ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Բանաստեղծություններ

Մեդիտացիա

Լռի՛ր մարդ…
Աշխարհը վակուում է,
Զուր ես աղմկում:
Անխոս մենացիր
Հոգուդ աշխարհում
Եվ…լսի՛ր մարդ,
Լսիր ինքդ քեզ,
Արտաշնչիր…
Հաշվիր մտքիդ շշունջները խուլ,
Որ նիրվանայի ճամփին են արդեն
Եվ… աչքերդ փակած՝
Հաշտվիր Ես-իդ հետ:
Լռի՛ր մարդ…
Մանրուքներ շատ կան,
Որոնց հետ պետք է
Միշտ հաշվի նստել:
Լավ է չխորհել:
Մի խորհիր, բա՛վ է:
Կարծում ես հե՞շտ է աշխարհում ապրել
Երբ քեզ օտար ես,
Կամ երկրպագել մութ գաղափարներ,
որտեղ դու չկաս…
Իսկ հետո՞,
Ինքնահամոզում՝ թե դու հանճար ես:
Լռի՛ր Մարդ…

***

Եղբայրս լալիս է,
որովհետև ինքը չի եղել,
երբ եղել է մեր հայրը:
Արտասուքները սրբում է թևքով,
խնդրում է, որ իմ աչքերով տեսնի նրան,
ում այդքան նմանվել է այս տարիքում:
Ի՞նչ պատմեմ նրան,
Երբ տեսնում եմ նրա արցունքները,
ինչպես տեսնում էի
հորս  աչքերում զսպված դառնաջուրը`
պատերազմ գնալիս,
Երբ լսում եմ` ինչ ցավով է լալիս եղբայրս,
ինչպես մի ժամանակ լսում էի
մորս ճիչը,
երկաթե հսկաների պայթյունը
և թե ինչպես կանգ առավ հորս սիրտը…
Եղբայրս լալիս է,
որովհետև ես լռում եմ
ու մտածում,
թե Աստված նայո՞ւմ էր այդ ամենին
և ի՞նչ էր նա մտածում…

***

Ինչու՞ չզգուշացրիր գալուց առաջ։

Ես կբացեի պատուհանները,

որ քեզ իր հետ բերած քամին

առաջինն իմ տան վարագույրները շոյեր։

Ես մեջս ուղիղ կքայլեի, 

Կնիհարեի քո գալստյան առթիվ,

Կհետևեի հագուստիս ու բառերիս ճիշտ ընտրությանը…

Եվ որքա՜ն տգեղ ու թափթփված կլինեմ

քո գնալուց հետո,

երբ չես լինի դու, ում համար պետք է ամենագեղեցիկը դառնամ։

Կփակեմ պատուհանները, 

որ տանս՝ քո անունով լցված աղմուկը 

խլացնի քամու սուլոցը,

Ներարկվի արյանս մեջ,

Ներծծվի մաշկիս տակ,

Ու սնի ինձ քո կատարելությամբ

Մինչև քո հաջորդ սպասված,

բայց անակնկալ վերադարձ։

***

Ես սիրահարվում էի խենթ հանճարների,

նրանք սիրում էին իրենց արվե՛ստը…

ավելի, քան ինձ։

Այդպիսին է սերը նրանց.

կատարյալ ու գարշահոտ՝

կորցրած երջանկության պես։

Ես ուզում էի գեղեցիկը լինել,

նրանք չքնաղն էին ստեղծում,

ուզում էի խելացի դառնալ,

ծանոթացնում էին Տեսլայի հետ,

անճարությունից խելագարվել փորձեցի,

քայլերիս մեջ Նիցշեի ցնորված ստվերը տեսան,

ինձ Աստծու տեղ դրեցի անգամ,

գոյությունս ժխտեցին գիտությամբ…

Եվ միայն հեռանալիս,

երբ նրանց համար ոչ-ոք էի և ոչինչ,

ինձ սիրել սկսեցին,

որովհետև

աշխարհում ամեն բան  ուսումնասիրված էր արդեն,

բացի այն Ոչինչը, որ ես էի այսուհետ։

***

 Հեսսեական

Դու իմ սիրելի պատահականությունն ես,

Որ եկար պարզապես լինելու համար։

Թեև անմտադիր, բայց զգույշորեն

Եղար, որ մի դաս ինձ ուսուցանես։

Եղար, որ հիշեմ,

Որ պետք է սիրեմ իմ մերձավորին՝

Իմ իսկ անձի պես։

Բայց հեռավո՜րս,

Օրենքն անտեսած սիրեցի և քեզ։

Եղար, որ ցավամ, եղար, որ ցավեմ,

Որ երջանկանամ անգամ վշտի մեջ 

Ու որ երբեմն գլուխս կորցրած

Մի հիվանդությամբ ինձ ապաքինեմ։

Մտքերս հասցնելով մի այլ եզերքի

Եղար պարզապես, որ ես ի վերջո

Ժամանակին սահմանում տամ մի՝

Որն հավերժ նույնն է, բայց միշտ՝ նորովի։

Եղար, որ օգնես անգիտակցաբար, 

Արթնացում կոչես զվարթությունս խոր,

Թույլ չտաս երբեք իզուր ափսոսել 

Սպասման վրա վատնած ոչ մի օր։

Եղար…որ կյանքում ես ցանող լինեմ,

Ով բերքհավաքի սպասում ունի ո՛չ երկրի վրա, 

Ում դիափոշին մի օր այլևս

Քամու ձեռքն ընկած, անարժեք դաձած՝

անտեր կմնա։

***

Մի օր մեկը կար,

Ում ափերից

Ծովերի հոտ էի առնում

Ու մատնահետքերը

Ալիքներ էին հիշեցնում՝ 

Շնչառությանս հարավային

Քամիների տակ օրորվող։

Ամեն անգամ ձեռքը բռնելիս

Գրկում էի ծովերը,

Մատներիս տակ զգում ճայերի չուն,

Արդեն առագաստները բարձրացրած

Նավերի շառաչը նավահանգստում։

Ամեն անգամ ձեռքը բռնելիս

Իմ անծով քաղաքում

Գրկում էի ծովերը 

Եվ աշխարհը մի բուռ էր թվում՝

Նրա ափի մեջ 

Ծովանկար դարձած…

Ես ամեն անգամ

Փորձում էի խեղդել մատներս

Նրա ափի անհատակ ծովերում,

Պոսեյդոնի նման հանդարտեցնել փոթորիկները

Ընդամենը մեկ հպումով,

Ու պարզապես

Խորտակվե՜լ, խորտակվե՜լ…

Մի օր մեկը կար

Ում ափերի ծովաբույրը չեմ մոռանում,

Մի օր Նա կար…

***

Խռովել եմ քամուց

Քամի էր…

Քշեց, բերեց նախ քեզ,

Հետո՝ պատերազմը,

Երկաթե մարդկանց,

Հրդեհվող երկինքը,

Ապա մահաբույրդ,

Ու մոխիրներդ 

Թաց այտերիս հասցրեց։

Խռովել եմ քամուց…

Քամի է։

-Եղե՞լ են ժամանակներ, 

Երբ պատերազմ չկար,-

Հարցնում է որդիդ։

Քամին քշել, տարել է

Պատասխանները։

Բոլորը։

Խռովել եմ քամուց…

Քեզ կրակել են, ի՛մ վերքն է ցավում,

Քամին փչեր, վերքս հովանա՜ր։

Քամի լիներ,

Քշեր, տաներ պատերազմները,

Քե՜զ չտաներ…

Արևը խանգարում է,

Դաղում է վերքս։

Քամին չկա։

Խռովել եմ քամուց…

***

Ինչ-որ տեղ լեռներում,

Արևածագին,

Մեզ համար մի տուն կառուցիր՝

Լիքը լուսամուտներով,

Որ ամեն կողմից գալդ տեսնեմ։

Առավոտյան,

Գնալուց առաջ ամուր գրկիր՝

Առանց հրաժեշտի։

Բարկացիր, 

Եթե անհանգիստ 

կկրծեմ եղունգներս,

Ու հիշեցրու, որ վերադարձողներին

Սպասողներ են պետք։

Գալիս դաշտերից սեր փնջիր

Ու մի բուռ դաղձ՝

Անշաքար թեյիդ համար։

Երեկոյան թինկնիր բազմոցին,

Երաժշտություն լսիր,

Կամ տողեր գրքից,

Որ կկարդամ քեզ համար։

Ու ինչ էլ լինի,

Վերադարձիր՝

Այսօր, վաղը,

Ուշ կամ շուտ,

Բայց միշտ ժամանակին,

Ամեն անգամ,

Հեռվից,

կամ պարզապես 

Կողքի սենյակից։

Թույլ մի տուր,

Որ առանց քեզ երեկոյանա,

Որովհետև

Քոնն է առավոտս,

Եվ կեսօրս,

Երեկոներս,

Ժամանակս,

Հավիտայնս

Ամէն։

***

Մի օր ես կխորտակվեմ
Արվեստի անհատակ ծովերում,
«Մտածողի» ռոդենական մտքերում
Ու Վան Գոգի աստղային գիշերներում,
Մեղեդիներում Խաչատրյանական վալսերի,
Հեսսեի խելացնոր տողերում…
Բայց չեմ գտնի Քեզ։
Մի օր ինձ «Օսկար» կշնորհեն
Ու կհրաժարվեմ Նոբելյան մրցանակից,
Ինձ ծափերով կողջունեն
Կամ կողջակիզեն հրապարակում,
Մի օր կմոլորվեմ հայտնի ու անհայտ հավատալիքների խաչմերուկներում,
Հեթանոսության ու աթեիզմի,
Աղանդների ու Բուդդիզիմի արանքում,
Բայց Քեզ չեմ գտնի երկրպագելու համար։
Մի օր անհնար կլինի ապրել առանց գերմաներենի ու…
Առանց Քեզ։

***

Այսօր այնքան տխուր եմ,

Կարծես կորցրել եմ 

Քո մասին բոլոր մտքերս

Քաղաքի նեղ փողոցներում,

Ուր համբուրվում են սիրահարները

Իսկ մուրացկանը,

Զգացմունքներից քամված,

Անտարբեր իր ձեռքն է պարզում,

Թեև գիտի, որ բոլորի գրպաններում

Միայն գումարն է օրվա հացի։

Այսօր այնքան տխուր եմ,

Կարծես մեկը փողոցն հատելիս

Գտել է մտքերս,

Վերցրել ու իր ծոցագրպանն է դրել՝

Ճմրթելով կամ ծալելով,

Հասարակ իր համարելով

Առանց վերադարձնելու մտադրության…

(Գոնե մուրացկանին որպես ողորմություն տա)։

Այսօր այնքան տխուր եմ,

Կարծես լռել են քո մասին երգերը

Լռել են իմ իմացած բոլոր երգերը,

Դրանք բոլորը քո մասին էին,

Բոլորը…

Այնքան տխուր եմ,

Կարծես մտքերս սևագիր են համարել,

Դեն նետել,

Արհամարհել…

Այսօր այնքան տխուր եմ ես..

Ասես կորցրել եմ բոլոր մտքերս,

Ասես մտքերիցս կորցրել եմ քեզ…

***

ՄՐՍՈՒՄ ԵՄ ԵՐԲԵՄՆ

Մրսում եմ երբեմն,

Երբ երկնաթույր տանիքների հետևից

Կանչում է դեղին կարոտը իմ խենթ… 

Ես մրսում եմ, երբ 

Անշունչ գիշերի թանձրության մեջ

Կոտրված լուսնի մասունքն եմ գտնում քո լուրթ աչքերում։

Երբ քո մարմարե, մրսած մատների 

Թույլ հպումն անգամ 

Երջանկաբեր սարսուռ է ծնում 

իմ հիվանդ հոգում…

Մրսում եմ երբեմն,

Երբ գիշերացած առավոտներս

Ականջում են քո խոսքերը անձայն,

Ես մրսում եմ, երբ ամեն անգամ քո հեռանալուց 

զգում եմ  սարսափը ազատ անկման,

Ու միտումնավոր ստեր եմ ասում, 

Անկեղծորեն հավատում դրանց։

Մրսում եմ երբեմն, երբ մտածում եմ.

«Մի՞թե դու չէիր հավերժությունը»…

Մրսում եմ… գիտե՜մ, որովհետև

Ես սիրում էի քեզ, դու էլ ինձ էիր սիրում՝ երբեմն…

***

Թույլ տուր ծով դառնամ ու քեզ խորտակեմ,
Ընդհատակ տանեմ հույզերդ խռով,
Ալեկոծ հոգիդ ալիք դարձնեմ,
Ման ածեմ ինձ հետ օտար ափերով։

Թույլ տուր ծով դառնամ, որ բացահայտես
Ջրասույզ կղզիներն իմ գրկում թաղված,
Նավաստի դառնաս, ափերիս ննջես՝
Երգահան քամու մեղեդով արբած։

Ծով դառնամ, գգվեմ շուրթիդ արնաթույր,
Սպասումի հևքից ցամաքեմ հանկարծ,
Քեզնից փախցնեմ սոսկ քաղցր համբույր
Ալիքվեմ, անցնեմ, երբեք չիմանաս…

Մարիամ Տոնոյան
 Գեղարքունիքի մարզ, Գավառի ավագ դպրոց
12-րդ դասարան, հումանիտար հոսք


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով