Արտավազդ Սարեցյան, Մանկագրություն

Ծեր հատակը

Թոռանս՝ Արմենին

Ծերացել է Հատակը, շատ բան է ջնջվել նրա հիշողությունից ու անհետ կորել, ասես ամենևին էլ չի եղել: Ինչ-որ բան, իհարկե, մնացել է: Անպայման պահպանվել են կարևոր պատառիկներ ու մանրամասներ, որոնք հիշողությունների շարք են դարձել: Եվ Հատակն այդ շարքը համեստորեն անվանել է՝ Հիշարժանի – մի քիչ նմանակելով, իսկ գուցե նաև բարի նախանձով ընդօրինակելով այն բանաստեղծներին, որոնց ստեղծագործության սերուցքը յուղակապում էր հաստափոր «Ընտիր երկեր այսքան հատորով» կամ «Ընտրանի» կոչվող շքեղ «տանիքների» ներքո: Եվ այդ հաստափորները մասնակի բարեփոխումներով վերահրատարակվում էին վաստակաշատ հեղինակների հերթական՝ հինգ տարվա պարբերությամբ նշվող հոբելյանների առթիվ, թեև Հատակը շատ լավ գիտեր, որ տպագրության վերջին պատճառներից չէր նաև «չաղլիկ» հոնորարը:

****

Հատակի կարծիքով, իր հուշերն արժանի էին հատուկ ուշադրության՝ ոչ պակաս, գուցե նույնիսկ ավել, քան «հաստափորներում» հարմարված բանաստեղծությունները… Օրինակ, ահա կարևոր մանրամասներ վարպետ Մեսրոպի ձեռքերի մասին: Նա այդ ձեռքերը շատ լավ էր հիշում՝ կոշտուկապատ և միաժամանակ քնքուշ. նման ձեռքերը լինում են բարի ու արարող: Հիշում էր, թե ինչպես էին զօր ու գիշեր խնամքով ու ճարպկորեն խաղացնելով բանեցնում ինքնաշեն գործիքները՝ կացինը, սղոցը, կեղևաքերը, դուրը, սեպը․․․ Ի դեպ, այդ գործիքները շատ տարիներ առաջ պատրաստել էր վարպետ Մեսրոպի պապը՝ ազնիվ, մանկան պես միամիտ հսկա դարբին Մամիկոնը՝ իսկը հայկական ավանդապատումներից: Մեծ փախեփախի տարիներին հարազատներին կորցրած դարբին Մամիկոնը ստիպված ընդմիշտ հեռանալով հայրենի հողից՝ ուսել է հայկական նոր տան շինարարության համար անհրաժեշտ գործիքներով բեռնած օրորոցն ու ընկել ճամփա՝ անցնելով Հայոց եղեռնի ինն անգամ ինը շրջանները, մինչև չի բնավորվել Աբխազիայի բարձրալեռ գյուղերից մեկում, որի բնակիչներին տարիներ առաջ քշել-տարել էր մահաջիրության* հերթական ալիքներից մեկը: Վարպետ Մեսրոպի ձեռքերը ճեղքում էին, սղոցում ու ռանդում չորանալու համար քամուց նախօրոք «ծեծված» տախտակները, որոնց երկարությամբ մեկընդմեջ նեղ «առվակներ» էին բացում ու կողպելուստներ տաշում: Հետո տախտակները պատից էլ քիփ սեղմվելով՝ իրար բերված-համադրված զարդանախշերով կողք-կողքի հավաքվում էին կաղնե հեծանների վրա: Վարպետ Մեսրոպը հատակը հավաքում էր առանց մեխերի՝ փայտե մուրճի թեթևակի հարվածներով «կողպելով» տախտակները: Հատակը լավ էր հիշում մելամաղձոտ այն երգը, որը վարպետ Մեսրոպի խռպոտ ձայնով «հատակ հավաքողի» աշխատանքը համեմատում էր Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ հայտնագործության հետ: «Ամեն ինչ ճիշտ է,– կիսակատակ-կիսալուրջ ասում էր վարպետը,– հատակն ընտանիք է միավորում, այբուբենը՝ ազգ: Ամեն մի տախտակ տառ է ու հնչյուն՝ այբ, բեն, գիմ: Նույնիսկ մեր անուններն են համընկնում»: Իհարկե, Հատակը հասկանում էր, որ վարպետը չափազանցնում է, բայց նման համեմատությունը դուրալի շոյում էր նրա լսողությունը:

****

Իսկ այս հիշողությունը կարող է գողտրիկ նովել դառնալ, գուցե նույնիսկ ոչ ծավալուն պատմվածք, բայց, ավա՛ղ, Հատակը մի բուռ, մի պտղունց ժամանակ չունի այն թղթին հանձնելու համար: …Կարծես երեկ է եղել։ Նույնիսկ դժվար է հավատալ, որ այնքա՜ն շատ ժամանակ է անցել: Հատակն ամենայն մանրամասնությամբ հիշում է այն նշանակալից օրը, երբ վարպետ Մեսրոպի որդին հարս բերեց՝ մի չնաշխարիկ աղջիկ: ՈՒ մեկ էլ լավ է հիշում, որ սեղանավարը հավաքվածներին շնորհավորեց նոր սոցիալիստական ընտանիքի ծննդյան տոնի առթիվ. նա հրաշալի հայերենով այդպես էլ ասաց. «Սա մեր ընդհանուր տոնն է, անխտիր բոլորիս տոնը, որովհետև մեր աչքի առջև ծնվեց մի նոր սոցիալիստական առողջ ընտանիք»: Եվ որովհետև դեռ սթափ էին ու լուրջ, այս հայտարարությունը ներկաներն ընդունեցին հոտընկայս ու երկարատև բուռն ծափահարություններով․ ասես կոմկուսակցության հերթական պատմական համագումարում լինեին: Արդյո՞՜ք կարող էր երիտասարդ ու ուժեղ Հատակը չզգալ, կամ մոռանալ ամոթխած հարսի ոտքերի դողն ու երկչոտ հպումը: Նա հանկարծ ցնցվեց հուզմունքից ու ցնծա՜ց: Մի անհասկանալի ուրախություն համակեց Հատակին, և նա ամբողջ օրը թափառում էր նրա անսահմանության սահմաններում: (Հատակի հիշողության մեջ նույն թարմությամբ տպավորվել է 1973 թվականի հոկտեմբերի 10-ի օրը, երբ Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ խաղում 2։1 հաշվով դժվար ու փայլուն հաղթանակի հասան Կիևի դինամոյականների նկատմամբ։ Այդ օրը բոլորը, առանց չափազանցության փողոցի մեծն ու փոքրը, հավաքվել էին վարպետ Մեսրոպի տանը․ նա հատուկ այս մրցախաղը դիտելու համար գունավոր «Յանտար» հեռուստացույց էր գնել։ Շարք-շարք նստել էին հատակին, աթոռակներին, նստարաններին – ասես թե մարզադահլիճում գտնվեին՝ խաղի տարբեր պահերին համապատասխան բացականչություններով բուռն արձագանքելով ու մեկնաբանելով։ Այդ օրվանից Հատակի հիշողության մեջ դաջվեցին-մնացին «Արարատի» խաղացողների անունները, իսկ ավագ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, որը տեղացիների համար պարզապես կոշկակար Պողոսի որդի Մուկուչ էր, հաճախ էր հյուրընկալվում վարպետ Մեսրոպի տանը, երբ գալիս էր հայրական օջախ։ Հատակը հպարտությամբ էր հիշում այն օրը, երբ Սիմոնյանն ըստ արժանվույն գնահատեց վարպետ Մեսրոպի գլուխգործոցը․ «Ոսկի ձեռք ունես, վարպե՛տ,– ասաց նա,– հրաշալի հատակ ես հավաքել»։ Նման հանդիպումները չեն մոռացվում։ Հա, այն էլ ասենք, որ Հատակը հիշում էր «Արարատի» պանծալի հաղթանակին նվիրված քառատողը, որը խաղից հետո երկունքվեց հավաքվածների միահամուռ տաղանդով, այնքան արագ, որ ասես նախօրոք գրված լիներ․ Մնացին քո շուքի տակ Փառաբանված թիմեր շատ, Ֆուտբոլային դու մի սար, Դու՝ մի անհաս Արարատ։ Այս՝ փողոցի բոլոր բնակիչների կողմից ստորագրված քառատողը նամակով ուղարկեցին հաղթական գոլերի հեղինակ Լևոն Իշտոյանին։ Եվ քանի որ նրա հասցեն չունեին, ծրարի վրա հենց այդպես էլ գրեցին՝ ընդամենը երեք բառ․ «Лично Левону Иштояну»… Փոստի աշխատակցուհին ժպտացել էր քթի տակ, բայց նամակն ընդունել էր, և պատկերացնո՞ւմ եք, այն հասել էր հասցեատիրոջը։ Ի դեպ, Իշտոյանի պատասխան նամակն էլ չէր ուշացել)։ Բայց մենք բավականին շեղվեցինք մեր բուն թեմայից, վերադառնանք ընտանեկան այն հանդիսավոր օրվանը, որը տոն դարձավ բոլորի համար։ Հատակը չէր զգում, թե ինչպես են կոպիտ ներբանները տրորում նրա բաց հոգին։ Նա չէր զգում, թե ինչպես են ծխուկներ գցում սեղանի տակ ու տրորում ոտքով, գցում ու տրորում, ոտքով, ոտքով․․․ Նա չէր զգում, թե ինչպես են հարբած ձեռքերը մինչև վերջին կաթիլը դատարկված գավաթներն ամբողջ թափով շրմփացնում ներքև՝ ջարդելով հանուն նորապսակների երջանկության, իսկ սուր փշրանքներն ասեղների նման մխրճվում են մարմնի մեջ․․․ Չէր զգում, թե ինչպես էր խենթանում «Սըրա պարը», որի կատարողները պարբերաբար փոխարինում էին միմյանց՝ շրջանաձև խելահեղ պարեղանակի ռիթմը պահպանելու համար և խփում էին ոտքերով, խփում, խփում․․․ Երջանկությունից գլուխը կորցրած Հատակը ցավ չէր զգում։ Իսկ մի քանի օր հետո, երբ վերջին հարսանքավորներն սկսեցին անթաքույց դժգոհությամբ ու անշտապ չկամությամբ բաժանվել հյուրասեր տանտիրոջից, տարբեր պատճառներով ձգձգելով բաժանումը, Հատակը վերջապես կարողացավ ուշադրություն դարձնել իր աննախանձելի ներքին և արտաքին վիճակին։ Նա ամբողջ մարմնում թուլության հետ մեջքը ջարդրտող սուր ու մղկտացող ցավ զգաց, գլուխը «թմբուկ էր զարկում» առատորեն սպառված ոգելից խմիչքներից։ Իհարկե պիտի «զարկեր» ալկոհոլային նման «աջապսանդալից»․ էլ գինի ու օղի, էլ կոնյակ ու ճաճա, և անգամ էլ չգիտես որտեղից ճարված չեխական գարեջուր․․․ «Երկինքը փուլ գար գլխիս,– ամոթից գետինն էր մտնում Հատակն ու պախարակում իրեն,– այս ի՞նչ օրի եմ հասել, այս ո՞ւմ եմ նմանվել, աստված իմ»։ Իսկ հետո փորձում էր հանգստացնել իրեն․ «Դե, ոչինչ, պատահում է, էլի՜, կյանք է։ Կարևորը՝ բարի առիթով լինի»։ Հատակը լավ էր հիշում, որ վարպետ Մեսրոպը նման դեպքում գլուխը պահում էր ջրի ծորակի տակ․․․ Բայց այստեղ նրա մտորումներն ընդհատվեցին, որովհետև եկավ նորահարսը։ Տանտիրուհին, Հատակն առաջին օրվանից նրան այդպես էր անվանում, բերեց հատակ լվալու պարագաներն ու գործի անցավ։ Մաքրեց, լվաց, սրբեց, մի խոսքով, խնամքով կարգի բերեց սենյակը՝ ամեն ինչ ճաշակով, ամեն ինչը տեղը տեղին։ Ապա բույրաջրով թարմացրեց օդն այնպես, որ Հատակի գլուխը ծովափնյա կարուսելի նման պտտվեց․․․ անսպասելիորեն ժամանած երջանկությունից։ «Պտտվիր, պտտվիր, կարուսել․․․»,– սիրված երգի տողերը հիշեց Հատակն ու նրան թվաց, թե մի քանի տասնյակ տարի թոթափեց ուսերից, խորն ու լայն շնչեց, և արեգակի ճաճանչների ներքո ժպտաց Տանտիրուհուն՝ թեթևացած ու լուսավորված հոգով։ ․․․Օրերը փոխարինվում էին օրերով, շաբաթները՝ շաբաթներով։ Հատակը միշտ մաքուր էր ու կոկիկ, փայլփլում էր արևի ճառագայթների ներքո։ Եվ դա համարյա ամեն օր Տանտիրուհուն ավելի լավ ու մոտիկից ճանաչելու համար՝ սուրճ խմելու պատրվակով հյուր եկող հարևանուհիների բարի նախանձն էր գրգռում։ Ի դեպ, Հատակը համոզված էր, որ «սուրճ» բառն առաջացել է «շուրջ» բառից, չէ՞ որ սրճախմությունը «ասաց-ասաց» էր ենթադրում ինչ-որ թեմայի շուրջ։ Հատակն իր ամբողջ էությամբ ներշնչում էր լեռնային օդի թարմությունը, երբ Տանտիրուհին ամեն առավոտ բացում էր պատուհանները՝ սենյակն օդափոխելու համար։ Տանտիրուհու թեթևաճախր քայլերը թևավորում էին Հատակին, և նա ուզում էր լա՜յն բացել անսպասելիորեն աճած թևերն ու թափահարել և երջանկության թռչունի նման սավառնել երկինք՝ վերև-վերև, արևին ընդառաջ, ո՛չ, ավելի ու ավելի վերև․․․

****

Դյուրազգաց հոգի ուներ Հատակը։ Մի օր էլ նա հանկարծ զգաց, որ Տանտիրուհու քաշն է մի քիչ ավելացել, ապա սուր աչքով նկատեց, որ քայլվածքն էլ է փոխվել, մի քի՜չ, ընդամենը մի քիչ ու դարձել ավելի՛ դանդաղ ու զգույշ․․․ «Մի՞՜ թե»,– երջանիկ ենթադրությունից գլուխը կորցրեց Հատակը։ Նրա կանխազգացումը շատ շուտով հաստատվեց։ «Ախր դա հրաշալի՜ է,– մտածում էր նա,– ես էլ Ամենալավ ընկեր կունենամ, ես իմ կրծքի վրա կզգամ նրա չարաճճի տոտիկների և թաթիկների կաթե ջերմությունը, նրա՝ թող որ դեռ անվարժ շարժումները․․․» Հատակի հոգին փառավորվեց, այդպես կենսարար խեժն է ապաքինում ծառի վերքը։ Շուտով Հատակը նկատեց, որ վարպետ Մեսրոպն ու որդին ավելի ուշադիր են Տանտիրուհու նկատմամբ, ավելի քնքուշ ու հոգատար, ոչ միայն իսկույն կատարում են, այլև անսխալ կռահում նրա ցանկությունները։ Եվ դա շատ էր դուր գալիս Հատակին։ Նա հիշում է, թե ինչպես էին դանդաղորեն ձգվում գալիք հրաշքի հայտնության ակնկալիքով տոգորված օրերը, և ըստ հնարավորին սատարում էր Տանտիրուհուն։ Նրա հետ տխրում էր և ուրախանում՝ բաժանելով տխրությունն ու կրկնապատկելով ուրախությունը։ Հատակը երբեք չի մոռանա այն օրը, երբ վարպետ Մեսրոպն ու որդին հարևանի մեքենայով տարան ծանրոտ** Տանտիրուհուն և ամբողջ գիշեր մնացին․․․ Հատակը գիտեր, թե որտեղ են գտնվում նրանք; գիտեր, որ սպասում են, թե երբ կիջնի բուժքույրն ու կավետիսի․ «Վարպետ Մեսրոպ, շնորհավորում ենք, դուք դարձաք պապիկ․․․» Ու գիտեր Հատակը, որ վարպետ Մեսրոպի գրպանում կա մաղարիչ՝ աչքալուսանքի համար։ Հատակն էլ էր սպասում և անհանգստանում։ Սպասում էր․․․ և թեթևացած շունչ քաշեց, երբ վարպետ Մեսրոպը որդու հետ համարյա ցայգալույսին եկավ տուն։ Նրանց քայլվածքից Հատակը հասկացավ, որ Հրաշքն արարվել է։ «Փա՜ռք Բարձրյալին,– ասաց վարպետ Մեսրոպը և հեռվից-հեռու դիմեց նոր արարված հրաշքի ապուպապին,– շարունակելի՜ է, դարբին Մամիկոն, մեր տոհմի ծուխը շարունակելի՜ է»։ Հատակը նրանց այդքան երջանիկ երբեք չէր տեսել։ Մի քանի օրից բերեցին նաև Տանտիրուհուն ու Նրան՝ Հատակի Ամենալավ ընկերոջը՝ բարուրով ու երկնագույն վերմակով փաթաթված։ Քանի՜ ու քանի՜ անքուն և անհանգիստ զօր ու գիշեր է անցկացրել Հատակը, Տանտիրուհուն օգնել, ուրախացել ու տագնապել նրա հետ, մինչև Ամենալավ ընկերն սկսել է չորեքթաթ սողալ և անել առաջին քայլերը՝ սրտխփոցի նման։

****

Հատակը երբեք, ինչքան էլ հոգնած չլիներ, չէր պառկում քնելու, մինչև չհավաքվեին յուրայինները։ Նա ամենից ուշ էր պառկում, միայն այն ժամանակ, երբ համոզվում էր, որ իր խնամակալներն արդեն իրենց տեղերում են, և ամենաառաջինն էլ ինքն էր բարձրանում, երբ նրանք դեռ գտնվում էին երազների թագավորությունում։ ․․․Այն օրն էլ Հատակն արդեն ոտքի վրա էր, երբ զգաց վարպետ Մեսրոպի հողաթափերի զգույշ քստքստոցը։ Վարպետը, հին սովորության համաձայն, դառը սուրճ պատրաստեց՝ թանձր փրփուրով։ Կում-կում, բավականությամբ խմեց։ Հետո անշտապ դուրս եկավ տնից․․․ (Առաջին հայացքից սովորական օր էր, բայց իրականում ամենևին նման չէր վարպետ Մեսրոպի ապրած օրերից և ոչ մեկին։ Տարբերությունն այն էր, որ վարպետն այս անգամ դարբին Մամիկոնի անտեսանելի ձեռնափայտով էր, որն զգում են միայն։ Եվ իմաստուն ու փորձառու Հատակն զգա՛ց)․․․ և Նա՛ չվերադարձավ։ Ուշ երեկոյան նրան շտապ օգնության մեքենայով բերեցին ճերմակ խալաթ հագած անծանոթ մարդիկ։ Հատակը հիշում է, թե ինչպես քչախոս այդ մարդիկ վարպետ Մեսրոպին պառկեցրին թախտի վրա, ձեռքերը ծալեցին կրծքին․․․ Վարպետ Մեսրոպի ձեռքե՜րը․․․ Հատա՛կ հավաքող ձեռքերը՝ այբբենգիմի՜ պես հավաքող․․․ Հետո նրանք դարբին Մամիկոնի՝ Հայոց եղեռնի ինն անգամ ինը շրջանների վրա մաշված ձեռնափայտը դրեցին թախտի գլխավերում։ Իհարկե, ոչ ոք չտեսավ այդ անտեսանելի՜՝ բոլոր հայերի հավատարիմ ուղեկից ձեռնափայտը, որի ծանրությունն իր կրծքին զգաց Հատակն ու հասկացավ, որ վարպետ Մեսրոպն արդեն գնացել է պապի՝ դարբին Մամիկոնի մոտ, ու հիմա նրանք կյանքի չարն ու բարին են հուլունքների պես շարում մարդկային ճակատագրի թելի վրա։ ․․․Իր երկարատև կյանքի ընթացքում Հատակը սովորել է անսխալ հասկանալ մարդու հոգին, արեգակի ոսկու և լուսնի արծաթի ներքո զանազանել չորը թացից, սպիտակը՝ սևից, քանզի նա կատարելապես տիրապետում է ոտքերի լեզվին, իսկ ավելի ճիշտ՝ զգում։ Կյանքի փորձով իմաստնացած Հատակը շատ լավ գիտի, թե ի՛նչ է առաջին ճիչը։ Եվ ի՛նչ է վերջին հոգոցը՝ Հատակը շատ լավ գիտի։

****

․․․Վերջերս Հատակն իրեն այնքան էլ լավ չի զգում, հաճախ են սրտի անկանոն զարկերն ու կրծքի հատվածում սուր ծակոցները պատառոտում հոգին, շնչահեղձ անում, անտանելիորեն տանջում է հոդացավը, թուլությունը պատել է ամբողջ մարմինը։ Եվ այդ պահերին Հատակը ծանր ու խուլ տնքում է, նրան թվում է, թե ուր որ է փլվելու-թափվելու է։ Նա արդեն չի ուզում վաղ արթնանալ, արթնանալուց հետո՝ բարձրանալ․․․ Նա փափագում է պառկել փակ աչքերով, մտորել, հիշել, անրջել․․․ «Ի դեպ,– հանկարծ անհանգստացավ Հատակը,– իսկ ինչո՞ւ Տանտիրուհին այսօր չի բացում պատուհանները, չի օդափոխում սենյակը»։ Նա պատուհանից նայեց դուրս ու տեսավ, որ հարևանի այգուց կապույտ ծուխ է բարձրանում։ «Որպեսզի ծուխը սենյակ չլցվի,– գլխի ընկավ Հատակը,– երևի արտն են մաքրում և այրում են թափված տերևները»։ Երեկոյան եկավ Հատակի Ամենալավ ընկերը և տանտիրուհուն ասաց, որ հարևանը քանդել է հին հատակն ու այրել․ «Բետոնե հատակ է քաշելու․․․»։ «Բետոնե հատակ է քաշելու,– քմծիծաղով կրկնեց Հատակը,– իսկ վարպետ Մեսրոպը հավաքում էր, մեկիկ-մեկիկ, այբբենգիմի՜ նման․․․»։ «Վրան լցրեց նավթ ու այրեց»։ «Իսկ ինչո՞ւ այրեց տախտակները,– հետաքրքրվեց Տանտիրուհին,– չէ՞ որ ձմռանը կարելի էր որպես վառելիք օգտագործել»։ «Ո՞Իմ է պետք այդ աղբը,– զարմացավ Ամենալավ ընկերն ու ոտքն ամբողջ թափով խփեց հատակին,– այս հնոտին, այս խարխլակույտն ո՞ւմ է պետք։ Բավականին ետ ես մնացել ժամանակից։ Այսօր մոդայիկ ու էֆեկտիվ է ջրային տաք հատակը՝ մաքո՜ւր, սիրո՜ւն»։ Ամենալավ ընկերոջ բառերը ցավով արձագանքեցին Հատակի հոգում, նա հառաչեց ի խորոց սրտի, տնքաց, ջղաձգորեն կծկվեց․․․ և հասկացավ, որ զրկվել է իր ամենանվիրական՝ վառելափայտ դառնալու և իր հոգու վերջին ջերմությունը Տանտիրուհուն ու Ամենալավ ընկերոջն անմնացորդ տալու հույսից։

*Մահաջիրություն – արտագաղթ։

**Ծանրոտ – Համշենի բարբառով՝ հղի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով