ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Սիրո և համերաշխության բարի թագավորությունը

Հեռու-հեռավոր մի թագավորություն կար` Տարտարոսյան սարսափազդու թագավորությունը։ Այնտեղ ապրում էին ամենատարբեր արարածներ` այնպիսիք, որոնց նմանը ամենաահավոր մղձավանջներում անգամ չեք տեսնի։ Այն գտնվում էր գետնի տակ` ամենախորքերում, որտեղ այնքան տաք ու մութ էր, որ դժոխք էր հիշեցնում։ Եթե փորձեմ նկարագրել նրանցից գոնե մեկին, ես ինքս վախից կքարանամ. դե ուրեմն, նրանց տեսքը թողնում եմ ձեր երևակայությանը։ Տարտարոսյան թագավորությունը ուներ մի առանձնահատկություն. թագավորության հրապարակում մի մեծ շենք կար, որտեղ պահվում էր մի բան (այժմ չեմ ասի թե ինչ, դա շուտով պարզ կլինի)։ Դրա գոյության մասին թագավորության սահմաններից դուրս քչերը գիտեին, իսկ իմացողներն էլ ցանկանում էին դրան տիրանալ։ Տարտարոսյան թագավորության վերևում` գետնի վրա, վախերի ու սարսափների թագավորությանը զուգահեռ` մի այլ թագավորություն էլ կար` Լեյմոլիմայի չքնաղ ու բարի թագավորությունը։ Այնտեղ ապրում էին ամենագեղեցիկ ու բարի փերիները։ Նրանք այնքան չքնաղ ու սիրուն էին, որ նրանց նայելը կյանքը երկարացնում էր․ այնքան նուրբ էին, որքան մետաքսը, այնքան գեղեցիկ, որքան անուշաբույր ծաղիկների պարտեզը և դրանց հետ մեկտեղ այնքան քաղցր էին երգում, որ նրանց լսելը ականջի համար բարձրագույն հաճույք էր։ Լեյմոլիման, բացի նրանից , որ գեղեցիկ թագավորություն էր, նաև կարգապահ ու ներդաշնակ վայր էր։ Այնտեղ ամեն ինչ կատարյալ էր. արգելված էր սուտը, կեղծիքը, չարությունը։ Փերիների հիմնական զբաղմունքը պարելը, երգելն ու խաղեր խաղալն էր, մինչև այն պահը, երբ նկատեցին, որ հարևան երկրից, որտեղ մարդիկ են ապրում, փորձում են ներխուժել իրենց տարածք։ Մարդկանց մեջ մի լեգենդ էր պտտվում, ըստ որի` եթե կարողանաս բռնել փերիներից մեկի ձեռքը ու այնպես անես, որ նա երգի, կդառնաս անմահ։ Այո՛, իրոք այդպես էր, բայց կար մի բան ևս. երբ մարդիկ ձեռքով դիպչեն փերիներին, նրանք կմահանան։ Լեյմոլիմայի թագավորությունը հիմնելիս նրանց թագուհի փերին մի կանոնագիրք էր գրել, որտեղ պարզ բացատրվում էր՝ փերին անմահ արարած է, եթե միայն նրան մարդկային ձեռք չի դիպչել։

 Թագուհի փերին մի սովորություն ուներ. անձրևից հետո գնում էր մինչսահմանային անտառներ և սունկ էր հավաքում, թռչում էր ծաղիկների վրայով, զգում նրանց բույրը, հիանում իրենց չքնաղ բնօրրանով։

-Օ՜հ, անձրևում է, երևում է՝ այսօր զբոսանքի պետք է գնամ,- ասաց թագուհի փերին իր քույր փերիներին։

-Այո՛, մենք գիտենք, որ դու սիրում ես անձրևի հոտով բուրող ամեն ինչ։

Եվ վեր կացավ տեղից թագուհի փերին ու հագավ սունկ հավաքելու համար հարմար հագուստ։ Թռավ անցավ նա Լեյմոլիմայի ամենամեծ ծովի վրայով, մի պահ կանգ առավ` ծաղիկների բույրը առնելու, ապա մտավ անտառի խորքերը։ Այնքան էր սիրում այդ անտառը. այնտեղ սունկը առատ էր ու անչափ համեղ։ Իջավ ու նստեց իր սիրելի կոճղին, որ մրգեր ուտեր։ Նոր էր սկսել խնձոր ուտելը, երբ ետևից մոտեցող ձայներ լսեց, անմիջապես շրջվեց ու տեսավ` մարդ էր, աչքերին չհավատալով գոռաց.

-Ինչպե՞ս ես հայտնվել այստեղ։ Ինչպե՞ս ես շրջանցել մեր փշամարտիկներին, խոսի՛ր, դու՛, մարդ արարած։

-Օօ՜, չգիտեի, որ փերիները գեղեցիկ են նույնիսկ բարկացած ժամանակ։

-Վե՛րջ տուր շողոքորթությանդ, անմի՛տ, կորի՛ր այստեղից, քանի դեռ չեմ կանչել պահապաններին։

-Ես քո պահապաններին քնեցրել եմ իմ հատուկ թուրմով, նրանք չեն արթնանա, մինչև դեղի ազդեցությունը չանցնի։

-Մոռացել ես, երևի, որ ես փերի եմ, ինձ համար անհնարին ոչինչ չկա։

-Նայի՛ր, ետևումդ այն ինչ է այրվում,- խորամանկորեն ասաց մարդը։ Թագուհի փերին շրջվեց ու տեսավ, որ իր փշամարտիիներին կրակի են տվել, և մինչև կշրջվեր` մարդկային երկու չար ձեռք բռնեց նրան։ Որքան էլ մարդը խնդրում-աղերսում էր, ստիպում ու գոռում էր` փերին հրաժարվում էր երգել։ Նա լրիվ թուլացել էր և զգում էր, որ մոտ է վախճանը։

Տեսնելով փերու համառությունը, նա կատաղած դուրս եկավ թագավորության սահմաններից ու անհետացավ` մտքում ցրիվ տալով անմահության հասնելու իր փափագը։

Եվ այսպես, երբ փշամարտիկներն արթնացան, թագուհուն տեսան գետնին անգիտակից ընկած։ Նրանք կանչեցին բոլոր փերիներին, որոնք մի կերպ ուշքի բերեցին թագուհի փերիին։ Նա այնքան տկար էր, որ հազիվ էր խոսում։ Իր մեջ խեղդելով ցավը նա սկսեց խոսել.

-Լսե՛ք, իմ փերի՛ քույրեր, վախճանս մոտ է և…. և պետք է ձեզ տեղյակ պահեմ մի բանի մասին…. ես…. ես ձեզ այսքան ժամանակ չեմ ասել, որ․․․- թուքը կուլ տալով շարունակեց փերին, որ իմ մահով կքանդվի նաև Լեյմոլիմայի թագավորությունը… ես    եմ այն հիմնել և այդ պատճառով այն ինձ հետ կմեռնի… սակայն…սակայն կա մի բան, որը կօգնի ձեզ։

Փերիները գլուխները կորցրած մի կողմից մյուսն էին թռչում։

-Այդ ի՞նչն է, այդ ի՞նչն է, ասա, թագուհի՛։ Մենք կգտնենք, մենք կբերենք, մենք կփրկենք մեր երկիրը։

-Դա անչափ դժվար կլինի ձեզ համար Դուք գիտեք մեր թագավորության տակ գտնվող տարտարոսյան հրեշների մասին, նրանք իրենց հրապարակի աշտարակում մի բան են պահում, մի բան որը կօգնի ձեզ։ Ձեզանում կա մեկը, ով հանձն կառնի բերել այդ իրը։

Բոլորը խառնվեցին իրար, նրանք սարսափում էին տարտարոսյան հրեշներից, նրանք ահազդու են, մահու չափ վտանգավոր, նրանց աչքեր մեջ նայելն անգամ մահացու կլինի։

Այդ պահին մի խիզախ փերի, որին Լիկի էին անվանում, մի կողմ հրելով մյուսներին առաջ եկավ.

-Ես… Ես, թագուհի՛։ Ես պատրաստեմ դա անել։ Միայն թե հրամայեք։

Թագուհու աչքերից արցունքներ հոսեցին, նա վերջապես հանգստացավ, քանի որ իր թագավորությունը կփրկվի։

-Դե՛, մնացածդ գնացեք, ինձ ու Լիկիին մենակ թողեք։

Բոլորն անհետացան մի րոպեում, քար լռություն էր տիրում։

-Համոզվա՞ծ ես, որ կկարողանաս։

-Այո՛, թագուհի՛, միայն հրամայեք։

-Ուրեմն, ուշադիր լսի՛ր։

Տարտարոսյան թագավորությունը գտնվում է անմիջապես մեր երկրի տակ, այնտեղ հասնելու միայն մի եղանակ կա։ Երբ մութն ընկնի,- աչքերը լցնելով շարունակեց թագուհին,- ես գուցե արդեն չլինեմ, դու կգնաս թագավորության արգելված վայր։ Երկու անգամ իրար ետևից կասես` սեմբրո կիպտո։ Կարևոր է` խոսքերը ճիշտ և պարզ կարտասանես, որից հետո առաջդ մի պահարան կհայտնվի, այնտեղից կվերցնես կախարդական փայտիկը ու կանցես մեր սահմանով դեպի Տարտարոսյան թագավորության սահման, փայտիկդ քեզ կօգնի բացել դուռը։

-Այո՛, թագուհի՛, այդքանը հասկացա, իսկ ի՞նչ պետք է բերեմ։ Որտե՞ղ է դա գտնվում,- անհամբեր հարցնում էր Լիկին։

-Լիկի՛, համբերի՛ր։

-Այդ դուռը, որը կբացես գտնվում է նրանց հրապարակից 10 մետր հեռավորության վրա։ Կիջնես ու աննկատ կանցնես դեպի աշտարակը։ Կմտնես աշտարակի մեջ ու կանցնես ամենավերևի հարկը։ Այնտեղ է պահվում այն, ինչը պետք է բերես։

Լիկին համակ ուշադրությամբ լսում էր։

-Աշտարակի ամենավերին հարկում մի սենյակ կա, սենյակի մեջտեղում՝ ապակուց արկղիկ, ուզում եմ, որ արկղի միջից հանես ու բերես դա։

-Իսկ ի՞նչ կա այնտեղ,- հետաքրքրությամբ հարցրեց Լիկին։

-Գրիչ,- պատասխանես թագուհին։

-Հը՞ն,- Լիկիի ներաշխարհը տակնուվրա եղավ, միթե՞ ինքն իր կյանքը ինչ-որ գրիչի համար էր վտանգում։

-Այո՛, լսի՛ր, ես դեռ քեզ ամենակարևորի մասին չեմ ասել.ինձնից հետո դու ես լինելու թագուհի փերին։

-Ի՞նչ,-ականջներին չհավատալով հարցրեց Լիկին։

-Լսի՛ր․ երբ կվերցնես գրիչը, կբերես ու կվերցնես մեր կանոնագիրքը։ Կփոխես այն օրենքը, ըստ որի իմ մահից հետո պետք է վերանա իմ թագավորությունը։

Լիկի՛, ես հավատում եմ քեզ, մենք բոլորս հավատում ենք քեզ, թագավորության ապագան քո ձեռքերում է, լա՛վ պահիր այն, խնդրում եմ։

Դրանք վերջին խոսքերն էին, որ դուրս եկան թագուհու բերանից։ Իսկ Լիկին գիտակցելով, որ թագուհի փերին մահացավ, լաց լինելով վազեց դեպի արգելված վայրը։ «Սեմբրո կիպտո, սեմբրո կիպտո․․․»։ Նրա առաջ հայտնվեց իրերով լի մի պահարան, որտեղից վերցրեց միայն փայտիկը։ Շտապեց դեպի սահմանը ու ասաց.

-Դու՛ռ,բացվի՛ր։

Ա՜յ քեզ հրաշք` բացվեց, նա իջավ դեպի Տարտարոսյան թագավորություն։ Դեռ նոր էր իջնում, բայց արդեն զգում էր այն մահացու տաք օդն ու վախը։ Այնքան մութ էր, որ նա հազիվ էր տեսնում աշտարակը ու քայլում էր դրան ընդառաջ։ Արագ մտավ աշտարակ, բարձրացավ վերին հարկ, վերցրեց գրիչն ու պատրաստվում էր դուրս գալ, երբ շենքի առջևում նկատեց մի հսկա ու սարսափելի կերպարանքի՝ հրեշ էր։ Նրա մարմնով սարսուռ անցավ, նա երբեք այդպիսի այլանդակ բան չէր տեսել։ «Պետք է արագ հեռանալ այստեղից»,-մտածեց Լիկին։

Արդեն հասել էր դռանը, որով պետք է դուրս գար այդ սարսափելի աշխարհից, երբ հրեշը նրան նկատեց։ Նա արագ բարձրանում էր դեպի դուռը, ոտքերը դողում էին, դեպի իրեն էր վազում հրեշը` բարձր ձայներ հանելով ու մռնչալով։

Լիկին հասցրեց բարձրանալ ու մնում էր դուռը փակել, հակառակ դեպքում այդ հրեշը կմտնի իրենց թագավորություն ու ամեն ինչին վերջ կտրվի։

-Դդդդ,- վախից կակազում էր Լիկին,֊ դու՛ռ, փակվի՛ր։

Դուռը փակվեց ու իր ետևում թողեց հրեշին։

«Ֆու՜, լավ պրծանք»։ Գործն արված էր, մնում էր միայն փոփոխել օրենքը, դա էլ արվեց։

Դրանից հետո Լիկին դարձավ փերիների թագավորության նոր թագուհին, բոլորը սիրում ու հպարտանում էին նրանով, իսկ նա ուրախ էր, որ կատարեց թագուհի փերիի վերջին կամքը։

Ասում են` թագավորությունն այժմ էլ կա, ու նրանք ապրում են հաշտ ու երջանիկ:

Մարիամ Քյոխյան
Արցախ, Շահումյանի շրջան,

Ակնաբերդի Շահեն Մեղրյանի անվան միջնակարգ դպրոց,
12-րդ դասարան

Attachments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով