ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Մարիամը թեյ չի սիրում

-Մարիա՛մ, Մարիա՛մ, խնդրում ենք փրկիր մեզ, փրկիր,- գոռգոռում էին վարդագույն մաշկով մարդիկ։ Մարիամը, որի դեմքին հայտնվել էին քրտինքի ու միեւնույն ժամանակ վախի կաթիլներ, վեր թռավ քնից։ Վեր կացավ ու մոտենալով սեղանի վրա դրված սառը ջրին՝ խմեց, ապա ձեռքով սրբեց ճակատը։ -Էս ինչ վախենալու երազ էր։ Չէ՛, հաստատ շատ եմ ֆանտաստիկ ֆիլմեր նայել,- Մարիամի սիրտը այնքան արագ էր բաբախում, որ զարկերը հաշվելու ժամանակ հաշիվդ կորցնում էիր։ Պառկեց ու գլուխը դրեց բարձի տակ։ -Ավելի լավ կլինի քնեմ։ Առավոտ շուտ պետք է արթնանամ,-ինքն իր հետ խոսելը Մարիամի սովորությունն էր։ Գլխի մեջ դեռ վազվզում ու գոռգոռում էին վարդագույն մաշկով մարդիկ, բայց աշխատում էր չկենտրոնանալ երազի վրա։ Առաջին անգամ չէր, որ տարօրինակ երազ էր տեսնում ու հաջորդ օրն երազահանի մեջ փնտրում տեսած երազի նշանակությունը։ -Մարիա՛մ, արթնացիր, թե չէ կուշանաս դասից,- մոր ձայնը լսվեց հյուրասենյակից։ -Մա՛մ, երկու րոպե էլ քնեմ էլի,- ասաց Մարիամը ու ձեռքերով փակեց ականջները։ Արեւի շողերը սկսեցին վազվզել Մարիամի դեմքի վրա, որոնք մորը փոխարինում էին Մարիամին արթնացնելու այս դժվարին ու պատասխանատու գործում։ -Մարիամ ջան արթնացի, ուշ է արդեն,- արեւն երկարացրեց ձեռքերը ու շոյեց Մարիամի գլուխը։ -Մա՛մ, գիտես ինչ վախենալու երազ եմ տեսել,- «բարի լույսին» փոխարինեց այս հարցը; -Չէ՛, բայց արի կենտրոնացի գրավորիդ վրա։ Կգնաս ընկերուհիներիդ կպատմես, հաստատ լավ խորհուրդ կտան,- մոր խոսքերը տարօրինակ թվացին Մարիամին։ -Մեքենան տեղում է,- Մարիամի ոչ սիրելի ձայնը, որը ազդարարում էր նոր օրվա սկիզբը։ Մի քանի վայրկյանում տունը դատարկվում էր ու մայրիկը, որը պատուհանից նայում ու ձեռքով էր անում, միայնակ էր մնում։ -Մելինե՛, մենակ իմանաս ինչ երազ եմ տեսել,- ոգեւորված ասաց Մարիամը։ -Ու՜ֆ,- նրա արհամարհական վերաբերմունքը զարմացրեց Մարիամին; -Ուրեմն, երազիս մի խումբ վարդագույն մաշկով մարդիկ էին հայտնվել ու օգնություն էին խնդրում,-շարունակեց Մարիամը։ Մելինեն խորասուզված կրկնում էր դասը, բայց Մարիամը գիտեր, որ նա սովորություն չուներ դասամիջոցին դասը կրկնելու, նույնիսկ կիսամյակայինների ժամանակ։ -Շատ էի վախեցել։ -Ըհը,- սա էր նրա պատասխանը Մարիամի երկար պատմածին։ -Ի՞նչ ես կարծում, այդ ինչ երազ էր ու ինչու՞ էին օգնություն խնդրում ու հենց ինձանից,- աշխատում էր չնկատել նրա վերաբերմունքը։ -Կարծում եմ, որ ուղեղս լցնում ես անիմաստ ու անհեթեթ մտքերով,- բարկացած պատասխանեց Մելինեն՝ ուժեղ փակելով գիրքը։ -Բայց, մենք….

-Հա, ճիշտ ես, մենք տարբեր ենք ու ես հոգնել եմ քո անիմաստ զառացանքները լսելուց։ Ինձ հանգիստ թող, հասկացա՞ր,- ասաց ու դուրս եկավ դասարանից։ Մարիամը երբեք չէր պատկերացնի, որ կարճ ժամանակում իրեն հարազատ դարձած մարդը կարող է այդպես խոսել։ -Ախր, մենք իրար շատ ենք նման, ի՞նչ է հետը կատարվում, ուրբաթ օրը լավ էր,- ինքն իրեն խոսում էր Մարիամը պատուհանի առաջ կանգնած։ Իրոք, Մարիամը ու Մելինեն իրար շատ նման էին։ Երկուսն էլ ակտիվ, քաղցրի սիրահար, հետաքրքրասեր, գունավոր գուլպաների սիրահար։ Միգուցե մեկ տարին բավական չէր իրար լավ ճանաչելու համար…. -Ավելի լավ է միայնակ թողնեմ մի որոշ ժամանակ։ Դուրս եկավ դասարանից ու գնաց գրադարան; -Ինձ լավ գիրք է պետք երազանքների ու նպատակների մասին,- ասաց Մարիամը Տիկին Արմինեին, որից մի քանի օր առաջ ստացավ «տարվա լավագույն ընթերցող» պատվոգիրը։ -Արի՛, ես քեզ ուրիշ գիրք տամ, ինչի՞դ է պետք երազանքների մասին։ Ազատ ժամանակդ լավ տնօրինիր,- Տիկին Արմինեն, որը թմբլիկ, բարձրահասակ կին էր, պատասխանեց արագ ու շարունակեց իր գործը։ -Վա՜յ, էմ, չէի տեսել քեզ,- Մարիամն էր։ -Հա, ոչինչ, ասեցի իջնեմ Շիրվանզադեի «Քաոսը» վերցնեմ, թե չէ Վարդանյանը կյանքս կուտի,- Վարդանյանը, իսկ Մարիամի համար ընկեր Վարդանյանն իրենց դասղեկն էր ու միեւնույն ժամանակ գրականության ուսուցչուհին։ Մարիամը տանել չէր կարողանում աղմուկը, այդ իսկ պատճառով շատ հազվադեպ էր դասարանից դուրս գալիս, իսկ եթե դուրս էլ գալիս էր՝ գրադարան գնալու նպատակով -Մելինեի հետ ի՞նչ է կատարվում,- հարցրեց Էմմային։ -Ոչ մի բան, ինչի՞։ -Դե մի քիչ առաջ տեսածս երազը պատմեցի, բայց լսելու փոխարեն կոպտեց ու դուրս եկավ դասարանից,- Էմման չզարմացավ։ -Վայ Ման, դու էլ ես դասարանում, ե՞րբ եկար, որ չտեսա,- հարցրեց Մարիամը։ -Հա նոր եկա, բացակաների ցուցակն էի տարել ուսուցչանոց; Ոնց հասկացաք, չորս ընկերուհիներ էին դասարանում; Էմման խելացի, սովորող, աշխատասեր էր ի տարբերություն Մելինեի։ Մելինեն էլ միշտ հանդես էր գալիս իր խենթ գաղափարներով ու մտքերով, որոնք միշտ ստանում էին Մարիամի հավանությունը։ Մանեն, որը միշտ համբերատար լսում էր Մարիամի բացատրած դասերը ու վերջում ասում, որ չի հասկացել, ազատ ժամանակ ֆիլմեր էր նայում ու անգլերեն պարապում։ -Ինչ արագ անցավ օրը, չէ՞ Էմ։ -Հա դե լավ է, գնանք հանգստանանք էլի,- բայց Էմման երբեք չէր հոգնում դաս անելուց, տարօրինակ էր։ -Ես մի քանի բան ունեմ գրելու, հաց ուտեմ ու սկսեմ,- Մելինեն չկար, որ իրար հետ էկլեր ուտեին՝ տուն գնալու ճանապարհին։ -Դու էլ արդեն գժվել ես էնքան ես գրել, հերիք չէ՞; -Տնտեսագիտությունը հետս կապ չունի, իմ երազանքն է գրող դառնալը,- Մարիամը չէր սիրում իր երազանքների մասին խոսել, քանի որ ոչ բոլորն էին լուրջ վերաբերում դրանց։

-Քանի չեմ մոռացել մի հատ նայեմ երազահանը, տեսնեմ ի՞նչ է նշանակում երազս,- մտավ տուն, կանգնեց միջանցքում ու առանց պայուսակը հանելու՝ սկսեսց փնտրել,- շատ արկածներ են սպասվում։ Ընկավ մտքերի գիրկը ու անզգայաբար քայլերը ուղղեց դեպի ննջասենյակ, որի սեղանից վրայից էլ գտավ իր նոթատետրը, որը լի էր նրա անհեթեթ երազներով։ -Արկածներ ու էլի արկածներ, չնայած օրս արկածային էր, էլ ի՞նչ արկած,- հանգստացավ ու խորը շունչ քաշեց։ Մի քանի րոպեում նոր բացված սպիտակ էջը լցվեց Մարիամը տգեղ, բայց խենթ երազը պատմող նախադասություններով, որոնք ուրախ էին ու հպարտ՝ նոթատետրում հայտնվելու համար։ -Մարիա՛մ, միայն դու կարող ես մեզ փրկել մոմե թագուհուց, փրկիր մեզ,- նորից նույն վարդագույն մաշկով թզուկներն էին։ -Մելինե, Էմմա,- վեր թռավ Մարիամը, երբ նրանց տեսավ թզուկների շարքում։ Արդեն երկու օր է, որ երազը նրան հանգիստ չէր տալիս, բայց Մարիամը լուրջ չէր վերաբերում իր տեսած երազներին։ -Կներեք, ընկեր Վարդանյան, քնած էի մնացել,- Մելինեն էր, որը հաճախ էր հայտնվում ուշացողների ցուցակում։ -Վայ, վայ,- զարմացավ Մարիամը, երբ տեսավ, որ ընկերուհու մաշկը վարդագույն էր դարձել։ -Մարիա՛մ, ի՞նչ եղավ քեզ,- հացրեց դասղեկը։ -Կարո՞ղ եմ դուրս գալ մեկ րոպեով։ Ընկեր Վարդանյանի գլխի դրական շարժումը ուղեկցեց նրան։ -Ավելի լավ է գնամ սառը ջրով լվացվեմ, — բացեց դուռը ու նորից վարդագույն մաշկով կին,- լավ չեմ, ի՞նչ է հետս կատարվում։ -Աղջի, չես տեսնում, որ գործ եմ անում, հենց հիմա դուրս արի,- այն աշխատողն էր, որը միշտ Մարիամի բարեւին պատասխանում էր ժպիտով։ Զանգը հնչեց, բայց այն ավելի վախեցրեց արդեն իսկ վախեցած ու զարմացած Մարիամին։ Քայլում էր արագ, բայց անվստահ ու բոլորը նրա աչքին վարդագույն էին երեւում։ Նկարվող, թիթիզ աղջիկները, երաժշտության տակ պարողները, անիմաստ կանգնածները, դասից փախչելու փորձ անողները, հսկիչ ուսուցիչները, ոգեւորված զրույց անողները, բոլորը վարդագույն էին։ Մի պահ նրան թվաց, թե վերջնականապես գժվել է։ -Չէ՛, պետք է լվացվեմ ու շատ սառը ջրով,- բայց օգուտ չտվեց,- ընկեր Վարդանյան, ինձ լավ չեմ զգում, կարո՞ղ եմ գնալ տուն; -Ի՞նչ եղավ քեզ Մարիամ ջան, լավ չե՞ս,- պտտվեց դեպի Մարիամն արդեն նոր մաշկի գույնով դասղեկը, որին շատ էր սազում այդ գույնը։ Մարիամը դժվարությամբ կուլ տվեց թուքը, որը կարծես ծանր քարի նման գլորվեց ժայռից։ -Շուտ առողջացիր, Մարիամ ջան, թե չէ ընկերներդ ինչպե՞ս են գրելու թեմատիկները առանց քեզ,- ճանապարհեց դասղեկը։ -Ցտեսություն,- արագ քայլերով հեռացավ Մարիամը։ Ամբողջ օրը սենյակում էր, նույնիսկ հաց ուտելու ցանկություն չուներ, իսկ ամենացավալին այն էր, որ ծնողներին Մարիամի վիճակը չէր հուզում։ -Մա՞մ, գիտես ինչ է եղել այսօր դպրոցում,- հարցրեց Մարիամը՝ ուսումնասիրելով իր պատին նկարած նկարները, երբ մայրը մտավ սենյակ։

-Լավ հա, թեթեւ տար։ Ամեն ինչ սրտիդ մոտ մի ընդունի,- արագ ասաց մայրը ու սկսեց փնտրել նոր գնած բաճկոնը, որը համաձայն սովորության հայտնվում էր Մարիամի մեծ զգեստապահարանում։ -Մամ, երեւի ջերմություն ունեմ։ Պտտվեց մայրը ու …. Ահա, թե ինչու էր նրա վերաբերմունքը փոխվել թե՛ Մարիամին տանջող հարցերի, թե՛ նրա ընկերուհիների նկատմամբ; Իր գեղեցիկ ու բարձրահասակ մոր փոխարեն կանգնած էր ցածրահասակ, վարդագույն մաշկով մարդուկ։ -Մամ, մամ,- ասեց ու դուրս վազեց սենյակից։ -Հազար անգամ ասել եմ, որ դերասան դառնա, լավ էլ խաղում է,- ասաց ու շարունակեց փնտրել։ -Հիմա ոչ ոք չկա, որ հետը կիսվեմ, պատմեմ տեսածս, բոլորը ինձ խելագար կհամարեն,- քայլում էր ու խոսում,- ավելի լավ է նոթատետրումս գրեմ։ Նստեց խոտերի վրա ու պայուսակից հանեց նոթատետրը, որը նվեր էր ստացել իր ընկերուհիներից՝ ամանորի կապակցությամբ։ Մարիամը շատ էր սիրում նոթատետրեր ու ծնողների տված գումարով ավելացնում սենյակում հատուկ տեղ հատկացված նոթատետրերի շարքը։ Բացեց նույն էջը, որտեղ գրել էր երազի մասին ու… -Չհասկացա, էս ի՞նչ քարտեզ է ու ո՞նց է հայտնվել, եթե ես եմ միայն օգտագործում այն,- զարմացավ Մարիամը, որի մոտ հետաքրքրություն առաջացավ դեպի քարտեզը։ Քարտեզը փոքր էր, բայց հեշտ էր հետեւելով դրան՝ բացահայտել գաղտնի վայրը։ Վեր կացավ, վերցրեց քարտեզը ու սկսեց մատիտով հետեւել քարտեզի գծված ճանապարհը։ Մարիամը նշումները միշտ մատիտով էր անում ու եթե ինչ-որ բան դուր չէր գալիս, արագ ջնջում էր ու նորից գրում։ -Քարտեզը ինձ անտառ է տանում, փոքր տարիքում շատ անգամ եմ եղել այստեղ,- ասաց նա, երբ արդեն հասնում էր ցանկալի վայրը։ Այն անտառն էր, որը միշտ ականատեսն ու լուռ վկան էր եղել եւ՛ նրա հաջողություններին ու դրանից ոգեւորված Մարիամի երգերին, եւ՛ նրա ձախողումներին ու նեղված Մարիամի տխուր արցունքներին։ Ծառերը Մարիամի լավ ընկերներն էին ու հավատարիմ պաշտպանները, որոնք ունեին իրենց անունները՝ Տուֆինը, Լայլան, Միլվան, Չեռթոնը եւ այլն։ -Ընկերներ, մի քանի օր է, որ չէինք հանդիպել, կներեք, ուղղակի այս կարճ ժամանակում շատ տարօրինակ դեպքեր են կատարվել հետս,- սկսեց պատմել ամբողջ եղած, նրանց վստահում էր։ -Խըշ,- ձայնը մոտիկից էր։ -Ո՞վ կա,- նայեց շուրջբոլորը ու նկատեց մեկին,- ո՞վ է այս տղան, մի՛ փախի, չեմ վնասի քեզ,- վազեց տղայի ետեւից։ Տղան առաջին հայացքից Մարիամին վազորդ թվաց, քանի որ շատ արագ էր վազում; Մարիամն էլ նրան չէր զիջում, չէ՞ որ ֆիզկուլտուրայի ժամին բոլորից արագ էր վազում, մինչ թեւը կոտրելը։

-Ահա, բռնվեցիր, ուղղակի չգիտես, որ իմ հետ մրցելն անիմաստ է,- բարձ ասաց Մարիամը, երբ նկատեց հոգնած ու ուժասպառ անծանոթին, որը կանգ առավ նրանից մի քանի մետր հեռավորության վրա։ -Ինձ չես վնասի չէ՞,- հարցրեց ոչ այքան բարձրահասակ, բայց համակրելի տղան։ -Ինձ նայիր, այդքան նման եմ հրեշի, վստահ եղիր՝ չեմ վնասի, բայց նույն էլ քեզանից եմ ակնկալում,- ասաց ու քայլեց դեպի տղան։ Մի քանի վայրկյան հանգստանալուց հետո Մարիամը հարցրեց. -Առաջինը՝ ինչու՞ էիր ինձ հետեւում, իսկ երկրորդը՝ ինչու՞ վախեցար ու փախար,- Մարիամը փոքր տարիքում որոշել էր հետախույզ դառնալ, լավ առիթ էր։ -Չէի հետեւում, ես այստեղ եմ ապրում։ Փախա, որովհետեւ դու….,- կանգ առավ։ -Ես ի՞նչ։ -Ինչքան էլ տարօրինակ է, քո մաշկն էլ իմի նման, վարդագույն չէ։ Դու սովորական մարդ ես,- խոսում էր ու ամեն բառը ասելուց առաջ երկար մտածում։ Մարիամը ոչինչ չպատասխանեց, այլ սկսեց ուսումնասիրել խրճիթը, որտեղ ապրում էր տղան։ -Հա, իսկ ինչու՞ պետք է քեզ հավատամ։ -Որովհետեւ երկուսս էլ նույն երազն ենք տեսել, որտեղ վարդագույն մարդիկ իսկ հետո՝ թզուկները, եկել ու օգնություն էին խնդրում։ Ամեն գիշեր նույն երազն եմ տեսնում,- պատասխանեց տղան,- դու նստիր այստեղ, ես գնամ թեյ բերեմ խմենք։ Այստեղ ցուրտ է,- գետափի մոտ դրված ժանգոտված սեղանը ու աթոռը ավելի խորհրդավոր էին դարձնում գետի ծիծաղի ձայնով ուղղեկցվող միջավայրը։ -Լավ,- Մարիամը թեյ չէր սիրում։ Մարիամին առաջին վայրկյանից տղան, որի անունը նույնիսկ չգիտեր, շատ տարօրինակ թվաց։ Վերլուծում ու հետեւություններ էր անում, երբ նրա դիմաց հայտնվեց տղան՝ թեյի բաժակներով ու կոնֆետներով լի ամանով։ Մարիամի սիրած կոնֆեներն էին՝ ելակի, խնձորի, կիվիի համերով։ Տաք թեյի գոլորշին մի պատնեշ էր իր եւ անծանոթի միջեւ, որը մի քանի րոպեում սառեց ու բացեց տեսադաշտը։ -Ասեմ, որ մի փոքր տարօրինակ եմ,- սկսեց իր երկար խոսքի առաջին նախադասությունը։ Այնքան նմանություններ ունեին, կարելի էր ասել, որ Մարիամի զույգ եղբայրն էր։ Խոսում էին երկար, ծիծաղում էին ու սեղանի վրա հայտնվում էր Մարիամի կոնֆետի թղթերը։ Արեւը շատ արագ էր հալչում ու կաթիլ-կաթիլ թափվում էր ներքեւ։ -Ոնց էի մոռացել՝ պայուսակս ծառերի մոտ եմ թողել,- ասաց Մարիամը։ -Ոչինչ, կգնանք ու կվերցնենք,- առաջարկեց տասնյոթ տարեկան Լեոն, որը նույնքան գեղեցիկ էր ինչքան իր անունը։ Ճանապարհին նորից զրուցում էին, չէին էլ հոգնել։ -Ահա, այն է պայուսակս,- ձեռքով ցույց տվեց մոռացկոտ Մարիամը։ -Դու սպասի, ես կբերեմ,- Լեոն շարժվեց դեպի պայուսակը։ Նրա շագանակագույն աչքերը վառ գույն էին ստացել, որը նկատելի էին դարձել արեւի հալված շողերի ներքո։ -Մարիամ, արագ արի այստեղ։ Կարծում եմ պետք է տեսնես սա։ Մարիամը արագ քայլերը ուղղեց դեպի թրջված պայուսակը։ -Չհասկացա, այս ի՞նչ լույսեր են դուրս գալիս նոթատետրիցս,- զարմացած էին;

-Ավելի լավ է արդեն տուն գնաս։ -Հա, արդեն ուշ է,- վերցրեց նոթատետրը։

-Լեո, ի՞նչ է կատարվում,- բղավում էր Մարիամը ու դեղին գույնի շողերի մեջ պտտվելով՝ ընկնում ցած։ -Մարիա՛մ, Մարիա՛մ,- Լեոն էր։ Հայտնվեցին ուրիշ աշխարհում, որը նույնքան դեղին էր ինչքան տղայի դեղին վերնաշապիկը։ -Էս ի՞նչ եղավ։ Մարիամ դեմքդ տեսել ես,- զարմացած էին։ -Լեո, քո դեմքդ դեղին աստղիկ է դարձել։ -Քոնն էլ,- սկսեցին շոշափել իրենց դեմքերը։ Միայն դեմքն էր փոփոխվել, իսկ Մարիամի ցեխոտ ու կանաչած կոշիկները նույնն էին մնացել։ Շատ գեղեցիկ էր փափուկ մթության մեջ կորած քաղաքը, որի յուրաքանչյուր կողմում կտեսնեիք փոքրիկ դեղին թիթեռներ, որոնց մեղմիկ երգի հնչյուններն տարածվել էին բոլոր կողմերում։ Անվստահ քայլերով շարժվում էին, վայրկյան առաջ իմանալու, թե որտեղ էին հայտնվել; -Հլը նայի ինչ փոքր են տները,- Մարիամի ձայնը ավելի գեղեցիկ էր հնչում լուռ քաղաքում։ -Հա, ու ինչ էլ գունավոր են ու լիքը պատուհաններ կան։ Իրար զուգահեռ տները իրարից բաժանվում էին նեղ փողոցով, որը թվում էր անվերջ։ Ամեն տան բակում կային փոքրիկ ափսեներ, որոնք էլ գեղեցիկ լուսավորում էին փողոցը։ -Կարծես հեքիաթում լինենք։ -Բարի գալուստ աստղերի աշխարհ,- պատասխանեց հեռվից լսվող ձայնը, որի ամեն քայլի հետ ընդգծվում էր անծանոթ քաղաքում հանդիպած առաջին բնակիչը։ Կարճահասակ, սպորտային կոշիկներով, ու դեղին աստղիկ դեմքով էր բնակիչը, որը կարծես թե այդքան էլ ուրախ չէր նրանց հայտնվելու կապակցությամբ։ -Հետեւեք ինձ,- ասաց խիստ տոնով։ Մի քանի տներ էլ անցան ու նկատելի դարձավ նրանց առջեւի մեծ տունը, կամ ավելի ճիշտ՝ ամրոցը, որի գլխի փայփլացող աստղը փարոսի նման լուսավորում ու պտտվում էր բոլոր կողմերով։ -Ներս եկեք,- լսվեց պատուհանի դիմաց կանգնած կարճահասակ մարդու ձայնը։ -Մենք որտե՞ղ ենք,-հնչեց անհամբեր Մարիամի հարցը, որը մի քիչ կոպիտ տոնով տարածվեց մեծ ու ոչ այդքան լուսավոր սենյակում։

-Մարիամ, հլը նայի պատի նկարներին,- Լեոյի ձայնը ավելի քան հարազատ թվաց Մարիամին։ Պատերից յուրաքանչյուրը ներկված էր կանաչ, դեղին, վարդագույն ու կարմիր գույներով, որոնց զարդարում էին տարբեր չափերի նկարները։ -Նայի, այն մեկի մեջինը կարծես թե այս մարդն է,- մինչդեռ նրանք ուսումնասիրում էին նկարները, անծանոթ մարդը բարկացած շարժվում էր պատուհանի մոտ։ -Դե վերջ տվեք, դուք այստեղ ավելի լուրջ գործով եք եկել, երեւի,- շարժվելով նրանց ընդառաջ՝ նայեց բարկացած։ Բարկացած էր, բայց նրան չէր սազում կարմիր դեմքը, քանի որ դեղին աստղիկ դեմքը տգեղ էր դառնում ու նրա հասակն էլ ավելի շատ տարիքն էր փոքրացնում։ -Ի՞նչ ենք անում մենք այստեղ ու ինչպե՞ս ենք հայտնվել,- Մարիամը ձայնը դուրս վազեց կոկորդից։

-Եկեք նստեք, ամեն ինչ էլ կպատմեմ, հերթով-կարգով,- բարկացած դեմքը սկսեց հանդարտվել ու նորից դեղնել; Մի քանի քայլ անելուց հետո, տեղավորվեցին ոչ այդքան հարմար բազմոցի վրա։ -Դուք այստեղ հենց այնպես չեք հայտնվել, ուրեմն պետք էր այդպես։ -Հիմա պետք է, որ տուն վերադառնանք, ուրեմն պետք է այդպես,- Լեոն հունից դուրս եկավ։ -Լսեք, ես ամեն ինչ էլ կասեմ, համբերեք։ -Դուք ընտրյալներն եք, որոնք պետք է հաղթեն մոմե թագուհուն։ Նա հայտնվում է մարդկանց երազներում ու նրանց դարձնում է վարդագույն մարդիկ, որոնք հաջորդ առավոտ անտարբեր են դառնում իրենց իսկ նպատակների ու երազանքների հանդեպ։ Գիտեմ, որ դուք տեսել եք այդպիսի մարդկանց ու ամենացավալին այն է, որ նրանց մեջ կան նաեւ ձեր հարազատները ու ընկերները։ -Իսկ ինչպե՞ս գիտեք։ -Մենք այս ամբողջ ժամանակ հետեւել ենք ձեզ ու պատահական չէր ձեր հանդիպումը, քանի որ քարտեզը,- հանգիստ էր խոսում։ -Ա՜խ, իմ նոթատետրի քարտեզը։ Ես էլ զարմացել էի, թե ինչպես է այն հայտնվել,- ասաց ու սկսեց աջ ու ձախ քայլել։ -Մարիա՛մ, մի րոպե հանգստացի ու հերիք է քայլես, գլուխս պտտվեց։ -Իսկ ինչու՞ հենց երազանքներ։ -Մոմե թագուհին էլ է եղել ձեր նման սովորական ու ունեցել է շատ երազանքներ, որոնք չեն կատարվել ու ինքը չարացել է։ Մարդկանց դարձնում է վարդագույն մաշկով, որոնք օրեցօր դառնում են ավելի ու ավելի կարճահասակ, իսկ ամենավերջում վերածվում են մոմերի ու դառնում թագուհու մոմե զինվորները։ -Այս ամենը դուք որտեղի՞ց գիտեք,- զարմացած էին։ -Ցավոք սրտի, ես նրա հայրն եմ, ավելի ճիշտ էի- պատասխանը կարճ էր։ -Ու հիմա դուք ուզում եք, որ մենք հաղթենք ձեր իսկ աղջկան։ Տարօրինակ է։ -Այն օրը, երբ իմացա նրա չար մտադրությունների մասին, որոշեցի կանգնեցնել նրան, իսկ դրան ի պատասխան ինձ ու իմ ընկերներին կախարդեց ու փակեց այս քաղաքում։ -Փաստորեն դուք դարձել եք աստղ։ -Այո՛, իսկ հիմա միայն դուք կարող եք նրան հաղթել ու փրկել ձեր սիրելիներին։ Մի քանի րոպե լռություն տիրեց սենյակում։ Երկուսն էլ մտածում էին կամ ուղղակի ժամանակ էին շահում, միգուցե։ -Մենք պետք է, ավելի ճիշտ պարտավոր ենք օգնել նրանց։ Իմ ընկերուհիները միշտ իմ կողքին են եղել ու աջակցել ամեն հարցում, իսկ հիմա իմ հերթն է։ -Համաձայն եմ, Մարիամ։ Ասեք ինչպե՞ս հաղթենք նրան,- հարցրեց Լեոն։ -Այստեղ գալուց տեսել եք երեւի ամրոցի վերեւի աստղը, որը լուսավում է քաղաքը։ -Այո՛, տեսել ենք,- միաձայն պատասխանեցին։ -Աստղը մեր քաղաքի յուրահատուկ խորհրդանիշն է ու իր կախարդական լույսով կարող է հալեցնել թագուհուն, պետք է գնաք մոմաքաղաք։ Այս պահերին այնքան դժվար է որոշում կայացնել, քանի որ դու արդեն իսկ գիտես, թե ինչ է քեզ սպասվում, բայց երբ հիշում ես ընկերներիդ հետ անցկացրած օրերը, ամեն ինչ փոխվում է։ Հաճախ լռությունը ավելին է ասում, քան թե իրար ետեւից մեխանիկորեն շարված բառերը։ -Եկեք իմ ետեւից,- ասաց աստղաքաղաքի առաջնորդը;

Գնում էին նեղ ու երկար միջանցքներով, հաճախ նաեւ աստիճաններով, որոնք կարծես չէին ուզում կանգ առնել ու հանգտանալ։ -Հասանք, ես ձեզ վստահում եմ ու տալիս եմ մեր քաղաքի խորհրդանիշը,- ասաց ու տվեց փրկիչներին։ Քաղաքը, որը գորգի նման փռվել էր նրանց ոտքերի տակ, ավելի գեղեցիկ էր քան սկզբում։ Քիչ լույսեր էին վառված, որոնք թաքուն աչուկների նման հետեւում էին նրանց ամեն մի քայլը։ -Իսկ ինչպե՞ս հասնենք մոմաքաղաք։ -Փակեք աչքերը ու ասեք «մենք հավատում ենք»,- առաջնորդն արդեն անհայտացել էր։ -Հեյ, առաջնորդ, որտե՞ղ եք։ -Ամենակարեւոր պահին թողեց ու գնաց։ Կանգնած էին աշտարակի բարձունքին, այնպիսի տպավորություն էր, որ կախարդվել ու անշարժ էին դարձել։ -Մարիամ, օգնիր մեզ,- շատ էր կարոտել Մելինեի ձայնը։ -Լսեցի՞ր,- հարցրեց Մարիամը։ -Հա, ինչ-որ մեկը օգնություն էր խնդրում։ -Նայի, աստղի մեջ ինչքան մարդ կա,- ասաց Մարիամը, երբ նկատեց նրանց։ -Արի ժամանակ չկորցնենք,- ասաց Լեոն, երբ աչքի առաջ մի քանիսը դարձան մոմե զինվորներ։ Բռնեցին աստղը՝ փակելով աչքերը, ու միաժամանակ ասեցին «մենք հավատում ենք»։ -Լեո, նայի ինչքան շատ են,- ասաց Մարիամը զարմացած, երբ տեսավ իրենց շրջապատող վարդագույն մարդկանց, որոնք նույնիսկ ուշադրություն չդարձրին իրենց։ Շուրջբոլորը մարդիկ էին վարդագույն մաշկով, որոնք քաղաքը վարդագույն էին դարձնում, բայց դա չէր խնդիրը, այլ այն, որ նրանք բոլորը կորցրել էին հավատը երազանքների նկատմամբ, նրանք օգնության կարիք ունեին։ Դիմացի դասարանի Լիանան էր, որը երազում էր ճանապարհորդել ամբողջ աշխարհում, մյուսը՝ Լիլիթը, որը երազում էր սեփական հագուստի խանութ ունենալ։ Նրանց երազանքները փոշիացել են։ -Մարիամ, ուշքի արի, չէ՞ որ եկել ենք իրենց օգնելու- ասաց Լեոն ու քաշեց ձեռքից։ -Կներես, մտքերով էի ընկել,- մի քանի արցունքի կաթիլներ ընկան ցած։ -Առաջնորդն ասաց, որ պետք է աստղի շնորհիվ հալեցնենք թագուհուն, միայն մնում է գտնենք նրան։ -Նայի, Էմման է,- ասաց Մարիամը ու գնաց նրան ընդառաջ, մինչդեռ Էմմայի հայացքում չարություն կար,- Էմ, ո՞նց ես, քեզ շատ էի կարոտել,- գրկեց նրան։ -Օգնություն, այստեղ օտարներ կան,- բղավեց Էմման; -Վազիր Մարիամ,- ձեռքից քաշեց Լեոն։ Մի քանի վայրկյան էր պետք, որ մոմե զինվորները հավաքվեին ու անցնեին գործի, կարծես հենց դրան էլ սպասում էին։ -Լեո, էլ չեմ կարող վազել, ուժ չունեմ,- կանգնեց Մարիամը։ -Ցանկություն չունես, վերջ տուր, մենք օգնելու ենք նրանց։ Ու՞ր է համարձակ ու ուժեղ Մարիամը,- բարկացավ։ -Ախր,- շարունակեց Մարիամը; -Արի, արի, արագ,- շարունակեցին վազելը։ Վազում էին անհայտ ուղղությամբ, բայց երկուսն էլ գիտեին ինչի համար։ -Կարծես թե հյուրեր ունեմ,-հեռվից եկող մոմե թագուհու ձայնն էր։

Չորս կողմից շրջափակման մեջ էին, բոլոր կողմերից մոմե զինվորներ էին, որոնք հիշեցնում էին Մարիամի ծննդյան տորթի մոմերը։ Ի՞նչ անել, շարունակել փախչել, բայց ինչպե՞ս, հանձնվել, բայց ինչու՞…. -Մարիամ, ու՞ր է աստղը,- շուրջը նայելով՝ հարցրեց Լեոն։ -Ձեռքումս է։ -Տուր ինձ հենց հիմա,- աստղը փոխանցեց նրան։ -Ես գիտեմ ինչ կանեմ։ -Բարի գալուստ մոմաքաղաք, սիրելիներս,- մոմե թագուհին բարձրահասակ էր ու կաթնագույն։ -Մենք եկել ենք ասելու, ես էլ եմ ուզում դառնալ ձեր ծառան,- ասաց Մարիամը ու քայլեց նրան ընդառաջ -Խելացի ես, աղջնակ։ Ուրախ եմ, որ ճիշտ որոշում ես կայացրել,- հպարտ ասաց թագուհին ու ընդամենը նրա ձեռքի մեկ հարվածով Մարիամը դարձավ մոմե աղջնակ։ -Մարիամ, Մարիամ,- բղավեց Լեոն,- ի՞նչ հիմարություն արեցիր։ -Իրեն թվաց, թե ես այդքան հիմար եմ ու չեմ հասկանում ինչ է ուզում ասել, բայց սիրունիկ, դու կարող ես դառնալ իմ թագավորը,- ասաց ուրախ ու քայլերը ուղղեց դեպի Լեոն։ Մարիամին կարճ ժամանակ էր ճանաչում, բայց արդեն հասցրել էին մտերմանալ։ Ծանր է ընկեր կորցնելը։ -Դու կյանքում չես կարողա հասնել ուզածիդ,- ասաց Լեոն բարկացած։ -Ինչու՞։ -Որովհետեւ չգիտես ինչ է նշանակում ընկեր ունենալ ու հենց նույն ընկերոջը կորցնել,- ասաց ու գրպանից հանեց աստղը։ -Օ՜, ոչ, խնդրում եմ, մի արա,- մոմե թագուհու հալած մարմինը գետի նման տարածվեց ամբողջ քաղաքով, որին էլ կոչեցին «մոմե գետ»։ Լեոն տխուր քայլում էր դեպի Մարիամը, ու նկատում վերափոխված մարդկանց, բայց դա ոչ մի կերպ չէր սփոփում իր ցավը։ -Մարիամ, ախր, ինչի հիմար քայլ արեցիր։ Ես գիտեի ինչ էի անելու, իսկ դու։ Խնդրում եմ վեր կաց, ինձ մենակ մի թող,- լացում էր, մինչ բոլորը հավաքվել էին նրանց շուրջը։ Տղան դեռ շարունակում էր խոսել երկար-բարակ, մինչդեռ Մարիամի թեյի բաժակի կողքին ամեն րոպե հայտնվում էին իր սիրած համով կոնֆետների թղթերը։

Էլեն Ասատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով