Աղավնի Գրիգորյան, Մանկագրություն

Նամակ ձմեռ պապիկին

Առնոն դարակից թուղթ-գրիչ վերցրեց,

Կապույտով գրեց՝ «Բարև Ձմեռ պապ.

Թե հարմար գտնես, բեր ինձ նոր «Լեգո»,

Կապույտ մեքենա ու մեծի փողկապ,

Փոքրիկ եղբորս՝ ներկելու գրքեր,

Տատիկին թելեր, որ գուլպա գործի,

Մայրիկի համար նոր համակարգիչ,

Պապիկին գլխարկ՝ ցրտին չմրսի,

Հայրիկիս համար հատուկ ժամացույց,

Որ աշխատանքից շուտ վերադառնա,

Մեր Ջինջեր շանը մի հսկա ոսկոր,

Որ ուտի-ուտի ու չվերջանա:

Երբ ամանորին սահնակդ բեռնես,

Քո կողմից էլ դիր, ինչ որ չեմ գրել,

Մեծ-մեծ գրեցի, էլ տեղ չմնաց,

Գրել կարդալը նոր եմ սովորել»։

Նոր տարվա զանգեր

Մայրիկը

փաթիլներ է

մկրատով ձևում,

Արեգը

եղջերու կախեց

ցածի ճյուղից,

Հայրիկը

սունկ, տնակ

ու զույգ զանգեր բերեց,

Կարծես թե,

տոնածառը գոհ է

իր զգեստից:

Տոնածառ

Մա´մ, տոնածառի լույսերը վառենք,

Որ Ձմեռ պապին մեր հասցեն գտնի:

Հաստ վերմակով էլ բունը փաթաթենք՝

Մեր տանը հյուր է, հանկարծ չմրսի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով