Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Փրկված լճակը

Ամեն բան աշխարհում իր ժամանակն ունի, այդպես՝ իր համար նախանշված ժամին ու օրը ծնվեց կանաչ գորտիկը: Բայց մինչև գորտիկի ծնվելը, շա՜տ ջրեր էին հոսել լճակում:

 Իրար հաջորդող երկու հեղափոխութուն էր եղել, երբ մանրատամ ձկները փորձել էին մեծբերանների դեմ դուրս գալ: Երկրորդ անգամ մանրատամները հաղթել էին, բայց այնքան էին չտեսի պես ջրիմուռ կերել, որ իրենք էլ դարձել էին մեծբերան, ու  մանրատամների ցեղը իսպառ վերացել էր լճակի ջրերից: Իսկ մեծբերան ձկները հետո այնքան էին ծուլացել, որ իրար հյուր անգամ չգնացին ու կամաց-կամաց մոռացան իրենց ձուկ լինելը…   Երեք կղզի սուզվել-անցել էր ջրի տակ: Երկու նորն էին  փոխարենը առաջացել,  բայց քանի որ վերջիններս արհեստական էին՝ պոլիէթիլենային շշերի կուտակումից էին գոյացել,  նրանց վրա ոչ մի ծառ ու թուփ չէր աճում: Երբեմն-երբեմն միայն բացօթյա կինոդիտումներ էին կազմակերպվում դրանցից ավելի մեծում, ու քանի որ հանդիսատեսը խստապահանջ չէր, արդեն երրորդ եթերաշրջանն է՝ նույն ֆիլմն էր ցուցադրվում «Գորտավանի հրաշքները» վերնագրով: Ֆիլմի վերջում անպայման բոլորը հուզված՝ աչքերն էին սրբում, ոչ թե որովհետև ֆիլմն էր ազդեցիկ, այլ, որովհետև այդպես էր ընդունված:  Փոքր կղզու տրամագիծը  դպրոցական գրատախտակի չափ էր, կողք-կողքի հինգ գորտ ու երեք ճայ հազիվ տեղավորվեին, ուստի այդպես դատարկ մնացել էր, մինչև մի օր առևտրական Ձկնկուլը օդային կամրջով կապեց այն ցամաքին ու փոքրիկ կրպակ դրեց, որն ի դեպ լճակի միակ գործող խանութն է մինչ օրս:

 Մի օր, ֆիլմի հերթական ցուցադրման ժամին, ավարտին մոտ, լճակի շուրջբոլորը ցնցվել էր ու  դիմացի  բուրգանման գագաթից, որ ամպերին էր հասնում, կրակ էր թափվել: Կրակը ճանապարհին քիչ-քիչ սառել էր, բայց հսկա տձև քարերի հեղեղ էր բերել լցրել հենց լճակի ափին մոտ, որ փակել էին լճակից սկիզբ առնող գետակի ճանապարհը: լՃակ թափվող գետակը, որ դուրս եկողի զույգ քույրն էր, խռովել էր ու գետնի տակ անցել, լճակի  ջուրը չհոսելուց կուտակվել էր, հետո ինքն իր հետ կռիվ տվել, պղտորվել: Տիղմը շատացել էր, և  այդ օրվանից գորտեըը մեծ-փոքր ընտանիքներով իրար իմաց տալով՝ եկել հաստատվել էին այստեղ: Մեծբերան ձկները արդեն վաղուց լճակի տերերը չէին, տիղմի մեջ տաքուկ մխրճվել ու ալարում էին անգամ լողակները շարժել,  ուրեմն,  «Լճակ»  ցուցանակը մի քանի շաբաթից փոխարինվեց «Գորտավան»-ով, որ հենց գորտերն ամրացրին: Ծափերով, համերգ-հյուրասիրությամբ նշեցին այս կարևոր փաստն ու որոշեցին  այստեղից չհեռանալ երբեք:

Մի խոսքով, մինչև կանաչ գորտիկը աչքերը բացեց ու իր ջրաշուշան օրորոցից ճլփոցով ջուրն ընկավ, Գորտավանում արդեն կային որոշակի կարծրացած ավանդույթներ՝ անփոփոխ օրակարգով: Օրինակ՝ Ձկնկուլի խանութը ցերեկը փակվում էր ու երեկոյան էլ չէր բացվում, եթե ինչ-որ մեկին շտապ ջրիմուռի փաթիլահաբեր էին անհրաժեշտ, պիտի շրջանցեր դիմացի բլուրն ու հասներ ջրամբարի մոտի կրպակ: Ճանապարհն այնքան անհարմար էր, որ ավանաբնակները գերադասում էին համբերել ու հաջորդ առավոտ շուտ հերթի կանգնել, այնպես, որ Ձկնկուլի խանութ տանող կամրջին առավոտյան ժամը վեցից միշտ հերթ էր գոյանում, խանութպանն էլ առավոտյան ցողով բիսկվիթը վայելելուց հետո դանդաղ պտտում էր բանալին ու բացում խանութի բորբոսնած դարպասները:

  Գորտիկին անվանակոչեցին աշխարհ գալու յոթերորդ օրը: Գորտ մայրն ու հայրը նախապես հրավիրատոմսեր ուղարկեցին իրենց ազգականներին, իսկ հաղորդավար Ճպուռը ռադիոյով ի լուր բոլորի հայտարարեց՝ «նվերային տրամադրություն»:

  Օրվա հերոսը այդ տոնական օրն իր վզին վառ կանաչ թիթեռնիկ ուներ, ուսերին՝ կանաչ մետաքսե թիկնոց: Գորտավանի նոր բնակչին պարզապես Կանաչ անվանակոչելը շատ անհետաքրքիր կլիներ: Մայրն ու հայրը շատ չտանջվեցին, անունը արագ որոշվեց. Հայր գորտը միացրեց ռադիոն ու պատահական երգի առաջին հնչյունները հենց դարձան գորտիկի անունը՝ Ռե-Մի:

Քանի դեռ փոքր էր, Ռեմին խաղում էր Գորտավանում, ինչպես բոլոր շերեփուկները. թավալվում էր ցեխաջրում, եղեգնացատկի մրցույթին ամենից հեռուն էր ցատկում, իսկ ցեխագնդիկների աշտարակաշինությունում նրան հավասարը չկար: Հենց ճահճուտի վրա թեքված ծառի առաջին տերևը դեղնեց, ծնողները որոշեցին, որ Ռեմիին ուսման տալու ժամն եկել է: Քանի որ գորտիկը սերում էր Կըռկըռյանների տոհմից, իսկ Կըռկըռյաններից համարյա բոլորը լավ երգում էին(կամ գոնե իրենք էին այդպես կարծում), որոշվեց ընթրիքի հրավիրել տոհմի ամենակարկառուն գորտին, Ռեմիի երաժշտական ունակությունների  մասին նրա կարծիքն իմանալու համար:

Մայր գորտը տիղմով գաթա պատրաստեց և նկուղից բերեց մլակի կոմպոտը: Հայր գորտը հագավ իր տոնական մուգ կանաչ թավշե բաճկոնն ու տեղավորվեց ճոճին: Հորեղբայր Կերկերոնին, ում սպասում էին, ուշացումով ժամանեց, երբ արևն արդեն մայր մտնելու վրա էր:

— Դեռ շատ գործեր ունեմ, — ասաց հենց սկզբից, ու անմիջապես ավելացրեց, — կանչե´ք տղային, ինչպե՞ս էր անունը…

— Ռե-Մի, — հուշեց մայր գորտը ու մի կտոր գաթա դրեց Կերկերոնիի ափսեի մեջ:

— Ռե- Մի.. հնչեղ է, հա,´ հա´, հա´, — և Կերկերոնին բեմական զրնգուն ծիծաղով եզրափակեց նախադասությունը: Գաթան անմիջապես ուղղվեց դեպի Կերկերոնիի ընդգրկուն ստամոքսը: Գորտ մայրը երկրորդ կտորը հյուրասիրեց պատվելի հյուրին ու շտապեց Ռեմիի ետևից:

Կերկերոնին գորտ հայրիկի հեռու ազգականն էր, ու եթե մյուս գորտերը Գորտավանից դուրս չէին էլ եղել, հորեղբայր Կերկերոնին Իտալիայում բելկանտոյի գաղտնիքներն էր յուրացրել ու անգամ մի ներկայացման մեջ սոլո դրվագ կըռկըռացել: Կերկերոնին իսկական՝ Կըռկըռյան ազգանունը փոխել էր. համերգային աֆիշներից Կերկերոնին շատ ավելի հնչեղ ու տպավորիչ է:

-Երգի´ր մի բան, — Կերկերոնին ձգվեց կորալե բազկաթոռին:

Ռեմին հայտնի երգից մի քառյակ կատարեց, հորեղբայր գորտը այդ ընթացքում ակնոցը ճակատին դրած՝ ճպճպոցով կուլ էր տալիս մլակով կոմպոտը:

— Գուցեև մի բան դուրս գա, թող փորձի, — ասաց Կերկերոնին ուղղակի մի բան ասելու համար, գրպանը մի բուռ ջրիմուռե քաղցր կոնֆետ լցրեց, նայեց ոսկեջուր շրջանակով ժամացույցին, որ մեր մեջ ասած երբեք ճիշտ ժամը ցույց չէր տալիս. Կերկերոնին ինքն էր սլաքները առաջուհետ տալիս, նայած իրեն երբ ինչպես էր հարմար: Ձեռքը տարավ ճակատին, իբր շատ մնաց և ուշանում է մեկ այլ կարևոր պայմանավորվածությունից՝ արագ հրաժեշտ տվեց:

Մայրն ու հայրը շատ կուզեին, իհարկե, որ Կերկերոնին վարպետության մի քանի դաս գոնե տար իրենց որդուն…բայց վերջինս առաջ ընկնելով ասաց, որ այս և գալիք տարվա ամեն վայրկյանն արդեն զբաղված է, և այն որ այս երեկո մի քանի րոպե հարմարեցրել-եկել էր, պարզապես հրաշքի պես մի բան է….

Ծնողները որոշեցին Ռեմիին երգի դասերի գրանցել օրիորդ Սոլանժի մոտ: Ճիշտ է, Կերկոնին առանձնապես չգովեց Ռեմիին, բայց մեծանուն ազգականի «թող փորձի»-ն էլ կարևոր ձեռքբերում է: Մայր գորտը արդեն պատկերացնում էր իր երգիչ որդու համերգի մեծ աֆիշը Մետրոպոլիտենում, Լա Սկալայում: Հայր գորտն իր հերթին Ռեմիի օրը է´լ ավելի երաժշտական դարձնելու համար առավոտից իրիկուն բարձր միացնում էր օպերային արիաներ: Այնպես որ, Ռեմին շուտով բոլոր հայտնի արիաներն անգիր արեց, ուրիշ տարբերակ չկար պարզապես:

Ռեմին բավականին լավ ձայն և լսողություն ուներ, քամու արագության փոփոխությունից կախված՝ նոր տոնայնությունն էր գուշակում նույնիսկ, բայց երաժիշտ, այն էլ երգիչ դառնալու մասին չէր մտածում:

Օրը հինգշաբթի էր: Ռեմին ուղղվեց դեպի տատիկի տուն: Մի քիչ անտրամադիր էր, երաժշտության առաջին դասն ու տարեց երգչուհի Սոլանժը, իր հնացած մեթոդներով ու անվերջ կրկնվող մի-ի-լա- վարժությամբ մեղմ ասած՝ չէին տպավորել նրան: Հիմա պարզապես փափագում էր հասմիկի օշարակով մամռաբլիթ ուտել և լսել տատիկի պատմած առասպալները թևավոր գորտերի ժամանակաշրջանի մասին:

 Ռեմին միշտ տատիկի մոտ էր գնում, երբ անհանգիստ էր, կամ մտքերը խառն էին:  Տատիկը իր ճանաչած ամենաիմաստուն գորտն էր, միակ գորտն էր, որ ապրել էր դեռ  հեղափոխություններից առաջ՝ լճակում ու միայն նա  էր Գորտավանն անվանում ճահճուտ.

— Ինչ էլ կոչես, ցուցանակը թեկուզ ոսկեզօծես ու ամեն քայլի օդամղիչներ տեղադրես, մեկ է, ճահճուտից վարդահոտ չի գալու: 

Տատիկը ճահճուտի մյուս կողմում էր ապրում: Երբ Ռեմին դեռ շատ փոքր էր, ճահճուտի մյուս ափը անհավանական հեռու էր թվում նրան, իսկ երբ հաշվել սովորեց, տարածությունը կարծես փոքրացավ, կոնկրետ չափեր ստացավ, մի օր էլ Ռեմին ինքնուրույն հասավ տատիկի տուն ընդամենը հարյուր հիսուն ցատկով:

 Այդ օրը տատիկը գովեց Ռեմիին, շոյեց նրա կանաչ գլուխը.

-Ցանկացած քայլ մեզ մոտեցնում է ինչ-որ կետի, եթե անգամ մեզ թվում է, թե այդ քայլը դեպի ոչմիտեղ է:

«Երգի դասն էլ գուցե այդպիսի քայլ է»՝ մտածեց Ռեմին, բաց պատուհանից առավ օշակարով մամռաբլիթի հոտն ու անմիջապես էլ մոռացավ մնացած ամեն ինչ, ցատկեց պատուհանից ներս, քանի դեռ տատիկը խոհանոցում էր:

Տատիկի տանը, հյուրասրահում մեծ ռոյալ կար դրված, ստեղնաշարը ոլոռի պատիճից էր, իսկ կափարիչը թրաշուշանի տերև: Նոտակալին ոլորած կաղամբի թերթեր էին, որոնց վրա յասամանագրչով գրված նոտաներ էին: Կեսօրից հետո, երբ արևը թեքվում էր դեպի երկրոդ կիսակամար, տատիկը ռոմանսներ էր նվագում ու երգում:

Այսօր էլ մի ռոմանս նվագեց, բայց չերգեց.

— Հարբուխի վերջին համաճարակից հետո ձայնս իսկական կռկռոց է դարձել:

Ռեմին նստեց տատիկի կողքը, սկսեց կամացուկ, հետո ավելի ու ավելի հնչեղ երգեց ռոմանսը, որ բազմիցս լսել էր:

-Տա´տ, իսկ եթե երգիչ չդառնամ, եթե չգիտեմ դեռ՝ ինչ եմ ուզում դառնալ, դա վա՞տ է:

 Տատիկը կարծես թե չլսեց: Պահարանից հանեց ծղոտե զամբյուղն ու մեջը ծաղկաչրի բարձիկներ լցրեց: Մի բարձիկ դրեց լեզվի տակ՝ շնչառությունը կարգավորելու համար, շալը գցեց ուսերին ու նստեց բաց պատուհանի առաջ՝ հայացքը ջրին:

— Լճակի կապույտն ուրիշ էր…

Աչքերը կկոցել էր, որ հեռուն լավ տեսնի, նոտաները կարդալիս էլ դժվարանում է, բայց այդպես էլ ակնոց չդրեց.

— Չեմ պատրաստվում նախապես որոշված տրամադրությամբ օրս լցնել:

Ռեմին էլ նույն կերպ էր վարվում, թեպետ Գորտավանում բոլորն ունեին շաբաթվա օրերի համար հատուկ ակնոցներ. ավելի պճնամոլները մարգարիտներով էին զարդարել տալիս ակնոցի շրջանակները, գորտիկն իր ակնոցը դարակում էր պահում, մեկ անգամ էր միայն օգտագործել՝ արևի խավարումը տեսնելու համար:

— Օրվա տրամադրությունը՝ «վարունգագույն բերկրանք» — հայտարարում էր ռադիո հաղորդավարուհին ու ամբողջ Գորտավանը այդ օրը ցնծում էր… Իսկ եթե մի նոր տրամադրության էր հայտարարվում, հաջորդ առավոտյան արթնանալուն պես բոլորը վազում էին Ձկնկուլի մոտ՝ ակնոց պատվիրելու:

«Պտավոր տրամադրություն» հայտարարվեց ռադիոյով, տատիկը Ռեմիի ուսապարկը լցրեց հյութեղ բլիթներով, որ հենց նոր հանեց ջեռոցից, հրաժեշտ տվեց թոռնիկին ու նորից նստեց պատուհանի առաջ:

Ռեմին կանաչ թաթիկով հրաժեշտ տվեց տատիկին:

-Ցանկացած քայլ մեզ մոտեցնում է ինչ որ կետի… միաժամանկ հեռանում ենք մեկ ուրիշից…

Ռեմին տատիկի վերջին խոսքերը լավ չլսեց, որովհետև քամի սկսվեց:

 Տունդարձի ճանապարհն անցնում էր եղեգնուտով: Ռեմին աղմուկ լսեց ու գնաց դեպի քիչ այն կողմ բացվող արահետը:  Մրջնաբույն էր. մրջյունները արագորեն փակում էին պատուհանները, ով ինչով կարող էր, որովհետև քամին սովորականից ուժեղ էր: Ժամապահը տերևային արագաչափով քամու արագություն էր ստուգում ու գլուխը վախեցած տմբտմբացնում:  Ռեմին լսողությունը լարեց, քամին գնալով ուժեղանում էր: Մի եղեգ կոտրվեց այդ պահին ու ընկավ հենց Ռեմիի դիմաց, Ռեմին արագ-արագ եղեգի փափկամսից փոքրիկ բամբակե գնդիկներ սարքեց, ու օգնեց մրջյուններին փակել մրջաբույնի բաց օդանցքերը:

Շուտով քամին ահռելի ուժ հավաքեց: Մրջնաբույնը Ռեմիի օգնությամբ ամբողջովին պաշտանված էր արդեն, Ռեմին մի քանի ոստյունով ցատկեց ջուրն  ու ընկղմեց ջրի տակ, այդպես էին վարվում առասպելական գորտերը դեռ հին ժամանակներում, Ռեմին գիտեր՝ քամին ջրի տակ կորցնում  է ուժը:

 Երբ քամին դադարեց ու Ռեմին խաղաղության ալիքները որսաց ջրի մակերեսին, գլուխը հանեց ջրից, մրջնաբույնը անվնաս էր:

— Հետաքրքիր գորտիկ ես, — ասաց ժամապահ մրջյունը, — առաջին անգամ եմ տեսնում, որ գորտն օգնի մրջյուններին, մեր ճահճուտում գոնե, սա առաջին դեպքն է:

Բացեց գրառումների օրագիրը, քարաքոսի վրայի դաջվածքներով որոշեց քամու ուժգնությունը, գրանցեց օրագրում, հետո աստղային քարտեզը փռեց, ինչ որ հաշվարկներ արեց քանոնով, մտահոգ նայեց երկինք.

— Դուք էլ եք մեր Գորտատավանը ճահճուտ անվանում, — Ռեմիին հետաքրիր էր, թե ինչ է հաշվում Մրջյունը:

-Եթե ճահճուտ է, ուրիշ ի՞նչ ասեմ, մեր մրջնաբույնն էլ ինձ համար ապարանք է, բայց որ ապարանք կոչեմ մեկ է մրջնաբույն է մնալու:

Մրջյունը մտահոգ էր թվում:

-Տխուր եք, պարոն Ժամապահ,Դուք տրամադրության ակնոց չունե՞ք, կուզեք իմը նվիրեմ, ես չեմ օգտագործում:

-Տխուր չեմ, մտահոգ գուցե, — ասաց ժամապահը, — Չէ, դու իսկապես հետաքրքիր գորտիկ ես… տրամադրության ակնոցնե՞ր, այն որ Ձկնկուլի կրպակը ստանում է ամեն շաբաթ, ակնոցն ինչի՞ս է պետք ամեն օր իր տրամադրությունը բերում է:

Ռեմին ուզում էր մի երկու հարց էլ տալ, բայց մրջյունը լարված ինչ որ չափումներ էր անում այժմ լայն փոսանմնան արահետում ու նորից նայում էր երկինք:

 -Խմելու ջուրը հազիվ մինչև նոր տարի հերիքի, ճահիճը հաղթում է:

-Ի՞նչ գծեր են, — Ռեմին ցույց տվեց խորը երկրարձգվող գծերը գետնի վրա, ասես մեկը մեծ ատամներով սանրով քերել էր հողը:

-Գետն է ցամաքել: Մրջյունները շատ են փորձել բացել գետի հունը, բայց չի ստացվում, մեզ օգնական ուժեր են պետք:

Հաջորդ օրը Ռեմին դասերն ավարտելուն պես ցատկեց դեպի մրջնաբույն:

 Առաջին օրը ոչինչ չստացվեց: Քարերն արդեն գտել էին իրենց տեղը ու կարծրացել: Ինչքան էլ Ռեմին և օգնության հասած մրջյունները տանջվեցին, գետաբերանի քարերն անշարժ մնացվին:

 Ռեմին հիշեց տատիկի պատմած առասպելը թևավոր գորտերի ուժի ու հնարամտության մասին:

— Գորտերը դեռ այն ժամանակ հասկանում էին քամու լեզուն, մոռացել են հիմա, ճահճուտում ապրած տարիների ընթացքում:

 Ռեմին դարակից հանեց պատմությանն ու առասպելներին վերաբերող բոլոր գրքերը ու շարեց սեղանին, հետո գտավ իրեց անհրաժեշտ հատվածը ՝ քամու մոռացված լեզուն գտնելու բանալին: Գրքերում ուրիշ բացահայտումներ էլ կային Ռեմիի համար.

— Կռկռյանները թևավոր գորտերի դասից են սերում, տատ գիտեի՞ր:

Երեք օր անդադար Ռեմին զանգակածաղկի տերևից ձևված առագաստները կապում էր գետաբերանին կուտակված քարերին, գտնում էր քամու ուղղությունն ու այդ պահին նրա հրահանգով մրջյունները ձգում էին լիանաներից հյուսած պարանը: Երրորդ օրը քարերից ամենամեծը տեղի տվեց, ջուրը ուժ հավաքեց ու քարերի արանքից դուրս ժայթքեց: Ռեմին չհասցրեց հետ քաշվել ու ջրի շիթը նրան հանեց երկինք:

-Առասպելական թևավոր գորտի՜կ, — զարմացան ճայերը:

— Լճակը փրկված է, — ուրախացան մրջյունները:

Տատիկը, որ ինչպես միշտ պատուհանի մոտ նստած ջրերին էր նայում, երջանիկ ժպտաց.

— Գտա՜ր… առասպել տանող բանալին:

Մի քանի շաբաթում Գորտավանն անճանաչելի դարձավ.

Մրջյունները ծաղիկներ ցանեցին ափի երկայնքով: Ջուրը հոսեց ու մաքրվեց, մի մեծ ալիք սրբեց տարավ նաև երկու արհեստական կղզին, դրանից հետո միայն ջրի հատակը պարզ երևաց ու հատակին մանր մունր բազմագույն քարիկներ: Մեծբերան ձկները, որ կիսաթմրած թաղվել էին տիղմի մեջ, հանկարծ սթափվեցին ու սկսեցին լող տալ ջրի մեջ, այնպես որ հեռվից լճակի կապույտը արևի տակ փայլփլում էր նրանց թեփուկների անդրադարձից: Խռոված գետակն էլ ուրախ քչքչոցով վերադարձավ ու հոսեց երկրի երեսով, կարոտել էր արևի շողերին ու քամու սուլոցին:

 Գորտերը կըռկըռացին. մի մասը, որ, որ սովորել էին ցեխաջրերին, դժգոհ էին, մյուսները հավաքվեցին գետաբերանի մոտ ու հիացան ջրվեժով: Շերեփուկները այլևս չէին կարող ցեխագնդիկներով խաղալ, բայց ավազե աշտարակներ սարքելը կար ու կար: Հիմա էլ նոր խաղ մտածեցին. սկսեցին հերթով շուշանի տերևով սերֆինգ անել:

Ռեմին ծնողներին հայտնեց, որ երգիչ դառնալ չի մտածում, բայց պատրաստվում է շուտով օդապարիկով ցատկել հանդիպակաց բլրաշղթայի ամենաբարձր գագաթից: Երաժշտության դասերը շարունակեց, բայց ո´չ օրիորդ Սոլանժի մոտ:  Այժմ տատիկի հետ է երգում, իսկ հարվածային գործիքներ նվագել սովորում է փայտփորիկի  մոտ:

Ձկնկուլը, որ մի շաբաթ առաջ արդեն տեղափոխել էր խանութի ամբողջ պարունակությունը, միայն խանութպաններին հատուկ հոտառությամբ, նոր ավելի մեծ խանութ բացեց, որտեղ վաճառում է տարբեր համերով սառույցներ, իսկ ջրվեժի մոտ նկարվողներին իր խանութի լոգոյով անձրևանոցներ է նվիրում, իհարկե նախապես այդ անձրևանոցների համար խեղճերը առանց իմանալ վճարում են հատուկ ջրային ակնոցներ գնելիս:

Շատ եմ հոգնում, — բողոքում էր Ձկնկուլը, — հաճախորդները այնքան են շատացել, ստիպված երեկոյան մեկ ժամով   էլ բացում եմ խանութը:

«Գորտավան» ցուցանակը դեռ կա, քանի որ ձկները հիմա էլ արևի տակ իրենց թեփուկների պսպողոցով են հիանում ու այսօր-վաղը գցում ցուցանակի վերանվանման արարաղությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով