Անի Քերոբյան, Մանկագրություն

Կախազարդը

            Այդ երեկո փոքրիկ Գեղամի համար պապիկը նորից բացեց մշտական ընթերցանության գիրքը և կարդաց. «Լեգենդներ են պատմում այն մասին, որ Հին Դրախտիկ գյուղի լեռներում պահպանված է հայոց թագուհիներից մեկի անիծված վզնոցը, որի համար պայքարել են հազարավոր զավթիչներ:

            Ոսկերիչ Թաթոսն ու Մարիամը հանդիպել էին տասներկու տարեկանում և դարձել ամենաներդաշնակ փոքրիկ զույգը: Նրանք որոշել էին մեծանալուն պես ամուսնանալ և կազմել աշխարհի ամենաերջանիկ ընտանիքը: Սակայն Մարիամին ամուսնացրել էին թագաժառանգի հետ, որին այդպես էլ չնվիրեց իր սիրտը: Վիրավորված Թաթոսը զօրուգիշեր աշխատեց, աշխատեց ու արարեց մի կախազարդ, որ բաղկացած էր խորհրդանշական տասներկու քարից: Ու մի գիշեր այն ուղարկեց թագուհուն՝ որպես հրաժեշտի ընծա: Թագուհին, կախազարդի նշանակությունը հասկանալով, այն ամեն օր կրում էր և դրանով հարուցում ամուսնու դժգոհությունը: Եղավ այնպես, որ թագավոր ամուսինը բացահայտեց կախազարդի իրական նշանակությունը ու հրամայեց այն թաքցնել այնպիսի վայրում, ուր ոչ ոք ոտք չի դրել: Չարսիրտ թագավորը հավերժ անեծք դրեց կախազարդի վրա՝ ասելով. «Այն մարդը, ով կարժանանա այս զարդի կրելուն, թող հավետ զրկված լինի սիրուց ու մանկության հիշողություններից»:

            Ժամանակ անցավ: Մարդիկ, մոռանալով թագավորի անեծքը, սկսեցին փնտրել այն ու գտան Դրախտիկ գյուղի լեռներից մեկում: Սակայն թագավորի անեծքը իրականացավ: Նրանք, ովքեր փորձում էին այն վերցնել, մեկ վայրկյանում ծերանում էին ու դժբախտանում: Սակայն զավթիչները չէին հանգստանում և շարունակում էին հասնել կախազարդին, մինչև որ սկսեցին համոզվել, որ այն ընդամենը լեգենդ է»:

-Իսկ Թաթոսը ի՞նչ եղավ,- աչքերը պապին հառելով՝ հարցրեց Գեղամը:

-Թաթո՞սը, է՜հ, բալես, Թաթոսը երևի գնաց հեռո՜ւ երկիր, որ իրեն մոռանան, հավանաբար այնտեղ ամուսնացավ և ընտանիք կազմեց:

— Պապիկ, իսկ Հին Դրախտիկը որտե՞ղ է գտնվում:

— Հին Դրախտիկը հենց մեր Դրախտիկ գյուղն է, ուր ամեն ամառ գնում ենք:

— Մի տեսակ շատ չե՞ն զուգադիպությունները:

— Ի՞նչ զուգադիպություն, Գեղամ:

— Դե տես, Թաթոսն ու Մարիամը ապրել են Դրախտիկում, քո անունը Թաթոս է, դու ոսկերիչ ես եղել…

— Հա, հա, հա,- ծիծաղեց պապը. — ապասիր, դու կարծու՞մ ես, թե գրքի միջի Թաթոսը ե՞ս եմ:

-Ըհը..

— Չէ, քո երևակայությունը սահման չունի, Գեղամ, հետո էլ ուշադիր չէիր, լեգենդում չի նշվում, թե Դրախտիկը նրանց բնակության վայրն է եղել, այլ նշվում է, որ հենց Դրախտիկում է պահված կախազարդը: Հետո էլ, եթե սա իրականություն լինի, ապա դեպքերը տեղի են ունեցել հարյուրավոր տարիներ առաջ, երբ մենք դեռ թագավորություն ունեինք: Իսկ հիմա քնի՛ր:

            Գեղամը սակայն շուտ չքնեց: Նա հաշվարկեց, որ երկու ամսից նորից ամառ կլինի, ու իրենք նորից գյուղ կգնան: Գյուղի տան հետևի կողմում մի սար կա: Ինքը առաջ շատ էր վախենում սարը մինչև վերջ բարձրանալուց: Այս անգամ մեծացել է  մի տարով. չէ՞ որ շուտով կավարտի չորրորդ դասարանը: Ուրեմն արժե պատրաստվել ամառային արկածախնդրությանը և համարձակվել սարը մինչև վերջ բարձրանալ: Նա վստահ է, այնտեղ՝ գագաթին, կգտնի Մարիամ թագուհու կախազարդը: Հետո էլ իրեն կօգնեն իր դրախտիկցի ընկերները՝ Ճպլը, Մեսրոպիկն ու Հասիկոն:

            Անցավ երկու ամիս:

— Ուրեմն հենց սա՞  է կախազարդի գյուղը,- հարցրեց Հասիկոն:

— Հա, պապին ասաց, որ Հին Դրախտիկը սա է որ կա,- պատասխանեց Գեղամը:

— Դե, ինչին ենք սպասում, եկեք գտնենք էդ զարդը ու ծախենք, — շարունակեց Ճպլը:- Շատ փող կունենանք ու մեզ համար մի հսկա պալատ կառնենք:

            Արկածախնդիրների այս խումբը հաջորդ առավոտյան վաղ արթնացավ, վերցրեց հաց և պանիր, մի շիշ ջուր, վարունգ, խնձոր ու սլացավ դեպի սարի կատարը: Գեղամն իր հետ վերցրել էր գիրքը, որ ճանապարհին նորից ուսումնասիրի: Այն հետևի կողմում ծանոթագրություններ ուներ, և հատուկ «Կախազարդ» վերնագրի ներքո կար կես էջ ծանոթագրություն: Սարը բարձրանալով՝ նա բարձրաձայն կարդում էր:

            «Կախազարդ- Մարիամ թագուհու վզնոցը, որի գոյությունը լեգենդ է համարվում: Արտաքնապես այն շատ շքեղ է: Վզնոցն ամբողջությամբ մաքուր ոսկուց է, իսկ տասներկու քարերը՝ թանկարժեք քարեր, որոնք առավել հայտնի են նռնաքար, քվարց, ռուբին, շափյուղա, բերիլ, ոսկեբյուրեղ, փիրուզ, ցավորիտ, ամեթիստ, տուրմալին, ամետրին, ագաթ  անուններով: Շշուկներ են պտտվում, որ կախազարդի ոսկին իր մեջ ներծծել է այն պատրաստող ոսկերչի ամբողջ սերն ու հավատարմությունը: Թեև արքան անիծել է այն, և գտնողները իբրև կորցնում են մանկության հուշերն ու իրական սիրո զգացողությունը, սակայն ոսկերչի ու թագուհու մանկությունից ծնված իրական սերը կհաղթի և անեծքը կչքացնի այն ժամանակ, երբ գտնողը լինի կա՛մ մանուկ, կա՛մ սիրահարված»:

— Ու մենք ի՞նչ նոր բան իմացանք, որ մեզ կօգնի գտնել այն,- հարցրեց Մեսրոպիկն՝ աչքի տակով նայելով Հասիկոյին:

— Դե, ամեն դեպքում իմացանք, որ կախազարդը տասներկու տարբեր քարերից է սարքվել,- գլուխը քորելով պատասխանեց Գեղամը:

— Այսինքն, եթե մեր գտած վզնոցը տասներկու քար չունենա, ուրեմն դա այն չէ,- շաունակեց Ճպլը:

— Նայե՜ք վերև, արդեն հասել ենք վերջի՜ն,- գոռաց Հասիկոն:

            Մի քանի րոպե քայլելուց հետո արկածախնդիրների այս խումբը գտնվում էր սարի կատարին, որն այնքան էլ սուր չէր, ինչպես թվում էր առաջ: Այնտեղ նրանք ոչինչ չգտան, անգամ խոտերը մաքրելուց հետո ոչ մի կարևոր նշանակություն ունեցող առարկա էլ չհայտնաբերեցին: Մի փոքր հիասթափված նայեցին ներքև՝ գյուղին՝ Դրախտիկին, որ սփռված էր իրենց առաջ: Մի փոքր հեռվում ծփում էր կապուտաչյա Սևանը, իսկ ավելի հեռվում երևում էին բազմաթիվ այլ սարերի գագաթներ: Երեխաները որոշեցին, որ իրենց հայրենիքը լի է սարերով, բայց բախտի բերմամբ Դրախտիկին շրջապատում են մի քանի այլ սարեր, որոնք ավելի բարձր են, քան իրենց նվաճածը: Ոչինչ, կյանքն առջևում է: Մյուս տարի իրենք ավելի մեծ կլինեն ու կգնան մյուս սարերի գագաթները ուսումնասիրելու, որովհետև այդ չորս երեխաներից ամեն մեկը մի նպատակ ուներ կախազարդի հետ կապված. Գեղամն ուզում է այդ վզնոցով ապացուցել պապին, որ լեգենդը իրականություն է, Ճպլն ուզում է այն վաճառել ու դառնալ շատ հարուստ բիզնեսմեն, Հասիկոն իրեն պատկերացնում է այդ կախազարդով, իսկ Մեսրոպիկը, որ նրանցից մեծ էր մեկ տարով ու սիրահարված էր Հասիկոյին, ուզում էր այն անձամբ նվիրել նրան ու խոստանալ ամենաերջանիկ կյանքը իրենց Դրախտիկում:

            Սարի կատարին խաղալը ավելի հաճելի էր, թեև մի քիչ ցուրտ էր նրանց համար: Ուտելիքի մի փոքրիկ պաշար բավարարեց երեխաներին: Այնպես պատահեց, որ հենց արևամուտի՛ն Գեղամը, Ճպլը, Մեսրոպիկն ու Հասիկոն պահեցին իրենց երազանքները: Արևը ժպտաց նրանց, ու խոստացավ երազանքների կատարում: Նրանց միավորում էր կարևոր մի բան՝ հավատը, որ պատումը այնքան էլ լեգենդ չէ, ու կախազարդը սպասում է իրենց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով