Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Տիեզերագնացը

— Սա Մերաքն է, սա Դուբհեն, իսկ ա´յ, այս գծով եթե գնանք, կգտնենք Բևեռային աստղը:

Պարթևը բակում, աստիճանների տակ ամրացված սև փայտե գրատախտակին կավիճով մի քանի կետ իրար միացրեց ու նայեց կողք կողքի նստած զույգ քույրերին: Անին ու Մանեն գլխով արեցին, իբր ուշադիր լսում են ավագ եղբորը, հետո իրար ականջի բան փսփսացին, կտրուկ վեր կացան տեղներից ու ծիծաղելով վազեցին խաղալու:

-Է´հ, — նեղացավ Պարթևը, — գալակտիկաները ձեզ բացարձակապես չեն հետաքրքրում, գիտությունից ու աստղերից ձեզ պատմելն անօգուտ է:

Քիչ այն կողմ՝ արհեստանոցից, մուրճի հարվածների ձայնն էր գալիս: Պարթևը ձեռքը թափ տվեց քույրերի հետևից, որ արդեն ճոճանակին ճոճվում էին ու վազեց պապիկի մոտ՝ արհեստանոց: Այն այգու ետնամասում էր: Լուսավոր սենյակ էր, կենտրոնում հատուկ հենարանի վրա մեծ ուղղանկյունաձև քար էր դրված՝ չորս կողմից մանր հյուսքի պես փորագրված: Պարթևը տեղավորվեց պապից քիչ հեռու, որ չխանգարի ու տաշվող քարի փոշին աչքերը չլցվի:

— Հը´, ո՞նց է, — պապը հարցական նայեց թոռանը:

Պարթևը բութը վեր տնկեց:

 Քարի կենտրոնական մասը դեռ անմշակ էր, առանց զարդանախշի:

— Հավերժության նշանն է պակասում էս մասում, — պապը ձեռքով շրջանաձև ուրվագծեց քարի կենտրոնական հատվածը:

— Արևի նման, պտտվող թևերով:

— Հա´, — ասաց պապը, մուրճն ու շաղափը ցած դրեց ու նստեց թոռան կողքը:

— Ոնց որ գործն առաջ է գնում, մի ամսում կավարտեմ, — նայեց թոռան կավճոտ ձեռքերին, — նկարում էի՞ր:

-Աստղային քարտեզն էի սովորեցնում Անիին ու Մանեին, փախան:

— Հա՛-հա՛-հա՛, մի մատ երեխեքին աստղերից ես պատմում ուզում ես չփախչեն, — պապը ակնոցները դրեց ճակատին, գլուխը հենեց պատին, աչքերը փակեց, որ քիչ հանգստանան: 

— Պա´պ, — սկսեց Պարթևը:

— Հը… — պապի աչքերը փակ էին, կողքից նայողին կթվար նույնիսկ թե քնել է, բայց պապն այդպես մտածում էր:

 — Տիեզերագնաց դառնալը շա՞տ է բարդ:

—  Դրա բարդն ու հեշտը ո՞րն է, ես ի՞նչ պակաս «տիեզերագնաց» եմ, հը՞, — պապը ժպտաց, կկոցեց աչքերն ու աչքի պոչով նայեց Պարթևին:

— Է՜, պա´պ, դու քարտաշ ես, քաղաքի ամենալավ քարտաշը, քո մասին հաղորդումներ են նկարահանում, փորագրածդ խաչքարերի լուսանկարներն ամսագրերի շապիկներին տպում… Ես տիեզերագնաց եմ ուզում դառնալ:

Պապը աչքերը բացեց, ակնոցը դրեց, գրպանից հանեց ծխամորճը, որ իր անբաժան ուղեկիցն էր, թութունը լցրեց ու լուցկին կպցրեց: Հետո տեղից վեր կացավ, դարձավ, զննեց քարը չորս կողմից: Մի քանի մուխ բաց թողեց, չէր խոսում: Պարթևը լուռ սպասում էր. երբ պապի ունքերը կիտվում էին, ու ծովի պես կապույտ աչքերը մշուշ էր պատում, պետք էր անծպտուն սպասել: Պապը ձեռքը սահեցրեց քարի վրայով, համարյա շոյեց.

— էս քարն ինչքան մոտ է հողին՝ հողեղեն է, էնքա´ն տիեզերք կա մեջը: Քարի հոգին տիեզերքից է, — աչքերի կապույտը թանձրացավ-խորացավ, — քարտաշ, թե տիեզերագնաց դառնալու համար Համբերություն է պետք: Համբերություն թե ունեցար, քարն էլ կխոսի, լուսնի հակառակ կողմն էլ կտեսնես:

Աչքերի անկյուններում կնճիռները մի պահ հարթվեցին ու պապը ժպտաց.

— Մեր ցեղի առաջին տիեզերագնացը կլինես, հը՞, ասում են՝ տիեզերքում ամեն հարցի պատասխանը կա, կարող է Քուռկիկ Ջալալիին էլ հանդիպես ու թամբած գաս, թե չէ մի բան թերի է մնացել էս մեր քարաստանում:

— Պապի, քո կատակն ու լուրջը էնքան մոտ են, որ չգիտեմ՝ երբ է մեկն ավարտվում, մյուսը՝ սկսվում:

— Հլը էս ջուրը քարին ցփնի, հովանա, որ գործը շարունակենք:

 Պապը դույլով ջուրը լվացարանի տակից հանեց, մոտը դրեց: Պարթևը նստարանին  դրված լաթի կտորը թրջեց դույլի մեջ, լավ մզեց ու զգույշ մաքրեց քարին նստած փոշին: Նոր փորագրված զարդանախշի երկրորդ գոտին սիրուն հյուսքով առանձնացավ:

Պարթևը հիացած նայում էր մերթ քարին, մերթ պապի մատներին. ո՞նց էին այդ կոպիտ առնական մատները այսպիսի նուրբ ասեղնագործ զարդանախշեր կորզում քարից: Չէ´, քարտաշ լինելը հաստատ տիեզերագնացից բարդ է:

— Պա´պ, դու փոքրուց երազո՞ւմ էիր քարտաշ դառնալ:

— Իմ հերը քարտաշ էր, իմ հորական պապ Մուշեղն էլ քարտաշ է եղել էրգրում: Պապերդ սերնդեսերունդ հայտնի վարպետներ էին: Ես հորս գործը շարունակեցի: Ա´յ, հորդ հեչ չձգեց էս գործը, դու էլ հրեն՝ աստղերով ես տարվել: Երկինքը լավ է, բայց դե, քարերի լեզուն որ մոռացվի, բանալին կորսվի, նորից գտնելը դժվար, համարյա անհնարին բան է:

Պապը հոգոց հանեց: Աչքերը թացացան: Մի քանի մուխ էլ ծխեց անբառ, հետո թփթփացրեց թոռան ուսին.

— Գնանք ճաշենք, հետն էլ լսենք՝ ի՞նչ լուրեր են հայտնում աշխարհից, օրական ապրելու սահմանները նեղացնում են ու ավելի հաստ ճաղեր գծում: Իսկ տիեզերքը անսահման է…

Պապ ու թոռ դուրս եկան արհեստանոցից ու քայլեցին այգու միջի արահետով դեպի տուն: Անին ու Մանեն հիմա էլ տիկնիկին էին լողացնում տաշտի մեջ:

— Աղջիկ են, լավ է տիկնիկին լողացնեն, քան  հարևան Արարատի թոռան պես առավոտից իրիկուն հեռախոսի մեջ աչքերը փչացնեն, էս նոր հեռախոսներն էլ մարդկանց ռոբոտացնելու համար են մոգոնել:

Ծառերը ծաղկել էին, ու այգին ոնց որ ձյուն դրած լիներ:

— Մոտ արի, — պապը Պարթևին ձեռքով արեց, — էս խնձորենին  տեսնում ես, գիտե՞ս քանի տարի պատվաստը չէր բռնում, բայց խոսելով համոզելով, տակը պարարտանյութ լցնելով՝ խաթրն առանք, հիմա մեր խնձորի պես խնձոր՝ ման գաս, շուկայում  էլ չես գտնի: Ես իմ տիեզերքը վաղո՜ւց գտել եմ, տղես. իմը էս քարն ու էս այգին են, քոնը՝ դու գտի:

Պապ ու թոռ տուն հասան ճիշտ էն պահին, որ տատը տաք-տաք ապուրը լցնում էր ամանները:

— Ուտենք, նորից գործին կպնենք, քանի օրը չի մթնել: Թե ուզես, կթողնեմ էսօր դու էլ փորագրես, հը՞, տիեզերագնացս:

— Արևը, — վրա բերեց տատը:

— Հա´, հենց արևը, — ծիծաղեցին պապ ու թոռ:

Տատը ոտքը մի քիչ էլ կախ գցեց-մնաց դռների մեջ, մինչ տղամարդիկ ախորժակով ապուրն էին վայելում: Նայում էր ու հիանում. պապ ու թոռ ոնց որ խնձորը՝ մեջտեղից կիսած…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով