Փոքրիկ Մարոն շատ էր սիրում մայրիկին, ընկերուհիներին, տան մոտից հոսող առվակին, շնկշնկացող բարդիներին, բայց ամենից շատ սիրում էր նայել լուսնին:
Հենց լուսինը դուրս էր գալիս և իր շողշողուն շեղբը գցում էր երկնակամարին, Մարոյին արդեն դժվար էր լինում տուն տանել և քնեցնել: Ստիպված մայրը երեխայի մահճակալը հարմարեցրել էր լուսամուտի մոտ այնպես, որ Մարոն լուսնի հետ զրուցելով քնի: Երբ լուսինը դառնում էր լիալուսին, Մարոն ուշադիր նայում էր այդ լուսավոր գնդին և տեսնում այնտեղ սիրուն դիմագծեր: Նա լուսնին նմանեցնում էր իր միջնեկ եղբորը՝ մեղմ, բարի աչքերով և փափուկ ունքերով:
Նա շատ էր ուզում բարձրանալ լուսնի վրա և նրա հետ շրջել երկնքում, խաղալ աստղերի հետ: Մարոն համոզված էր, որ լուսինը աստղերի քույրն է: Սիրում էր լուսնի պայծառ դեմքը գիշերվա մթնում: Երբ լուսինը մտնում էր ամպերի տակ և դուրս էր գալիս, Մարոյին թվում էր, թե նա պահմտոցի է խաղում իր հետ:
Մարոն մի օր երազ տեսավ. լուսինը իջավ, իջավ, մեծացավ, մեծացավ ու մոտեցավ իրենց բակին: Նա դարձավ մի հսկայական լուսե գունդ և ծածկեց ողջ գյուղը՝ տները, ծառերը… Նա ամբողջությամբ թափանցիկ էր:
Երբ հասավ Մարոյենց բակ, նա հասկացավ, որ լուսինը իր համար է եկել, որ գնան երկինք զբոսնելու: Փոքրիկ աղջիկը չթե շորով, բոբիկ ոտքերով, վազելով բարձրացավ լուսնի վրա: Լուսինը դանդաղ սկսեց բարձրանալ ու բարձրանալ՝ տանելով աղջկան իր հետ:
Մարոն երջանիկ էր: Լուսնի վրա ամեն ինչ պայծառ էր ու նարնջագույն. սարերը, քարերը, դաշտերը:
Փոքրիկը վազվզում էր, ծիծաղում, ճչում և ծաղիկներ քաղում: Հերթով նրան էին մոտենում ու ողջունում պոչավոր և անպոչ աստղիկներ, թռչկոտում նրա գլխավերևում:
Մի որոշ ժամանակ անց նա զգաց անսովոր լռություն: Չէր լսվում ծիտիկների ծլվլոցը, իրենց առվակի քչքչոցը, քամու սվսվոցը, ծառերի խշշոցը: Հասկացավ, որ ինքը մենակ է: Չկար մայրիկը, և նա տխրեց:
Լուսինն ու Մարոն իրար հասկանում էին մտովի: Լուսինն անմիջապես զգաց, որ երեխան տխրեց և կամաց-կամաց սկսեց իջնել Մարոյենց բակ: Փոքրիկը ծաղկեփունջը գրկած իջավ բակ և վազելով մտավ մայրիկի տաքուկ գիրկը:
Այդ հիանալի երազը նա երբեք չմոռացավ, բայց ավելի շատ սիրեց մայրիկին և իրեն շրջապատող աշխարհը:
Ահա թե ով է եղել առաջին «լուսնագնացը»՝ փոքրիկ Մարոն: