Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Պեպենիկը

— Արևը համբուրել է քեզ, — մայրը ժպտաց, շոյեց դստեր վարսերը:

Պեպենիկը նստած էր ցածրիկ աթոռին՝ ձեռքին փոքրիկ հայելի: Մինչ մայրը հյուսում էր վարսերը, Պեպենիկը մատը սահեցնում էր իր այտերի պեպենների վրայով․ հասնելով հիսունյոթին՝ կանգ առավ: Հայելու միջով նայեց մորը:

— Արևը համբուրել է քեզ, իսկ դա հաստատ ինչ-որ բան նշանակում է, — մայրը համբուրեց աղջկան:

Պեպենիկի երկար, ցորնագույն վարսերը շուտով կոկիկ հյուսք դարձան, մայրը կապեց կապույտ ժապավենով, որ համահունչ էր աղջկա հագի զոլավոր զգեստին:

-Մա´մ,- աչքերը անհանգիստ թարթեց, ասես տատանվում էր՝ տա՞ տանջող հարցը, հետո խիզախեց.

— Եթե ուրիշ տեղ… ուրիշ երկրում ծնվեի՝ ինձ կճանաչեի՞ր:

— Իհարկե…

— Քո աղջիկը կլինեի՞:

— Մայրերը միշտ գտնում են իրենց դուստրերին, աշխարհի որ ծայրում էլ լինի, գուցե անունդ Պեպենիկ չլիներ, ասենք՝ Սոլ, կամ Ավրորա լիներ, բայց հաստատ իմ փոքրիկ արևը կլինեիր, ու կգտնեի քեզ: 

 Պեպենիկը գգվեց մորը, և մայրը հայելու մեջ տեսավ Պեպենիկին շատ նման մի փոքրիկ աղջնակի, որ ճիշտ նույն հարցն էր տվել տարիներ առաջ իր մայրիկին:

 Մայր ու աղջիկ քայլեցին փողոցով: Պեպենիկի զգեստը նոր էր, մայրիկի կողքին նա զվարթ թռչկոտում էր: Թռչուններն առաջինը ողջունեցին.

— Բարև, — ձեռքով արեց Պեպենիկը և թռչունները ծլվլացին:

 Փոքրիկ թռչնակները, իրենց մայրիկների կողքին՝ աշնան արևի տակ փետուրներն էին տաքացնում:

— Բարև,- Պեպենիկը ողջունեց փողոցով վազող Վագրակատվին, որը չնայած շտապում էր մորաքրոջ տուն, ուր պիտի համտեսեր իր սիրելի ձկնապուրը, բայց ողջույնին ի պատասխան՝ կանգ առավ, գլուխը հարգալից խոնարհեց, ինչպես հարիր է ազնվաբարո ասպետնին ու մլավեց.

— Մըըռռ,- բարև´, արև´ աղջիկ:

Պեպենիկը նկատեց, որ պարոն Վագրակատուն հրաշալի տեսք ուներ զոլավոր կոստյումով: Կատուն գոհ մռլտաց բեղի տակ ու անհետացավ տեսադաշտից:

 Դիմացի շենքի առաջին հարկում փոքրիկ խանութ-կրպակ էր, որտեղից մայրիկը տան համար հաճախ անուշեղեն էր գնում:

— Բարև,- խանութ մտնելուն պես ողջունեց Պեպենիկը զրնգուն ձայնով ու լայն ժպտաց:

 Վաճառողուհին, որ զբաղված էր, գլուխը չբարձրացրեց, հետո արագ-արագ հաշվեց մանրադրամը, գնումները տվեց մայրիկին: Մայրիկի շնորհակալությանն էլ սկզբում ուզեց պատասխանել մի բառով, դե ասենք՝ խնդրեմ, հետո երևի ժամանակը չհերիքեց՝ սառցե ձայնով նետեց.

— Հաջո´րդը, մոտեցեք դրամարկղին:

 Պեպենիկը մի քանի րոպե լուռ էրՙ մտքերի հետ, բայց դիմացից եկող հարևանուհին իր Հիլդա շան հետ միանգամից փոխեց նրա մտքերի ընթացքը: Հիլդան Պեպենիկի խաղընկերն էր ու ամեն հանդիպմանը թռնում էր աղջկա գիրկն ու համբույրներով ծածկում նրա պեպենները: Հարևանուհին դիմակով էր. ըստ երևույթին՝ հարբուխ կամ նման մի բան:

 Տաքսա ցեղատեսակի շուն էր Հիլդան, երկար, բարակ մեջքով, կարճլիկ, ծուռտիկ ոտքերով ու մինչև գետին հասնող ականջներով: Պեպենիկը շատ էր սիրում այս բարի մռութով շանը, որ թեև յո՞թ, թե՞ ութ տարեկան էր՝ տարիքն առած էր շան համար, բայց երեխայի պես ցատկում էր Պեպենիկին ընդառաջ ու խաղում նրա հետ:

— Հիլդա, զգույշ ցեխաջուրը, Հիլդա, չցատկես, Հիլդա, նստիր,- տիրուհու հրահանգներն այնպիսի արագությամբ էին հաջորդում, որ Հիլդան շվարում-մնում էր. գռմռում էր այդ պահին, բայց կամացուկ, որ տիրուհին չնեղենա: Երևի դրանից էր, որ Հիլդայի աչքերը շան համար տարօրինակ շեղ էին:

— Բարև,- ողջունեց Պեպենիկը:

 Հիլդան տեղում ցատկեց, քաշեց դնչկալը պահող պարանն ու հայտնվեց Պեպենիկի գրկում:

—  Հիլդա, չարաճճի աղջիկ,- ծիծաղեց հարևանուհին՝ իր շնիկով հիացած, թեթևակի բարևեց Պեպենիկի մայրիկին:

— Շատ երեխասեր է,- ամեն անգամվա պես «արդարացավ» հարևանուհին ու հրահանգեց՝ Հիլդա´, գնացինք:

 Հիլդան լպստեց Պեպենիկի ձեռքն ու վազեց տիրուհու ետևից:  Զարմանալիորեն նման քայլվածք ունեին: Պեպենիկը ժպտաց:

Մի քանի պտույտ էլ այգում արեցին. բոլոր թռչունները, կատուներն ու շները առաջինն էին ողջունում Պեպենիկին: Կամրջակով անցնելիս իմաստուն բարդին խշխշացրեց սաղարթն ու գագաթը թեթևակի իջեցրեց՝ ի նշան ողջույնի:

Մարդիկ չէին նկատում փոքրիկ աղջկան, ժամանակ չունեին գուցե:

— Մա´մ, երբ ժպտում ես, Ժպտո՜ւմ, կամ ոգևորված պատմում մի բան, իսկ դիմացինդ չի նկատում անգամ, որ պեպեններդ էլ սպասում են իր արձագանքին, դա ի՞նչ է…

— Անտարբերություն:

— Մարդիկ անտարբեր են,- Պեպենիկը տխրեց:

— Մարդիկ շատ զբաղված են… ու անընդհատ վազում են:

— Վազում են, ո՞ր…

— Որ հասցնեն…

— Ին՞չը:

— Չգիտեմ, բոլորս վազում ենք, ես էլ, գուցե, երբ քիչ էլ մեծանաս՝ դու էլ…

Մայրիկը մի պահ կանգնեց-մնաց՝ շերեփը ձեռքին: Հետո շարունակեց ընթրիքը պատրաստել: Պեպենիկն լուռ ընթրեց, հետո գնաց իր սենյակ: Մոտեցավ պատուհանին, ձեռքով ողջունեց Արևին, որն ուր որ է պատրաստվում էր անհետանալ շենքերի հետևում:

 — Բարև…

 Արևը ներս նայեց պատուհանից:

— Տխուր ես…

— Մի քիչ… մարդիկ շատ զբաղված են… ու անընդհատ վազում են, մայրիկն ասում է՝ չեն հասցնում, դրա համար շատ բաների հանդեպ անտարբեր են:

— Օրինա՞կ:

— Օրինակ չեն հասցնում բարևել փոքրիկ աղջիկներին… կատուները հասցնում են, շները հասցնում են, մեր բակի բոլոր ծիտիկները հասցնում են, մարդիկ՝ ոչ:

— Մարդիկ զոհում են շատ բաներ՝ այլ բաներ հասցնելու համար, իրականում անգամ եթե շատ արագ վազեն, հասցնելու են ճիշտ այնքանն, ինչքան՝ հանդարտ քայլով:

— Մայրիկն էլ երեկ շտապում էր, խնդրեց քիչ կանգնել բադիկների մոտ, որ հասցնի ինչ-որ կարևոր ծրար վերցնել փոստից: Դո՞ւ էլ ես շտապում,- հարցրեց արևին:

— Ես ոչ շտապում եմ, ոչ հապաղում: Ես սահում եմ, և հոսում է ժամանակը:

— Կարո՞ղ ես քիչ դանդաղ սահել երկնքով, որ մարդիկ հասցնեն իրար բարևել գոնե…

— Բարդ է, բայց կփորձեմ,- Աշխարհում ամեն ինչ իր գինն ունի, իսկ ժամանակն ամենաթանկն է,- ասաց Արևը:

Պեպենիկը մտածեց, մտածեց հետո պարզեց ափերը.

—  Մայրիկն ասում է, որ արևի համբույրը մի բան նշանակում է, հաստատ: Ես շատ եմ սիրում պեպեններս, բայց ետ եմ վերադարձնում, եթե փոխարենը գոնե մի օր կարող եմ քեզնից ժամամակ խնդրել… որ հասցնեմ սիրել Հիլդային, զրուցել պարոն  Վագրակատվի հետ, որ մայրիկը առանց աշխատանքից ուշանալու ինձ հետ հանգիստ նախաճաշի, որ խանութի վաճառողուհին գոնե մեկ անգամ գլուխը բարձրացնի իր կշեռքի թվերից և տեսնի՝ ի՜նչ գեղեցիկ է ,մայրիկը հյուսել մազերս: Պեպեններս ինձ գեղեցկացնում են, բայց… Մայրիկն առանց պեպեն էլ ինձ կսիրի:

— Լավ, — ասաց Արևը,- մի բան կմտածեմ, միայն խոստացիր մինչև հաջորղ արևամուտ հայելուն չնայել,- ու վերցրեց պեպենները, խնամքով դրեց իր մոտի արևատուփում:

 Առավոտյան Պեպենիկը արթնացավ երգից. մայրիկը նախաճաշ էր պատրաստում, ու թեև սովորաբար արագ-արագ ոտքի վրա հենց մի գավաթ սուրճ էր խմում, նստեց Պեպենիկի կողքին, սպասեց մինչև թեյը վերջացնի, հետո հարցրեց.

— Չգնա՞նք տատիկին այցի:

— Այո՜- գոչեց Պեպենիկը ոգևորված:

Հիշեց Արևի հետ զրույցը, ձեռքը տարավ դեմքին, լավ է, որ մայրիկը չնկատեց պեպենների անհետանալը: Ուրախ-ուրախ ամբողջ ճանապարհին շաղակրատում էր: Նոր էին հասել իմաստուն բարդու մոտ՝ պարոն Վագրակատուն ողջունեց հարգալից.

— Մորաքույրս հրաշալի ձկնային տորթ է պատրաստել այսօր, — ասաց, -հրավրում եմ ձեզ ևս:

Պեպենիկը շնորհակալություն հայտնեց, բայց, քանի որ արդեն նախատեսել էին տատիկի տուն գնալ, պարոն Վագրակատվի մորաքրոջն այցելությունը պայմանավորվեցին թողնել ապագային:

— Կսպասեմ, մորաքույրս հյուրասեր կատու է, իսկ պեպենոտ աղջիկների համար ուշքը գնում է…

 Պեպենիկը լեզուն կծեց, բայց մայրիկին ոչինչ չասաց:

 Ճանապարհին հանդիպեցին նաև հարևանուհուն: Առանց դիմակ էր, այս անգամ ժպտաց Պեպենիկի բարևին, առաջ եկավ, գրկեց փաթաթվեց Պեպենիկին ու զարմացած բացականչեց.

—  Ինչքա՜ն է մեծացել ու ինչքան  նման է իր մայրիկին:

Անգամ  անունը հարցրեց.

— Պեպենիկ,- ժպտաց աղջիկը և ողջունեց Հիլդային, որ պոչը խաղացնելով լիզեց Պեպենիկի դեմքը:

 Հրուշակեղենի խանութի վաճառողուհին Պեպենիկի բարևին ի պատասխան լայն ժպաց.

— Բարև, գեղեցկուհի:

 Երբ մայրիկը գնումներն ավարտեց, վաճառողուհին մի քանի կոնֆետ ավել դրեց Մայրիկի գնումների տոպրակը, Ձեր գեղեցկուհի դստրիկի համար, իսկական արև է, իսկ հյուսքն արտակարգ է:

Պեպենիկը երջանկությունից փայլում էր:

Երեկոյան տատիկը համեղ աշնանային մրգեր հյուրասիրեց թանկագին հյուրերին, հետո Պեպենիկի հետ իջան բակ, նստեցին նստարանին՝ կողք կողքի:

— Հրաշալի օր է, փակիր աչքերդ մի քանի րոպե:  Աշնան արևը պիտի ամբարես ներսումդ, որ ձմռանը տաքացնի:

Պեպենիկը փակեց աչքերը, կոպերը հաճելիորեն տաքացան:

— Այսօր ուրիշ, շա՜տ տարբեր օր էր… — տատիկին պատմեց ամենը՝ ինչ պատահել էր:

— Հրաշքներ լինում են ամենասովորական աշնանային օրերին անգամ, երբ մարդիկ ժամանակ են գտնում գոնե մի ժպիտի ու մի բարևի համար…

— Իսկ պեպեննե՞րս… — կմկմաց Արևիկը:

— Պեպեններդ միշտ էլ քեզ մոտ են եղել, չէ՞ որ դա Արևի նվերն է քեզ:

Պեպենիկը  երջանիկ ժպտաց. երազում էր՝ փակ աչքերով:

 Առավոտյան Արևը համբուրեց Պեպենիկին և նրա քթին երեք նոր սիրուն պեպենիկ հայտնվեցին, մյուս հիսունյոթ պեպենների կողքին, որ իրականում ոչ մի վայրկյան էլ չէին անհետացել Պեպենիկի դեմքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով