Արտակ Վարդանյան, Մանկագրություն

Ծույլ, կամակոր և խռովկան բզեզի ամուսնությունը

(ժողովրդական հեքիաթ)

Մանկությանս անմոռաց հիշողությունը՝
Վարդուհուն, Վարդանին, Սոսեին

Մի ծուռտոտիկ,

Ինքնահավան

Եվ կամակոր

Անբան բզեզ

Որոշում է

Ամուսնանալ.

Առավոտ շուտ

Վեր է կենում,

Մի լավ զուգվում

Ու զարդարվում,

Ճամփա ընկնում:

Շատ է գնում,

Թե քիչ գնում,

Հանդամիջին

Մի աժդահա

Եզ է տեսնում:

— Էդ ո՞ւր էդպես,

Բլո՛ճ քույրիկ:

— Հե՛չ, գնում եմ

Ամուսնանամ:

— Հա՞… Դե արի

Հենց ես առնեմ,

Ինձնից լավի՞ն

Պիտի գտնես:

— Որ էդպես է,

Ասա՛  տեսնեմ`

Ինձ ո՞նց պիտի

Շահես-պահես,

Թե որ առնես:

— Դե ի՞նչ ասեմ,

Եղջյուրներիս

Վրա կառնեմ,

Ման կածեմ քեզ,

Բայց թե, բան է`

Ինձ չլսես

Ու զայրացնես,

Գետնով կտամ,

Կջարդեմ քեզ:

— Որ էդպես է՝

Չարժի քեզ պես

Կոպիտ, բռի,

Անարժանի

Կինը լինեմ,-

Ասաց բզեզն

Ու իր ճամփան

Շարունակեց:

Հաջորդ օրը՝

Առավոտյան,

Քաղաքամերձ

Աղբանոցում

Մեր բզեզը

Մի մուկ տեսավ՝

Բոյով-բուսով,

Բեղով-պոչով

Մի գորշ մկնիկ,

          Եվ առաջին

Հայացքից էլ…

Սիրահարվեց.

«Երանի չէ՞ր

Սա առներ ինձ,

Թե չէ, մեղա՛,

Եզս էր պակաս…»:

— Հարգանքներիս

Հավաստիքը,

Օրիո՛րդ բզեզ,

Ու՞ր ես այդպես

Աճապարում:

— Էլ ու՞ր պիտի,

Ձանձրացել եմ

Մենակ կյանքից,

Որոշել եմ

Ամուսնանամ:

— Որ այդպես է՝

Կինս դարձիր,

Ես էլ վաղուց

Ման եմ գալիս

Ու չեմ գտնում

Ինձ սազական,

Պստիկ-սիրուն

Մի հարմար կին:

— Է՛, խոսք չունեմ,

Նախանձելի

Ճաշակ ունես,

Բայց ո՞նց պիտի

Պահես-շահես,

Թե որ առնես:

— Առոք-փառոք

Կնստեցնեմ

Պոչիս վրա,

Ուր որ ուզես՝
        Ման կտամ քեզ,

Իսկ երբ մթնի,

Մենք կթռչենք

Ստորգետնյա

Ապարանքն իմ…

— Էլ խոսք չունե՛մ,

Համաձա՛յն եմ…

Այդպես նրանք

Ամուսնացան.

Մուկ ասպետը,

Ինչպես ինքը

Խոստացել էր,

Բզեզ հարսին

Ամբողջ օրը

Լավ ման ածեց,

Երեկոյան՝

Մթնելուն պես,

Առավ տարավ

Իր մութ բունը…

Լուսադեմին

Ամուսինը

Կնոջն ասաց.

— Լսի՛ր, քաղցրի՛կ

Ոսկեմազս,

Այսօր, գիտե՞ս,

Թագավորի

Փոքր որդու

Հարսանիքն է.

Ես գնում եմ

Հարսանքատուն՝

Համով-հոտով

Ուտելիքներ

Հայթայթելու:

Տե՛ս, դուրս չգա՜ս

Հանկարծ տնից.

Հենց մուտքի մոտ

Ուղտի մի մեծ

Ոտնահետք կա.

Հետք մի ասա,

Մի ահռելի

Անդունդ ասա,

Հենց որ դուրս գաս,

Մեջը կընկնես,

        Տունս-տեղս

        Դու կքանդես…

— Չէ՛, արջո՛ւկս,

Կսպասեմ քեզ.

Հանգիստ գնա

Գործդ արա,

Մենակ հանկարծ

Շատ չուշանաս,

Թե չէ սիրտս

Կվատանա…

Մինչ ամուսին

Ժիր մկնիկը

Ուտելիք էր

Կրծում, դիզում

Իր տոպրակում,

Մեր կամակոր

Ծուռտոտիկը

Նստում, նստում

Ձանձրանում է.

— Օ՜ֆ, էսքա՞ն էլ

Մարդ ուշանա

Տեսնողներն էլ

Պիտի ասեն՝

Երնե՛կ սրան,

Բախտավորը

Մկան նման

Իգիթ ունի

Գլխին կանգնած…

Մի վեր կենամ,

Տեսնեմ ի՞նչ կա

Էս կողմերում:

(Է՛, հետո ինչ՝

Խոստացել եմ

Տանը նստեմ)…

Բայց հենց ոտքը

Նոր էր դրել

Բնի շեմին՝

Շրը՛մփ, ընկավ

Անդունդի մեջ…

.  .  .  .  .  .  .  .  .  .  .  .

— Վա՛խ, էս ի՞նչ չար

Աչք կար վրաս,

Էս ի՞նչ փորձանք

Գլխիս եկավ,-

Լացուկոծը,

Բզբզոցը

Աշխարհ բռնեց…

Շատ էր լացել,

Թե քիչ՝  արդեն

Չէր հասկանում,

Մեկ էլ մոտիկ

Ճամփից լսեց

Ձիու դոփյուն:

Իսկույն իրեն

Նա հավաքեց

Ու լալագին

Ձայնով կանչեց.

— Հե՛յ, ձիավոր

Ասպե՛տ եղբայր,

Աղաչո՛ւմ եմ,

Թագավորի

Պալատ գնա,

Պարոն մկանն

Ասա՝ վազի՛ր,

Քո ոսկեմազ

Գեղեցկուհին,

Քո վարդկոշիկ

Հարսխաթունը

Ուղտի փոսում

Բախտն է ողբում

Ու լաց լինում

Հոնգուր-հոնգուր…

Ձիավորը

Այստեղ նայեց,

Այնտեղ նայեց,

Բայց ոչ ոքի

Չնկատեց:

«Դե լավ,- ասաց,-

Տերն իրեն հետ,

Որ խնդրում է՝

Գնամ ասեմ…»:

Պալատական

Հարսանիքում

Երբ տարածվեց

Լուրը ցնցող,

Մուկը իսկույն

Մատը կծեց,

Ասաց. «Վա՛յ ինձ,

Կա, թե չկա՝

Իմ հոգյակն է

Փոսը ընկել…»:

Արագ-արագ

Շալակն առավ

Արքայական

Ուտեստներով

Լի տոպրակը,

Թռավ, հասավ

Բզեզի մոտ:

— Վարդխաթո՛ւնս,

Ի՞նչ եղավ քեզ,

Բա քեզ չասի՞

Տանը նստիր.

Չլսեցիր,

Փորձանք բերիր

Դու մեր գլխին…

Դե լա՛վ, ձեռքդ

Մեկնիր պոչիս,

Որ քեզ հանեմ

Այս խոր փոսից…

Բայց… կամակոր

Մեր բզզանը

Իր ամուսնու

Ներողամիտ

Խոսքի վրա

Փոսից ճչաց.

— Կորի՛ր, անխի՛ղճ,

Ձեռքս երբեք

Չեմ մեկնի քեզ:

Քեզ ասպետ ես

Իբր կարծում,

Բայց քո ջահել

Նորահարսին

Տանը թողնում,

Խնջույքի ես

Վազում-հասնում:

— Իմ սիրասո՛ւն,

Չէ՞ որ առանց

Ուտելիքի

Կմեռնեինք…

Բռնի՛ր ապա

Դու իմ պոչից,

Որ քեզ հանեմ

Չարաբաստիկ

Ուղտափոսից…

— Ոչ մի դեպքում,

Մինչև չիջնես,

Հենց այս փոսում

Ինձնից ներում

Դու չհայցես…

Էս որ լսեց

Մեր մկնիկը,

Աչքերի մեջ

Կարմիր կտրեց,

Աչքերի դեմ

Ամպեց-մթնեց,

Դեմքը դարձավ

Կապույտ լեղակ.

— Դեռ հերիք չէ՝

Ինձ չես լսել,

Փոսն ես ընկել,

Ա՛յ խռովկան

Ու կամակոր,

Հիմա, ի՞նչ է,

Ճա՞ռ ես կարդում…

Ասաց, առավ

Սուր ճանկերը,

Աղբակոլոլ

Հողն ու քարը

Ճանկռեց, լցրեց

Ուղտի փոսը,

Տվեց բզզան

Հարսի սևը…

                 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով