ՀԱՍԿԵՐ, Մրցույթներ

Ուխտյալը

Ուխտյալի աչքերը ածխի պես սև էին, բայց ոչ նման այն ածխին, որ նոր պիտի բռնկվեր, այլ այն ածխին, որ արդեն վառվել ,մոխրացել էր…  ու իր կյանքն էլ վառվել, սկսել էր մոխրանալ… Մութ աշնանային օրը նոր էր բացվում, բայց նա արդեն երկար քայլել էր:

Արևածագը խավարել էր, ու մոխրագույն մուժի մեջ  չվող թռչունները մոլորվել էին իրենց ճամփեքին։ Սարերը` սև հագած, քթները դուրս էին ցցել մեգի միջից ու շնչում էին մթնլորտի վերին շերտի թթվածինը։ Քամին վշշում էր ու աշխարհին բոթում աղետը…

Ճաղատ գլուխը բաց, փոշոտ կոշիկներով ու ձեռնունայն՝ ուխտյալը գնում էր… արյունը ժայթքել էր աչքերի մեջ ու արցունքը չորացել էր այդ աչքերին…

«Աստված միշտ էլ ողորմած է»,- շշնջում էր նա, երբ սրտխփոցն ուժեղանում էր, ու այլևս չէր կարողանում քայլել։ Հենց այդ պահերին էլ հիշում էր իր առողջ ու երջանիկ օրերը։ Երջանիկ մարդիկ դժվար թե  հիշեն դժբախտության մասին, մինչդեռ դժբախտ մարդու մտածմունքի մեծ մասը երջանկությունն է…

Արդեն տասներեք ժամ քայլել էր սարերի լանջով ձգվող փոշոտ ու զարտուղի շավիղով, երբ մի փոքր տուն երևաց: Մոտեցավ ու դուռը թակեց։

-Բարև մորաքույր,-խռպոտ ձայնով ասաց  դուռը բացող պառավին։

-Աստծու բարին, որդիս,- պատասխանեց պառավը, որ մոտ ութսուն տարեկան կին էր`թառամած, կուչ եկած ու հյուծված։  Կնճիռները ճյուղավորվում էին ամբողջ դեմքով, ձեռքերը մաշվել էին, կոշտացել։ Հագին երկար սև զգեստ էր, գլխին կանաչ շալ էր կապած։

-Կարելի՞ է մի բաժակ ջուր:

-Դու հո սոված ես կլինես․․․ ներս արի, սատանան էլ կսարսափի`քեզ տեսնելիս, մի տես` ինչ հյուծված ես։

Ուխտյալը ներս մտավ։ Տունը անուշ ապուրի հոտով էր լցված։ Նա մոտեցավ,նստեց մյուս սենյակում դրած թախտին։

Պառավը մի աման ապուր ու հաց բերեց։

-Շնորհակալ եմ, Աստված երկար կյանք տա քեզ։

-Երկար կյա՜նք, էդ ո՞ր մի պառավին է երկար կյանք պետք, երկու երջանիկ րոպեն մարդու համար տասը դատարկ տարի արժե։

Լռեցին։ Ուխտյալը խոնարհեց գլուխը,  հայացքով փորեց գետինն ու մտավ դրա մեջ։ Ասես ինչ-որ բան էր փնտրում…կամ ինչ-որ մեկին։

Պառավը կկոցեց աչքերն ու սկսեց նայել սենյակի ինչ-որ  անորոշ կետի։ Դժվար  էր հասկանալ`ինչ է մտածում։ Թոշնած մատներով բնազդաբար շոշափում էր զգեստի փեշից կախված թելը։ Բայց հո երևում էր, որ մտքով այստեղ չէ, հո երևում էր, որ նստել էր մտքի ճեպընթացն ու հեռացել։

-Քեզ ի՞նչ է եղել,- վերջապես խոսեց,-ի՞նչու ես էսպես հալումաշ եղել…

Սև աչքերը լցվեցին ու տաք արցունքը դուրս հորդեց։ Ուխտյալը մի կողմ դրեց ապուրամանն ու դողացող ձեռքերով փակելով դեմքը` ցնցվեց լացից։ Պառավը մոտեցավ ու ծռված մատներով ձեռքը դրեց ուխտյալի ոտքին։

-Ի՞նչ է ,բալես, ի՞նչ է եղել,-հարցրեց։

-Դա աղետ էր մորաքույր, իմ կյանքի աղետը, բոլորի աղետը։ Երկրաշարժը… այդ փլատակները, մարդիկ, արյունը… դա դժոխք է, Տեր իմ… ես վազում էի, ճչում…գտա երեխայիս՝  նա չկար… իմ անուշ, իմ քաղցր դուստրը… իմ հրաշք աղջիկը չկար… իսկ իմ կինը… նա փրկվեց, հիմա հիվանդանոցում է, նրա կյանքը մազից է կախված… երբ մարդ դժբախտանում է,նրա համար աշխարհն իր գույնը կորցնում է,նա ուզում է , որ բոլորը կիսեն իր վիշտը, որ բոլորը դժբախտ լինեն, որ չժպտան, չապրեն… ի՞սկ ես… ես երբեք այդպիսին չեմ եղել, ես միշտ դեմ եմ տվել եմ մյուս այտս, երբ ապտակ եմ ստացել, ես միշտ փորձել եմ բարի լինել, ես փորձել եմ չզայրացնել Աստծուն…

-Միշտ էլ պետք է բարի լինել, երբեք չգիտես` դիմացինդ ինչի միջով է անցել… իսկ դու ո՞ւր ես գնում…

-Իսկ ինչ է մնում ինձ անել Աստծու առջև ծնկի գալուց բացի, աղերսել`փրկի կնոջս և վերջ տա տառապանքներիս… հասկանո՞ւմ ես, մորաքույր, զավակ կորցրած ծնողը միշտ վերք ունի իր սրտում, նա միշտ ցավ ունի իր հոգու մեջ։

Պառավի շուրթը դողաց… նա փակեց աչքերը։

-Հետևիր սրտիդ,- միառժամանակ տևած լռությունից հետո ասաց նա։

-Հետևե՞մ սրտիս, ինչպես հետևեմ, երբ այն հազար կտոր է եղել, ո՞ր մեկին պիտի հետևեմ, ո՞ր կտորի հետևից գնամ,- գրեթե ճչաց նա,- հը՞,որ մեկով առաջնորդվեմ… ա՜հ, կներես ինձ մորաքույր, կներես…

Կրկին լռեցին, բայց այս անգամ` բավականին երկար… Որոշ ժամանակ անց պառավը վեր կացավ ու գնաց  կողքի սենյակը։ Երկու-երեք րոպե անց վերադարձավ ու թախտի վրա մի թղթադրամ դրեց։

-Ճանապարհդ կարճ չէ, վերցրու, մի քանի կիլոմետրից  գյուղի կհանդիպես, գոնե հաց կգնես քեզ համար… գնա քո ուխտին, զավակս, Տեր Հիսուս Քրիստոս թող պահապան լինի քեզ ու կնոջդ։

-Շնորհակալ եմ, մայրիկ, շնորհակալ եմ։

Ուխտյալը ճանապարհ ընկավ։ Դեղին, լեռների փեշով ձգվող ճանապարհի փոշին նստել էր հագուստի վրա, աչքերը լարվել էին անընդհատ հեռուն նայելուց։ Արևն իր շեկ ճառագայթներով ծակոտել էր մառախուղն, ու մեգը ցրվել էր… Սարերի լանջին կանգնած` ուխտյալը տեսնում էր հեռվում երևացող բիլ լիճը։ Այնտեղ պիտի գնար, այնտեղ պիտի կատարեր իր ուխտը, Աստված այնտեղ պիտի դիմավորեր իրեն ու կնոջը կյանք նվիրելով` գթար իրեն։ Ինքը հավատում էր, որ զորավոր Աստված կօգնի իրեն, որ ամենակարող Տերը չի մոռանա իրեն այս անելանելի դրության  մեջ գտնվելու պահին, ինչպես ինքը երբեք չի մոռացել նրան։ Աստված չի ուրանա իր մաքուր, անպիղծ հավատը։ Աստված հայր է, իսկ ծնողը երբեք իր զավակին մենակ չի թողնում…

«Մարդ երբեք չպետք է կորցնի իր հավատը, անհավատ մարդը թերի է, դատարկ, սին մտքերով լի,- մտածում էր ուխտյալը։-Մարդ պետք է հավատա իրեն, իր սեփական ուժերին, մարդ պետք է հավատա Աստծուն, իրական սիրուն»։

Աչքերը թախծեցին։ Ուխտյալն իրական սեր  ապրել էր իր կնոջ հետ, ու նրա սերն ուրիշ էր. սա հեքիաթային էր, չհիասթափեցնող ու չկոտրող սեր։

«Ժամանակն ու տարածությունը փուչ բաներ են… ի՞նչ կապ ունի` որտեղ, որ ժամին, որ տարում… մարդ արարածն ու կյանքը նույնն են ամենուր ու ամեն պահի, մի՞թե ժամանակն ու տարածությունը կարող են մարդկանց ավելի բարի դարձնել, կյանքը՝ ավելի դյուրին…»։

Ներքևում երևաց գյուղը։ Փոքր տները անհամաչափ շաղ էին տված փոշոտ ու խառնաշփոթ գյուղի մեջ։ Արևն արդեն մայր էր մտնում, բայց գյուղը դեռ եռուզեռի մեջ էր։ Մարդկային ու կենդանական ձայների աշխույժ աղմուկը ցրված էր օդում։ Երեխաների ուրախ ճվճվոց էր լսվում հեռվում` ջերմացնելով մթնոլորտը։ Կանանց հորդան`դեղնակարմիր տանձերով լի թասերը կոնքերին հենած, տուն էր գնում`ճանապարհին բարևելով աննպատակ թրև եկող պառավ կանանց ու տղամարդկանց, որոնք նախանձով նայում էին ջահելներին ու ափսոսանքով հիշում իրենց հին օրերը։ Սարալանջերից հետո գյուղը բավականին տաք թվաց ուխտյալին։ Սա մոտեցավ մի փոքրիկ կրպակի։

-Է՛հ,- թիկունքով կանգնած փնթփնթում էր ճարպոտ վաճառականը,- չգիտեմ էլ`ոնց ընտրեմ լավագույնը։

-Եթե չես կարողանում ընտրել, ուրեմն չկա լավագույն։

Վաճառականը շրջվեց։ Թեթև ժպտաց ու բերանի անկյունները հազիվ բարձրացրին ծանր այտերը։

-Բա՜րև,- ճչաց նա`աչքերը փայլեցնելով ու ձեռքերը փորին քսելով,- ի՞նչ կա եղբայր։

-Մի բաժակ սուրճ կարելի՞ է,- ցածրաձայն ծոր տվեց ուխտյալը։

-Է՛լ խի՞ չի կարելի,- խռպոտ ձայնով պատասխանեց վաճառականը` հատկապես շեշտելով «չի» բառը։ Հետո կռացավ, հանեց սրճեփն ու մեջը մի գդալ սուրճ ու մի բաժակ ջուր լցրեց։ Մի երկու րոպե անց եփած սուրճը լցրեց բաժակի մեջ ու շնչակտուր տվեց ուխտյալին։

-Շնորհակալ եմ։

-Խնդրեմ, խնդրեմ,- սվսվաց վաճառականը ու գոգնոցը մի կողմ նետելով`նստեց անկյունում դրված աթոռին։- Բա էս ո՞րտեղից ես գալիս, շատ էլ ցավատանջ տեսք ունես հա՜,  չլինի՞ երկրաշարժը քո քաղաքում է եղել։

-Արդեն գիտե՞ք,- շշնջաց ուխտյալը։

Վաճառականը քորեց քիթը։

-Վատ լուրերը միշտ էլ արագ են տարածվում, ասաց նա,- դու էն ասա՝ ո՞ւր ես գնում։

-Ուխտի, կնոջս համար աղոթելու։

Վաճառականը քմծիաղ տվեց, վեր կացավ` հափշտակելով քիչ հեռու դրած պլաստմասսե շշով ջուրն ու սկսեց ագահաբար խմել։ Ուխտյալը տեսավ`ինչպես էր վաճառականի շրթուքներից ծորում ջուրն ու մի փոքր գարշեց այդ մարդուց։

-Ո՞վ է էդ Աստված, ո՞ւր է նա,-իրար վրա թափելով բառերը` ֆշշացրեց վաճառականը։

Ուխտյալը շփոթվեց։ Մի պահ չհասկացավ նրա ասածը կամ ուղղակի չկարողացավ գիտակցել նման մարդու գոյությունը։

-Աստված ամենուր է,-ասաց նա,- Աստված իմ մեջ է, քո մեջ, այս սուրճի մեջ, ամեն մանրուքի մեջ է Աստված։ Ու կործանված է նա, ով չի տեսնում Նրան։ Աստված մարդու խիղճն է, նրա հոգին, սիրտը…Աստված է մարդու նպատակն ու իրագործումը։

-Է՜հ, եղբայր, գլուխս մի տար։ Էդ ո՞ւր էր քո Աստված, երբ երկրաշարժ եղավ, երբ էդքան մարդ մեռաՎ։Ո՞ւր էր նա, երբ իմ եղբայրը զոհվեց պատերազմում, ո՞ւր էր երբ մայրս գժվեց ցավից,  ո՞ւր էր նա, երբ հանուն կրոնի մարդիկ իրար էին մորթում, ո՞ւր է նա , երբ մարդիկ դժբախտության մեջ են, ո՞ւր․․․ հավատը հիմար մարդկանց համար է,  հավատը մարդկանց անպատասխան հարցերի պատասխանը տալու համար է, հավատը մարդկանց աչքերին փոշի փչելու ու նրանց անորոշության մեջ պահելու համար է։ Խելացի մարդը հավատում է ինքն իրեն, իր ճակատագրին ու վախենում է իր խղճի դատաստանից։ Խելացի մարդը ճար կաներ կնոջն ավելի լավ բժիշկների ձեռք գցելու։ Է՜հ եղբայր, սուրճդ խմիր, հեռացիր խնդրեմ։ Հաշիվն էլ քեզ ու քո Աստծուն…

Վաճառականը դուրս գնաց։  Երկինքն արդեն մոխրագույն էր դարձել, մութն ընկնում էր,  պետք էր ճանապարհ ընկնել։ Թույլ սպիտակով գծագրվել էր լուսինը, ու տափակ ամպերը կիսել էին այն։

«Մարդկային ողբերգություն է Աստծուն չհավատալը»,-ինքն իրեն շշնջաց ուխտյալն ու վեր կացավ։

Մի քանի մետր հեռացել էր կրպակից, երբ ուսին ինչ-որ մեկը դիպավ։ Շրջվեց։ Իր հարևանն էր` իր պես փոշոտ, նիհարած, տանջված։

-Փառք Աստծո, եղբայր ,վեց ժամ է ` քեզ եմ փնտրում, վերջապես գտա քեզ…

-Ի՞նչ է պատահել,- հարցրեց ուխտյալը։

-Երբեք չեմ ուզեցել լինել բոթաբեր, բայց ստիպված եմ․․․

Ուխտյալի մարմնով դող անցավ, նա սարսռաց ու սարսափեց իր մտքերից։

-Քո կինը մահացավ,- ասաց հարևանը, բայց նա չլսեց, նա այլևս ոչինչ չէր հասկանում։

Ուխտյալը լաց չեղավ։  Մարդ ի վիճակի չէ արտասվել, երբ իր ներսում փոթորիկ է, մարդ ի վիճակի չէ արտասվել, երբ աղմկոտ աշխարհը լռել է իր գլխում, երբ իր սրտից արյուն է հոսում ու երբ հոգին պատռված է…նա նայեց իր հարևանին, լիզեց չորացած շրթունքներն ու առանց բառ ասելու հեռացավ։

Հեռվում ինչ-որ մեկը լալիս էր, երեխաները մթության մեջ պահմտոցի էին խաղում։

    ***

Լիճն ու վանքը սպասում էին  ուխտյալին։

 «Ինչքան էլ չարանա մարդկությունը, բարի մարդիկ չեն վերանա ։ Հա, Աստված երբեմն ցավեցնում է, բայց Նա կա ու Նա  բարի է, Նա սիրում է ու Նա գթում է։  Բարի մարդիկ երբեմն դժբախտ են,  բայց նրանք կօրհնվեն, որովհետև բարին միշտ էլ օրհնյալ է, ու գիտե՞ք, երբ քո հոգին մաքուր է, դու երջանիկ ես , որովհետև դու կարող ես հանգիստ փակել քո աչքերը։

Երանի այն մարդկանց, ովքեր մեռնելիս չեն վախենում փակել աչքերը…»,- քարին նստած մտածում էր ուխտյալը` նայելով զառամյալ վանքին։

Օդը սառն էր, ու ճայերը լճի վերևում պտտվելիս մրսում էին։ Լիճը փրփրում էր ու հուժկու ալիքներով ձաղկում մոտակա ժայռերը։ Կոհակներն իրար հետ մարտի էին բռնվել ու իրար բախվելիս հեռու էին շպրտվում։ Լիճն անհանգիստ էր, քամին արդեն վշշացել էր աղետի մասին։ Օդում ճախրող ճայերը ճչացին, վանքի ժայռից ինչ-որ մեկը ցած նետվեց՝ սև էր, նիհար ու դժբախտ…

Կոհակները հետ քաշվեցին ու լիճը հանդարտվեց…

Արթուր Բաղդասարյան

Վարդենիսի Հ․ Համբարձումյանի անվան ավագ դպրոց,

12-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով