Մանկագրություն, Սլավիկ Ալավերդյան

Վնասատուն և փրկիչը

                Տիեզերքում ապրում էր մի մոլորակ, որն Արևից ավելի հեռու էր, քան Մարսը: Այն ավելի մեծ էր, քան Երկիրը և իր հարևան փոքր մոլորակները` Մերկուրին, Վեներան և Մարսը միասին վերցրած:

                Նա հաճախ էր նեղվում. լինելով բոլորի նման մոլորակ և տեսնելով երկվորյակ քույրեր Վեներայի և Երկրի վրա եռացող կյանքը` նախանձում էր, ուզում էր ինքն էլ լինել «ապրող» մոլորակ։ Բայց Արեգակից ունեցած մեծ հեռավորությունը թույլ չէր տալիս: Եվ ահա գտավ ելքը․ հարևան Մարսը մի արբանյակ ուներ, որը նվեր էր ստացել իր մեծ եղբայր Յուպիտերից: Եթե ունենար նման մի արբանյակ, այն  կմոտենար Արեգակին, կհպվեր նրան, կբոցավառվեր և վերադառնալով՝ կպտտվեր իր շուրջը` դառնալով լույսի և ջերմության լրացուցիչ աղբյուր:

                Բայց ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել արբանյակ: Նրա մի կողմում հսկա Յուպիտերն էր՝ իր բազմաթիվ արբանյակներով, մյուս կողմում Մարսը` իր միակ արբանյակով: Նախ նա խնդրանքով դիմեց Յուպիտերին: Սակայն իմաստուն հսկան չբավարարվեց նրա հիմնավորումներով և մերժեց իր կասկածելի հարևանի խնդրանքը: Մնաց փոքր և անփորձ հարևան Մարսը: Այս անգամ նա գործի դրեց խաբեությունը՝ ասելով, թե Յուպիտերը ցանկանում է տեսնել իր հին ընկերոջը, և դա անհրաժեշտ է նրա տեղափոխման համար: Միամիտ Մարսը հավատաց նրա խոսքերին: Եվ չար մոլորակը անցավ իր ծրագրի իրագործմանը:

                Որպեսի արբանյակին ստիպեր կատարել իր հրամանը, այն է՝ մոտենալ Արեգակին, ապա վերադառնալ և պտտվել իր շուրջը, նա ասաց, որ չկատարելու դեպում կոչնչացնի նրա մտերիմներին, որոնք պտտվում էին Յուպիտերի շուրջը: Հանուն իր ընկերների՝ փոքրիկ արբանյակը պատրաստ էր ամեն ինչի: Եվ նա ուղղություն վերցրեց դեպի Արեգակը:

                Ճանապարհին նա անցավ Մարսի, Երկրի, Վեներայի և Մերկուրիի կողքով՝ խուսափելով հանդիպումից: Իսկ երբ հասավ Արևին, որոշեց սպասել մինչև նա քնի, որ աննկատ մոտենա և հպվի նրան: Սակայն անքուն Արեգակը ողջ ընթացքում հսկում էր իր ընտանիքի անդորրը, որ հանկարծ Տիեզերքի հեռավոր անկյուններից ինչ-որ մեկը չհարձակվեր և չվտանգեր բոլորի համերաշխ գոյությունը: Երկար սպասեց արբանյակը և տեսնելով, որ նա չի քնում, որոշեց աննկատ մոտենալ, բայց չհպվել նրան: Եվ գաղտագողի մոտենալով՝ շիկացավ ու բռնեց հետդարձի ճամփան: Սակայն չարագործ մոլորակը հաշվի չէր առել, որ ցուրտ ճանապարհին արբանյակը կսառչի և հասնելով իր կալանավայրը՝ շատ թույլ լույս ու ջերմություն կճառագի:

                Չար մոլորակը սկսեց նոր ուղիներ որոնել իր ծրագրի իրագործման համար: Այս անգամ նա որոշեց անձամբ մոտենալ Յուպիտերին, որը ուժեղ էր անդրադարձնում Արեգակի լույսը և կարող էր լրացնել լույսի պակասը: Բայց մնում էր ավելի կարևոր հարցը. ինչպե՞ս ձեռք բերել կյանքի սածիլը: Նա քաջ գիտակցում էր, որ երկվորյակ քույրերից ոչ մեկը այն իրեն չէր տա՝ մնում էր գողանալ:

                Դրա համար պետք էր աննկատ գործել, և եթե Արեգակի դեպքում Մարսից գողացված արբանյակը անտեսանելի էր, ապա փոքր Երկրի և Վեներայի համար նա հեռվից նկատելի մի մարմին էր: Անհրաժեշտ էր մոտ հարյուր անգամ ավելի փոքր մարմին այս հանցանքը կատարելու համար: Եվ այստեղ հերթական անգամ  երևաց Վնասատու մոլորակի դաժանությունը. նա հարյուրավոր մասերի բաժանեց իր պատանդ արբանյակին, և առաջացած կտորներից մի քանիսին ուղարկեց հերթական հանձնարարությունը կատարելու: Նրանցից մեկը կարողացավ գտնել և գողանալ «կյանքի սածիլը», բայց նկատվեց Երկրի կողմից, և նրանք բոլորը ստիպված եղան արագ փախչել դեպի Վնասատու: Երկվորյակները սրա մասին շտապեցին հայտնել մայր Արեգակին, իսկ մինչ Արեգակը կհանձնարարեր բռնել հանցագործներին, սածիլ գողացողները հասան Վնասատու, տնկեցին սածիլը և անսիրտ մոլորակը սկսեց դանդաղ մոտենալ լուսավոր Հսկային: Մինչ սածիլից նրա վրա սկիզբ կառներ կյանքը` լուրը հասավ Յուպիտերին. նա միայն այժմ հասկացավ իր հարևանի կասկածելի շարժման հետևում թաքնված մեծ ծրագրի ողջ լրջությունը:

                Նա որոշեց համոզել Վնասատուին հետ կանգնել իր ծրագրից` փոխարենը առաջարկելով այլ բան, սակայն նա չուզեցավ լսել իր մեծ ընկերոջը: Յուպիտերը շատ բարկացավ և որոշեց պատժել նրան: Սակայն մինչև նա կուղարկեր իր պատժիչ արբանյակներին նրան ոչնչացնելու, տեղի ունեցավ մի անսպասելի իրադարձություն. Վնասատուն, տեսնելով իր ծրագրի ձախողումը և իր անխուսափելի պատիժը, որոշեց իրեն պայթեցնել` վնաս տալով երկրանման մոլորակներին: Նա ուղղություն վերցրեց դեպի Երկիր և Վեներա: Մարսը արագ նկատեց դա և նախազգուշացրեց բոլորին: Մարսը, Երկիրը, Վեներան և անգամ Մերկուրին, վախենալով խելագար մոլորակից, հետ քաշվեցին և մոտեցան Արևին: Իսկ Յուպիտերը արագորեն ուղարկեց իր մի քանի արբանյակներին` չեզոքացնելու Վնասատուին: Սակայն մեծահոգի հսկան չէր կարող միայն պայթեցնել նրան և չմտածել հետևանքների մասին` թողնելով, որ նրա մասերը ցրվեն և բախվեն Արեգակի ընտանիքի անդամներին: Եվ ինքն էլ մեծ արագությամբ մոտեցավ Վնասատուին:

Տեղի ունեցավ հզոր պայթյուն. այսպիսի հզոր պայթյուն Արեգակնային ընտանիքում դեռ չէր եղել: Մասնատված մոլորակի մասերը մխրճվեցին Յուպիտերի մեջ. նրանցին ամենամեծը առաջացրեց մի ահռելի սպի: Իսկ մյուս բյուրավոր կտորները ցրիվ եկան Յուպիտերի շուրջը. նրանց մի մասը դարձան արբանյակներ, իսկ մյուսներին հետաքրքիր ապագա էր սպասվում: Յուպիտերը Արեգակի հետ խորհրդակցեց, և որոշեցին այդ մոլորվածների համար ստեղծել կյանքի մի գոտի, որով կպտտվեին Արեգակի շուրջը` չխանգարելով այլոց: Ահա այսպես առաջացավ «Աստղակերպերի գոտին»: Երբ ամեն ինչ խաղաղվեց, չորս փոքր մոլորակները վերադարձան իրենց նախկին դիրքերը: Յուպիտերը շատ տխրեց, որ Մարսին տված իր նվերը զոհ գնաց չարագործի արարքներին, և նա որոշեց այդ հազարավոր փոքրիկ մարմիններից երկուսը նվիրել Մարսին: Նրանք մինչ օրս պտտվում են Մարսի շուրջը և իրենց անուններով («Ֆոբոս»` Ահ, «Դեյմոս»` Սարսափ) մարդկանց հիշեցնում միլիոնավոր տարիներ առաջ Արեգակի ընտանիքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների, Վնասատուի և Փրկչի մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով