Ալվարդ Հովսեփյան, Մանկագրություն

Ճանճիկն ու սարդ փեսացուն

(հեքիաթ)

Մաս 1-ին

Մի կախգլուխ սարդ մենակյաց՝

Ինքը լող-լող, երկարաչանչ,

Նայում էր իր ոստայնից ցած,

Երբ ցանցն ընկավ վտիտ մի ճանճ։

Գույնը գցած նայեց ճանճը՝

Վախից լեզուն քարկապ ընկած,

Սարդը փարչը առավ չանչը,

Գինի լցրեց, կենաց ասաց.

-Բարո՜վ եկար, չքնա՜ղ փերի,

Երջանկություն բերեցիր ինձ,

Միայնակ եմ ես, ամուրի,

Պիտի դառնաս ինձ կողակից։

Գերյալ ճանճը ասաց սարդին.

-Շնորհակալ եմ պատվի համար,

Բայց ճանճիկ եմ ես դեռատի,

Ունեմ մեծ քույր՝ քեզ շատ հարմար։

Ե՜կ հարսնատես, եթե հաճես,

Հերանցս տուն՝ որպես թանկ հյուր,

Քույրս՝ պարարտ, սիրունատես,

Ես կլինեմ ձեզ հարսնաքույր։

Սարդը նայեց ճանճի քաշին,

Մտքում զննեց գեր քույրիկին.

«Մեծին կուտեմ վաղը՝ ճաշին,

Նիհարիկին՝ ուշ ընթրիքին»:

Ճանճիկը ժիր ու խորամանկ,

Քնքուշ ժպտաց սարդի դեմքին․

-Տանե՞մ մերոնց աչքալուսանք,

Որ գալիս ես նշանդրեքի:

Սարդ փեսացուն գայթակղված՝

Անգին քենուն ճամփեց հերանց,

Ու կռահեց , որ ի՜նքն ընկավ

Թակարդի մեջ իր իսկ լարած:

Հենց ճամփից էլ ճանճը հղեց

Ագահ սարդին խրատ-ուղերձ.

«Ախորժակդ զսպիր, փեսա՜,

Փական դիր այդ մեծ երախիդ,

Քեզ արժանի լավ դաս էր սա,

Գերի ընկած ճանճից վտիտ»։

Կարդաց ու խիստ նեղվեց սարդը.

« Ա՜յ թե խաբեց ապերախտը,

Հերն անիծած, թե նիհար էր,

Նախաճաշիս շատ հարմար էր։

Դե բերանդ հիմա բաց թող՝

Քամին լցնի փոշի ու հող:

Ի՞նչ շահեցիր, անխելք սարդ, ի՞նչ,

Լա՞վ չէր՝ մի քիչ, քան թե ոչինչ»:

Իսկ ճանճիկը հեռվից նայում,

Թաշկինակն էր թափահարում:

Մաս 2-րդ

Անցան օրեր ՝ մռայլ, տրտում,

Չէր հանդարտվում քինոտ սարդը.

Ոխը սրտում՝ ճանճին փնտրում,

Որ գցի իր նոր թակարդը:

Եվ բաղձալի պահը եկավ,

Թռչկոտելիս բացատում մեծ՝

Ճանճը, թրը՜մփ, ցանցն ընկավ,

Նրա չանչի մեջ հայտնվեց։

Սարդը եղավ աշխարհով մեկ,

Խմեց ամբողջ գինին փարչի,

Չարախինդ մի հրճվանքով նենգ

Այսպես ասաց գերյալ ճանճին.

-Տեսա՞ր, նորից դու քո ոտքով

Եկար- ընկար իմ ջերմ գիրկը,

Դու նրբիկ ես , իմ ճաշակով,

Պետք չէ ինձ քո գեր քույրիկը։

Ասաց, քաշեց խեղճ ճանճիկի

Նուրբ չանչիկը բռի սարդը,

Խոտե հյուսկեն մի մատանի

Խցկեց նրա մատնեմատը:

Ճարահատյալ ճանճը շինծու

Ժպիտ առավ գունատ դեմքին

, Իբրև խոնարհ, հեզ հարսնացու՝

Հնազանդ է նրա կամքին։

-Համաձայն եմ, ի՜մ քաջ ասպետ,-

Ասաց ճանճը մեղմաժպիտ,-

Կյանքս կապել հավերժ քեզ հետ,

Եվ տիրուհին դառնալ սրտիդ։

Այս ցանկալի հանդիպմանը

Շատ երկար եմ ես սպասել,

Իմ կարոտի կանչն է հեռվից

Թևեր առել ու քեզ հասել:

Արի՜, ականջ դիր իմ խոսքին,

Մեղու քեռուս մառան գնա,

Գինին կտա հարսանիքի,

Ծախսը կառնի ինքն իր վրա։

Մեծահարուստ անձ է քեռին,

Գինեգործ է նշանավոր,

Խնդրիր նրան՝ հանձն առնի,

Մեր պսակին լինել քավոր։

Գինովացած սարդն է հրճվում,

Հաշվարկներ է անում մտքում,

Դատարկ փարչը գրկած ճոճվում,

Պարում է ու հետն էլ երգում։

«Կույրն ի՞նչ կուզի՝ մի զույգ սուր աչք,

Հաջողակ ես ամեն հարցում,

Բախտն իր ոտքով դուռդ եկավ

Քեֆդ քոքիր, սա՜րդ փեսացու»։

Ինչ ծախս որ կար, մեկ -մեկ հաշվեց,

Գրեց-ջնջեց մինչ լուսաբաց,

Ծեգին առավ իր փարչը մեծ,

Քավոր մեղվի մառան գնաց։

Դե քեզ տեսնենք, սա՜րդ փեսացու,

Տակառները հերթով բացիր,

Համտես արա, փարչդ լցրու

Մինչև մեղուն կգա գործի:

Ճանճիկը հո միամի՞տ չէր,

Որ հե՜նց մառան ճամփեց նրան,

Չտես սարդի տեղը գիտեր՝

Ո՜չ չափ ուներ, ո՜չ էլ ՝ սահման:

Այնքան կոնծեց որկրամոլը,

Մինչև հալից ընկավ իսպառ,

Պայթելու չափ փքվեց փորը,

Դարձավ իսկը անտակ տակառ։

Հաջորդ օրը եկավ մեղուն,

Գտավ սարդին անշնչացած,

Պայթել էր հենց ընկած տեղում՝

Գինով փարչը ամուր գրկած:

Ճանճը լուրը առնելուն պես

Մի մահազդ է տպում թերթում,

Չթաքցրած քամահրանքով՝

Ագահ սարդի մահը բոթում.

«Հին մառանում գիշերն անցած

Անփառունակ սարդ փեսացուս,

Ծակ որկորի զոհը դարձած՝

Կնքել է իր մահկանացուն։

Վշտացած չեմ բնավ էլ ես,

Չեմ ընդունում ցավակցություն,

Ագահության վերջն է այսպես,

Չմեղադրեք ինձ այս հարցում»։

Այդպես լինում է հեքիաթում

Չէր սպասում մայր սկյուռը,

Մինչև ցուրտը թակեր դուռը,

Վաղօրոք էր ձմռան համար

Նա կուտակում առատ պաշար,

Որ ձագերը իր սիրելի

Լինեին կուշտ, աչքները՝ լի։

Ուսին գցած մի մեծ սակառ՝

Շտապում էր ծեգին անտառ,

Կեր հավաքում տեսակ֊ տեսակ՝

Սունկ ու կաղին, միրգ, շագանակ,

Ծանր ֊ծանր բերում, լցնում

Հսկա պարկի մեջ լեփ֊լեցուն։

Վերջում բերանը պինդ կապում,

Որ ձագերը չուտեն թաքուն։

Մի քանի ծառ իրենցից ձախ

Կաչաղակն էր ապրում խարդախ,

Դրացին այդ գող ու նախանձ

Հետևում էր վերից նրանց։

Մտքին ուներ աչքածակը՝

Փախցնելու նրանց պարկը.

Ի՜նչ ավար էր՝ ճոխ ու հարուստ,

Իրեն ընծա ձմռան ապրուստ։

Եվ մի օր էլ կաչաղակը

Գաղտնի խուժեց բաց փչակը,

Ճանկեց, տարավ ինչ կար, չկար

Ու ճողոպրեց ուրիշ անտառ։

Մայր սկյուռը անճար ու խեղճ

Ընկավ անել վիճակի մեջ,

Մղկտում էր նա աղեկեզ,

Երբ մոտեցավ մի շեկ աղվես։

֊Մի՜ վշտացիր,֊ասաց,֊ ի՜մ քույր,

Սիրով ես ձեզ կընդունեմ հյուր,

Ունեմ տաքուկ ու փափուկ որջ,

Ինձ մոտ կապրեք ձմեռն ամբողջ։

Բաց անելով աչքերը թաց՝

Սկյուռն ասաց լացակումած.

֊Պոչդ քաշի՜ր , ա՜յ նենգամիտ,

Էլ չեմ խաբվի կեղծ խոսքերիդ։

Լավ է քաղցած մեռնեմ , աղվե՜ս,

Քան ձագերիս վստահեմ քեզ

։ Նոր թակարդներ զուր մի՜ լարիր,

Դաս ենք առել անցյալ տարի։

Նրա խոսքը կիսատ մնաց ,

Երբ զարմացած տեսավ հանկարծ՝

Հավաքվել էր մեծ ծառի տակ

Սկյուռների մի ողջ բանակ։

Որն՜՝ անծանոթ, որը՝ դրկից,

Բաժին հանած իրենց կերից

՝ Մթերքով լի զամբյուղ ու պարկ,

Տաք հագուստներ, ձեռնոց, գլխարկ,

Այնքան էին բերել, լցրել,

Հսկա բլուր էր գոյացել։

Իսկ աղվեսը այն «հյուրընկալ»

Էլ ոչ մեկի աչքով չընկավ,

Թե այդ ինչպե՞ս ,ե՞րբ էր ծլկել,

Ոչ ոք գլխի չէր էլ ընկել։

Երախտապարտ սկյուռիկը

, Փոքրիկներին առած գիրկը,

Մերթ լալիս էր ու մերթ ժպտում,

Ինչպես լինում է հեքիաթում,

Իսկ զարմացած ձագուկները

Սրբում են մոր արցունքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով