Մանկագրություն, Սեյրանուհի Գեղամյան

Սևուկը

Տանը կենդանի պահել չէի սիրում, ու Սևուկը մեզ մոտ հայտնվեց անսպասելի, անկոչ հյուրի նման։ Կրտսեր աղջկաս սկեսրայրը, որ որսորդ էր ու հատուկ սեր ուներ շների հանդեպ, ինձ շներին վարժեցնելու նպատակով հաճախ ասում էր, թե շուն է նվիրելու, որպեսզի ես զգամ, թե ինչ հրաշք կենդանիներ են նրանք։ Սևուկին գտել էր փողոցում, աշնանային մի անձրևոտ օր։ Տեսնելով պստիկ, անպաշտպան շանը՝ սիրտը չէր դիմացել, գրկել-դրել էր մեքենան ու համոզվեով, որ  այն հասարակ շուն չի՝ չորացրել, հարդարել էր ու որոշել նվիրել ինձ։  1990-ական թվականների ծանր տարիներն էին։ Երկրաշարժից, անկախացումից, ղարաբաղյան պատերազմից արյունաքամ եղած երկրում ապրելու դժվարությունները շատ էին ու մարդիկ, հաճախ չկարողանալով կերակրել կենդանիներին՝ ազատվում էին նրանցից: Դրսում անասելի շատացել էին թափառական շները՝ հաճախ լուրջ վտանգ ներկայացնելով մարդկանց համար։  Մտածեցի, թե Սևուկը կարող է դրանցից մեկը լինել․․․ Հավանաբար, այս պատճառով միանգամից չոգևորվեցի նվերից։ Բայց, երբ Սևուկը (ի դեպ անունը ակամա կնքվեց, քանի որ շունը սեփ-սև, փայլուն մորթ ուներ, իսկ աչուկները կարծես զեյթունի կլորիկ հատիկներ լինեին)  իր թաց, տխուր աչքերը հառեց ինձ, հետո   մի քանի քայլ արեց ու գգվեց ոտքերիս՝ սիրտս փափկեց։ Ես փոքրիկ թասիկի մեջ նրա համար մսի ու հացի կտորներ դրեցի։ Շունը չշտապեց անմիջապես վրա պրծնել, թեև պիտի որ քաղցած լիներ։ Նա նախ սկսեց ուսումնասիրել շրջապատը, հետո դանդաղ մոտեցավ թասիկին, հոտոտեց պարունակությունը ու վերցնելով մսի մի կտոր՝ անհամարձակ գնաց դեպի հյուրասենյակ, մսի կտորը դրեց գորգին ու առջևի թաթիկնկներով  հարմարեցնելով՝ սկսեց կրծոտել։ Նրա այս արարքը շարժեց ավագ դստերս զայրույթը, որն առավել, քան ես, չէր հանդուրժում տանը կենդանիների ներկայությունը։ Մասնագիտությամբ բժշկուհի էր և դա պայմանավորված էր նաև  այն հանգամանքով, որ մարդիկ երբեմն կենդանիներից որոշ հիվադություններ էին ձեռք բերում։ Զարմանալիորեն, գորգի վրա ուտելու սովորությունից  շունը հետագայում էլ չհրաժարվեց, ու ես ստիպված էի նրա թասիկը դնելու համար փոքրիկ գորգ առանձնացնել։ Մեծ դժվարություն հարուցեց շան քնելու տեղը։ Նա ոչ մի կերպ չհարմարվեց պատշգամբում քնելու մեր փորձերին, ու ինքն իր համար  ընտրեց նախասրահին կից փոքրիկ սենյակի բազմոցի և պատի արանքում գտնվող հարմարավետ անկյունը։  Ես կամաց-կամաց վարժվում էի Սևուկի ներկայությանը, կարելի է ասել, անգամ սկսել էի սիրել նրան։ Ամեն ինչից երևում էր, որ Սևուկը  խելացի, դաստիարակված շուն է, որ սիրված է եղել  իր տիրոջ կամ տերերի կողմից։ Օրինակ, նա երբեք չէր մոտենում ուտելիքներով ծանրաբեռ սեղանին, մինչև որ իր բաժինը դնեինք առջևը։ Կամ, երբ պատրաստվում էինք ընտանիքով որևէ տեղ   գնալ և ամուսինս ավտոտնակից հանում էր մեքենան, Սևուկը բոլորիցս առաջ էր ցատկում ու տեղավորվում մեքենայի մեջ ու նրան իջեցնելու համար մեզանից մեծ ջանքեր էին պահանջվում, հաճախ էլ, եթե դա շատ անկարելի չէր, ստիպված նրան ևս վերցնում էինք մեզ հետ։ Սևուկը մեր մշտական ուղեկիցը դարձավ, երբ մենք, երբեմն-երբեմն ոտքով այցելության էինք գնում մոտակայքում ապրող մեր ընկերներին, ու այդ ժամանակ, մինչ մեր նպատակակետին հասնելը, ստիպված էինք լինում բազմաթիվ ճակատամարտեր տալ փողոցային շների դեմ, որոնք անզուսպ կերպով հարձակվում էին Սևուկի վրա։ Իսկ երեկոները, երբ նստում էինք հեռուստացույցի առաջ, Սևուկն անպայման գլուխը դնում էր հողաթափերիս վրա ու իր փայլուն աչուկներն ուղղում մերթ ինձ, մերթ մյուսներին։ Այդ պահերին զգացվում էր, որ նա երջանիկ է։  Ասեմ նաև, որ Սևուկի հետ պետք չէր խոսել ժեստերով․ նա հրաշալի հասկանում էր մարդկային լեզուն, ու երբ անհրաժեշտ էր, մենք նրան փոքրիկ հանձնարարություններ էինք տալիս,  ասենք հողաթափերը կամ երեխաների խաղալիքները տանել-բերելու և այլ թեթև աշխատանքներ։ Սևուկի հայտնվելը զարմանալի իրարանցում առաջացրեց մեր թաղամասի շների մեջ։ Զարմանալի՝  բառիս բուն իմաստով։ Մեր երկհարկանի առանձնատունը երկու կողմից պատշգամբ ունի և  ցերեկները, երբ մենք դուրս էինք գալիս դեպի փողոցը նայող պատշգամբ՝ Սևուկը հետևում էր մեզ ու հենց այդ ժամանակ էլ տեղի էր ունենում դրսի շների սիրո դրսևորման  ցույցը․ 4-5 շուն շարվում էին ցանկապատի հակառակ կողմում ու սիրատոչոր հայացքներն ուղղում մեր գեղեցկուհու կողմը։ Սևուկը շնավարի սեթևեթում էր՝ զրնգուն հաչոցով, պոչը թափահարելով այս ու այն կողմ վազվզում։ Իսկ մի անգամ պատահեց աներևակայելին։ Մի օր, գիշերվա կեսին,  Սևուկը սկսեց անհամբեր  չանկռոտել սենյակի դուռը։ Ենթադրելով, թե բնական պետքը հոգալու կարիք ունի, ես գնացի ու բացեցի սենյակի դուռը։ Սևուկն  արագությամբ թռավ դեպի մուտքի դուռը։ Ես մոտեցա ու բացեցի նաև մուտքի դուռը ու զարմանքից քարացա․ երկու շնիկ, դնչներին մի-մի բավական մեծ ոսկոր, կանգնած էին դռան առաջ ու իրենց ասպետական արարքի գիտակցությունից գոհ՝ թափահարում էին պոչիկները։ Դժվար է լիարժեք նկարագրել այդ տեսարանից ստացած իմ զարմանքը, ու եթե որևէ մեկն ինձ նման բան պատմեր, ես պարզապես կասեի, թե դա երևակայական պատմություն է, ուղղակի հեքիաթ։ Եվ մինչ ես ամուսնուս հորդորում էի ելնել անկողնուց ու բերել լուսանկարչական ապարատը, Սևուկը դուրս թռավ ու  երկրպագուների հետ անհետացավ գիշերային մթության մեջ։ Ես գիշերազգեստով երկար ժամանակ շարունակում էի կանգնած մնալ բաց դռան առաջ, հետո փակեցի դուռը և շվարած ու անորոշ մտածումների մեջ՝ չէի կարողանում պառկել։ Իրոք որ, աննկարագրելի երևույթ էր տեսածս ու ես առաջին անգամ հասկացա, որ Աստծո ստեղծած բոլոր կենդանիները օժտված են սիրելու կարողությամբ  և կենդանիներն էլ կարող են նույնքան ռոմանտիկ լինել, որքան մարդիկ։

 Որոշ ժամանակ անց, մենք ընդունեցինք Սևուկի առաջին ծննդաբերությունը․ երկու սիրունիկ քոթոթիկներ, մեկը ճերմակ, մյուսը մոխրագույն։ Մենք դրանք նվիրեցինք մեր ընկերներին՝ գովաբանելով նրանց լույս աշխարհ բերած մորն ու հավատացնելով, թե քոթոթներն էլ  մոր նման խելացի ու հասկացող կլինեն։ Ցավոք, քոթոթներն ամենևին չէին քաշել իրենց տնակյաց ու խելացի մորը ու որոշ ժամանակ անց՝ կամովին հայտնվել էին փողոցում։ Դրանից հետո  Սևուկն էլի մեկ-երկու անգամ ձագուկներ ունեցավ, սակայն, դարձյալ ոչ մեկը նրան նման չեղավ՝ ո՛չ մորթու գույնով, ո՛չ բնավորությամբ։

Պատահեց այնպես, որ կրտսեր աղջկաս ամուսինը, լինելով զինվորական, ստիպված էր երկար ժամանակով բացակայել տնից։ Աղջիկս նոր-նոր ունեցել էր երրորդ երեխան ու նրան օգնելու նպատալով ես ու ամուսինս հաճախ էինք  գնում նրանց տուն։ Սևուկը միշտ մեզ հետ էր՝ իր սովորության համաձայն առաջինը տեղավորվելով մեքենայում։ Մի օր էլ, վերադարձին  նա սովորականի պես չմիացավ մեզ՝ նստած մնալով մուտքի դռան առջև գցած գորգիկի վրա։ Մենք մի քանի անգամ ձայնեցինք Սևուկին, սակայն նա,  աչքերն առանց թարթելու, հանգիստ ու համառ հայացքով նայում էր մեզ, ասես հասկացնելով,  թե ինչպե՞ս կարելի է այս վտանգավոր ժամանակներում մենակ թողնել երեք փոքրիկներով երիտասարդ կնոջը։ Այդպես, Սևուկն այլևս մեզ մոտ  չվերադարձավ։  Գիշեր-ցերեկ նա հսկում էր աղջկաս ու երեխաներին, նրանցից չէր հեռանում անգամ այն ժամանակ, երբ որևէ տեղ էին գնում։ Իսկ, երբ մեզ մոտ էին գալիս, Սևուկն ուրախությունից իրեն կորցրած՝ այս ու այն կողմ էր վազվզում, հոտոտում ամեն ինչ, թավալվում իր անկյունում, գգվում ոտքերիս։   Այդպես անցավ բավական ժամանակ։ Երեխաները մեծանում էին, իսկ Սևուկը կարծես պառավում էր․ մի տեսակ ծանրաշարժ էր դարձել, զրնգուն, աշխույժ հաչոցն էլ առաջվանը չէր ու աչքերի փայլն էլ խամրել էր։ Ես անգամ վախենում էի, թե շունը հիվանդացել է։ Ամուսինս ասում էր, որ շները երկար չեն ապրում, հազիվ 10-13 տարի, իսկ Սևուկը պետք է որ այդքան լիներ։ Սիրտս անասելի ճմլվում էր, երբ մտածում էի, թե գալու է օրը, երբ Սևուկն այլևս մեզ հետ չի լինելու։ Եվ այդ օրը եկավ։ Դա հենց այն օրն էր, երբ աղջկաս ամուսինը վերադարձավ տուն․․․ Տանն ուրախ իրարանցում էր։ Խոհանոցում կաթսաների մեջ եփվում էին տարբեր ուտելիքներ։ Ես մսով լի կաթսայից հանեցի արդեն եփված մսի մի կտոր, փչելով սառեցրի, հետո թասիկի մեջ մի քիչ էլ արգանակ լցնելով՝ մոտեցա պատշգամբում լուռ պառկած Սևուկին։ Կռացա նրա վրա, շոյեցի գլուխը, թասիկը դրեցի մռութին մոտիկ։ Շունը դանդաղ, մի կերպ բարձրացրեց գլուխը։ Իմ արցունքոտված ու Սևուկի պղտորված աչքերը հանդիպեցին իրար։ Ես լուռ լալիս էի, հետո շունը իջեցրեց գլուխը, դրեց թաթերի վրա ու այլևս չբարձրացրեց․․․

ՄԱՅՐԻԿԻՆ ՎԵՐԱԳՏԱԾ ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐԸ

Մայիսի սկիզբն էր։ Անձրևոտ ու մռայլ օրերը մնացել էին հետևում։ Ցանկալի արևը ժպտուն ու փառավոր՝  իր ջերմությունն էր շնորհում հող ու ջրին, ծառ ու թփին, նոր-նոր բացված ծաղիկներին։ Տատիկն այս տարի առաջին անգամ Գայուշիկին որոշել էր կերակրել պարտեզում։ «Չարի վերջը» պատմելով, մի քիչ էլ այլ պատմություններ հնարելով՝ մի կերպ ուտեցրեց սպիտակաձավարի շիլան, հետո նրան թողնելով, որ վազվզի պարտեզում՝ բարձրացավ պատշգամբ ու սկսեց ջրել թաղարները։ Գայուշիկը, որ հաճախ տեսել էր, թե ինչպես է տատիկը խոսում ծաղիկների հետ, ինքն էլ մոտեցավ արևի պես բացված դեղին խատուտիկներին ու սկսեց դանդաղ, հատ-հատ արտաբերելով բառերը՝ խոսել նրանց հետ․ «Շա՜տ սիրուն եք, դեղին ծաղիկներ։ Ես հիմա ձեզ կքաղե՜մ, կփնջե՜մ ու կտանեմ-կնվիրեմ մայրիկիս։ Մայրիկս ձեզ կդնի ջրի մեջ ու դուք ինչքան ուզեք, ջուր կխմեք, արդեն շոգ է,  ծարավել եք, չէ՞»,- ասաց ու սկսեց փնջել ծաղիկները։   Երբ պստլիկ ձեռքերում այլևս հնարավոր չէր տեղավորել նոր ծաղիկներ, նա ամուր սեղմեց փունջն ու վազեց տատիկի մոտ․

-Տատիկ, տես, մայրիկի համար ինչքան գեղեցիկ ծաղիկներ եմ քաղել,- բղավեց նա՝ խատուտիկների փունջը բարձր պահած։ Տատիկը նայեց դեղին ծաղիկների փնջին, բայց ուրախության արտահայտություն ամենևին չերևաց նրա դեմքին։

-Գայուշիկ,- ասաց տատիկը,- իզուր ես քաղել ծաղիկները, ախր նրանք էլ քեզ նման մայրիկ, քույրիկներ ունեն, նրանք էլ քեզ նման կարոտում են իրենց մայրիկին ու քույրիկներին ու կարոտից թորշնում և չորանում են։ Եթե դու այդպես պարտեզի բոլոր ծաղիկները քաղես, նրանք կնեղանան ու եկող տարի այլևս մեր պարտեզում չեն աճի։

Գայուշիկը միանգամից լրջացավ, մռայլվեց, նայեց ծաղիկներին ու տեսավ, որ իրոք, նրանցից մի քանիսը կարծես թորշնել ու կախել են գլխիկները։ Աղջկա խոշոր, պայծառ աչուկներում արցունքի կաթիլներ հայտնվեցին։ Նա կտրուկ նետեց  ձեռքի ծաղիկներն ու բարձրաձայն լալով՝ վազեց ներս։ Մայրիկն ընդառաջ գալով՝ գրկեց աղջկան ու փորձում էր հասկանալ նրա լացի պատճառը։ Գայուշիկը հեկեկալով հազիվ էր արտաբերում բառերը․

-Ես, ես ուզում էի քեզ ծաղիկներ նվիրել։ Ես ուզում էի, որ դու նրանց դնեիր ջրի մեջ ու նրանք ջուր խմեին․․․ Ես, ես չգիտեի, որ նրանք մայրիկ, քույրիկներ ունեն․․․

Տատիկը ներս եկավ, գրկեց Գայանեին ու փորձեց հանգստացնել նրան, սակայն աղջիկը գնալով ավելի ու ավելի էր բարձրացնում լացի ձայնը։

-Հապա ինչո՞ւ դու էլ, մայրիկն էլ հաճախ ծաղկեփնջեր եք տուն բերում ու դնում ծաղկամանի մեջ,- ասաց աղջիկը լացախառն։

Տատիկը մի քիչ շփոթվեց, հետո հավաքեց իրեն ու պատասխանեց․

-Գայուշս, դրանք այն ծաղիկներն են, որոնք մարդիկ են աճեցնում՝ տարբեր առիթներով իրար նվիրելու համար, իսկ բնության մեջ ծաղիկներն աճում են մայր հողից, սնվում և մեծանում են նրանից և  թորշնում են, երբ նրանց պոկում են հողից։ Ծաղիկները  բնության զարդն են․․․

Այդ բացատրությունից, իհարկե, աղջիկը չհանգստացավ․․․

-Արի, արի գնանք պապիկի մոտ, պատմենք նրան, թե ինչ է պատահել, նա հաստատ մի բան կմտածի։

Գայուշիկին գրկած՝ տատիկը անցավ հյուրասենյակ, որտեղ պապիկը հեռուստացույց էր նայում։ Մի քանի բառով պատմեց Գայուշիկի լացի պատճառն ու ավելացրեց․

-Պապիկ, հնարավո՞ր է, որ խատուտիկներին դնենք ջրի մեջ, նրանք արմատներ տան ու վաղը նորից հետ տնկենք իրենց տեղերում։

Պապը հասկանալով տատի ակնարկը, գրկեց Գայուշիկին ու իջավ պարտեզ։ Գայուշիկը դեռ շարունակում էր սնքրտալ, թեև արդեն առանց արցունքների․․․ Նրանք հավաքեցին այս ու այն կողմ ցրված ու արդեն թորշնած խատուտիկները, վերադարձան խոհանոց ու ծաղիկները դրեցին տատիկի տված լայնաշուրթ բաժակի մեջ։

-Պապիկ, վաղը կարո՞ղ ենք ծաղիները տնկել իրենց մայրիկի մոտ,- հարցրեց աղջնակը՝ լացից կարմրած աչուկները հավատով հառելով պապիկին։

-Տեսնենք, տեսնենք Գայուշ ջան։ Մինչև վաղը կսպասենք, եթե նրանք արմատներ տան, ուրեմն անպայման կվերադարձնենք իրենց տեղերը․․․

Արդեն երեկոյանում էր ու մոտենում էր Գայանեի քնելու ժամանակը։ Գայանեն անկողին մտավ տխուր ու մի քիչ խռոված։ Նա երկար ժամանակ շուռումուռ էր գալիս՝ մտածելով ծաղիկների մասին, իսկ երբ վերջապես քնեց, երազում տեսավ դեղնածաղիկներին, որոնք թափված էին այս ու այն կողմ  ու արտասվալի կանչում էին իրենց մայրիկին։ Ինքը շոյում էր ծաղիկների նուրբ գլխիկները ու մեղմ ձայնով հավատացնում, որ վաղն անպայման  նրանք իրենց մայրիկի մոտ կլինեն․․․

Աղջկա անկողին մտնելուց հետո, պապիկն ու տատիկը երկար ժամանակ մտմտում  էին, թե ինչ անեն, որ աղջկան չհիասթափեցնեն։ Վերջապես պապիկը մտախոհ ասաց․

— Այլ ճար չունենք, ստիպված ենք մի քիչ խորամանկել, այլապես երեխային չենք կարող հանգստացնել։ Նա արդեն հասկացավ, որ չի՛ կարելի անխնա քաղել ծաղիկները։ Հետո, երբ մի քիչ էլ մեծանա, ամեն ինչ կպատմենք ու նա կհասկանա մեզ,- ասաց ու տատիկին պարզաբանեց իր ծրագիրը։

Առավոտ վաղ պապն  իջավ պարտեզ, վերցրեց բահն ու քայլեց դեպի պարտեզի խորքը։ Փորեց ու արմատներով հանեց խատուտիկի մի քանի փունջ, խնամքով հեռացրեց հողի կոշտուկները, բերեց տուն,  դրանք փոխարինեց երեկվա թորշնած ծաղիկներով ու սպասեց Գայաների արթնանալուն։

Երբ Գայանեն բացեց աչքերը, առաջինը ձայնեց տատիկին․

-Տատ, տատ, ծաղիկները արմատներ տվե՞լ են։

-Հիմա նայեմ,- ասաց տատիկը, մի քիչ հապաղեց խոհանոցում, ապա ձեռքերը արտիստիկ տարածելով՝ ասաց․

-Վա՜յ, էս  ինչ էլ լավ արմատներ են տվել; Ապրի պապիկը, ինչ լավ բան մտածեց․․․

Գայանեն արագորեն թռավ անկողնուց ու վազքով հասավ խոհանոց։ Տատիկը գրկեց նրան, մոտեցավ պատուհանագոգին դրված արևանման ծաղիկներին, Գայանեին խոնարհեց, որպեսզի նա լավ տեսնի ծաղիկների արմատները, հետո ձայնեց պապիկին․

-Պապիկ, Գայանեն արթնացել է, ժամանակն է, որ ծաղիկներին տանեք իրենց մայրիկի ու քույրիկների մոտ։

Պապիկնը ներս մտավ, համբուրեց Գայուշիկի խնձորիկ թուշիկները, ջուր լցրեց փոքրիկ ցնցուղի մեջ, վերցրեց խատուտիկների փունջը և տատիկի ու Գայուշիկի հետ իջավ պարտեզ։ Նրանք սկսեցին փնտրել այն թփերը, որոնց ծաղիկնեը քաղել էր Գայանեն։ Պապիկը դրանց մոտ խնամքով փոսիկներ փորեց ու տնկեց նոր թփերը՝ Գայանեին պատվիրելով ջրել դրանք։ Ամեն տնկվող ու ջրվող թփի հետ Գայանեն հրճվանքով ծափ էր տալիս ու երգեցիկ ասում․

-Տեսա՜ք, տեսա՜ք, ես ասում էի չէ՞, որ առավոտյան անպայման ձեր մայրիկի մոտ կլինեք։ Ես է՛լ չեմ քաղի ձեզ, դուք կմնաք ձեր մայրիկի ու քույրիկների հետ։ Հանկարծ չնեղանա՜ք ու եկող տարի չգնա՜ք ուրիշի մոտ․․․ դուք շա՜տ գեղեցիկ եք, ոնց որ փոքրիկ արևներ լինեք․․․

Երբ վերջին թուփն արդեն տնկված ու ջրված էր, տատիկը ներս գնաց, պատրաստեց  սպիտակաձավարի շիլան ու պարտեզ իջավ։ Գայուշիկը, իր կատարած գործից մի քիչ հոգնած, բայց շատ գոհ՝  նստեց փոքրիկ կոճղին  ու առաջին անգամ առանց չեմուչումի՝ մինչև վերջ կերավ սպիտակաձավարի շիլան․․․

 Շունն ու կատուն

Ցուրտ ու անձրևային օր էր:
Մարուսյա անունով կատուն, որ պատսպարվել էր տան աստիճանների տակ, ոչ միայն մրսում էր ցրտից այլև զկռտում՝ սովից: Ժամանակ առ ժամանակ նա աղիողորմ մլավում էր և այս ու այն կողմ նայում… Դրսում ոչ ոք  չկար, բացի Բել անունով հայկական գամփռ շնից, որ հազիվ տեղավորվել էր իր ոչ այնքան ընդարձակ բնում, հսկայական գլուխը արքայավայել դրել թավ թաթերի  վրա ու մի տեսակ խղճահարությամբ նայում էր Մարուսյայի կողմը: «Արի, արի էստեղ, քեզ ոչինչ չեմ անի… Ես երբեմն ագռավներին էլ եմ թույլ տալիս օգտվել իմ կերակրամանից… Դժվար ժամանակներ են…», կարծես ասում էր նա: Կատուն նայում էր նրան և ավելի ու ավելի հաճախ մլավում, բայց վախենում էր առաջ գնալ: Անձրևը գնալով ուժեղանում էր…Շունը դանդաղ ելավ տեղից, թեքվեց դեպի բնի խորքը ու մի մեծ ոսկորի կտոր առաջ բերեց՝ թաթով այն հրելով բնից դուրս, կարծես հասկացնելով կատվին, թե ոսկորը նրա համար է: Կատուն ակնդետ հայացքը հառել էր շանն ու անդադար մլավում էր: Շունը տեսնելով, որ կատուն չի հասկանում իր հյուրընկալ վերաբերմունքը՝ դարձյալ հետ քաշվեց՝  այս անգամ հացի մի մեծ կտոր դուրս հրելով: Կատուն դարձյալ անշարժ նայում էր: Հավանաբար, հիշում էր իր նախնի կատվին, որ տմարդի ձևով խաբել էր Բելի նախնի շանը ու մորթե գտակը տակովն էր արել՝ շանը թողնելով ցրտի դեմ գլխաբաց… Շունն էլ, հավանաբար հասկանալով կատվի վախի պատճառը՝ ցածրաձայն գռմռում էր,  հասկացնելով, թե շատ ժամանակներ են անցել ու ինքը ներում է կատվի անշնորհք նախնուն… Վերջապես, կատուն կարծես հասկացավ շանը, ու զգուշորեն մի քանի քայլ առաջ գնաց… Շունը տեղից չէր շարժվում: Կատուն ևս մի քանի քայլ առաջացավ: Անձրևը շրմփոցով թափվում էր ու թափվում:  Շունը քաջալերելու համար կատվի անվստահ քայլերը, նորից փորփրելով բնի անկյունները՝ մի չորացած ձկան գլուխ դուրս բերեց ու դարձյալ հրեց դեպի կատուն… Կատվի քաղցած փորի մկանները թրթռացին, աչքերը փայլեցին, բերանը ջուր լցվեց ու վախը հաղթահարելով՝ նա ևս մի քանի քայլ առաջ գնաց… Արդեն քիչ, շատ քիչ էր մնացել մինչև շան երանելի բունը… Շունը թաթով առաջ մղեց չորացած ձկան գլուխը… Ահա, ահա, ևս մի քանի քայլ և ձուկն իրենը կլինի, մտածեց կատուն ու դարձյալ քայլ արեց… Հետո զգուշորեն թաթը մեկնեց դեպի ձկան գլուխը ու քաշեց  իրեն: Շունը հետ գնաց՝ ծածկի տակ տեղ ազատելով կատվի համար: Կատուն ամուր բռնեց ձկան գլուխն ու սկսեց ագահորեն խժռել, հետո, արդեն մոռանալով վախի մասին՝ հենց խժռելով էլ մտավ բունը: Շունը, իբր անտարբեր՝ նայում էր կատվին ու մտածում. «Կեր, կեր, ես հիշաչար չեմ, մի քիչ էլ կտաքացնեմ, մեղք ես, մինչև մազերիդ ծայրը թրջվել ես… ու գուցե հետո հասկանաս, թե ինչքան տմարդի է եղել քո էդ գող նախնին…»:

            Առավոտյան անձրևն արդեն դադարել էր: Շան տերը վերցրեց անկյունում դրված պլաստմասե դույլը, որի մեջ մսի, ոսկորների ու հացի մեծ կույտ կար, խառնեց գոլ ջրով ու դուրս ելավ շանը  կերակրելու: Հորդ անձրևի կատարած ավերածություններին խոժոռված նայելով ու գլուխը տարուբերելով՝ նա հասավ շան բնին ու միանգամից քարացավ. շունն  իր խոշոր, բրդոտ թաթը դրել էր կատվի մեջքին, ասես ծածկել էր նրան ու երկուսով քնել էին խորն ու խաղաղ քնով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով