Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Եղբայրները

-Առաջ արի, — ասաց ուսուցչուհին:

 Դռների մեջ կանգնած նորեկն առաջ եկավ, հետո ուսուցչուհին առաջին շարքում նստած Բզե Բզեին նշան արեց, որ կողքի քաշվի ու տեղ տա նրան:

-Իշամեղո՜ւ….

Բզզոցը բարձրացավ, ուժգնացավ, խշխշաց դպրոցի տանիքի տերևներում, հետո ծառի փչակի պատերին զարնվեց, պտտվեց նորից զարնվեց, մինչև ուսուցչուհին ակնոցների տակից ունքը բարձրացրեց, ու միանգամից բոլորը լռեցին:

-Զի Բզան ձեր դասարանում կսովորի:

Զի Բզայի հայացքը հանդիպեց Բզե Բզեին: Ակնհայտ  էր, որ Բզե Բզեն դժգոհ էր իր նստարանը ինչ-որ դեղնամաշկ բզեզի հետ կիսելուց:

— Զի Բզան ձեր նոր ընկերն է, — ասաց ուսուցչուհին, — նրանց անտառը հրդեհվել է, ու Զի Բզան ընտանիքով պատսպարվել է մեր բացատում:

 Բզզոցը նորից ուժգնացավ, այս անգամ վայ-վույով պտտվեց, զարկվեց դասասենյակի պատերին, հետո «վայը» ձանձրացավ, թողեց «վույի» ձեռքն ու չքվեց, «վույն» էլ մենակ մնալով՝ հանկարծակի լռեց: Նույն պահին հնչեց դասամիջոցի զանգն ու հեյ-հույը անմիջապես զբաղեցրեց ձայնարկությունների դատարկ  տեղը:

— Դասամիջո՜ց…

-Դասմաիջո՜ց…- Բզե Բզեն կրկնեց կողքին նստած Զի Բզայի ականջի տակ։ Վերջինս հանգիստ շարունակեց տետրում գրանցումներ անել:

-Նորեկի համար չափազանց հանդուգն ես:

 Բզե Բզեն հրեց Զի Բզային արմունկով ու միացավ գրատախտակի մոտ հավաքված մեղուների խմբին: Մեղուներն ինչ-որ բան բզբզացին իրար մեջ, հետո Բզե Բզեն ձեռքով նշան արեց.

-Մոտեցի´ր, չենք կծի քեզ, — մեղուները հռհռացին, այնքան ուժգին, որ դասի նստելու զանգը չլսեցին:

 Բացատագիտության դասին Զի Բզան զարմանալիորեն արագ պատասխանեց ուսուցչուհու բոլոր հարցերին և արժանացավ դասընկեր մեղուների դժգոհ ծամածռություններին ու հեգնական քմծիծաղին:

-Չափդ անցա´ր, գիտունի´կ, — նետեց Բզե Բզեն դասի ավարտին, դուրս թռավ պատուհանից ու շտապեց տուն:

Ճաշին մայրը հայտնեց.

-Որդի´ս, երեկոյան հյուրեր ունենք:

 Դռան առաջ Զի Բզան էր՝ ուսապարկով, էլի դեղնամաշկ մեկը՝ նրա մայրը, և մանկասայլակով երկու փոքրիկ:

Բզե Բզեն աչքերը պտտեցրեց ակնախոռոչներում.

-Բզե Բզե´, մորաքույր Զեան որոշ ժամանակ մեր տանը կմնա: Զի Բզայի պապը փրկել է մեր ցեղը երաշտի տարում և մի ամբողջ դաշտ նեկտար նվիրել,  հիմա մեր հերթն է: Ճիշտ է, արյունակից ազգականներ չեք, բայց այսուհետ համարիր, որ Զի Բզան քո եղբայրն է,  իսկ նորածին զույգերը՝ քույրերդ:

Բզե Բզեն լուռ նստեց ընթրիքի սեղանի շուրջ, ոչնչից չօգտվեց, հետո բարի գիշեր մաղթեց ու ցուցադրական, ոտքերն աստիճաններին ուժգին հարվածելով՝ բարձրացավ իր ննջարան: Զայրույթից չէր կարողանում քնել.  վաղը դպրոցում ո՞նց պիտի ներկայացնի իր եղբայրացուին:

-Քնի´ր, առավոտյան դասի ենք, – սաստեց Զի Բզային:

Զի Բզան անշարժ պառկել էր ՝ աչքերը մի կետի:

-Քունս չի տանում:

Քիչ անց Զի Բզան անհասկանալի բզզացրեց: Բզե Բզեն ավելի նյարդայնացավ (այդ լեզուն առաջին ագամ էր լսում) նախազգուշական հազաց ու սկսեց կատաղորեն փմփխացնել բարձը: Չդիմացավ, այնուամենայնիվ, ձայնը սրեց ու բացականչեց.

-Պա´հ պա´հ, ի՜նչ էլ հորինում ես վարպետորեն, խելքիդ վրա զարմացա արդեն, թո´ղ քնեմ, — ու ծափահարեց եզրափակիչ:

-Մեռած լեզու է, վայրի մեղուներն են խոսել հազարամյակներ առաջ։ Պապիկս է սովորեցրել, դժվար պահերին օգնում է, — հանգիստ ու խաղաղ բացատրեց Զի Բզան՝ աչքերն առաստաղից չկտրելով:

-Եվ ի՞նչ է նշանակում էդ բըզ-բըզբզ-բըըզբզ-բըըըըը՞զը,- «զ»-երը կրկնապատկելով՝ ատամների արանքից ֆշշացրեց Բզե Բզեն:

-«Աչքերդ փակիր, և պատկերացրու, որ  ծովում ես, չորս կողմդ ջուր է, իսկ ափը չի երևում…»:

-Ե՞վ…

-Եվ օգնում է…

Բզե Բզեն փակեց աչքերը ու պատկերացրեց ծովը. առաջին մի քանի վայրկյանին ուրախացավ: Շուրջը կապույտ-կապո՜ւյտ էր: Ալիքները ծփացին, ալիքները փայլեցին արևի շողերի տակ, ու ջրի մակերևույթին շատ մոտիկ՝ մի քանի ձկնիկ արագ-արագ լողալով մոտեցան Բզե Բզեին: Մոռացավ նույնիսկ Զի Բզայի տհաճ ընկերակցության մասին: Հանկարծ մտքով անցավ՝ իսկ ո՞նց պիտի տուն հասնեմ, աջ-ձախ նայեց  շփոթված ու …աչքերն արագ բացեց.

-Հա՜, օգնում է,- ասաց, խորը շունչ քաշեց:

 Վերջնականապես խաղաղվեց, երբ առաջին հարկից լսեց ամանների չխկչկոցը․ մայրն էր խոհանուցում:

Զի Բզան շարունակում էր կամացուկ բզզալ անհասկանալի լեզվով:

-Լավ, եղբայրի´կ, քնենք, ուշ է (նստեց մահճակալին, Զի Բզայի ոտքերի մոտ), — վաղը մեր բացատը ցույց կտամ:

 Բզե Բզեն տարօրինակ ջերմություն զգաց «եղբայրիկ» բառն արտաբերելիս: Ի վերջո Զի Բզայի՝ իրենց տանը հայտնվելը դրական կողմեր էլ ունի.  օդային գնդակ կխաղան միասին և կճամփորդեն Խատուտիկ օդապարիկով:

Փչեց մոմն ու քնեցին:

Առավոտ շուտ շալակեցին գրքերով լի ուսապարկերն ու թռան դեպի դպրոց:

Բզե Բզեն Զի Բզային ծանոթացնում էր ճանապարհին աճող ծառ ու ծաղկին, իսկ Զի Բզան ողջունում էր նրանց հերթով ու հարցնում որպիսությունը:

-Բարև, տղանե´ր,- ճյուղից ցած թռավ ու նրանց ողջունեց դպրոցի հարևանությամբ ապրող  Ճնճղուկը, գնաց-եկավ, մի անգամ էլ ողջունեց (արվեստագետ էր ու մի քիչ ցրված ): Հանկած, մի բան հիշեց ՝ բացականչեց.

-Օ՜ , դո՞ւ ես մեր բացատի նորեկը, բարի գալուստ մեր հյուրընկալ բացատ, տղա´ս:

-Ողջո´ւյն,- Զի Բզան թափահարեց թևիկները:

— Ցանկացած հարցով կարող ես դիմել պարոն Ճնճղուկին, տղա´ս: Եթե արվեստը քո էությունն է, եթե սիրում ես նկարել, երգել, պարել, աս-մուն-քել, պարոն Ճնճղուկը կօգնի քեզ (թևերը տարածեց, առաջ տարավ ու արձանացավ մի քանի վայրկյան բեմական դիրքով: Հետո նույն դիրքից ոտքերը հավաքեց, ձգվեց, կտուցը վեր ցցեց).

-Անվանի տենոր Աղվեսոտտին գիտե՞ս:

 Զի Բզան, բացասական շարժեց գլուխը:

-Իսկ նկարիչ Վան Գայլի՞ն:

 Զի Բզան նորից բացասական շարժեց գլուխը:

Ճնճղուկը մի պահ զարմացած նայեց տղաներին, բայց քանի որ իսկական արտիստը մինչև վերջին տառը պիտի «կարդա» սկսած մենախոսությունը՝ շարունակեց նույն ոգևորությամբ.

-Նրանք բոլորը եղել են պարոն Ճնճղուկի  արվեստանոցում, հիացել այս ձեռքերի վարպետությամբ (թևերը հավաքեց, իրար վրա բերեց առջևում՝ ճիշտ ու ճիշտ անվանի տենոր Աղվեսոտտիի պես): Ինքը, Վան Գայլը վարպետության մի քանի դաս էր ուզում վերցնել ինձնից, հետո ժամանակ չունեցավ, ցավոք։

-Դասից կուշանանք պարոն Ճնճղուկ,- Զի Բզային օգնության հասավ Բզե Բզեն ու Զի Բզայի ականջին ասաց, — Հրաժեշտ տանք, քանի դեռ պարոն Ճնճղուկը չի սկսել դերասանուհի մադամ Հըն Դյուին ձոնած իր պիեսի նախապատմությանը, թե չէ առնվազն մինչև երկրորդ դասաժամի կեսը կերկարի:

-Բը՜զզզ, մինչ հանդիպում պարոն Ճնճղուկ,- թևիկները թափահարեցին տղաներն ու թռան դպրոց:

Հասան ճիշտ ժամանակին: Օրիորդ Բուն զնգացրեց դասի զանգը:

-Այ հիմա, բարի գալուստ մեր դասարան, եղբայրի´կ,- ասաց Բզե Բզեն, տեղ տվեց, որ Զի Բզան նստի իր կողքը:

Դասամիջոցին գրատախտակի մոտ հավաքված մեղուներին ասաց.

-Մորաքրոջս տղան է: Զի Բզայի պապիկը փրկել է մեզ  երաշտի տարում և մի դաշտ նեկտար նվիրել:

Դարձավ Զի Բզային ու աչքով արեց.

-Արագացրու  եղբայրի´կ, դասամիջո՜ց է…

-Բը՜զզզաա, — մոտ թռավ Զի Բզան:

-Էլի վայրի մեղուերե՞ն է:

-Ըհը,- ժպտաց Զի Բզան,- նշանակում է՝ եղբայր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով