Անի Քերոբյան, Մանկագրություն

Մարսելիկի արկածները, Համար 4

Ժուկով-ժամանակով հեռավոր Մարսելա քաղաքում ապրում էր մի մարդուկ՝ անունը Մարսելիկ, ավելի ճիշտ՝ Մարսելիկ-համար 4: Այստեղ ապրող բոլոր բնակիչներն առաջին հայացքից ասես թզուկ լինեին, բայց իրականում թզուկից էլ փոքր էին: Նրանք կրում էին իրենց հասակից մե՜ծ, շատ մեծ գլխարկներ՝ գագաթները սուր, գունավոր թելերով կարկատված…. Մարսելայում ապրող բոլոր բնակիչներն ունեն այնպիսի անուններ, որոնք բնորոշում են իրենց քաղաքը. մեկը կոչվում է Մարսիկ, էն մյուսը՝ Մարսալիկ, մեկ ուրիշը՝ Մարսասայիկ և այսպես շարունակ: Այսպես նրանք դարձան տարածաշրջանի ամենայուրատեսակ բնակիչները: Նրանց կողքի քաղաքում՝ Մարգայում, ոչ ոք իր քաղաքի անունով չէր կոչվում. այնտեղ հաստատ չեք գտնի Մարգա կամ Մարգիսա անունները, ուստի Մարսելայի բնակիչները ռեկորդ գրանցեցին՝ դառնալով ամենամոլի քաղաքացիներ: Ժամանակի հետ մարդուկների երևակայությունը սպառվեց. մ-ա-ր-ս-ե-լ-ա տառերով բոլոր անունները օգտագործեցին: Քաղաքապետը՝ մի չաղ ու թուխ մարդուկ, հրահանգ արձակեց սպասել, քանի դեռ նոր անուն չեն որոշել: Բայց դե երեխաները ծնվում էին ու դառնում անանուն: Օրերից մի օր, երբ նորածիններն էլ նորածին չէին, քաղաքապետ Մարսիկան հայտարարեց՝ ճար է գտել:

— Փոքրի՜կ համաքաղաքացիներ,- սկսեց նա՝ մի կոճղի վրա կանգնած,- ես և իմ ուղեղների խումբը որոշեցինք նոր անուններ մտածելու փոխարեն գործածել նույն անունները՝ թվային համարներով, օրինակ՝ մեր հարևան Մարսուլիկը իր նորածին աղջկան կարող է կոչել իմ անունով՝ Մարսիկա-համար երկու:

-Փա՜ռք մեր քաղաքապետին. նա գտա՜վ լուծումը:

Մարսելան գտնվում էր  ոռոգող առվի ափին՝ ինչ-որ մեկի դղյակի պարտեզի ծայրամասում՝ չմշակված խոտերի մեջ: Քանի որ բնակիչները շատ փոքր էին, համարյա դոդոշների ու ճագարների հասակին, հենց դոդոշներին ու ճագարներին բուծում էին որպես տնային կենդանիներ, օգտագործում այնպես, ինչպես սովորական մարդը կօգտագործեր խոշոր կենդանիներին: Գորտերը, որոնցից օգտվում էին միայն քաղաքապետ Մարսիկան ու նրա թիմը, հանդիսանում էին փոխադրամիջոցներ առվի մյուս ափը, այնտեղից էլ՝ անմշակ պարտեզները թափառելու համար: Ճագարներին բուծում էին որպես կաթնատու կենդանիներ( նոր ծնած ճագարները մեծ սիրով կաթ էին տալիս մարսելիսցիներին՝ գազար ու կաղամբ ստանալու փախարեն), իսկ օրինակ հավերը, որ հաճախ էին այդ կոմերում երևում, երբեմն թուխս էին նստում հենց Մարսելայի կենտրոնում ու մի մեծ ձու պարգևում երջանիկ բնակիչներին: Հավը ոչինչ չէր պահանջում դրա փոխարեն, որովհետև նա անգամ չէր գիտակցում իր օգտակարությունը: Չնայած օրեր են եղել, երբ հավերն այդ կողմերում չեն էլ երևացել, բայց մարսելցիները դրա ճարն էլ են գտել. հեռավոր դղյակից նրանք թռցրին իրենց չափերի համար մի մեծ պարկ ցորեն(իրականում ընդամենը մի փոքր տոպրակ էր) և սկսեցին քիչ-քիչ կուտ տալ անխելք թռչուններին ու հրավիրել Մարսելա: Այսպես երջանիկ ապրում էին Մարսելցիները՝ առանց իմանալու՝ ինչ է կատարվում իրենց քաղաքից դուրս:

——————

Օգոստոսյան մի շոգ օր, իրենց խրճիթի տափակ տանիքին, աջ  ձեռքին թիկն տված, արևին ժպտում էր Մարսելիկ-համար 4-ը: Նա երազո՜ւմ էր:  Մարսելիկը տան միակ զավակն էր, և թեև արդեն հասուն պատանի էր, չէր մտածում հորն օգնելու և ընտանիքը պահելու մասին: Փոխանակ ամեն օր դաշտը վարեր, իրենց միակ ճագարիկին կերի և կտուրը մաքրեր, նստում էր այստեղ ու մինչև աստղերին հրաժեշտ տալը խորասուզվում երազների աշխարհում: Մարսելիկը սիրահարվա՜ծ էր: Բայց ընդամենը մի քանի ամիս առաջ նա օրինապահ մարսելցի էր, մինչև հանդիպեց նրան՝ հեռավո՜ր դղյակում ապրող գողեցկուհուն: Դա պատահեց այսպես.

-Մարսելի՜կ, Մարսելի՜կ-համար 4, դե՛հ, քեզ կարգի բեր ու ներկայացիր պարոն Մարսիկային:

Տասը րոպե անց Մարսիկան խոսում էր այսպես.

-Ես քեզ՝ որպես Մարսելայի բնակիչ, շատ եմ հավանել, Մարսելի՛կ-համար 4:

— Օ՜հ, շնորհակալ եմ,-կարմրելով ասաց մեր հերոսը:

— Չկա մի օր,- շարունակեց Մարսիկան իր թավ ձայնով,- որ ձեր դռներով անցնելիս չտեսնեմ՝ ինչպես ես քրտնաթոր աշխատում, ինչպես ես ծեր հորդ օգնում: Ապրե՛ս: Ես ուրախ եմ, որ նոր սերունդը, ի դեմս քեզ, այսպես աշխատասեր է: Ուստի ուզում եմ, որ քո երիտասարդ մկաների ուժն օգտակար լինի նաև մեր քաղաքը կառավարելիս:

Ապա ավելի մոտենալով Մարսելիկ համար 4-ին, որ միայն իրենք լսեն, ասաց.

— Հասկանում ես, ես այսօր կամ, վաղը՝ ով գիտի(եթե չլիներ Մարսելիկի զոլավոր, սրածայր գլխարկը, հաստատ կգրեի՝ նրա փոխարեն բողկ է կանգնած. այնքա՜ն էր կարմրել): Ուստի (արդեն բարձրաձայն) քեզ հանձնարարում եմ մի շա՛տ կարևոր առաջադրանք, որը եթե կատարես, ապա կդառնաս քաղաքապետարանի գործակից անդամ(քաղաքապետը աչքով արեց):

-Օ-օհ, պը-պարոն, մի՞թե ես այդքան վստահություն ունեմ, ա-ախր…

-Շշշ.․․ առարկումներ չեն ընդունվում: Վաղը ևեթ աշխատանքը կսկսես, իսկ հիմա լսի՛ր պահանջը:

Մարսիկան ծանր նստեց իր սեղանի մոտ, ապա շեղակի նայեց պատի տակ շարքով նստած մյուս աշխատակիցներին, որոնցից մեկը թափ-թափ նրան մոտեցավ և տվեց մի տերևի կտոր:

-Եվ այսպե՜ս,- սկսեց քաղաքապետը,- Մարսելիկ-համար 4, Մարսիսի որդի, քեզ հանձնարարվում է վաղը ևեթ հեծնել իմ մասնավոր դոդոշին և շտապել դեպի այն հսկա դղյակը, որը Մարսելայից տասը սիստեմ հեռավորության վրա է գտնվում(10 սիստեմը  նրանց համար չափազանց է, բայց իրականում այն հավասար է սովորական մարդկանց 10 մետրին):

Մարսելիկը թուքը կուլ տվեց. նրան մանկուց զգուշացրել էին այդ կողմերում չհայտնվելու մասին: Մայրիկն անգամ ահ էր տվել, որ այնտեղ ապրող բնակիչները հսկաներ են:

-Մայրիկ իսկ հավերը, նրանք ոնց չեն վախենում,- այն ժամանակ հարցրել էր Մարսելիկը:

-Գիտես, որդիս, այդ հսկաները մեզ պես չեն. նրանք սիրում են ամեն ինչ չարաշահել, օգտագործել և վերջում դեն նետել: Այդ հավերը, որ մեր քաղաքի բարերարներն են, գիտե՞ս, նրանք չեն հասկանում՝ ովքեր են այդ հսկաները և ինչ են ուզում իրենցից:

-Օ՜հ:

-Այո՛, քո մեծ պապը անձամբ է տեսել՝ թե ինչպես են նրանք թռցրել այն հավի գլուխը և բմբլահան արել, որն այլևս չէր ածում: 

-Իսկ ի-ինչ,- դիմեց քաղաքապետին, -ինչո՞ւ պետք է գնամ այն..

-Դե, ես ենթադրում եմ, որ քեզ պես հզոր բազուկներ ունեցող հպարտ մարսելիսցին չի վախենում, չէ՞,- ակնարկեց քաղաքապետը:- Դու կգնաս այնտեղ, կտեսնես մի մե՜ծ տակառ, այնքան մեծ, որ մեր քաղաքը մեջը չի երևա: Այնտեղ մի հսկա սև կենդանի է ապրում: Հըմ(հազաց): Ուրեմն կգնաս այնտեղ, Մարսիկ-Վարսիկին՝ իմ դոդոշին, կկապես դրսում, որ չփախչի, դանդաղ կմտնես այդ տակառի մեջ և կտեսնես մի դատարկ ջրի շիշ: Զգույշ կվերցնես այն, այքան զգույշ, որ այդ կենդանին չնկատի, թե չէ թաթից չես պրծնի, ու կբերես այստեղ. դա կլինի քո հաղթանակի առհավատչյան: Ի՞նչ կասես:

Մարսելիկ-համար 4-ը մեկ անգամ էլ թուքը կուլ տվեց, չնայած որ բերանն արդեն չորացել էր, ապա զննեց մյուս աշխատողների դեմքերը. նրանք շատ լուրջ էին երևում: «Գուցե կասկածո՞ւմ են, թե  այս բազուկները ուղղակի օդով են լցվա՞ծ,-մտածեց նա:- Չէ՛, ես դրանց ցույց կտամ»։

-Ես համաձա՛յն եմ, պարոն քաղաքապետ,- արդեն հաստատուն ձայնով ասաց նա: Քաղաքապետ Մարսիկան կողքանց նայեց մյուսներին, գաղտնի քմծիծաղեց, ապա լուրջ դեմքով թնդացրեց.

-Ապրե՛ս, Մարսելիկ-համար 4, մեր քաղաքի հպրա՛տ քաղաքացի: Մարսելայի քաղաքապետարանը հետայսու քեզ կընդունի որպես թիմակից:

————

-Ի՜նչ ես խոսում, տղա՜ս,- վախվորած ասաց մայրը, երբ Մարսելիկը փոխանցեց քաքապետի ասածները,- պարտեզի դղյակը, ո՜չ:

Այնինչ հայրը քթի տակի բեխերն էր ոլորում ու հպրատանում, որ հենց իր որդին է ընտրվել:

-Մա՜մ, ես էլ սկզբում վախեցա, հիշեցի քո պատմածները նրանց ու հավերի մասին, բայց հետո հասկացա, որ դրանք ընդամենը վարկածներ են, դու քո աչքով չես տեսել, չէ՞, թե ինչ են արել այդ հսկաները:

-Ի՞նչ կապ ունի, որդիս, ախր դա…

-Դե լա՜վ վերջացրու, Մարիսկա, մեր տղան ոտքից գլուխ լեգենդ է, պահ, իսկական Մաս-Անգեղ, իսկական Մարսեցի-Դավիթ, իսկական ըմ…

-Մա՜մ, իմ մեծ պապը հաստատ վախեցրել է ձեզ, որ չշեղվեք դեպի այն կողմերը,- իր ասածի վրա զարմանալով՝ մորը հուսադրում էր որդին:- Հապա մի ինձ պատկերացրու. ամեն օր կոկիկ հագնված գնում եմ քաղաքապետարան, գալիս տուն, երեկոները տերևների վրա եմ գրում, ամսվա վերջում մի կլորիկ կաղամբ՝ առանց հողագործական աշխատանքի:

Մարսելիկը հազիվ համոզեց մորը՝ իրեն էլ գոտեպնդելով, քանի որ դեռ մտքից դուրս չէր եկել այն ահավոր սև կենդանու հեռանկարը: Հաջորդ օրը քաղաքը թնդում էր Մարսիսի որդու հաջողության լուրով:

-Եվ այսպես, այսպես,- սկսեց քաղաքապետ Մարսիկան՝ նույն կոճղին կանգնած, երբ հավաքվել էին բոլոր բնակիչները:- Սույն թվականի հունիսի տասնհինգին, երբ Լուսինը նորից բարակել է, նմանվել մեր սուր գլխարկներին, իմ սիրելի քաղաքացիներ, Մարդիկուսի թոռը, այսինքն՝ Մարսիսի որդի Մարսելիկ-համար 4-ը, լա՛վ լսեք, ոչ 3-ը կամ 5-ը, այլ 4-ը, որ մի բարետես երիտասարդ է այս խոսքի վրա բոլոր մարսելցուհիները աչքները սևեռեցին կոճղի աջ կողմում կանգնած Մարսելիկին), որոշել է միայնակ գնալ և հետ բերել մեր քաղաքի ջրապաշարի սրվակը, որն անցյալ շաբաթ տարավ մի սև փռչոտ կենդանի: Ուստի… Լռությու՜ն…

Աղմուկը միանգամից սսկվեց. ուշադիր լինելու դեպքում առաջին շարքում կանգնած մարդուկները կլսեին Մարսելիկի սրտի հարվածները:

-Ուստի,- շարունակեց թավ ձայնը,- մենք բոլորս պետք է սրտանց հաջողություն մաղթենք Մարսելիկին, որովհետև նա մի քանի րոպեից ճամփա կընկնի: Իսկ հիմա խնդրում եմ, որ իմ պատվիրակները այստեղ բերեն իմ համովիկ Մարսիկ-Վարսիկին:

-Ապրե՜ս, Մարսելիկ-համար 4,- լսվեցին տարբեր կողմերից:

-Քե՜զ հաջողություն: Ապրե՜ս…

— Իմ տղան է, բա՜…

-Ապրես Մարսելի՜կ ջան, չվախենա՜ս…

-Ես էլ էի քո տարիքում այդպե՜ս համարձակ…

-Իմ որդին է, բա՜…

— Հանուն մեր քաղաքի․․․՜

-Կեցցե՜ Մարսելիկ-համար 4-ը, կեցցե՜ Մարսիկա քաղաքապետը…

-Իմ որդի՜ն է…

Մարսելիկին գամեցին Մարսիկ-Վարսիկ դոդոշի վրա ու մի լավ հարվածեցին նրա հետույքին: Դոդոշը կռռալով վեր ցատկեց:

Այս ու այն կողմից շարունակվում էին լսվել գոտեպնդիչ խոսքեր, մաղթանքներ, միայն մի անկյունում մի խեղճ կին հոնգուր-հունգուր լաց լէր ինում:

-Կեցցե՜ս, Մարսելի՜կ-համար 4…..

— Նա ի՜մ որդին է…

—————————

Շատ թե քիչ գնալը Մարսելիկը չհասկացավ. դոդոշի կռռոցից ուշքը գնացելը էր: Երբ արթնացավ, հեռվից նշմարեց մի հսկա սև զնգված:

-Ո՜չ, միայն ոչ ա՜յդ կողմը…

Բայց դոդոշն ուղղակի գնում էր դեպի սև զանգվածը: Մարսելիկի ուշքն էլի էր պատրաստվում գնալ, երբ նկատեց, որ սև զանգվածը այդքան էլ սև չէ: «Ուրեմն հրեշը չէ»,- մտածեց նա: Հետզհետե մոտենալով՝ սև զանգվածը կայուն տեսք ստացավ և դարձավ շագանակագույն. դա հսկա տակառն էր: Դոդոշին լա՞վ էին վարժեցրել, թե՞ կենդանու բնազդով որևէ բան էր զգում՝ Մարսելիկը չէր կարող ասել, որովհետև տակառին հասնելուն պես Մարսիկ-Վարսիկը կանգնեց ու այլևս չկռկռաց: Մի երկար ժամանակ դոդոշին փաթաթված՝ Մարսելիկը չէր համարձակվում իջնել վրայից, սակայն ուշքի գալով՝ սիրտը ետ բերեց:

-Կա՛մ հիմա, կա՛մ երբեք,- ինքն իրեն ասաց ու ցած թռավ դեպի խնամքով մաքրած գետինը: Մարսելիկը Մարսիկ-Վարսիկին կապեց մոտակա ցողունից, ապա նայեց շուրջը. տեսարանն աննկարագրելի գեղեցիկ էր. այն նման չէր Մարսելային: Մարսելիկը տեսավ հսկայական ծաղիկների մի ամբողջ բուրաստան, նրանց վրա ճախրող թիթեռներին, մաքրամաքուր կանաչ գետինը, որը նման չէր Մարսելայի փնթի հողերին, և հսկայական ծառերը: Բայց ամենից շատ Մարսելիկին գրավեց ծաղիկների ու դղյակի միջև շարված մի առեղծվածայի առարկա. գունավոր քարերով կլոր ավազանի մեջտեղից դեպի վեր էր սլանում հսկա մարդուկ հիշեցնող թևավոր երեխա, ով բռնել էր ծաղիկների քարե ամանը: Երեխան ո՛չ շարժվում էր, ո՛չ աչքերն էր թարթում, ո՛չ էլ թռչում էր իր թևերով, սակայն նրա բերանից դեպի վեր էր ցայտում ջրի հսկայական շիթ, որը, հասնելով որոշակի բարձրության, ջրվեժում էր ավազանի մեջ: Մարսելիկը հեռվից (նամանավանդ իր չափերի պատճառով) չկարողացավ տեսնել՝ ինչ կար այն ավազանում, բայց ենթադրում էր, որ ջուրը այնտեղ լիճ է գոյացրել: Նա այնքան էր զմայլվել տեսարանով, որ մոռանալով՝ ուր է գտնվում՝ հառաչեց «Վա՜ո»: Նրա «Վաո»-ին հաջորդեց մի տարօրինակ, մռնչոցատիպ ձայն, որի նմանը նա դեռ չէր լսել: Այդ պահին միայն հիշեց՝ որտեղ է գտնվում ինքը, ու դանդաղ շրջվեց: Հետևում՝ սև թաթերի վրա, իր հսկա գլուխն էր դրել մի փռչոտ արարած: Մարսելիկի ստամոքսը տակնուվրա եղավ: Այս անգամ նրա դեմքն այնպես էր սպիտակել, որ նմանվում էր կլպված սոխի: Հրեշը սակայն քնած էր:

«Թողնեմ ու փախչեմ»,-մտածեց Մարսելիկը, բայց հիշելով, թե հայրը որքան հպարտ էր իրենով ու պատկերացնելով նրանց ապրած հիասթափությունը, եթե ձեռնունայն վերադառնա, Մարսելիկն ընտրեց վտանգավոր, բայց և պատվաբեր ճանապարհը: Ոտքերն ասես կպել էին, երբ փորձեց ուղղակի առաջ անցնել:

-Մի՛ մտածիր, Համա՛ր 4, այստեղ ոչինչ չկա,- այսպես ասելով՝ նա խորասուզվեց դեպի մութ ու չարագույժ տակառը: Եթե Մարսելիկը իր կյանքում երբևէ թատրոն այցելած լիներ, ապա  իր փնտրած շիշը կհամեմատեր բեմին կանգնած դերասանի հետ, քանի որ նրա վրա այնպես է վերևից մի շողք իջնում, ինչպես հիմա այդ շշի վրա է իջել: Տակառի վերևի մասը ջարդվել էր, ու արևը իր շողքն էր գցել ուղիղ շշի վրա՝ մարսելցիներին փրկություն խոստանալով: Սակայն այն համարյա կպչում էր այդ հսկա հրեշի մազմզոտ պոչին: Թուքը մեկ անգամ էլ կուլ տալով՝ մեր հերոսն առաջ գնաց: Նա արդեն զգում էր հրեշի շնչառությունը ու լսում իր սրտի բաբախը: Ահա մի փոքր էլ ու կհասնի շշին: Բայց… հեռվից լսվեց ինչ-որ զանգի ձայն, և հրեշը միանգամից աչքերը բացեց: Մարսելիկին թվաց, թե արդեն նրա ստամոքսում է, այնինչ կենդանին դղրդոցով դուրս էր եկել տակառից՝ առանց նկատելու փոքրիկ մարդուկին:

— Դե՛, Մարսելի՛կ, քե՛զ տեսնեմ, սա քո միա՛կ հնարավորությունն է, վերցրո՛ւ շիշն ու թռի՛ր այդտեղից, ուղղակի թռի՛ր,- հանկարծ լսվեց մի խուլ ձայն: Շուրջը ոչ ոք չկար: Ձայնն ասես արձագանքում էր իր ուղեղում: Եվ երբ ահա շիշը գրկած հեռանում էր տակառից, հասկացավ, որ դա ընդամենը իր սրտի ձայնն էր: Մարսելիկն արդեն հասնում էր դոդոշին, սակայն թիկունքից զգաց ինչ-որ մեկի տաք շնչառությունը: Նա գլուխը դանդաղ թեքեց և…

-Աաաա՜՜հհհհ:

— Հա՛ֆ-հա՛ֆ:

Դոդոշը փորձում էր կապը կտրելով փախչել, սակայն չէր կարողանում: Իսկ Մարսելիկը, ոտքերում ինչքան ուժ ուներ, վազում էր:

-Հա՛ֆ-հա՛ֆ:

Դղյակի տերերը, որ հյուրեր էին ընդունել, ծիծաղելով նայեցին իրենց շանը, և մտքներով էլ չանցավ, որ Դինգոն ոչ թե խաղում է, այլ ընկած է փոքրիկ մարդուկի հետևից: Մարսելիկը վախից չէր գիտակցում, թե ուր է վազում և ինչպես: Նա այն պահին էր շիշը գցել ձեռքից, երբ սկսել էր վազել: Ահա նա հասնում է այն քարե ավազանին և մի ցատկով թռչում ավազանի վրա: Սա նոր շնորհք էր իր համար: Նա երբեք չէր ցատկել: Բայց մի րոպե. շունը նույնպես հասնում է: Դինգոն թաթերը դրել էր ավազանգի վրա և բարձրանում: Մարսելիկը, ահից գույնը գցած, վազեց դեպի դղյակի պատից կախ ընկած երկար բաղեղը: Ահա հասնո՜ւմ է…

-Չը՛լփ:

Դինգոն ընկել էր ավազանը: Մարսելիկը բռնվեց կանաչ ցողունից և մագլցեց ինչքան հնարավոր է վերև: Ցողունը տանում էր դղյակի երկրորդ հարկի պատուհանագոգին դրված ծաղկամանը: Առանց ներքև նայելու՝ Մարսելիկը վեր բարձրացավ, էլի՛ վեր, մինչև հասավ պատուհանագոգին: Նա թռավ քարե ամրակներին և հենվեց պատուհանի փեղկին՝ շունչը տեղը բերելու: Նա տեսավ, թե ինչպես հսկաներից մեկը հրեշին հանեց ավազանից, որ շարունակում էր հաչել, և տարավ կապեց այն տակառից, որտեղից դուրս էր եկել: Մարսելիկը նաև տեսավ, թե ինչպես այդ հսկան ոտքով հարվածեց չարաբաստիկ շշին, որը գլորվելով հեռացավ տակառի տարածքից: Դա արդեն լավ էր. երբ նա իջնի, անվնաս կհասնի շշին և այն կտանի հայրենիք, սակայն իջնելը հետաձգվում էր: Մարսելիկը մի անգամ էլ նաեց իր աչքերի առջև բացվող տեսարանին.  հեռու-հեռվում՝ առվի ափին, երևում էր իր հարազատ Մարսելան՝ իր քաղա՜քը(ա՜խ, որքան է կարոտել), իսկ ավելի մոտիկ մաքուր սիզամարգերից տեղ-տեղ դուրս էին գալիս գունավոր ծաղիկներն ու հսկայական ծառերը, ահա՛ տակառը, հրեշը սակայն չէր երևում, ահա՛ ավազանը(Մարսելիկը չէր սխալվում՝ կարծելով, որ այնտեղ ջուր է հավաքված), նրանից դուրս եկող թևավոր մեծ երեխան, որ ջուր էր ցայտեցնում, ահա՛ իրեն փրկող ցողունը, ահա հատակը, որի վրա կանգնած է, ահա՛…

-Ո՞վ է սա,- նկատելով փեղկի մյուս կողմում նստած մեկին՝ ինքն իրեն հարցրեց մեր հերոսը: Արարածը իր հասակին էր, սակայն ոչ այն շորերով, ինչն իրենք են հագնում: Նա գլխարկ չէր դրել, և երևում էին ոսկե մազերը, որ կոկիկ կապված էին երկու պոչով: Մարսելիկը ավելի ուշադիր նայեց: Երկար թարթիչները չէին էլ շարժվում, ասես կպել էին ճակատին: Հոնքերն ասես նկարված էին: Բերանն ու թուշիկները վառ կարմիր էին, ինչպես Մարսելիկի դեմքը այդ պահին:  Հագին ծաղկավոր զգեստ էր, իսկ ոտքերին՝ սպիտակ կլոր կոշիկներ: Հիացած նրա կոշիկների սպիտակությունից՝ Մարսելիկը ներքև նայեց՝ իր կոշիկներին. դրանք սուր էին ու կեղտոտ: Հետո շարունակեց զննել գեղեցկուհուն: Նա անշարժ նստած էր և անգամ գլուխը չէր թեքում. մի՞թե չէր զգում օտարի հայացքը: «Նա երևի դղյակի բնակչուհին է»,-մտածեց Մարսելիկը և կոկորդը մաքրելով՝ որոշեց բանակցել:

— Հըմ.. Նե-ներեցեք,- նա զգաց, թե ինչքան է հուզվում, և զգաց, որ դեմքն այրվում է,- Դու- դուք երևի այս դը-դղյակի տիրու-հին եք… Ըմ ե-ես պա-պատահա-բար եմ այստեղ հայտնվել: Ես առաջադրանք պետք է կատարեի(այս խոսքերն հպարտորեն ասաց): Ե-թե դե-մ չեք լինի, ես Ձեր բաղեղից կը-կառչեմ ու կիջնեմ: Հա՜.. հա՜… թե չէ կընկնեմ, հա՛-հա՛…

Սակայն նա այդպես էլ չպատասխանեց: Մարսելիկը մի պահ կարծեց, թե զարմանահրաշ արարածն իրեն արհամարհում է, սակայն հետո նկատելով նրա այտերի կարմրությունը՝ հասկացավ, որ ամաչում է իրենից:

— Դե — դե լավ, որ դեմ չեք, ես կգնամ:

Աղջիկը նորից լուռ էր:

Մինչև վերջին րոպեն նա աչքը չկտրեց այդ արարածից: Արդեն խիզախորեն էր իջնում բաղեղով, ապա թռավ ազավազն եզրին, մի անգամ էլ հետ նայեց, տեսավ միայն մազերի ծայրը, նորից ցատկեց այս անգամ գետնին և շտապեց դոդոշին ազատել: Թեև դոդոշը տակառին մոտ էր կապված, Մարսելիկը չհուսահատվեց. նա համարձակ ազատեց Մարսիկ-Վարսիկին, ցատկեց վրան՝ անտեսելով հրեշի հաչոցները, ոտքով հարվածեց դոդոշի հետույքին ու թռավ դեպի խոտերի մեջն ընկած շիշը: Հեռվից մեկ անգամ էլ հետ նայեց և տեսավ գեղեցիկ արարածի գլուխը. նրան թվաց, թե նա էլ իրեն է նայում, և զգաց, որ սիրտը նորից բաբախում է, սակայն ոչ վախի, այլ տարօրինակ զգացումի պատճառով: Արդեն մթնել էր, երբ Մարսելիկը հասավ քաղաքապետի կոճղին….

-Փա՜ռք մեր խիզախ Մարսելիկին, Համար 4-ի՜ն,- գոռում էին այս ու այն կողմից:

-Ի՜մ որդին է- այս անգամ բացականչում էր տիկին Մարսիկը,- ի՜մ…

Սակայն այդ ամենը ոչինչ էր Մարսելիկի համար այն պահից, երբ զգաց ներսում բռնկվող սե՜րը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով