Մանկագրություն, Վովա Արզումանյան

Մարիի երազը

Մարին փոքրիկ տիկնիկն է։ Նա քայլում է ու խոսում։ Առաջին անգամ, երբ ասաց՝ մամա, բոլորը զարմացան, անգամ հայրիկը, որ մինչև նրա լույս աշխարհ գալը հեքիաթներ էր գրում նրա համար, որ մեծանա ու կարդա։ Մի օր նկատեցի, որ Մարիի աչուկները գունատ են, նրա ծաղկած ու աստղի նման փայլփլող աչուկները կարմրել ու դարձել էին ծաղիկներ, որոնք հիվանդացել ու ջերմում էին։ Անընդհատ ջուր էր ուզում և երբ խմեց, սկսեց ծիծաղել։ Բոլորս ուրախացանք։ Մի քանի րոպե հետո նա իր փափուկ մատիկներով բացեց անկողնու մոտ դրած գիրքն ու սկսեց թերթել, ապա փակեց, կարծես դաշնամուր էր նվագում` վերմակի տակից հանելով ոտքերը։ Այդ ժամանակ սենյակն ամպերով լցվում էր, իսկ նա շարունակում էր իր խաղը։ Երբ ներս մտավ մայրը, սկսեց լացել, որովհետև քնելու ժամն էր, և նա պարզապես չէր ուզում ցերեկը վերջանա։ Բայց նրա կլոր աչքուկները, մեկ է, ուզում էին փակվել։ «Արի՜, իմ սոխակ, թող պարտեզ, մերին, տաղերով քուն բեր… Մարիիս աչքերին»,- քնքույշ ձայնով այս օրորոցի երգն էր երգում Մարիի մայրիկը, իսկ Մարին կամաց-կամաց փակեց աչուկներն ու քնեց։ Երազում նրան հյուր եկան տատիկն ու պապիկը` զամբյուղների մեջ տարբեր մրգեր լցրած։ Մարին վերցրեց բանանն ու սկսեց ուտել։ Տատիկն ասաց, որ մանդարին ուտի, քանի որ աչքերին շատ օգուտ է։ Մարին երեք մանդարին կերավ, նրա աչքերը արևներ դարձան։ Երբ սկսեց ծիրան ուտել` մազերը երկարեցին, և թաթիկների մեջ խաղողներ աճեցին։ Նա դուրս եկավ բակ, տեսավ, որ բոլորը զարմացած իրեն են նայում, և երբ մայրիկին տեսավ, հրեշտակ դարձավ ու հասավ ամպերին, արևին ու լուսնին։ Մի քանի ժամ այնտեղ մնալուց հետո ամեն ինչ փոխվեց։

Առավոտ էր։ Արդեն արևն իր շողերը տարածում էր երկրի վրա։ Մարին բացեց իր աչուկները և աջ ու ձախ նայեց, հետո նստեց աթոռին և կերավ մայրիկի պատրաստած ճաշը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով