Մանկագրություն, Նարինե Ավագյան

Բանաստեղծություններ

Ամպիկը

Ես ամպիկն եմ՝ ճե՜փ-ճերմակ,
Մաշկս փափուկ՝ զերթ բամբակ,
Ապրում եմ ես երկնքում,
Եվ այնտեղից ամեն օր
Իմ բարևն եմ ձեզ հղում:

Բարկանում եմ մերթ-մերթ ես,
Փքվում, գոռում, գորշանում,
Բայց փափկում եմ իսկույն ես,
Հենց որ իմ մեջ կուտակված
Որոտներն են ճարճատում:

Կրկին դառնում եմ ճերմա՜կ,
Հեզիկ, քնքու՜շ, ժպտունա՜կ,
Երազներիդ աշխարհում
Մանկի՛կ, առ ինձ գլխիդ տակ,
Մունջ-մունջ քնիր իմ գրկում:

Խոստանում եմ ՝ մայրաբար
Քեզ կօրորեմ երազում։

Լալան ու խատուտիկը

Հին պարտեզում

Լալան փոքրիկ

Գտավ սիրուն

Մի խատուտիկ:

Ե՛կ, խատուտի՛կ,

Քեզ տուն տանեմ,

Իմ մայրիկին

Ես նվիրեմ:

Խատուտիկը

Ժպտաց հանկարծ,

Մեր Լալայի

Ձեռքը բռնած`

Գլուխն այնպես

Թափահարեց,

Որ ծամերից

Իսկույն զրկվեց:

Տխրեց Լալան,

Մի վայրկյան անց

Խատուտիկին

Այսպես ասած.

— Ների՛ր, ծաղի՛կ,

Որ պոկեցի,

Նուրբ վարսերից

Քեզ զրկեցի:

Խատուտիկը

Վերև նայեց,

Լալայի հետ

Այսպես խոսեց.

— Մեղավոր չես,

Փոքրի՛կ աղջիկ,

Վարսերը իմ

Շատ են նրբիկ:

Հենց գլուխս

Թափահարեմ,

Նրանցից շուտ

Ես կզրկվեմ:

Իմ վրձին ներկիր

Իմ վրձին, ներկիր,

Գույներով պես-պես,

Բայց գույները տես՝

Հանկարծ չխառնես:

Արևը՝դեղին,

Երկինքը՝կապույտ,

Դաշտերը՝ կանաչ,

Զատիկը՝պուտ-պուտ:

Թոթոլ ամպիկին

Ճերմակ նկարիր,

Քնքուշ ծաղիկին՝

Կապույտ ու կարմիր:

Իմ վրձին, ներկիր

Գույներով պես-պես,

Բայց գույներ տես՝

Հանկարծ չխառնես:

                       Ձնծաղիկը

Մռայլ  ամպի  մի  պատառիկ՝

Ինքնամոռաց  ու  սիրաթով,

Ցած  էր  նայում  բիլ  երկնքից,

Թախծապարուր  աչուկներով:

Հետո  հանկարծ  նա  լաց  եղավ,

Եվ  երկնքից  երկրի  վրա,

Արցունքները  իր  շաղ  տալով՝

Ջրեց  ծարավ  հողը  նրա:

Հոգեպարուր, մեղմ  երկյուղով

Գլխիկն  հանեց  հողից  թացուկ,

Հետո  փոքր-ինչ  երկմտելով՝

Բացեց  աչքերը  կամացուկ

Մի  նոր  ծաղիկ, մի  նորածին…

Ձմեռային  խո՜րը  քնից

Գարնան  շնչով  արթնացավ  նա,

Փափու՜կ, ճերմակ  վերմակի  տակ

Ծլարձակեց  սիրտը  նրա:

Ձյան  գրկից  նա  աշխարհ  եկավ,

Ձյան  ծաղիկ  է՝ նու՜րբ  ու  քնքուշ,

Հողը  պարարտ  մունջ  երկունքով

Կյանք  պարգևեց   ծաղկին  անուշ…

Մայրիկիս նվերը

Արեգակը արթնացավ,

Ես էլ արագ վեր կենամ,

Խոպոպիկներս կոկեմ,

Երիցուկի դաշտ գնամ:

Իմ հոգատար մայրիկին

Ես ուզում եմ հիացնել,

Ծաղիկներից բուրավետ

Մի գեղեցիկ փունջ կապել:

Հետո թաքուն կմտնեմ

Ննջասենյակը նրա,

Իմ ողջույնի փոխարեն

Նա ջերմ համբույր կստանա:

Աչիկները կբացի,

Ի՞նչ կտեսնի սեղանին,

Իր սենյակ է հյուր եկել,

Ամառային մեր այգին:

Մանուկն ու թիթեռը

Մայրի՜կ, որտե՞ղ է թիթեռը ապրում,-
Թիթե՞ռը, փոքրիկ՝ ծաղիկի սրտում,
Արփիացնցու՜ղ գուրգուրանքի մեջ,
Եվ ծաղկափոշու մերկ բարձի վրա…
Մայրի՜կ, թիթեռը այնտեղ չի՞ մրսում,-
Թիթեռը մրսի բնության գրկու՞մ…
Անլսելի է, իմ փոքրի՜կ գարուն…
Նա այնտեղ տանն է՝
Ադամալույսի նու՜րբ հովանու տակ,
Եվ օրվա խոցված կոպերի ներքո…
Թիթեռը, փոքրի՜կ,մրսում է միայն
Մարդու անհոգի՜, անգութ ափերում…
Ձեռք չտաս նրա՜ն…
Թիթեռը ծաղկի սիրառատ գրկում
Երբեք չի մրսում, երբեք չի մրսում…

 Պապիկի երազը…

Պապի՜կ, որտե՞ղ է երազդ ննջում,-
Երա՞զս, փոքրի՜կ, հայրենի հողում,
Արարատ լեռան սրբահող փեշին,
Այն դարաճամփորդ կռունկի թևին,
Հայոց մայրերի կարոտած սրտում,
Մոմված շուրթերին փառավոր երգի,
Եվ ցավագալար մորմոքում վերքի…

Պապի՜կ, իսկ ո՞վ է երազդ հսկում,-
Երա՞զս, փոքրի՜կ, հայոց վանքերի քարերն են հսկում,
Մեր արարչագործ Նարեկն է հսկում,
Հայ պանդուխտների կարոտն է հսկում,
Հայոց ասմազու՜ն երկինքն է հսկում,
Այնտեղ է հոգիս հավե՜րժ թևածում,
Հայրենի տունն է նրան օրորում…

Պապի՜կ, իսկ կորցնել, դու չե՞ս վախենում,-
Երազս, փոքրի՜կ, չի կորչի այնքան,
Քանի ապրում է հոգուս մատուռում,
Հայի ցավ տեսած աչքերում իմ բիլ,
Իմ երակներու՜մ…
Քանի դեռ փոքր-ինչ շունչ կա իմ սրտում,
Երազս, փոքրի՜կ, ինձ հետ է ապրում…

Օրորերգ

Բիլ աչքերից ժպիտը

Կաթուկ է տալիս,

Երկնի կապույտ ծովակից

Երազն է գալիս…

Շոր է հագել գիշերը՝

Փեշով արծաթի,

Եվ ուր որ է ՝իմ շրթին

Երգը կճայթի…

Դրսում փայլուն աստղերի

 Հուրն է ծածանվում,

 Իրիկունը երգիս հետ

Զրույց է անում…

Խաղաղ քունն է բարուրվում

Աչքերին բալիս,

Երգս թևերը բացել,

Խինդով է գալիս…

Բալես հանգիստ կուչ եկել՝

աչուկները փակ,

Ծվարել է մայրական

Իմ փեշերի տակ…

Հիմա աչքից երազը

Կաթուկ է տալիս,

Նստած հսկում եմ քունը

գանգրահեր բալիս…



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով