Մանկագրություն, Օլգա Դարյան

Գալան և Թուխիկ թրթուրը

   -Ինչու՞ եմ այսքան անհրապույր,- կոլոլված տերևում հավաքված անձրևաջրի մեջ նայելով՝ ասաց թրթուրը։
-Նայում եմ շուրջս ու հիանում ՝ ինչ գեղեցիկ թիթեռներ են ճախրանքով պարում։ Գույնզգույն են դայլայլող թռչունների փետուրները։ Գունեղ և հյութեղ պտուղներ կան ծառերին։ Գեղեցիկ երփներանգ ծաղիկներ են շուրջս սփռված, որ խենթացնում են իրենց բուրմունքով։ Անգամ հողոտ՝ հազիվհազ երևացող սնկերը ի՜նչ սիրուն գլխարկներ ունեն, որ ափսոսում եմ դրանք կրծոտել, ինչի համար վրայի բզեզներն ու մանր-մունր միջատները զարմանում են վրաս ․․․Բա գետա՜կն ինչ գեղեցիկ է, որ անտառով մեկ վազում է ու ցույց տալիս կապույտ արծաթափայլ ժապավենը, զրնգուն ձայնով ծիծաղում երջանկությունից։ Բա երկի՞նքը, անծայր երկինքը, որից չեմ կարող աչքս կտրել․․․Բա մարդի՞կ։ Երանի նրանց, որ կարող են իրենց արտաքինը փոխել՝ զարդարվել, պճնվել, գեղեցիկ հագնվել, անգամ դիմահարդարում անել, մի խոսքով՝ գեղեցկանալ․․․Իսկ ե՞ս ․․․
   Երբ շատ էր տխրում, մթանը նայում էր աստղափայլ երկնքին, իսկ լույս ժամանակ գնում էր ծաղիկ հավաքելու, չէ՞ որ դրանք էլ նման էին աստղերին։ Թրթուրը հետաքրքրասեր էր և շատ էր սիրում գեղեցիկը։ Բոլոր թրթուրները սողեսող գնում էին խոտ, տերև, ծառից թափված պտուղներ կրծոտելու, իսկ Թուխիկը (այդպես էր թրթուրի անունը) հիանում էր շուջը եղածով, հիանում էր ու զարմանում, թե ինչքան հետաքրքիր բան կա անտառամերձ բացատում, ինչ հնարամիտ է բնությունը, և որքան լավն է ու հարազատ այն մասրենին, որի տակ ապրում է ինքը ու ժամանակ առ ժամանակ հրճվում նրա նուրբ վարդագույն, վարդաբույր ծաղիկներով կամ կաս-կարմիր ուլունքաշարով․․․
   Մի խոսքով, ամեն ինչ այնքան վատ չէր, որքան թվում էր Թուխիկին։ Նրա երազկոտությունը ստիպում էր հաճախ նայել երկնքին։
  Թրթուրի կյանքում ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ երկնքից ընկնող աստղը հասցրեց Թուխիկին շշնջալ «Գա-լակ-տի-կա» խորհրդավոր բառը, միաժամանակ հուշելով, որ այն ամենը, ինչ գոյություն ունի,  և մենք բոլորս, տիեզերքի մասնիկներն ենք․․․
  — Եթե իրոք այդպես է, ուրեմն նա՛ էլ իմն է, ես անպայման պիտի տեսնեմ նրան, ճանաչեմ, ինչ էլ որ լինի, — մտածում էր թրթուրը, որն արդեն Գալակտիկային սկսել էր  մտքում քնքշորեն Գալա կոչել․․․ Համ էլ այդպես ավելի հեշտ էր և ավելի ջերմ։
    Մի օր ավելի ջերմ թվացին նաև արևի շողերը, երբ առավոտյան սովորականի պես ուզեց ողջունել նրանց։ Թուխիկը նկատեց, որ շողերը աշխուժացած են նաև։   Նրանք խուտուտ էին տալիս իր մազմզոտ, տգեղ մարմինը և՝ ծիծաղելով ու ոգևորելով, ասում․
-Շուտ արա, շու՛տ, Թուխի՛կ, որտե՞ղ է ցողերի կաթիլներով լցված քո տերև-հայելին, ապա նայի՛ր․․․
Թուխիկը մոտեցավ հայելուն և սեփական աչքերին չհավատաց․․ ․այնքա՜ն էր գեղեցկացել, ասես ողջ երկնքի շողշողուն աստղերը տեղափոխվել էին իր մաշկի վրա․․․ Անսպասելիությունից Թուխիկի շունչը սկսեց կտրվել և նա հեռվից, շա՜տ հեռվից լսեց հազիվ լսելի զնգզնգուն մի ձայն․
    -Թուխի՜կ, այդ ես եմ, քո Գալան, հավանու՞մ ես քեզ․․․ քո վրայի խորհրդավոր նախշերը ճիշտ և ճիշտ իմ պատկերն են, ուշադիր նայիր, զննիր ու կհասկանաս, թե ես ինչպիսին եմ․․․
     -Բա սա ինչպե՞ս եղավ,- ուրախ-ուրախ զարմանում էր թրթուրը՝  նայելով հայելուն և այս ու այն կողմ պտտվելով․․․
-Որովհետև հետաքրքրասեր ես, բարի, բնություն ու երկինք սիրող․․․ Մի մեծ սնդուկ ունեմ, Թուխի՛կ,- շարունակեց Գալան, — ամեն անգամ, երբ քեզ մի բան հետաքրքրեր կամ հիացներ, ես իմ  տիեզերական անհունից փոշու մի հատիկ էի դնում այդ սնդուկի մեջ և սպասում , մինչև գար այնտեղ հաջորդ ընծան պահելու  ժամանակը․․․Եվ այդպես շարունակ, մինչև սնդուկը լցվեց։ Երբ եկավ սնդուկի պարունակությունը քեզ ընծայելու պահը, ես օգնության կանչեցի որդուս՝ Արեգակին և թոռանս՝ Լուսնին։ Արեգակը սնդուկում եղածն այնքան տաքացրեց, որ ամենը հալվեց, գոլորշացավ, ծաղկացողի տեսքով իջավ երկրային ծաղիկներին․․․ Հետո Լուսինը, քանի դեռ չէր հեռացել վաղորդյան երկնքից, իր սառնությունը հաղորդեց շաղին՝ վերականգնելով ամեն ցողի երկնային գեղեցկությունն ու տեսքը․․․ դե, իսկ մյուս թոռնուհիս՝ Արշալույսը, իր նոր ծագող սուր-սուր ճառագայթաթելերով տեղափոխեց այդ ամենը՝ սփռելով քո մարմնին․․․Աստղերն այնքան շատ էին, որ  վաղ արթնացած թռչունները նրան նույնպես օգնեցին։ Հիմա դու մեծ Գալակտիկայի փոքր պատկերը կրողն ես, դրա համար, սիրելի Թուխիկ, քեզ անվանենք Գալակտիկական թրթուր՝ դա համարյա գիտական կոչում է․․․
Վերջին բառերը թրթուրին անհասկանալի էին, բայց դա չէր խանգարում, որ իրեն երջանիկ զգա․․․

Կա-չկա մի թրթուր՝ Թուխիկ անունով։ Դա՝ մեր հեքիաթում, որը երջանիկ ավարտ ունեցավ։
Իսկ իրականության մեջ կա Գալակտիկական թրթուր․․․ահա՛ նա ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով