Մանկագրություն, Վովա Արզումանյան

Ինքն էլ ուրախացավ

Հերբերը թաքնվել էր երկնագույն վարագույրի հետևում։ Ես նրան տեսնում էի, բայց ձայն չէի հանում։ Առավոտ շուտ քաղցր թեյ խմելը ամենալավ բանն է , երբ խանգարող չի լինում։ Հենց պանիրը դրեցի հացի մեջ, վարագույրը շարժվեց։ Հասկացա, որ ինքն էլ է սոված, բայց չկարողացա ասել, որ գա, իրեն էլ տամ։ Այդ պահին ոչինչ չհասկացա, թե որն է ճիշտ` կանչե՞լը, թե ոչ։ Մի երկու կտոր կերա, թեյս խմեցի, ու քունս կարծես տանում էր … է՜հ, բայց դեռ առավոտյան ժամը յոթն էր։ Մի կուշտ ծիծաղեցի, որ չննջեմ։ Մայրս այդ պահին կանչեց.

-Արագացրո՛ւ, ուշանում ենք…

Անգամ մոռացել էի, որ տեղ պիտի գնանք։ Մի քանի րոպե էլ սպասեցի` այն հույսով, որ նա դուրս կգա, ու հացի վերջին պատառը կտամ, որ ուտի։ Չհասցրի. մայրս արդեն ջղայնանում էր իմ ուշանալու համար։ Չնայած ուշանալ չեմ սիրում, բայց այս անգամ այդպես ստացվեց։

Ժամերը հաշվում էի, ինչպես առավոտյան արևի շողերն եմ հաշվում։ Հենց արևը գալիս է` ուզում եմ գրկել, բայց դա այդքան էլ երկար չի տևում։ Լուսինը կարծես վատ բարեկամ լինի, որ չի թողնում իրենց տանը ջերմ մարդիկ մնան։ Այդպես երեկոն եկավ ու ես փարվեցի երազներիս։ Արդեն մոռացել էի Հերբերի մասին… չնայած մի քիչ հիշում էի ( բայց դա արդեն հիշել չէր)։

Ուշ տուն եկանք։ Ամեն ինչ իր տեղում էր։ Չնայած քնել էի ուզում, բայց իսկույն վազեցի երկնագույն վարագույրի մոտ` նրան տեսնելու համար։ Նա այնտեղ էր… խելոք նստել էր , բայց մի չարություն էր արել` կերել էր սեղանի վրայի հացի փշուրները։ Այսպիսի չարություններ կարելի է անել… Գրկեցի նապաստակիս, ինքն իրեն լավ զգաց, իսկ հայրս, որ նրա անունը Հերբեր էր դրել, ծխում էր դրսում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով