, որ տղան կմոռանա և՛ աղջկան, և՛ ադամանդի մասին: Բայց նա համառ էր ու պարտաճանաչ: Նա սիրում էր կատարել իր տված խոստումները: Եվ հետո՝ շատ լավ խաղալ գիտեր և մի քանի աշխարհներ անցնելով՝ հասավ խաղի վերջին, գտավ բանալին, որը գաղտնիքի դուռն էր բացում։ Տատի՛կ, իսկ գիտե՞ս, թե որն էր այդ գաղտնիքը` սերը: Օձը հարգանքով հետ սողաց և ճանապարհ տվեց տղային: Դեռ նոր էր հեռացել օձից, երբ նրա դիմաց դուրս եկավ խորամանկ աղվեսը: Այդ աղվեսը գիտեր խաբել բոլորին:
-Այդ ու՞ր, խելացի տղա: Արի՛ խաղանք, տե՞ս՝ ինչ ունեմ: Դու շատ ոսկի կունենաս, և բոլոր աղջիկները կցանկանան ամուսնանալ քեզ հետ:
Աղվեսը տղային ցույց տվեց իր խաղատունը, որտեղ տարբեր կենդանիներ հավաքված՝ խաղում էին: Նրանցից ոչ մեկը մյուսին չէր տեսնում: Բոլորը միայն ոսկին էին տեսնում: Տղան մտածեց, որ վատ չէր լինի ինքն էլ շատ ոսկի ունենար և այդ ժամանակ թագավորի աղջիկը չէր ասի` դու աղքատ ես: Բայց ինքը ոսկի չուներ, որ խաղար:
-Հոգ չէ, — ասաց աղվեսը, եթե դու խաղաս, մենք քեզ փոխարինաբար կտանք:
Տղան համաձայնվեց: Միևնույնն է, եթե չհամաձայնվեր, նրանք իրեն բաց չէին թողնի:
-Լա՛վ,- ասաց տղան:
Մի քանի ժամ շարունակ՝ ճան էին գցում, և տղան անընդհատ հաղթում էր: Աղվեսն ապշել էր, թե որքա՜ն հաջողակ է այս երիտասարդը: Նա մտածում էր, որ եթե տղան մնա իրենց հետ, իրենք կլինեն աշխարհի ամենահարուստները: Իսկ տղան այլևս չէր ցանկանում խաղալ: Նրա սիրտը կարոտից ու անհանգստությունից թպրտում էր:
-Վե՛րջ: Այլևս չեմ խաղում: Իմ սերն ավելի հզոր է, քան այս ոսկին, ձե՛զ լինի ամբողջը: Ես գնացի:
Եվ տղան փախավ աղվեսների ու բորենիների այդ որջից, առանց հետ նայելու: Շա՜տ քիչ ժամանակ էր մնացել, արդեն երևում էր կոկորդիլոսը, որն իր բերանում պահում էր ադամանդը: Նրա փայլը երևում էր հեռվից: Այլմոլորակայինը, որ արդեն հուսահատվել էր, թե տղան կկարողանա դուրս գալ հաճույքների ճահճից, ուրախացավ և խորհուրդ տվեց տղային.
-Գնա անտառ և մի մեծ կենդանի որսա: Կոկորդիլոսը քաղցած է, նա կուլ է տալիս այն տղաներին, որոնք գալիս են ադամանդի հետևից: Երբ դու նրան կտաս որսը, կոկորդիլոսը բերանից ցած կգցի ադամանդը և կուլ կտա որսը, այդ պահին դու կվերցնես ադամանդն ու կփախչես: Նա չի հասցնի քո հետևից, որովհետև կուշտ ու ծանրացած կլինի:
Այդպես էլ եղավ: Երիտասարդը գնաց անտառ և մի մեծ վարազ որսաց: Նետեց կոկորդիլոսի առջև ու թաքնվեց: Տեսնելով ուտելիքը՝ կոկորդիլոսը բերանից գցեց ադամանդն ու հարձակվեց վարազի վրա: Այդ պահին տղան անմիջապես վերցրեց ադամանդն ու վազեց: Քիչ հեռու սպասում էր այլմոլորակայինի ափսեն: Տղան նստեց, և միանգամից հասան ձմռան ցրտից հոգնած թագավորություն: Ադամանդի ցոլքերն անմիջապես հալեցրին ձյունն ու կախարդանքը: Ձյան փաթիլ դարձած արքայադուստրը աղջիկ դարձավ, ավելի նուրբ ու գեղեցիկ: Եվ նաև՝ հնազանդ: Նա հասկացել էր, թե ի՞նչ է սպասվում կամակորության արդյունքում: Կախարդն ադամանդի փայլին գերի և անզոր՝ տղայի բարության դեմ, դարձել էր բարի տատիկ և որոշում էր, թե ո՞ւմ թոռնիկներին պահի:
Իսկ թագավորն ու թագուհին ուրախացած, իրենց աղջկան ամուսնացրին տղայի հետ: Ահա և ամբողջ հեքիաթը, սիրելի տատի՛կ: Լա՜վն էր, չէ՞…