Զեմֆիրա Սարգսյան, Մանկագրություն

Պատժված ընտանիքը


Գյուղի եզրին գտնվող տանը ապրում էր մի բազմանդամ ընտանիք՝ հայրիկը, մայրիկը, մեծ, միջնեկ ու փոքր եղբայրները, մեծ, միջնեկ ու փոքր քույրերը: Նրանք ունեին ամեն տեսակի մրգատու ծառերով ու թփերով լի մեծ այգի, որտեղ աշխատում էին, ստեղծում առատ բերք ու բարիք և ապրում այդ վաստակով: Կարծեք ամեն ինչ լավ էր, բայց չգիտես ինչո՞ւ, անհաշտ էին ու անհարգալից: Միմյանց անվանում էին տարբեր կենդանիների անուններով. հայրիկը մայրիկին անվանում էր «կով», իսկ մայրիկը նրան՝ «ոչխար», եղբայրներն ու քույրերը միմյանց անվանում էին աղվես, ջորի, կատու, ավանակ, մողես, ուղտ, դոդոշ, օձ, գոմեշ և այլն: Հաճախ բղավում էին ու միմյանց քաշքշում: Այդպիսի մի օր հանկարծ ուժեղ զնգոց լսվեց, ապակի կոտրվեց հատակին ու փշուրները ցաք ու ցիր եղան: Բոլորը լռեցին, հետո զարմանքով տեսան, որ պատուհանների ու դռների ապակիները անվնաս իրենց տեղում են: Այդ դեպքում ի՞նչ ապակի կոտրվեց հատակին ու ցրիվ եկավ:
-Այդ ես եմ, ձեր նախապապը,- լսվեց դիմացի պատից:
Բոլորը միանգամից նայեցին դիմացի պատին, որի վրա անհիշելի ժամանակներից փակցված էր ընտանիքի նախապապի լուսանկարը՝ ապակեպատ շրջանակի մեջ առնված: Հենց այդ ապակին էր վայր ընկել ու փշրվել: Լուսանկարի պապը հիմա չէր ժպտում, ինչպես միշտ, այլ խոժոռ ու դժկամ նայում էր ընտանիքի անդամներին:
-Դուք ինձ հոգնեցրիք, անտանելի է ձեզ լսելը: Աստված ձեզ ստեղծել է մարդ և պատվիրել է, որ ներեք ու սիրեք միմյանց: Ես նրա անունից ասում եմ. դուք որպես պատիժ կդառնաք կենդանիներ և ուղիղ մեկ տարի կապրեք այդ կենդանիների պես: Եթե ձեզ դուր կգա ձեր այդ վիճակը, այդպես էլ կշարունակեք ապրել, եթե ոչ՝ կգաք ու կխոստանաք, որ այլևս…
Պապի խոսքը դեռ չավարտված՝ տունը դղրդաց ու միանգամից մթնեց, անթափանց խավարը պատեց ու հետո քիչ-քիչ անցավ: Նորից լուսավորված տան մեջ իրար էին նայում մայրիկ կովը, հայրիկ ոչխարը, եղբայրներ գոմեշը, ավանակը, ուղտը, քույրեր ջորին, կատուն և դոդոշը: Այդ ամենը շատ հանկարծակի կատարվեց: Կենդանիները փորձեցին ինչ-որ բան ասել պապի լուսանկարին, սակայն կովի ու գոմեշի բառաչը, ոչխարի մայունը, ջորու և ավանակի զռռոցը, կատվի մլավոցը, ուղտի փնթփնթոցը և դոդոշի կռկռոցը անհասկանալի աղմուկ բարձրացրին: Հետո նրանք արտասվելով գլխահակ դուրս եկան տանից և մտան այգի՝ սնվելու: Քիչ անց եկավ հարևանը, որը գող էր ու ագահ, և տեսնելով, որ տանը ոչ ոք չկա՝ մտավ այգի ու կենդանիներին ճիպոտով ծեծելով քշեց տարավ, լցրեց իր գոմը ու դուռը կողպեց: Ծլկեցին միայն կատուն և փոքրիկ դոդոշը, թաքնվեցին թփերի տակ ու տագնապով լցվեցին: Նրանք լավ էին ճանաչում այդ հարևանին և համոզված էին, որ նա հենց հաջորդ օրը կմորթի գողացած կենդանիներին ու միսը կտանի շուկա վաճառելու: Կատվի ու դոդոշի սիրտը ճմլվում էր հարազատներին այդպես կորցնելու մտքից և որոշեցին ինչ գնով էլ լինի՝ փրկել նրանց: Երբ օրը մթնեց, և բոլորը քնեցին՝ նրանք մոտեցան գող հարևանի գոմի դռանը և սկսեցին կրծել փականը, որը, բարեբախտաբար, փայտե մի ձող էր: Խեղճ կատուն ու դոդոշը ողջ գիշեր կրծում էին ու կրծում, և դեռ լույսը չբացված՝ փականը բացվեց: Բոլոր կենդանիները դուրս եկան գոմից, փախան անտառ ու գտնելով մի խուլ քարանձավ՝ թաքնվեցին: Այդտեղից նրանք միայն գիշերներն էին դուրս գալիս. կովը, գոմեշը, ոչխարը, ջորին, ուղտը և ավանակը խոտ էին արածում, կատուն մուկ էր որսում, իսկ դոդոշը՝ որդեր ու միջատներ, մոտակա առվակից էլ ջուր էին խմում: Օրերն անցնում էին: Նրանք օր-օրի ավելի ու ավելի էին կարոտում իրենց տանն ու այգուն, ցորեն հացին ու պանրին, համեղ գաթաներին ու ճաշերին, իրենց փափուկ ու մաքուր անկողիններին, սիրուն շորերին ու կոշիկներին: Կարոտից նույնիսկ հիվանդանում էին, տառապում ու տանջվում: Բոլորից զգայուն կատուն ամեն երեկո նստում էր քարանձավի մուտքի մոտ ու լալագին երգում էր իր հորինած երգը.

Ա՜խ, իմ սիրելի գյուղ, ա՜խ իմ սիրելի տուն,
Իմ սիրելի այգի բերք-բարիքով լեցուն,
Երբ կանցնեն օրերն այս դառն ու տխուր,
Որ վերադառնանք ձեր գիրկը տաքուկ:
Այս դժվար օրին էլ չենք դիմանոււմ,
Մարդկային կյանքին շատ ենք կարոտում,
Օ՜, պատժվել ենք մեր անկիրթ վարքից
Ու վտարվել ենք անուշ դրախտից:

-Ի՜նչ բախտավոր են մարդիկ, օ՜, ինչ երջանիկ են նրանք,- ամեն օր բազմաթիվ անգամներ երանությամբ ասում էին միմյանց ու ողբում,- ա՜խ, ինչպե՞ս մենք չէինք հասկանում: Վա՜յ մեզ, վա՜յ մեզ…: Ե՞րբ կանցնի մեկ տարին ու նորից մարդ կդառնանք: Մենք արդեն կապրենք սիրով ու համերաշխ: Ոչի՛նչ, ոչի՛նչ այս աշխարհում չի կարող արժենալ մարդկային կյանքի մի փշուրին անգամ: Մարդ լինելը ամենամեծ երջանկությունն է, որ կա:

Այդպես անցավ շոգ ամառը, անցավ զով աշունը, սկսվեցին ձմռան ցրտերը, և դրանց հետևանքով՝ կենդանիների էլ ավելի թշվառ օրերը: Նրանք հիվանդանում էին, հազում էին ու փռշտում, շնչահեղձ լինում, սրթսրթում, դողդողում: Առողջները իրենց մարմնով տաքացնում էին հիվանդին, սիրում ու գուրգուրում: Հիշում էին գյուղի հոգատար ու հմայիչ բժշկուհուն…: Շա՜տ, շա՜տ դժբախտ էին, անօգնական ու ողորմելի: Վերջապես եկավ այն ցանկալի օրը, երբ լրանում էր կենդանիների դժբախտության մեկ տարին: Գիշերով, որպեսզի գող հարևանը իրենց չտեսնի, եկան տուն և ի՞նչ տեսան…: Տունը ամբողջովին թալանված էր, պոկել ու տարել էին անգամ դռներն ու լուսամուտները: Սարսափելի էր մտածելն անգամ, որ պապի լուսանկարն էլ տեղում չի լինի, և այդ դեպքում իրենք չէին կարող մարդկային կերպարանք ստանալ…: Օ՜, միայն թե` ո՛չ դա…: Նրանք տագնապով տուն մտան և առաջինը, որ ուզում էին տեսնել՝ պապի լուսանկարը, տեղում էր: Լուսինը բաց պատուհանից լուսավորել էր սենյակի դիմացի պատը և պարզ երևում էր, որ պապը նախկին տարիների պես ժպտում էր բարի ու սիրելի ժպիտով: Կենդանիները երջանկությունից սկսեցին արտասվել ու խնդրել պապից, որ իրենց մարդկային կյանք վերադարձնի: Եվ չնայած կովն ու գոմեշը բառաչում էին, ոչխարը՝ մայում, ջորին և ավանակը զռզռում, կատուն մլավում, ուղտը փնթփնթում և դոդոշը կռկռում՝ պապը ամեն ինչ հասկացավ, ավելի լայն ժպտաց ու… տունը դղրդաց և միանգամից լուսավորվեց: Լույսն այնքան պայծառ էր, որ կենդանիները չդիմանալով՝ փակեցին աչքերը և երբ բացեցին՝ միմյանց տեսան այնպիսին, ինչպիսին մեկ տարի առաջ էին՝ հայրիկը, մայրիկը, մեծ, միջնեկ ու փոքր եղբայրները, մեծ, միջնեկ ու փոքր քույրերը: Նրանք գրկախառնվեցին, համբուրվեցին և ուրախությունից սկսեցին թռչկոտել ու պարել: Հետո տեսան, որ տունը շատ արագ լցվեց գեղեցիկ կահույքով ու գորգերով, կենտրոնում սեղանի վրա շարվեցին համեղ ու բազմազան ուտելիքներ, դռներն ու լուսամուտները նորից իրենց տեղում էին:

Սիրելիս,- մայրիկը սկսեց այդպես դիմել հայրիկին ու զավակներին:

-Անուշս,- հայրիկը սկսեց այդպես դիմել մայրիկին ու զավակներին:

-Իմ լավ ախպերիկ,- այդպես էին դիմում քույրերը իրենց եղբայրներին:

-Սիրունս,- այդպես էին դիմում եղբայրները իրենց քույրերին:

Եվ այսպես, ամեն օր ընտանիքի բոլոր անդամները միմյանց դիմում էին հարգալից ու սիրալիր։ Նախկին օրերի պես ցերեկները աշխատում էին իրենց այգում, ստեղծում բերք ու բարիք, իսկ երեկոյան վայելում էին ընտանեկան կյանքի խաղաղությունն ու ջերմությունը: Դիմացի պատին անհիշելի ժամանակներից փակցված լուսանկարից նախապապը բարեհոգի ժպտում էր նրանց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով