Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Կապույտ երազ

— Սկսածդ նախշը ավարտին հասցրու, նոր միայն շյուղերը ձեռքիցդ վայր դիր…

Մայրը միշտ այդպես է ասում: Տատիկն էլ նույնն էր խրատում, երբ Լուսնանան նոր-նոր էր ծուռտիկ շարքեր հավաքում «մատիկներով»: Հետո սկսեց վարժ ու արագ հյուսք գցել շյուղերով, հելունով: Հիմա սիրուն-սիրուն նախշեր է գործում՝ չկրկնվող ու բոլորից տարբեր:

Լուսնանան երկու-երեք պտույտ թելը գցեց, շարքն ավարտեց, հելունը դրեց գրպանն ու տեղից պոկվեց, վազեց դեպի պարտեզի խորքում գտնվում տնակը:

— Զգույշ կլինես, — սարդ մայրիկը նայեց վեր. արևը դեռ իր ուղեծրի երկու երրոդն էր անցել, ուրեմն մի քանի զարդակար օձիք կհասցնի ավարտել: Հետո աչքի անցկացրեց աղջկա՝ ճյուղից կախ տված գործքը. այսքան նուրբ ու սիրուն նախշեր մեկ էլ Լուսնանայի Զարիկ  տատիկն էր հյուսում:

Արդեն մի քանի օր է՝ մեծ պարտեզի փոքրիկ տնակում իրարանցում է. իրեր են դասավորում, կահույք են տեղափոխում: Տունը քանի տարի անբնակ էր, վերջապես նոր բնակիչներ էին եկել, ու օդում ամեն պահ շարժում կար:   Պարտեզն էլ կյանքով էր լցվել. ծառերի տակ, կռացած ճյուղերը պահող փայտե հենակներ էին ավելացել, իսկ նստարանը, որին մինչև գարուն աշնան տերևներ էին մնում կիտված՝ վերջապես թեթևացած ու սրտատրոփ սպասում էր, թե երբ պիտի նոր տանտերերի երեկոյան զբոսանքի վկան դառնա: 

Լուսնանան անհամբեր էր: Ցանկապատից տեսել էր մի աղջնակի, որ վազելով իջնում-բարձրանում էր աստիճաններով: Հենց նրան էր փնտրում:

Լուսնանան հասավ տնակին, դեմքը կպցրեց տեղ-տեղ կապույտ ներկը թափած՝ փայտե շրջանակով պատուհանի ապակուն ու ներս նայեց: Ներսը լավ չէր երևում:

Սենյակի կենտրոնում կլոր սեղան էր՝ վրան լցված գրենական պարագաներով:  Դիմացի պատին հայելին անդրադարձնում էր արևը, ու արևաշողը թույլ չէր տալիս սենյակը զննել: Լուսնանայի աչքերը ցավԵցին ուժեղ անդրադարձից:  Խիզախեց, մի քանի վայրկյանից արդեն սենյակում էր:

Պահարանի դուռը բաց էր, մահճակալի վրա արդուկված զգեստ էր փռված: Քիչ անց բաղնիքից ոտնաձայներ եկան ու սրբիչը գլխին փաթաթած՝ Արփին հայտնվեց սենյակում:   Արփին նստեց մահճակալին, սրբիչը գցեց կողքի աթոռին: Երկար խոպոպիկները թափվեցին ուսերին: Քթի տակ երգում էր: Հայելու տակ, զարդասեղանին, փայլփլուն քարերով սանր էր դրված: Լուսնանան հիացած ուսումնասիորւմ էր սանրի եզրագծով շարված գույնզգույն քարերը: Չհասցրեց հետ քաշվել ժամանակին: Արփին առաջ եկավ դեպի զարդասեղանն ու նայեց իրեն հայելու մեջ:

Լուսնանան արագ կծկեց գոտիկից ձգվող թելը, որ բարձրանա միչ քիչ վերև, ու աղջիկը չնկատի իրեն: Շտապելուց թելի ծայրը պլստաց չանչիկներից ու Լուսնանան հայտվեց հենց Արփիի գլխավերևում՝ հայելու արտացոլանքի մեջ.

— Մա-մա՜…- Ճչաց Արփին, ձեռքի սանրը մնաց օդում:

— Մա-մա՜…- սարդային ողջ ուժով արձագանքեց   Լուսնանան: Բայց քանի որ չափերով շատ էր զիջում Արփիին ու բացի այդ օդում կախված էր, իսկ այդպես ոչ միայն երգելն այլ զարմանքից ճչալն էլ է անհարմար, նրա ճիչն ավելի շուտ ճտճտոցի նման ստացվեց:

Լուսնանան շունչը պահեց, աչքերը կլորացրեց: Ութ մանրիկ կանաչ աչքերը նայում էին Արփիին, Լուսնանան չէր շարժվում, մազմզոտ չանչիկները հավաքել էր փորի վրա.  զարմանալի ու քիչ էլ զվարճալի տեսք ուներ:

-Երկու- երեք- չորս-հինգ…

Արփին հաշվում էր իրեն նայող աչքերը, հասավ ութին, հանկարծ ձեռքը կտրուկ առաջ մեկնեց: Լուսնանան դողաց թելի վրա, առջևի չանչիկներով փակեց չորս զույգ աչքերը.

Հարվածը ուշացավ…Երբ վերջապես բացեց աչքերը, Արփին նույն դիրքում ժպտում էր.

-Ողջույն սարդիկ, ես Արփին եմ:

  Սարդիկի անհանգստությունն անցավ, ուրախությունից օդում պտույտներ գծեց ու հելունով արագ-արագ շարեց իր անվանատառերը:

— Լուս- նա-նա — կարդաց Արփին, — Ի՜նչ էլ գեղեցիկ անուն ունես, չգիտեի, որ սարդերը անուն ունեն…

— Ինչի պիտի չունենան, — սարդավարի ըմբոստացավ Լուսնանան:

 Այս անգամ Արփիի աչքերը կլորացան, սեղանից վերցրեց ակնոցը, դրեց աչքերին: Հիմա ինքն էլ երկու զույգ աչքեր ունեցավ: 

— Խոսե՞լ էլ գիտես:

— Զարմանալի աղջիկ ես, — ճտճտաց սարդիկը, որ արդեն իր բնական աշխուժությունն էր վերագտել, մի քիչ էլ նեղացել էր, որպես սարդային ընտանիքի ներկայացուցիչ, որ այսքան մեծ աղջիկը տարրական բաներ կարող է չիմանալ:

— Մեր պարտեզի բոլոր մեղուներն ու զատիկներն էլ խոսում են, բա Մայիսյան բզեզի երգելը որ լսես՝ բամբ ձայնով, ամբողջ օրը գլուխներս տանում է:  Ես դեռ քչախոս եմ, մայրիկս է ասում, — ծիծաղեց:

Բոլոր ութ աչքերը պսպղացին ու չանչիկները ուրախ թափահարեց:

— Եթե անուն ունես ու խոսել գիտես, հաստատ երազանք էլ կունենաս, — Արփին փորձեց մի քանի քաղցր խոսքով շտկել իր վրիպումը. դե, ներելի է, առաջին անգամ էր տեսնում խոսող սարդիկ, այն էլ այսքան հմայիչ ու զվարճալի:

Լուսնանան չանչիկները նորից հավաքեց փորիկի վրաՙ պոչիկավոր աչքերը երազկոտ թեքվեցին քիչ վերև՝ դեպի առաստաղ: Երբ դեռ նոր-նոր էր գործում շյուղերով, ամենամեծ երազանքը երբևէ   անհատական ցուցահանդես ունենալն էր, բայց այդ մասին լռեց: Մի երկու պտույտ էլ արեց օդում ու թելը թուլացրեց, իջավ նստեց մահճակալին:

— Երբեք քեզ պես կայտառ սարդիկի չէի հանդիպել, — Արփին նստեց Լուսնանայի կողքին ու սանրեց խոպոպները;

— Որ քեզ տեսաՙ մտածեցի վերջս եկել է, էն էլ բախտս բերեց, — Լուսնանան ծիծաղեց զնգուն ճտճտոցով:

Լուսնանան այնքան անկեղծ ու անմիջական էր, կանաչ աչքերի փայլն այնպես վարակիչ, որ Արփին մտածեց, թե ինչ հիմարություն են եղել նախկինում սարդերի մասին իր բոլոր նախապաշարումները: Ավելորդ է ասել, որ Լուսնանան երջանիկ Էր. ծնված օրից տատիկն ու մայրը հերթով խրատում էին. «հեռու մնա մարդկանցից, հեռու մնա լուսավոր տեղերից, մենք, սարդերս պիտի թաքնվենք, որ մարդիկ մեզ չվնասեն»: Այնքան էր ուրախացել, երբ իմացավ պարտեզի տնակը վերջապես բնակիչներ ունի, իսկ պահից, ինչ տեսել էր աստիճաններով վազվզող խոպոպիկներով մարդուկին, զգում էր, որ առաջիկայում հետաքրքիր անակնկալներ են սպասվում: Հիմա համոզվեց՝ Արփին իրեն ու մյուս սարդիկներին երբեք չի վնասի:

Այդ օրվանից մեծ պարտեզի փոքրիկ տնակում ապրող աղջիկն ու սարդիկը ընկերացան:

Լուսնանան ամբողջ առավոտ հյուսք էր անում, իսկ կեսօրից հետո գալիս էր Արփիին հյուր, սեղանի անկյունում լռիկ սպասում էր մինչև Արփին դասերը ավարտի, երբեմն մաթեմատիկայի խնդիրներն էր օգնում լուծել, հատկապես մեծ թվերի հաշվարկը հիանալի էր ստացվում համատեղ ջանքերով: Արփին ամեն անգամ զարմանում էր, փաստորեն սարդիկները նաև արագ հաշվել ու տրամաբանական խնդիրներ լուծել գիտեն.

— Դե, թերևս ոչ բոլոր սարդիկներն են սիրում խնդիրներ լուծել, — խորամանկ ժպտում էր Լուսնանան, — բայց, ա´յ, ամռանը սառը պաղապաղակ ուտել բոլորն են սիրում, հաստա´տ:

Հետո Լուսնանան ու Արփին իջնում էին բակ, նստում նստարանին կողք կողքի ու պատմում իրենց գլխով անցած ծիծաղաշարժ պատմությունները: Երբեմն էլ պարզապես լռում էին ու այդ միջոցին Մայիսյան բզեզը անպայման մի երգ էր կատարում իր բամբ ձայնով:

Ընկերուհիները հետաքրքիր զբաղմունք էին գտել. Արփին, որ սիրում էր նկարել, ալբոմի մեջ մի նախշ էր գծում, հետո փակում էր ալբոմն ու Լուսնանան հիշողությամբ արագ-արագ հյուսում էր, մի քանի րոպեից ծառի ճյուղերի արանքում հրաշագեղ զարդանախշ էր հայտնվում: Քանի որ սարդիկը շատ նուրբ թելով էր աշխատում, Արփին վազում էր տուն բերում ֆոտոխցիկն ու լուսանկարում նախշը, քանի դեռ քամին այն չէր վնասել:  

— Դու յուրահատուկ տաղանդ ունես, քո աշխատանքները պիտի ցուցադրվեն, որ շատերը հիանան այս գեղեցկությամբ, ես անգամ գիտեմ ինչպես անել դա, — որոշում կայացրեց Արփին:

 Հաջորդ շաբաթ դպրոցական ամենամյա «Կապույտ երազ» ցուցահանդեսն էր մեկնարկում և Արփին որոշեց իր աշխատանքների փոխարեն Լուսնանայինը ներկայացնել: Իր նկարները կսպասեն, իսկ, ա´յ, փոքրիկ սարդիկի մասին արժե որ շատերն իմանան: Լուսնանան այդ գիշեր չկարողացավ քնել, բաց աչքերով նայում էր լուսնին ու մտածում՝ ի՜նչ երջանկություն է լավ ընկեր ունենալը: Ինքը մի բառ անգամ չէր ասել իր երազանքի մասին, իսկ Արփին զգաց…

Հաջորդ օրերին Արփիի հետ ամենայն լրջությամբ նախապարաստվում էին ցուցադրությանը: Արփին փոքր ստվարաթղթե տուփեր էր պատրաստում, վրան ապակե ծածկորդ հարմարեցնում, որ նուրբ հյուսքը անվնաս հասցնեն ցուցասրահ: Գունավոր թավշից բազմանկյուններ կտրեց ու տեղադրեց տուփերի մեջ, ամեն տուփում մի գույն: Սկզբում Արփին մտածում էր ներկել Լուսնանայի գործքը տարբեր գույներով, հետո ավելի լավ գաղափար ծնվեց: Եթե զարդանախշը ցուցադրվի տարբեր ֆոների վրա, ավելի կընդգծվի դրա յուրահատկությունը, համ էլ Լուսնանայի աշխատանքը այնքան նուրբ է՝ բնական աններկել:

— Պատրաստ է, — գոհունակ ժպտաց Արփին, բոլոր աշխատանքների վրա գրեց Լուսնանայի անունն ու օդային համբույր ուղարկեց սարդիկին՝ առավոտյան դասի գնալոց առաջ:

Լուսնանան մինչև Արփիի տուն գալը տեղից չշարժվեց, ոչինչ չկերավ:

— Ամեն ինչ հրաշալի անցավ, մեր պատկերացրածից էլ լավ, — տուն մտնելուն պես ուրախ ճլվլաց Արփին, — անգամ լրագրողներ էին եկել, պատկերացնում ես՝ հենց քո աշխատանքները լուսանկարեցին:

Լուսնանայի աչքերը փայլեցին հուզմունքից:

Մեկ շաբաթ անց փոստատարը ամսագիր բերեց՝ կազմին Լուսնանայի աշխատանքներից մեկն էր:

Այդ օրը մինչև մայրամուտ Լուսնանան ու Արփին զրուցեցին պարտեզի նստարանին, հետո Արփին վազեց տուն ու ետ եկավ ֆոտոխցիկը ձեռքին, լուսանկարվեցին:

Լուսանկարը հիմա Արփիի սենյակում, զարդասեղանին է, իսկ զարդատուփում պահում է Լուսնանայից նվեր ստացած հելունագործ օղերը: Դրանք կրում է հատկապես ամառային երեկոներին, երբ Լուսնանայի հետ իջնում են մոտակա պուրակ՝ սառը պաղպաղակ ուտելու: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով