Մանկագրություն, Օլգա Դարյան

Պլաստիլինե երազանք

     Երբ գիրք էին կարդում նրա համար, անծանոթ բառերը ճշտում էր, պարզաբանում։ Մի օր հեքիաթում «քսակ» բառը լսեց։ Հարցրեց, թե դա ինչ է։ Պապը բացատրեց և, ցույց տալով ակնոցի շորե  սև տոպրակը, ասաց, որ այն գրեթե չի տարբերվում քսակից։

-Ուզում ես վերցրու քեզ, մանր-մունր բաներ կլցնես․․․

    Աղջիկն ուրախացավ, և անծանոթ բառի վերծանման համար պետք եկած այդ իրի մեջ  (որն արդեն իր քսակն էր) լցրեց գույնզգույն նեղ ժապավեններով պատրաստված իր բոլոր մազակալները, մորաքրոջ երբեմնի շրթներկի դատարկ գլանաձև տուփը, մայրիկի «Կրասնայա Մոսկվա» օծանելիքի նույնպես դատարկ փոքրիկ սրվակը, որն առանձնակիորեն շատ էր սիրում, որովհետև այն մայրիկի բույրն ուներ․․․

    Մայրիկը հեռու էր։ Ուշ-ուշ էին տեսնվում։ Հոր մահից հետո տատն ու պապը, ( որոնց սիրում էր պապի ու մամի կոչել), մոր հոգսը թեթևացնելու համար, իրեն տեղափոխեցին Երևան, որտեղ և շրջապատվեց պապի, տատի, մորաքույրների, քեռիների, նրանց կանանց և երեխաների հոգատարությամբ և սիրով։

    Աղջնակի մանուկ սիրտը չգիտեր՝ սիրե՞ր, թե՞ ատեր այն տարածությունը, որն ընկած էր իր և մոր միջև․․․ Սակայն այդ կեղեքիչ բաժանման մեջ որքան էլ տխրում էր և տառապում, սիրու՜մ էր, շա՜տ էր սիրում մոր հետ կապող ճանապարհը (որը զարմանալիորեն արագ փոխվում էր․․․բաժանողի), որն ինքը ժամանակ առ ժամանակ կտրում անցնում էր, տեսնվում մոր և եղբոր հետ ու լաց ու կոծով , չուզելով , կրկին վերադառնում։

   Մոր հետ կապող այդ ճանապարհը մի զարմանալի հատկությամբ էր օժտված՝ երջանկության մեծ կամ փոքր չափաբաժնից հետո վերածվում էր տխուր, ցավոտ ճանապարհի, որի երկայնքում այլևս ոչինչ չէր զգում, ճնշող աղջամուղջից բացի․․․

   Անթիվ-անհամար այդպիսի վերադարձnերի արդյունքում աղջիկը հետզհետե փակվեց և դադարեց խոսել իր ցանկությունների մասին։ Մի բան որ իրեն դուր գար, սիրտն ուզեր՝ չէր արտահայտվի, չէր խնդրի կամ պահանջի, չէր․․. չէր․․. չէր․․․

   Եթե իր հասակակիցների երազանքը խաղն ու խաղալիքն էր, ապա նրա երազանքն էր դարձել մի ճանապարհ, որի յուրաքանչյուր քար ու թուփ, գյուղ ու աղբյուր, հեռվում երևացող սար ու արծիվ մխրճվում էին հիշողության մեջ՝ դարձնելով իր կարոտյալ ճանապարհն ավելի ու ավելի սիրելի և սպասելի․․․

   Շուտով դպրոց գնաց։ Մի առանձնակի կանոնավորությամբ ամեն առավոտ պապը կոպեկ էր տալիս բուֆետի համար։ Մի օր խանութի ցուցափեղկում պլաստիլինի գունեղ հավաքածու տեսավ՝ մեծ տուփով և ընդօրինակման համար՝ զանազան գազանիկների պատրաստի ֆիգուրներով։ Ուզեց ունենալ։ Ոչ ոքի չասաց, անգամ սիրելի պապիին։ Այդ օրը նա կայացրեց իր կյանքի առաջին՝ ոչ ոքի նեղություն չտալու ինքնուրույն որոշումը։

   Շաբաթներ անց, դպրոցից գալուն պես, մեծերի խոսակցության պատառիկներից հասկացավ, որ տանը հացի փող չկա․․․ Առանց վայրկյան կորցնելու մոտեցավ գրասեղանին, որի մի մեծ դարակն իրեն էին հատկացրել, հանեց ծանրացած քսակը և մի պահ անգամ չմտածելով, որ հեչ է լինում իր պլաստիլինե երազանքը, շուռ տալով՝ դատարկեց պապի առաջ։ Քսակից զնգալով թափվեցին կոպեկները․․․Պապի դեմքն այլայլվեց։ Հայացքը շփոթված էր։ Մատները դողով հպեց մանրադրամին, հուզված, կիսաձայն ասաց․

-Բալես, այս որտեղի՞ց քեզ,- և պարզաբանման չսպասելով, համոզված լինելով իր ենթադրության ճշմարիտության մեջ, շարունակեց,- բայց տվել եմ, որ դպրոցում սնվես, այս ի՞նչ ես արել, ի՜մ աղջիկ․․․

    Իսկ աղջիկը նայում էր գլուխն ափերի մեջ առած պապին ու չէր հասկանում, թե նա ինչու է հոնգուր-հոնգուր լալիս․․․
  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով