Մանկագրություն, Օլգա Դարյան

Թե ինչպես փոխվեց վատ տրամադրությունը

Վատ տրամադրությունը մի կերպ օրը մթնեցրեց․․․ Փորձեց նայել երկնքին՝ գոնե մի քիչ թեթևանա նրա փայլից ու ցոլքից, բայց շողշողուն աստղերի փոխարեն երկնքից կախվել էին անփայլ, խամրած շագանակներ, որոնք, թվում էր, թե ամեն վայրկյան կարող են թափվել վերևից և քարկոծել ողջ մոլորակը․․․
«Աստղերն այսօր այն չեն, ինչ պիտի լինեին»,- մտածեց վատ տրամադրությունը և մտովի տեղափոխվեց դեպի լուսնի մահիկը, որն, ինչպես պարզվեց, նույնպես «այն չէր», որովհետև նրա գեղեցկությունն էլ խամրել, նմանվել էր տեղ-տեղ մգացած բանանի կեղևի․․․
  «Ա՜յ քեզ բան,- մտածեց վատ տրամադրությունը,- լուսնին նայելն էլ չօգնեց՝ շագանակ, բանան, կամ ինչպես հայերն են ասում, ադամաթուզ․․․ չլինի՞ կամաց-կամաց բկլիկանում եմ՝ որկրամոլ դառնում, որ աստղ ու լուսինն էլ չօգնեց։ Դա ինձ դուր չի գալիս, մի կերպ լուսացնեմ՝ գոնե արևից սիրտս բացվի»․․․Առավոտյան՝ շողերն արձակող, տարածող արևն էլ չօգնեց, որովհետև նրա շողերը՝ դեռ չծնված, վատ տրամադրության աչքին կծկվեցին, մի մեծ կծիկ դարձան։
  «Փաստորեն, բացի այն, որ շատակեր եմ դառնում, ես նաև ծերանում եմ, այո-այո՛, ծերանում եմ, եթե ցայգի արևն էլ ինձ մի ծեր տատիկի երկար ու բարակ մանվածքի խճճված կծիկ է թվում»․․․
   Այդ մտքից վատ տրամադրությունը տագնապեց․․․ և սաստիկ ցանկացավ փոխվել՝ շուտափույթ, առանց րոպե կորցնելու։ Չէ՞ որ կա նաև ԼԱՎ տրամադրություն․․․
   «Չվերցնե՞մ ու փոխվեմ, թե չէ սա կյա՞նք է,- մտածեց նա և հանկարծ զգաց վերևից թափվող անձրևի կաթիլները, — հիմա էլ, հակառակի պես անձրև եկավ, բայց ոչի՛նչ, ինձ դա այլևս չի խանգարի, այլ ընդհակառակը՝ նույնիսկ կօգնի»․․․Վերջին մտքից պայծառացած, ոտաբոբիկ փոքրիկի նման չփչփացնելով՝ նա սլացավ տեղ-տեղ գոյացած շողշողուն ջրափոսերի միջով և բարձր-բարձր ծիծաղեց․․․ Նա չափազանց ուրախ էր, որ ջրափոսի փայլուն հայելում արտացոլվել էին գլխիվայր շուռ եկած ծառ ու թուփ, երկինք ու ամպ և, որ ամենակարևորն է, իր զրնգուն ծիծաղը, որն հետզհետե՝ անձրևաջրի հետ ցփնվելով այս ու այն կողմ, տարածվու՜մ էր, տարածվու՜մ՝ շուրջը լցնելով շոկոլադե սալիկի նրբաթիթեղի նման զրնգուն և շոկոլադի նման քաղցր, վանիլային հաճույքով, ասել է թե՝ ԼԱՎ տրամադրությամբ, որն արդեն երգ էր հորինում․

                                    Երբ լավ եմ ես, ուրախ ես դու,
                                    երբ լավ ես դու, ուրախ եմ ես։
                                    Դարձա ուրախ տրամադրություն,
                                    պիտի ծափե՛մ, որ դու պարե՛ս։

   

                                               

                                                     

         

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով