Դոնալդ Բիսեթ, Մանկագրություն

Վիշապը և կախարդը

Կար աշխարհում մի հրե սար: Այդ սարում ապրում էր կախարդը: Կախարդի անունը Ֆուդզի-սան էր: Նրան շատ էր դուր գալիս ապրել այդ սարի վրա:

-Այստեղ հարմարավետ է, և` տաք,- ասում էր ամեն անգամ, երբ սարի գագաթին էր դնում` թեյնիկը:

Երբ թեյնիկը եռում էր, շրջակայքի բնակիչները տեսնում էին, թե ինչպես է սարից գոլորշի բարձրանում, և ասում էին.

-Նայե՛ք, նայեծք, Ֆուդզի-սանը պատրասվում է կրկին թեյ խմել:

Եվ ահա մեկ անգամ, երբ Ֆուդզի-սանը նստեց սարի գագաթին և ներքև նայեց, տեսավ, որ իրեն հյուր է գալիս` փոքրիկ վիշապը:

-Մի՞թե Էնդրյուն է,- մտածեց նա,- երևի գալիս է թեյ խմելու:

Էնդրյուն` վիշապի անունն էր, որ ապրում էր տատիկի հետ քարանձավում, իսկ քարանձավը սարի լանջին էր: Հարկավոր է ձեզ ասել, որ վիշապի տատիկը ամենահաճելի տատիկն էր բոլոր վիշապ տատիկներից: Աշխարհում ամենից շատ. նա սիրում էր` թեյ խմել: Բայց նա արդեն չափազանց ծեր էր, և չէր կարողանում բարձրանալ սարի գագաթը: Եվ ահա, Էնդրյուն մտածեց, որ ինքը կարող է գնալ կախարդի մոտ և տատիկի համար մեկ գավաթ թեյ բերել:

Բայց որքան բարձրանում էր, այնքան նրա ոտքերի տակ հողն այրվում էր: Վերջապես այնքան տաքացավ, որ այլևս չէր կարողանում առաջանալ: Պարտադրված հետ իջավ հովիտ: Այնտեղ, վիշապը հաստ ճյուղեր ջարդեց և իր համար քայլակներ պատրաստեց: Վեց քայլակ` յուրաքանչյուր ոտքի համար մեկ քայլակ: Հետո, կրկին սար բարձրացավ: Այս անգամ արդեն ոտքերի տակ. նա չէր զգում այրվող հողի ջերմությունը, և, շատ արագ հասավ մինչ գագաթ:

Կախարդը թխվածք և թեյ հյուրասիրեց, իսկ Էնդրյուն Ֆուդզի-սանին պատմեց իր տատիկի մասին, և թե` նա որքան շատ է ցանկանում տաք թեյ խմել:

-Ես հաճույքով նրան մեկ գավաթ թեյ կտամ,- ասաց Ֆուդզի-սանը,- բայց, չէ՞ որ այն կսառչի, մինչ դու քարանձավ կհասնես:

Եվ գավաթով թեյի փոխարեն. նա վիշապին տվեց մեկ մե՜ծ թեյնիկ, և մեկ փոքրիկ թեյնիկ էլ` գույնի համար, ապա` երկու գավաթ և նաև թեյ:

-Ահա, վերցրու,- ասաց նա,- այսօրվանից, երբ մտքովդ անցնի, կարող ես թեյ պատրաստել և խմել:

-Շատ-շա՜տ շնորհակալ եմ,- ասաց Էնդրյուն,- տատիկս ուղղակի երջանիկ կլինի:

Արդեն ցանկանում էր հեռանալ, երբ հիշեց, որ իրենք, ջուրը եռացնելու համար, որևէ հնարավորություն չունեն:

-Դե ուրեմն, կրակ վերցրու իմ սարից,- առաջարկեց կախարդը:

-Վախենում եմ, որ բոլորը տեղ չեմ հասցնի,- ասաց Էնդրյուն,- ախր, իմ բոլոր ոտքերը զբաղված են գավաթներով և թեյնիկներով:

Կախարդը մի պահ մտածեց և ասաց.

-Լավ: Ես հրաշք կհորինեմ: Փակիր աչքերդ, շունչ առ և հաշվիր մինչ տասը:

Էնդրյուն ամեն ինչ ճշտորեն կատարեց:

-Այժմ` արտաշնչի’ր,- ասաց կախարդը:

Էնդրյուն արտաշնչեց և նրա երախից կրակ դուրս ժայթքեց: Քիչ էր մնում, որ հազ ունենար: Բայց, ընդհանուր առմամբ, նրան այդ դուր եկավ:

-Հիմա ես իսկական վիշապ եմ,- ուրախացավ նա,- իսկական կրակաշունչ վիշապ: Շնորհակալությո՜ւն, Ֆուդզի-սան:

Նա հրաժեշտ տվեց և գնաց իր քարանձավը: Երբ հասավ, թեյնիկի մեջ ջուր լցրեց, կրակ արտաշնչեց և թեյնիկը մեկ-երկու հաշվին` եռաց: Էնդրյուն թրմեց թեյը և տատիկին մեկ գավաթ թեյ տվեց:

-Շնորհակալություն, Էնդրյու,- ասաց տատիկը, — ես թեյ շատ եմ սիրում:

Այդ ժամանակից, հենց վիշապները հեքիաթներում դադարում են կրակ ժայթքել` գնում են տուն և տատիկի համար թեյ են եփում:

Կոմոդո վիշապը

Կար-չկար աշխարհում մի վիշապ կար։ Նրա անունը Կոմոդո էր։

Նա կարողանում էր կրակ ժայթքել և այդ պատճառով շրջապատի բնակիչները նրանից վախենում էին։ Լսելով նրա քայլերի ձայնը, անմիջապես բոլորը փախչում էին տարբեր կողմեր և թաքնվում։ Իսկ նրա քայլերի ձայնը չէիր կարող չլսել, որովհետև նա միանգամից կրում էր երեք զույգ կոշիկ, չէ՞ որ վիշապներն ունեն վեց ոտք և այդ բոլոր վեց կոշիկները միասին, միանգամից, և կրկին յուրաքանչյուր կոշիկն առանձին՝ սարսափելի ճռճռում էին ու դոփդոփում։

Եվ ահա, մեկ անգամ, Կոմոդոն հանդիպեց Սյուզիին, ով նրանից բոլորովին չվախեցավ։

-Ինչո՞ւ ես դու կրակ ժայթքում,- հարցրեց Սյուզին,- չէ՞ որ դու բոլորին վախեցնում ես։

-Դե,- պատասխանեց վիշապը, — ես․․․ հը՜մ․․․ չգիտեմ։ Երբեք չեմ մտածել այդ մասին։ Ի՞նչ է, այլևս հարկավոր չէ՞ նրանց վախեցնել։

-Իհարկե հարկավոր չէ,- ասաց Սյուզին։

-Լավ, չեմ անի, — խոստացավ Կոմոդոն։

Նրանք միմյանց հրաժեշտ տվեցին և Սյուզին գնաց տուն։ Արդեն մթնել էր, իսկ լապտերավառ Չարլին, չգիտես ինչու, չէր վառում լապտերները։ Եվ անցորդները չգիտեին, թե ո՞ր կողմ գնան։

Պարզվում է, որ Չարլին այդ օրն ամենևին էլ չէր բարձրացել անկողնուց։ Նա անցյալ երեկո շատ էր հոգնել և չէր հասցրել հանգստանալ։ Նա ամուր քնած էր և երազում հոթդոգ էր ուտում։

Իսկ քաղաքապետ պարոն Ուիլյամը․ շատ բարկացավ։ Նա չգիտեր, թե ինչպե՞ս վառեր փողոցների լապտերները։ Եվ հենց այստեղ է, որ Սյուզիի գլխում մի հաջողված միտք ծագեց։ Նա հետ վազեց քարանձավ՝ Կոմոդոյի մոտ, և վիշապին բերեց քաղաք։ Նրանք երկուսով անցան բոլոր փողոցներով․ վիշապը կրակ էր ժայթքում և հերթով վառում բոլոր լապտերները։

Քաղաքի բնակիչները շատ ուրախացան։ Այդ օրվանից, նրանք դադարեցին վախենալ վիշապից։ Եվ ամեն տարի, երբ լապտերավառ Չարլին արձակուրդ էր գնում հանգստանալու․ նրանք կանչում էին Կոմոդո վիշապին, որ վառեր քաղաքի փողոցների լապտերները։

Ուզում ես, ուզում ես, ուզում ես

Արեգակը լուսավորում էր ծառը․ այգու հեռավոր անկյունում աճող, թեթև քամին տարուբերում էր նրա ճյուղերը, իսկ տերևները շշնջում էին․

-Ուզում ես, ուզում ես, ուզում ես․․․

Դա կախարդական ծառ էր։ Անհրաժեշտ էր կանգնել այդ ծառի տակ և ցանկություն մտածել և ցանկությունը միանգամից կկատարվեր։ Իսկ կախարդական ծառից քիչ հեռու տնակում ապրում էր հաստլիկ ծերուկը։ Անունը՝ Ուիլյամ Սմիթ։ Նա գյուղի կրպակում օճառ էր վաճառում և չէր սիրում երեխաներին․ տղաներին և նույնիսկ աղջիկներին։

Մի անգամ նա կանգնեց կախարդական ծառի տակ և ասաց․

-Ուզում եմ, որ հարևան բոլոր աղջնակներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա։

Դեռ չէր հասցրել արտաբերել, երբ բոլոր աղջնակներն ու տղաները հայտնվեցին Լուսնի վրա։

Այնտեղ շատ ցուրտ էր և անհարմար, և անգամ ամենափոքրիկ երեխաները լաց եղան։

Բայց մայրիկները հեռու էին, և ոչ ոք չկար, որպեսզի նրանց սփոփեր։

Անմիջապես երեխաների անհետանալուց հետո, ծառին նստած թռչունները լռեցին։

Իսկ փայտփորիկն ուղիղ նայելով պարոն Սմիթին ասաց․

-Ցանկանում եմ, որ բոլոր երեխաները վերադառնան։

Բայց պարոն Սմիթը նրան ընդհատեց․

-Ո՛չ, ուզում եմ նրանք մնան Լուսնի վրա։

Այդ ժամանակ փայտփորիկը կրկնեց․

-Ցանկանում եմ, որ բոլոր երեխաները վերադառնան։

Երեխաները շփոթվել էին․ նրանք իրենք էլ չէին հասկանում, թե որտեղ լինեն․ Լուսնի վրա, թե Երկրի։

Պարոն Սմիթը դոփում էր ոտքով և ասում․

-Ուզում եմ, որ․․․

Եվ դեռ չէր հասցրել ավարտել, երբ փայտփորիկն ասաց․

-Ուզում եմ, որ պարոն Սմիթը դառնա բարի։

Եվ պարոն Սմիթը փոխարեն ասի, այն, ինչը պետք է ասեր․ <Ուզում եմ, որ բոլոր երեխաները մնան Լուսնի վրա>, հանկարծ մտափոխվեց, քորեց ծոծրակն ու ասաց․

-Ուզում եմ, որ բոլոր երեխաներն այսօր երեկոյան ինձ հյուր գան․ ես նրանց կհյուրասիրեմ թխվածքաբլիթներով, նարնջի դոնդողով և օշարակով։ Այլևս օճառ չեմ վաճառելու, դրա փոխարեն բացելու եմ հրուշակարան։ Եվ թույլ չեմ տա ինձ ասեն՝ Ուիլյամ Սմիթ, այլ կասեն պարզապես Սմիթ։ Ուռա՜, ուռա՜, ուռա՜․․․

Նա երեք անգամ շրջանաձև պտտվեց, և կրկին թռչունները երգեցին։

Կրկին փայլատակեց արեգակը, թեթև քամին ճոճեց ճյուղերը, իսկ տերևները շշնջացին․

-Ուզում ես, ուզում ես, ուզում ես․․․

                                  Ռուսերենից թարգմանեց Սաթենիկ Ղազարյանը

                                                    

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով