Գոհար Գալստյան, Մանկագրություն

Երգող ճոճանակը

       Գյուղակից դեպի չորս լճերի բացատ տանող ճանապարհի մի կողմում՝ բլրի բարձունքին մենավոր կաղնի կար։ Այն եղել ու ինչ-որ ժամանակ էլ՝ չէր եղել այդտեղ։ Կաղնին այնքան ծեր էր, որ լինելու մասին բոլորը կարող էին հաստատել, իսկ այ չլինելու մասին կկարողանային պնդել միայն նրանք, ովքեր մոտ երեք հարյուր տարի առաջ էին ապրել և այդ կողմերում տեսել էին, թե ինչպես օրերից մի օր սև հողի սրտում աչք բացեց կանաչ ծիլը և բարալիկ մի շիվ օրեցօր վեր բարձրացավ՝ աչքը արևին…

               Այդ ժամանակ չորս լճակների տեղում էլ, ասում են, մի ամբողջական մեծ լիճ էր, որն ամեն հարյուր տարին մեկ՝ հորիզոնի մեկ ուղղությամբ իրենից մի պատառիկ տվեց առանձնացած ափերին, և այդպես էլ նորից միավորվելու անհրաժեշտություն չզգաց, քանի որ շուտով իրեն ավելի լավ զգաց իր քառակողմ ամբողջության թևերին…

            Լճակների բացատը տեղացի երեխաների և, մանավանդ, ամռանը գյուղ այցելած մանուկների ու մեծերի ամենասիրելի վայրն էր։ Ջուրն այս լճակներում շատ խորը չէր։ Մեկում մանր ձկնիկներ էին լողում ու առատորեն բազմանում, և այստեղ հաճախ կարելի էր տեսնել ձկնորսական կարթերով մանուկների, որոնք ծղոտե գլխարկների տակ մեկ էլ՝ հոպ, սնկերի պես անշարժանում էին ու քիչ անց վեր հանելով կարթից կախված ձկնիկին՝ ոգևորված իրար ձայն էին տալիս ու զվարթությամբ լցնում բացատը…

              Մյուս լճակում ոսկե ավազը հատակին փափուկ էր, իսկ արևից գոլացած ջուրն՝ այնքան հաճելի, որ փոքրերի համար հաճույք էր ջրում խաղալը, իսկ արդեն լողալ սովորող փոքրիկների համար անվտանգ էր սուզվելը, ու հենց այստեղ էլ ձկնիկների պես լող էին տալիս նրանք՝ խայտալով արևափայլ ջրերի երեսին…

             Երրորդ լճակում աներևակայելի գեղեցիկ քարեր կային, և ջուրը համեմատաբար խորն էր ու սառնորակ, ինչը ամռան տապին մեծերի համար լողալու և զովանալու հրաշալի վայր էր։ Դե, իսկ չորրորդ լճակը կարապների տունն էր՝ ջրիմուռներով ու առափնյա ջրասուն ծաղիկներով շրջապատված, և այն միշտ նայում էր դեպի հարավ, ուր աշնան վերջերին չվում էին կարապները…

             Բայց որպեսզի գյուղակից ուղևորվողները հասնեին լճերին՝ կարևոր էր ճանապարհը, և, իհարկե, հաստաբուն ընկուզենին, որի ամրաբազուկ ճյուղերից բազմահյուս ճոպաններով ու փայտե աթոռակով մի երկարուկ ճոճանակ էր կախված՝ հայտնի չէ, թե որ ժամանակներից, որի մասին բոլորն էին լսել, բայց բոլորը չէ, որ բարձրացել էին բլրի գագաթն ու այնտեղ իսկապես վայելել էին ճոճվելու հաճույքը…  

            Չմոռանանք ասել, որ ճոճանակի շուրջը մի ժամանակ այնքան շատ էր եղել խինդն ու ուրախությունը, մանուկների ու դեռատի օրիորդների բերկրանքն ու հիացմունքը՝ լուսնի լույսի տակ կամ կաղնու սաղարթի հետկեսօրյա շվաքում, որ կաղնին լցված էր այդ ձայներով…            

            Ասում էին, որ եթե լսողությունդ լարես՝ ամռան գիշերներին կլսես կաղնու և ճոճանակի զուգերգը, և եթե անգամ անաստղ գիշերում աչքերդ փակես՝ կտեսնես այն պարզ երկինքն աստղերով լցված, որը վկա է եղել կաղնու և ճոճանակի երգերին…

          Քամին՝ այդ բոլոր ժամանակների ամենահասը, այստեղ էլ միակ վկան էր եղել։ Նա, իհարկե, շատ բան կարող էր պատմել ճոճանակի և կաղնու զրնգուն օրերից, բայց նրա մեջ այդպես էլ ժամանակների հետ չէր հաղթահարվել նախանձը, որն ունեցել էր կաղնու հանդեպ… Չէ՞ որ նա կաղնու հետ խաղում էր դեռ մինչև ճոճանակի հայտնվելը, և հանկարծ, իր բացակայությամբ մի օր՝ ինչ-որ տեղից, հայտնվել էր ճոճանակը…

             Դե, ասե՛ք՝ ի՞նչ պիտի զգար քամին, այո՝ չարացել էր, այնինչ, իհարկե, նա կարող էր ինքն էլ խնդալ և ընկերանալ ճոճանակի հետ, որն այնքան գեղեցիկ ծաղիկներով էր զարդարված այդ օրերին, և նրանք կարող էին երեքով միասին ուրախանալ…

            Ճիշտն ասած, քամու մեղմության օրերին լավ էլ ստացվել էր այդպես, բայց նա մի օր չզսպեց իր չարությունն ու՝ նախ ճոճանակի թևերի ծաղիկները պոկոտեց, ապա՝ երդվեց վրեժխնդիր լինել երկուսին էլ…

              Եվ երբ քամին տեսնում էր, որ թեթև զովի տակ հնչող կաղնու երգը ճոճանակի թևերին վեր էր բարձրանում երջանկության երազանքով՝ ամեն անգամ կատաղում էր, պտտեցնում էր ճոճանակն ուժգին թափով, ջանում էր հարվածել կաղնու բնին, պոկել պարանները՝ որքան որ ուժ ուներ, որոնք, պետք է ասել, որ ամուր էին հյուսված, ու թեև որոշ հատվածներում մի քիչ թելատվել էին՝ հենց դրանք էլ քամու տատանումների տակ սկսեցին ավելի անուշ ու գրավիչ երգել և լսելի դառնալ այդ կողմերում պատահող անցորդներին…

                 Գյուղակի այդ օրվա հյուրը քաղաքից եկած հովեկների ընտանիքն էր, որ ուղևորվում էր լճակների կողմը և շրջանցել էր բլուրն ու արդեն հեռանում էր կաղնուց։ Փոքրիկ աղջիկը մեքենայի լուսամուտից հանկարծ նկատեց հեռվում օրորվող ճոճանակը։

              — Տե՛ս, տես, հայրի՜կ՝ ինչ սիրուն է,- կանչեց աղջիկն ու խնդրեց մեքենան կանգնեցնել։

             Իրենից մեծ եղբոր և ուղեկցող գյուղաբնակ տղայի հետ նա դուրս եկավ մեքենայից և արդեն հստակ լսեց ճոճանակի անհավանական գրավիչ երգը։

              — Հայրիիի՜կ, ինչ սիրուն է երգում…

               Երեխաների ծնողներն էլ արդեն մեքենայից դուրս էին եկել և տարակուսած նայում էին բլրի ուղղությամբ, բայց կարծես ոչինչ չէին հասկանում։ Տեղացի տղան սակայն չէր զարմացել աղջնակի վրա, և նրա եղբորն ու ծնողներին պատմեց կաղնու ու ճոճանակի պատմությունը։

             — Գիտե՞ք թե որքան քիչ մարդիկ են նկատում այդ ճոճանակը… Իսկ ավելի քչերն էլ ունակ են լսել կաղնու և ճոճանակի երգը,- ամփոփեց նա։

              Հայրիկն ու մայրիկն, իհարկե, շատ հետաքրքրվեցին այդ անհավանական պատմությամբ և, տեսնելով արդեն իրենց դստրիկի աչքերի փայլը, նրանց համոզելու անհրաժեշտություն չեղավ, որ որոշեն ու բարձրանան ուղիղ այնտեղ…

               Վերելքի տապից մի քիչ հալածված, բայց բլրալանջի եզակի ծաղկունքը վայելելով, ճոճանակի ու արդեն կաղնու երգը ականջներում՝ նրանք որոշ ժամանակ անց հայտնվեցին զովասուն կաղնու հսկա սաղարթի ներքո, տեսան հնամենի ծառի հսկա բունն ու հաստաբազուկ ճյուղից կապված ճոճանակը…

              Երգում ու ժպտում էր ճոճանակը, երբ աղջիկն իր հավաքած դաշտային ծաղիկները հյուսեց նրա հյուծված թևերին, բայց՝ նախ հայրիկը ստուգեց ու համոզվեց, որ ապահով են ճոճանակի թևերը և մի քիչ խունացած աթոռակի փայտի վրա իր թաշկինակը փռելուց հետո՝  աղջկան գրկեց ու նստեցրեց ճոճանակին…

              — Ի՜նչ գեղեցիկ տեսարան է,- բարձունքից շուրջը նայելով նկատեց մայրիկը, իսկ տեղացի տղան ցույց տվեց անտառակների արանքից հեռվում ցոլցլացող լճակներով բացատը, ուր իրենք որոշ ժամանակ անց պիտի ուղևորվեին՝ լողալու և ձուկ բռնելու…

                 Իսկ մինչ այդ՝ կաղնին իր զովասուն ճյուղերով երախտագիտություն էր ծփում նրանց գլխավերևում, և մարգագետնի կանաչ խոտերը փափուկ ծածկոցի պես փռվել էին նրանց ոտքերի տակ՝ դադար առնելու և թեք ընկած վայելելու հրավերով…

               Երկու տղաների օգնությամբ ճոճանակը թափ էր առնում ու թևում էր՝ փոքրիկ աղջկա ծաղիկներից ու երազներից հյուսված նոր գույներով, իսկ քամին զարմանքից կարկամել էր… Ասում են՝ նա հենց այդ օրը հասկացավ իր վաղուց ի վեր չհասկացածը. ախր իրե՛ն էլ հաճելի էր երեխաների ուրախությունն ու ծիծաղը, ախր կաղնին ու ճոճանակը հենց դրա մասին էին միշտ երգում…

            Արդեն պարզ էր, որ այդ պահից քամին ևս ընկերացել էր նրանց հետ, և ճոճանակի ու կաղնու երգը այսուհետ քամու բարեհաճ թևերին ավելի հեռուներն էր հասնելու՝ այնպես, որ փոքրիկ աղջիկն իրենց քաղաքում էլ ժամանակ առ ժամանակ լսելու էր այդ երգը…

             Եվ արդեն կասկածից վեր էր, որ աղջիկը երբեք էլ չէր մոռանալու, նաև՝ տարիներ հետո, տեղաբնակ տղայի հետ միասին բարձրանալ բլրի կատարը և ամեն անգամ թևավորվել  նրա հետ՝ երգող ճոճանակի թևերին…

                                                                                                                                                                  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով