Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Փնթփնթան ձյունը

Ձյունն այս առավոտ խռով է բախտից.

Ունքերը կիտել նստել է ամպին.

-Ես հավես չունեմ, որ էս ցուրտ օրով

Ձյունե փաթիլներ մաղեմ աշխարհին:

Անձրևը, հրեն, անո՜ւշ քնել է,

Մեկ էլ գարնանը կաթ-կաթ ձայն կտա,

Ես ինչո՞ւ պիտի ճերմակ փաթիլով

Երկիրը ծածկեմ, ինչ է՝ չդողա:

Ես էլ եմ ուզում թարմ, անուշաբույր

Բլիթներ ուտել կամ քաղցր գաթա,

Հեքիաթներ լսել բուխարիկի մոտ,

Բայց դե… կրակը հախիցս կգա:

Ինչո՞ւ իմ բախտից իմը՝ ձմեռն է,

Եվ ոչ գարունը, կամ ամառը տաք,

Որ ոտաբոբիկ վազեմ խոտերին,

Ու թփից քաղեմ մորի կամ ելակ:

Կայծակի քեֆը ո՜նց կամ երբ փչի`

Մտրակում է իր հրեղեն փայլով,

Քամին ոռնում է «Ո՜ւ…. hեռո՜ւ կացեք»,

Իսկ ես…  փաթիլ եմ գործում շյուղերով:

— Ձմեռն առանց ձյուն ինչի՞ է նման, —

Ամպը խորամանկ ձգվեց ժպիտով.

Կայծակ ասացիր, հիշեցի խեղճին.

Եկել էր մոտս՝ դարդ ու բողոքով:

Թե ողջ աշխարհը քո գովքն է երգում,

Նրանից, ախր, փախչում են վախով,

Դու մեծ ու փոքրին հրաշք ես բերում,

Որին սահնակով, որին դահուկով…

«Հրաշագործ եմ ու չեմ իմացել…»

Ձյունը զարմացավ, իսկ հետո փայլե՜ց…

Շյուղերը վերցրեց և ամբողջ մի օր

Երգ ու ժպիտով՝ փաթիլներ հյուսեց:

Զույգ քույրեր

Անին ու Մանեն զույգ քույրիկներ են,

Բայց դե իրարից շատ են տարբերվում:

Անին վազում է սանդուղքով վա´ր, վե´ր,

Մանեն ցնցուղով ծաղիկ է ջրում:

Անին սիրում է լողալ լճակում,

Մանեն թիթեռ է նկարում պատին,

Անին երգում է «Հե՜յ, բարձր սարեր»,

Մանեն աստղերն է հաշվում երկնքի:

Անին՝ մեկ… երկու… երեքին՝ չկա,

Չորս-ին տանիքից ձեռքով է անում,

Մանեն զրույցով ու համոզելով

Մռռան փիսիկի թաթն է լվանում:

Անին ու Մանեն զույգ քույրիկներ են,

Բայց դե իրարից տարբերվում են շատ:

Թե Անին բակում ունի յոթ ընկեր,

Մանեն մեկն ունի՝ քույրն է հարազատ:

Անին կչկչան առվին կհաղթի,

Մանեն լռիկ է՝ հեռու աստղի պես:

Անին խակ ցոգոլ ունի գրպանում,

Մանեն կոնֆետն էլ կանի երկու կես:

Ու մեծ կտորը կտա Անիին,

Եթե պետք լինի, իր կեսն էլ կտա:

Անին խնդուն է, կրակի կտոր,

Մանեն ուշիմ է ու շատ կարգապահ:

Անին ու Մանեն զույգ քույրիկներ են,

Կապույտ ժապավեն ունեն հյուսերին,

Երկուսն էլ ունեն բարի աչուկներ

Ու շատ են սիրում իրենց մայրիկին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով