Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Թեյախմություն

— Անձրև կգա …- Մարիան փակեց պատուհանը:

Ամպերը կախվել  են դիմացի շենքի գլխին, ուր որ  է գոռոցով կբախվեն: Երրորդ օրն է՝ անձրևում էր, իսկ Մարիան որոշել էր այսօր անպայման հեծանիվ քշել:

-Քամին չի թողնի, որ անձրև գա:

Մարիան աջուձախ նայեց՝ ոչ ոք չկար: Շենքից ձախ, թխկու ճյուղին նստած կաչաղակը կտուցը դեպի երկինք էր ձգել:

Թվաց երևի:

-Քամին չի թողնի, ամպերը կքշի մի քանի րոպեից, — կրկնվեց:

Մարիայի հարցական հայացքին ի պատասխան՝ կաչաղակը մի քանի ոստյունով հայտնվեց պատուհանագոգին:

— Ողջո՜ւյն, օրիորդ Մարիա, — Մարիան ետ-ետ գնաց, հետո վախվորած նորից գլուխը հանեց պատուհանից․ կաչաղակը փետուրներն էր մաքրում։

— Ողջո´ւյն, օրիորդ Մարիա, – կրկնեց կաչաղակը ՝ հատ-հատ շեշտելով Մարիայի անվան տառերը, այնպես, որ Մարիան անհարմար զգաց, որ այսքան երկարաձգեց պատասխան ողջույնը ու կամացուկ արտաբերեց.

— Ողջո´ւյն:

— Փիք Փիք, — ներկայացավ կաչաղակը:

— Ողջույն, պարոն Փիք Փիք:

Երազ է կամ նման մի բան: Անգամ եթե երազ է, իր անունը հստակ լսեց ու տեսավ Փիք Փիքի սերթուկի վրայի տոհմական նշանը՝ Փ. Փ.: Ուզում էր հարցնել, թե կաչաղակն ինչպե՞ս գուշակեց իր անունը, բայց բառերը դուրս չէին գալիս, ասես, համրացել էր:

Փիք Փիքը կտուցը երեք անգամ զարկեց պատուհանի շրջանակին (այդպես էր անում, երբ հույժ կարևոր բան էր պատրաստվում ասել):

-Մարի՜ա, ի՞նչ կստացվի, եթե երեքը հինգով բազմապատկենք… — հետուառաջ գնաց-եկավ, հետո թևով քորեց կտուցն, իբր ակնոց է դրված, դադար տվեց, աչքերը մոտեցրեց իրար, թևը ճակատին տարավ, — հաշվի´ր գոնե դիմացի ծառից կախված նարինջները, — թևը պարզեց երևակայական նարիջների կողմը…

Մարիան չկարողացավ զսպել ծիծաղը. Փիք Փիքը ճիշտ և ճիշտ մաթեմատիկայի ուսուցչուհուն էր պատճենում:

-Անկեղծ կլինեմ, օրիորդ Մարիա, օրիորդ Պիլարը (մաթեմատիկայի ուսուցչուհու անունն էր) չափազանց համբերատար է. քսան մեծ աչքերով ու կանաչ բլուզով աշակերտ, քսանդ էլ նարինջ հաշվել չգիտեք…

Մարիան նորից ծիծաղեց, արդեն ոչ այնքան կաչաղակի խոսելն էր զարմացնում, որքան վերջինիս սուր միտքը:

-Նարինջ ուտելն եմ սիրում… բայց տասնհինգ ամբողջական նարինջ հաստատ չեմ կարողանա, — ձայնն իջեցրեց ու հոգոց հանեց, — գիտե՞ս․․․ թվերը դժգոհ են մեզնից …

 Զարմանալու հերթը Փիք Փիքինն էր՝ թևերն արագ-արագ թափահարեց, հետո շրխկոցով կպցրեց մարմին (այդպես անում էր, երբ խիստ հետաքրքրքված էր ինչ-որ բանով).

— Այդպե´ս է, կարծում ես, թե նրանց դո՞ւր են գալիս քառակուսի նեղլիկ տնակները: Ձեռքը մի քիչ երկարում են ու բախվում պատին, մի բան էլ վերևի դարակից վերցնել ուզեն՝ առաստաղն է «բարևում», ստիպված պիտի ծռեն վիզը, կորացնեն մեջքը: Թվերը տխրում են վանդակավոր տետրերում:  Երեքի բանն ամենից դժվար է՝ երկսապատավոր է դարձել, ինքն էլ ՝ բարձրահասա՜կ…

Փիք-Փիքն ուզում էր չհամաձայնել, հատկապես, որ Երեքը ոչ էլ բարձրահասակ էր (ըստ իր դիտարկումների), բայց աչքի առաջ պատկերվեց վանդակավոր տետրակը՝  բացված էջով, թվերը թարթեցին իրենց տխուր աչքերը՝  քառակուսի վանդակներում: Փիք-Փիքը մի պահ միայն տխրեց, հետո արագ թափահարեց թևիկները. 

— Մենք նրանց կազատարագրենք, — հպարտ հայտարարեց:

 Թևերի կապույտ երիզը փայլեց (այդպես է լինում, երբ հուզվում է):

-Նախնիներս ականատեսն են եղել Բաստիլի գրավման, նրանց ազնվացեղ ծոռը ևս խիզախել գիտե:

Նայեց Մարիային, որ ոչինչ չհասկացավ իր հուզառատ ճառից․ դե հա, Բաստիլը յոթերորդ դասարանի ծրագրից է, Մարին դեռ փոքր է, ինչևէ՝ ի գո´րծ …

— Արդե՜ն… — ժպտաց Մարիան, — սպասիր այստեղ, լա՞վ:

Մարիան շուտով վերադարձավ՝ ձեռքին տետր ու յուղամատիտներ:

Տետրը բացեց: Առաջին իսկ էջում թվերն էին՝ մեծ, վանդակի չափերից դուրս, յուրաքանչյուրն իր սիրելի զբաղմունքի պահին: Մարիայի նկարած խոտերը պարզապես անտեսանելի էին դարձրել տետրի հավասարաչափ կապտագիծ բաժանումները: Մեկը՝ պարզվեց, սիրում է տեսակ-տեսակ ծաղիկներ աճեցնել: Փիք Փիքին առաձնապես դուր եկավ վառ կարմիր ծաղիկներով Դեկաբրիստը, որ լավ էլ առատ ծաղկել էր թեպետ դրսում վաղուց դեկտեմբեր չէր: Մեկը մի ճյուղ խոստացավ նվիրել Փիք Փիքին՝ իրենց մյուս հանդիպմանը, հիմա չի կարողՙ Դեկաբրիստը կնեղա ու էլ չի ծաղկի: Ինը, քիչ այն կողմ, ծառից ճոճ էր կախել, մկրատով կտրատել  էր կողքի բոլոր վանդակաճաղերը ու ճոճանակը  պահող պարաններ հյուսել դրանցից: Հինգն ու Վեցը ձեռքով արեցին ու միաժամանակ՝ զրնգուն ձայնով ողջունեցին, բայց անմիջապես էլ հիշեցին, որ մոռացել են վառարանից հանել ջեմով կարկանդակները ու տուն վազեցին: Մինչ իրար խանգարելով կարկանդակների վրա շաքարափոշի էինց ցանում, Փիք Փիքը մի ցատկով հայտնվեց շախմատային մրցաշարի կիզակետում. Երեքը մտածում էր, թե ոնց գերի վերցնի Երկուսի հերթական զինվորը, բայց թագուհու խիստ հայացքից փոշմանեց ու նավատորմով ծով մտավ: Իսկապես բարձրահասակ է՝ լեզուն կծեց Փիք Փիքը: Յոթը բոլորից հեռու իր գծագրերն էր փռել խոտին, շաքարամանը դրել էր գծագրի վրա, թվային քաղաքի շրջանաձև հրապարակի տեղում:

Մի քանի րոպեից Փիք Փիքի մատիտանկարը հայտնվեց թվերի աշխարհում՝ թեյախմության սեղանի շուրջ: Ճիշտ է, պարոն Փիքն այնքան էլ գոհ չէր  նկարում իր պոչի երկարությունից, բայց ի վերջո համաձայնեց այն թողնել այնպես, ինչպես Մարիան էր տեսել, միայն պնդեց, որ անպայման նկատելի լինի տոհմական դաջվածքը՝ Փ.Փ.:

— Օրիորդ Մարիա, չմոռանաս ստորագրել, և մակագրել, կանխազգում եմ, որ հետագայում այս նկարը ինձ աշխարհով մեկ ճանաչում է բերելու՝ «Փիք Փիքը Փարիզի արվեստի մեծ ցուցասրահում…» հրաշալի է հնչում:

— Ինչո՞ւ հենց Փարիզ, — ծիծաղեց Մարիան ու մակագրեց նկարը՝ «Թեյախմություն»,

— Դե լավ, Փարիզից հետո այլ ցուցասրահներին էլ կտրամադրես ազնվացեղ պատկերս. իսկ հիմա օրիորդ թույլ տվեք խոնարհվել և հեռանալ, մրջյունների հինգերորդ համաժողովին հրավիրյալ զեկույց ունեմ, թվերի մասին էլ կպատմեմ, անշուշտ… իսկ դու արդեն հանգիստ կարող ես իջնել բակ՝ հեծանիվ քշելու,ամպերը փախել են քամու ահից:

Մարիան ջեմով կարկանդակ փորձեց, որ տաք-տաք հյուրասիրել էին Հինգն ու Վեցը, հրաժեշտ տվեց Փիք Փիքին, հերթով մինչ հանդիպում ասաց թվերին ու փակեց տետրը:

Իսկը հեծանիվ քշելու եղանակ է. ամպ չկա, ո´չ էլ արևն է այրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով